Շրջագայությունը շարունակվում է

Spread the love

Սեպտեմբերի սկզբից Արցախի անկախության 26-ամյա տարեդարձի շրջանակներում Քաշաթաղի շրջանի համայնքներում համերգով հանդես է գալիս շրջկենտրոն Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթը: Մշակութային այս առաքելությունը կայանում է շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հովանավորությամբ: Սեպտեմբերի 8-ին «Բերձոր»-ը հանդես եկավ արաքսամերձ Միջնավան քաղաքում և Ողջիի աջափնյա Ալաշկերտ գյուղում: Սա համույթի երրորդ համերգն էր, մինչ այդ նման համերգներ են կայացել Տիգրանավանի, Իշխանաձորի, Երիցվանքի, Փակահանի գյուղական համայնքներում: Յուրաքանչյուր անգամ համույթը կրկնում է իր ելույթներից: Միջնավանում համերգը կայացավ Գալինա Ստարովոյտովայի անվան միջնակարգ դպրոցի բակում: Մինչ երաժիշտները կպատրաստվեին ելույթի, զրուցեցինք տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի հետ: Միջնավանի դպրոցը գործում է 1996 թվականից /հիմնադիր տնօրեն՝ Մարգարիտա Սարգսյան/: Այս ուստարում դպրոցն ունի 20 ուսուցիչ, 63 աշակերտ, որից 5-ը՝ առաջին դասարանում, 2-ը՝ 12-րդ:

«Բերձոր»-ի հետ ելույթ ունեցավ նաև Բերձորի արվեստի դպրոցի Կովսականի մասնաճյուղի «Թաթուլ» խումբը: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակից Նարինե Մխիթարյանը ողջունեց ներկաներին /Միջնավանի և հարևան Վան գյուղի բնակիչներ, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ/, շնորհավորեց Գիտելիքի օրվա և Արցախի անկախության հռչակման տոների առթիվ և համերգը հայտարարեց բացված: Գործիքային կատարումով ներկաներին ողջունեցին «Բերձոր» համույթի երաժիշտները, այնուհետև ազգագրական, գուսանական, ժողովրդական, ռազմահայրենասիրական երգերով հանդես եկան համույթի երգիչներ Փիրուզա Արզումանյանը, Նուբար Գեղամյանը, «Թաթուլ»-ի ղեկավար Կարեն Մարտիրոսյանը, մեներգիչ, Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նորայր Մարգարյանը: Ներկաներին իրենց պարային կատարումներով ոգևորեցին «Թաթուլ»-ի պարուհիները, ինչպես նաև Միջնավանի դպրոցի սաները, ովքեր ընդգրկված են Բերձորի արվեստի դպրոցի Միջնավանի մասնաճյուղի «Միջնաբերդ» խմբում: Խմբի պարուսույց Մարիամ Թաթոսյանը Ստարովոյտովայի անվան դպրոցի շրջանավարտ է և պարի խմբի նախկին սան: Համերգի ծրագրից դուրս նույնպես եղան կատարումներ բնակիչների, աշակերտների կողմից: Աշակերտուհի Մարիամ Ղուկասյանն ասմունքեց Պարույր Սևակի բանաստեղծություններից: Համերգից հետո զրուցեցինք հանդիսատեսի հետ: Թե՛ տարեցները և թե՛ երիտասարդներն ու երեխաները ոգևորված էին, ցանկություն հայտնեցին, որ հաճախակի լինեն նման միջոցառումներ: Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Մերի Մելիքյանը բարձր գնահատեց երգիչների, երաժիշտների  կատարումները: Ոստիկանության աշխատակից, անչափահասների գործերով տեսուչ, լեյտենանտ Անուշ Գևորգյանը նույնպես ոգևորված էր, Փիրուզա Արզումանյանի կատարած «Ծաղկած բալենի» երգը հուզել էր նրան:

-Շատ կարևոր են նման միջոցառումները, -ասաց ոստիկանության աշխատակիցը, -երեխաները պետք է հաճախ ներկա լինեն նմահ համերգների, մարզական միջոցառումների:

Դպրոցի հիմնադիր ուսուցչուհիներից Ռուզաննա Մոկլոզյանն ասաց՝ այնքան լավ էր համերգը, որ մայրիկին նույնպես բերեց տնից: Շնորհակալություն հայտնեց երգիչ-երաժիշտներին, կազմակերպիչներին: Ալաշկերտում նույնպես համերգը կայացավ նույն ծրագրոց և դպրոցի բակում: Այստեղի դպրոց են հաճախում նաև հարևան Մուշ գյուղի դպրոցականները: Դպրոցի շենքը վթարային վիճակում է, և այս տարի 2 համայնքների դպրոցականների համար Մուշի տարածքում կառուցվում է նոր դպրոց: Շինարարությունն իրականանում է «Հայրենասեր» հասարակական կազմակերպության օժանդակությամբ: Մոտակա օրերը շենքը կընդունի աշակերտներ, ովքեր առայժմ հաճախում են նախկին դպրոց: Ալաշկերտում համերգին մասնակից եղան նաև դպրոցի աշակերտները, շրջանավարտները: Այստեղ նույնպես հանդիսատեսների մեծ մասը երեխաներ էր և մեծ սիրով էր ունկնդրում «Բերձոր»-ի, «Թաթուլ»-ի երգիչների երգերը, երգում նրանց հետ, պարում երաժշտության հնչյունների տակ: Դպրոցի աշակերտներն ու «Թաթուլ» խմբի պարուհիները հաճախ էին միասին պարում: Դպրոցի այս տարվա շրջանավարտ Քրիստինե Մանուկյանը ցանկանում է երաժշտական ուսումնական հաստատություն ընդունվել: Հավանության արժանացավ նրա «Հայ զինվոր» երգը: Լուսինե Գոգորյանը սովորում է 10-րդ դասարանում, իրենց բազմանդամ ընտանիքից 4 երեխա արդեն ավարտել է դպրոցը, իսկ 3-ը դեռ սովորում են: Լուսինեն նույնպես ցանկանում է երգչուհի դառնալ և կատարեց «Մոր երգը զինվորին» երգը: Նրա համադասարանցի Սոֆյա Եղոյանը լավ է սովորում դպրոցում, ցանկանում է իրավագետ դառնալ, բայց երգել շատ է սիրում: Նրա կատարած «Եղբայրս ու ես» երգին միացել էր նաև փոքրիկ հանդիսատեսը: Դպրոցի տնօրեն Լիաննա Հակոբյանը գովեստով է խոսում իր սաների մասին և ցանկանում օժանդակել, որ հասնեն իրենց նպատակներին: Ալաշկերտում համերգը եզրափակվեց դպրոցի սաների «Ապրենք խաղաղ» երգով: Ալաշկերտի գյուղական համայնքի ղեկավար Բագրատ Նավասարդյանը շնորհակալություն հայտնեց իր ու բնակիչների անունից, որ որոշ ժամանակ կտրվեցին առօրյա հոգսերից ու մասնակիցը եղան գեղեցիկ համերգի: Բերձորի արվեստի դպրոցի տնօրեն, «Բերձոր» համույթի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Սուջոյանը, ով մշտապես ուղեկցում էր համույթին,  տեղեկացրեց, որ համերգները շարունակվելու են:

 

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի