Մ. Քումունց
Պատմաազգրագրական տեղեկություններ
(սեղմագիր)
Տյաքը գտնվում է Հարդրութ քաղաքի հարևանությամբ՝ մոտ 1-2 կմ արևմուտք՝ սարի փեշին՝ անտառի խորքում: Այն եզակի գյուղերից է, ուր պահպանված են 18-19-րդ դարերի փողոցներն ու տները, ժամատուն, գերեզմանոց, սուրբ ծառեր, աղբյուրներ և այլն: Նման տեսքով ու կառուցվածքով բնակավայր չի հանդիպում Հայաստանում և Արցախում: Ժամանակին բարեշեն է եղել. ունեցել է 50-ից ավելի ծուխ, հիմա 10 տուն էլ չկա: Դպրոց չունի, գյուղն ընդգրկված է Հադրութի վարչական համայնքում, տները ավեր-կիսավեր են, ուր հիմնականում ապրում են մի քանի տկար ու ծերացած տյաքեցիներ, որոնց նախնիները այստեղ եկել են Պարսկաստանից: Մինչ այդ, ինչպես վկայում են գյուղացիները[1], այստեղ հին բնակավայր է եղել: Պահպանվել են ոչ միայն հին մատուռի, այլև առուների, այգիների ու գերեզմանների հետքերը:
Տյաքում կան սուրբ ծառեր՝ տնջրի և պռշնի /բռնչի, գերիմաստ/: Գյուղի ջրառատ աղբյուրի կողքին կան երեք հսկա տնջրի ծառեր, որ հսկվում են պետության կողմից: Պատմում են, որ դրանցից մեկը մոտ երկու հարյուր տարեկան է, իսկ երկուսը՝ շատ ավելի հին: Տյաքեցիների նախնիները երբ եկել ու վերաբնակվել են այստեղ, այդ ծառերը եղել են: Դրանցից մեկը շատ մեծ է եղել, ունեցել է հսկա փչակ, որ բնակիչները դարձրել են սուրբ մատուռ: Վառվող մոմերից մատուռի փչակ-կեղևը բարակել է: Հետո մի գիշեր «շէնը տյո̈ւրո̈ւր ա յէկալ, ծառը վառվալ-վըէր ա ինգյա̈լ: Հսալ ա մինչավ Աշխէն տöտո̈ւն բօստանը», որ գտնվում է գյուղի եզրին: Գյուղացիք գիշերով հավաքվել են ու տեսել, որ իրենց սուրբ տնջրին «վըէր ինգյա̈ծ,- Խօսրօվ դային ա պըտմէլիս լա̈լ»: Խոսրով դայուն էլ իր պապն է պատմել: Խոսրովի պապը անունով մարդ է եղել, «օտօղ-խըմօղ, քյէփ անօղ, ժըղօվուրթին քյöմագ անօղ մարթ ա իլալ»: Տեսել է, որ ժողովուրդը լաց ու կոծ է դրել, թե իրենց սուրբը այրվել ու ընկել է, ասել է. «Տըխրվի՛լ միք, ժըղօվուրթ, յէս տյա̈ տէղը մինը տընգըլա՛կյա̈լ էմ»: Գնացել ու ընկած տնջրու «պըտկան» (ծայրից) մի «սիվ» (շիվ) «կըտրէս-պյիրէսէ» ու մոխրատեղում տնկում է: «Աման օր կյա̈ս ա ճյիրիս», ու երբ մեռնելիս է եղել, կանչել է իր թոռանը՝ տասնամյա Խոսրովին (Խոսրով դայուն): Ձեռքից բռնել ու տարել է Տնջրի աղբյուրը ու ասել. «Յէս լյա̈վ չէմ, յէս մըռըլակալ էմ, տյո̈ւ տաս տըրէկան էս, աման օր էս ծառին տակը ճյո̈ւր կածիս»:
Այս պատմությամբ են գյուղացիք որոշում, որ տնջրի ծառերից մեկը երկու հարյուր տարեկան է:
Տնջրին սուրբ ծառ է, բայց գյուղում արգելում են նրա շվաքում քնելը: Պատմություն կա, ըստ որի՝ գյուղից մի երիտասարդ քնել է, վեր կացել, գնացել տուն ու մահացել: «Նայողն» ասել է, որ տնջրին է սպանել. «Խաղաղեցնող է տնջրին. երիտասարդի կյանքը վերցրել ու հավերժական հանգիստ է տվել»,-ենթադրում են գյուղացիները:
Գյուղը ունի նաև հազարամյա պռշնի, որ տնջրի ծառերից հարյուրավոր տարիներով մեծ է: Այսպես են կարծում տյաքեցիք:
Եկեղեցին, տները, այգիների պատերը, աղբյուր-քյահրիզը շարված են սպիտակավուն, ամուր ու բնականից հարթ սալ-քարերով: Պահպանված են հին դարպասներ՝ դռան վերևը հովանոցով: Եկեղեցու մեջ մեծ խաչ կա, որ ավելի հին մի մատուռի գլխին է եղել: Մի ուրիշ խաչ կարմիր գույնով ներկած է, ու մինչև օրս գույնը չի խամրել. այդպես են տեսել այդ խաչը 60-70 տարեկան տյաքեցիք «ծնված օրից»:
Գյուղը տարածաշրջանում հայտնի է նաև կայծքարով՝ «չախմախի քարով»:
Աղբյուրը, որ քյահրիզ են կոչում, սառնորակ ու առատ ջուր ունի, կղմինդրե տանիք:
Ուտեստ. «կաճապով[2] սուպ»
Տյաքեցիների սիրած ուտեստը «կաճապով սուպն» է:
Կաճապը բույս է, ծաղիկը կալայի՝ թրաշուշանի նման է, բայց դեղին գույնի: Հավաքում են, չորացնում: Ձմռանը հանում-լվանում են, լցնում մաքուր ջրի մեջ, ավելացնում բրինձ կամ ջարդած հաճար: Չորացրած թթու շլորը կամ «թթօլավաշը» առանձին եփում են, ավելացնում կաճապի վրա, ավելացնում ջարդած սխտոր, չոր կանաչի, աղ, պղպեղ ու դնում եփելու:
«Կաճապով սուպը» ոչ միայն ուտեստ է, այլև տարբեր հիվանդություններ է բուժում: Իջեցնում է ջերմությունը, մաքրում երիկամները, կանոնավորում արյան շրջանառությունը, առույգացնում է մարդուն…
Մի զրույց պատմեցին տյաքեցիները: Մի հարուստի որդի մահանում է երիկամային քարից: Այս հարուստը խնդրում է, որ տղայի մարմնի մեջ կարծրացած քարը հանեն և իրեն տան: Ամեն հաց ուտելիս այդ քարը հանում-նետում է ուտելիքի մեջ: Այդպես փորձում է պարզել, թե ինչից կհալչի քարը, որ գտնի բուժման միջոցը: Բայց ոչ մի ուտելիք չի ազդում քարին: Մի օր մի աղքատի տան է հյուրընկալվում: Սրանք ունենում են միայն «կաճապով սուպ»: Այդ հարուստ մարդը քարը հանում է թաշկինակի միջից ու նետում ճաշի մեջ: Երբ վերջացնում է ուտելը, տեսնում է՝ քարը անհետացել է: Այդպես էլ «կաճապով սուպը» դառնում է արցախցիների սիրելի դեղ-ուտեստը:
Թուրքերը Տյաքում
Տյաքում ինչ-որ ժամանակ կային նաև թուրքեր: Մի օր մի երևելի տյաքեցի, որ ապրում էր Միջին Ասիայում, գալիս է հայրենի գյուղ, տեսնում, որ թուրք բնակիչները շատացել են: Հավաքում է մի քանի վստահելի երիտասարդի, կազմակերպում, ու մի գիշեր վառում են թուրքերի տան առջևի օջախները: Նույնիսկ մի քանի տուն է այրվում: Առավոտյան բոլոր թուրքերը վախից թողնում-հեռանում են գյուղից:
Տարիներ հետո, երբ Տյաքի ջրից օգտվում էին նաև հարևան գյուղի թուրքերը, տյաքեցիները աղբյուրի ակից խոզի սալեր են կախում: Այդ օրվանից գյուղ չէին մտնում նաև ջրկիր թուրքերը:
Պատմում են նաև, որ գյուղում մի շուն է ապրել, որ հալածելիս է եղել թուրքերին: Այդ շունը մարդկանց բազմության միջից հոտոտելով առանձնացնում էր թուրքին ու հարձակվում: Գյուղում խաղացող 20-30 երեխաներին մոտենում-հոտոտում էր, նրանցից առանձնացնում թուրքին ու հալածում: «Քանի թօրքի կընգա քամակ ա պուկալ»,- հրճվում են ծերացող տյաքեցիները:
Լեզվաբանական տեղեկություններ
Տյաքի խոսակցականը ընդգրկվում է «Ս» ճյուղի Հադրութի բարբառի մեջ: Գյուղի անվան վերաբերյալ տեղեկություններ չկան: Տյաքեցիները կատակում են, որ իրենց գյուղին անվանում են նաև Տանկ:
Տյաք բառը պետք է որ կապված լինի տեղանքը բնորոշող ինչ-որ երևույթի հետ՝ աղբյուր, ծառեր, կոշտ քարհանք, կայծքար և այլն: Արտաքին ձևից երևում է, որ նոր կամ նորագույն փոխառություն չէ: Եթե վերականգնենք նրա հնչյունական նախաձևերը, կունենանք Դագ:
Այսպես՝ Հադրութի բարբառում գրաբարի բառերի և հին փոխառությունների բառասկզբի դ-ն դառնում է տ[3], որի հետևանքով փակ վանկի ձայնավորը քմայնանում է՝ դա>տա̈, և այդ ազդեցությամբ էլ առաջ է գալիս տյա̈ կապակցությունը, իսկ բառի վերջին ձայնեղը, որպես կանոն, ձայնավորից հետո շնչեղանում է՝ գ>քյ[4]՝ Դագ>Տյա̈ք:
Իսկ ինչ է նշանակում Դագ: Նման բառ չի հանդիպում Սյունիք-Արցախ բարբառային բարբառում: Անհամատեղելի է տաք՝ «տաքություն, ջերմություն», բառի հետ: Գրաբարը ունի դագ «կեղծավոր, խաբուսիկ, հրապուրիչ», դագ դնել «նենգություն անել, որոգայթ լարել»[5]: ՆՀԲ-ն նշում է բառի՝ «տաք, տաժան, դաժան» ձևիմաստներից լծորդված լինելը[6]: Գրաբարի համար նշվում է նաև «շատ վրայ տուող»՝ «նենգություն»[7] իմաստը: Հ. Աճառյանը դաք բառահոդվածի տակ դնում է «պատրանք», դաք դնել «խաբել» ձևիմաստները[8]: Հայերենի բարբառների մեծ մասում, բացի Սյունիք-Արցախից, նույնպես արձանագրվում է դագ/դաք բառը՝ նշված իմաստներով[9]: Չենք կարծում, որ նշված իմաստներից որևէ մեկը բնորոշ պիտի լինի գյուղանվան համար:
Կարծում ենք՝ դագ արմատը իրանական ծագում ունի: Հնդիրանական dag— արմատի նշանակությունն է «այրել, վառել». իրանական խմբում՝ dagh, հին և միջին հնդկերենում՝ dagh->dah—[10], որ սերում է հ.ե. *dhegwh- «այրել, վառել»[11] իմաստներով բառից, որ հայերենում տվել է ջեր-մ, սանսկրիտում՝ ghar «այրել, վառել», ռուս. жгу, жечь «այրել», հունարենում՝ ϑερμός «ջերմ»[12] և այլն: Ենթադրում ենք, որ գյուղի անվանումը հենց այս իմաստից է առաջացել՝ նկատի ունենալով կայծքարի՝ գայլախազի գոյությունը այս վայրում: Ի դեպ, մինչև վերջերս էլ գյուղում կային մարդիկ, ինչպես նշում են, որ գործածում էին կայծքարը՝ «չախմախը»: Այսպես՝ տեղանքում առկա «կրակ ստեղծող, այրող» քարի անունից առաջացել է տեղանունը՝ արդեն այսօր մարվող բնակավայրի անունը՝ Տյաք:
Գրականություն
[1] Մեր զրույցին մասնակցում էին երեք տյաքեցի: Զրույցների կենտրոնում Գագիկն /Վագիֆը/ էր:
[2] Հայկական տարանունները — դանիկ, կաճապ, հայոց բանջար, նվիճ, օձաբարձ, օձադանակ: Այս մասին տե՛ս http://www.med-practic.com/arm/index.html «Նվիկ արևելյան» բառահոդվածի տակ:
[3] Տե՛ս Ա. Պողոսյան, Հադրութի բարբառը, Ե., 1965, էջ 39-43, Կ. Դավթյան, Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզ, Ե., 1966, էջ 55:
[4] Ա. Պողոսյան, նույն տեղում, Կ. Դավթյան, նույն տեղում:
[5] Ռ. Ղազարեան, Գրաբարի բառարան, հ. 1, Ե., 2000, էջ 346:
[6] Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Վենետիկ, հ. 1, 1836-1837, էջ 589:
[7] Առձեռն բառարան հայկազնեան լեզուի, Վենետիկ, 1865, էջ 230։
[8] Հ. Աճառեան, Հայերէն արմատական բառարան, Ե., 1926, հ. 1, էջ 609-610:
[9] Հայոց լեզվի բարբառային բառարան, Հ.Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ Ե., 2001, էջ 320։
[10] В. Расгоргуева, Д. Эдельман, Этимологический словарь иранских языков, т. 2, Москва, 2003, с. 279.
[11] J. Pokorny, Indogermanisches etymologisches wörterbuch, v. 1, Bern, 1959, p. 493.
[12]H. Martirosyan, Etymological dictionary of the Armenian inherited lexicon (Leyden Indo-European
etymological dictionary series, 8), Leyden, Boston, 2010, p. 557.