Խոժոռաբերդ. բացահայտվող պատմություն

Spread the love

Սա Հայաստան է, և վերջ…

Լեոնիդ Ազգալդյան

«…Հինգերորդը՝ Աղահեճ գավառը, որ այժմ կոչվում է Քաշաթաղ և Խոժորաբերդ» Ստ. Օրբելյան. «Սյունիքի պատմություն», Երևան, 1986թ., Էջ 70:

13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, ով շատ կարևոր տեղեկություններ է թողել Սյունիքի վերաբերյալ, գրում է նաև նույն նահանգի Աղահեճ գավառի մասին, որը այդ ժամանակներում տրոհվել էր Քաշաթաղ և Խոժոռաբերդ գավառակների: Պատմիչի հիշատակությունից հետո բազում փորձությունների ենթարկվեց նաև Աղաեճը՝ Քաշաթաղ-Խոժոռաբերդը: Այստեղով անցավ Լենկ- Թեմուրը և իր ճանապարհին ավերեց գավառը, որի Հակ գյուղը ավերիչ զորավարի քանդած ու թալանած հազարերորդ բնակավայրն էր: Այդ պատճառով Հակը կոչվեց Մինքյանդ /մին-հազար, քյանդ կամ քենդ-գյուղ/: Այստեղով անցան պարսիկներն ու թուրքերը, քրդերը, այլ ավարառուներ, ասպատակողներ: 18-20-րդ դարերում ամբողջությամբ հայաթափվեց Աղահեճը, և օտարները տեր դարձան Հայոց հողին: Արցախյան գոյամարտը դարձավ նաև Հայոց պատմական տարածքների ազատագրման ժամանակրջան, ու եղավ հնարավորություն շտկելու պատմական անարդարությունը, վերստին հայը դարձավ իր տան տերը: Եղավ հնարավորություն՝ ուսումնասիրելու տարածքը և հնարավորինս ճշտելու՝ որն է պատմական բնակավայրը, ամրոցն ու վանքը: Օրբելյանի հիշատակությամբ` Աղահեճի տարածքում հայտնի և անառիկ բերդ-ամրոցներից են Քաշեթաղուցը և Խոժոռաբերդը: Վերջին տարիներին Քաշաթաղի շրջանում իրականացվել են հնագիտական բազում ուսումնասիրություններ, որին մասնակից եմ եղել:

Բացի հոգևոր հուշարձաններից հայտնաբերվել են մի քանի տասնյակ ամրոցներ, բնակատեղիներ, դամբարանադաշտեր, որոնք պատմում են մեր հայրենիքի այս հատվածի մասին: Չնայած այս ամենին՝ մինչ օրս անհայտ են՝ որն է Քաշաթաղի ամրոցը, որն ամենայն հավանականությամբ տարածքում  եղել է գլխավորը, և նրա անունով է կոչվել գավառը՝ Քաշաթաղ: Անհայտ է նաև Խոժոռաբերդի տեղը: Այսօրվա Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասը համընկնում է Սյունիքի Աղահեճ և Արցախի Վայկունիք գավառներին: Հակարի գետի Աղավնո վտակի աջ ու ահյակ բարձր սարալանջեր են, որոնց վրա ժամանակին գոյություն են ունեցել բնակավայր-ամրոցներ, բերդեր ու հզոր, անառիկ ամրոցներ: Վերջին տարիներին հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու, պատմաբան-ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ նման շատ հնավայրեր ուսումնասիրեցինք:

Ամրոցների մեծ մասը ավելի վաղ շրջանի են: Գետի աջակողմյան մասում՝ Միրիկ գյուղում, պահպանվել է մի հզոր ամրոցատեղի, սակայն այն ավելի վաղ շրջանի է: Նույնանման մեկ այլ ամրոց գոյություն է ունեցել Եզնագոմեր /այժմ՝ Լեռնահովիտ/ գյուղի մոտակայքում: Աղավնոյի ձախափնյա Տանձուտ գյուղից մոտ 1կմ հյուսիս՝ ճանապարհին մոտ, մի հսկայական ժայռ կա՝ մոտ 100 և ավելի մետր բարձրությամբ ուղղաձիգ պատերով: ժայռն ունի բազում քարայրներ, որոնք ժամանակին եղել են բնակելի: Քարայրներից մեկը փլվել է, սակայն պահպանված պատը հուշում է՝ միջնադարում այն եկեղեցի-մատուռ է եղել:

Մեկ այլ քարայրի առաստաղից անընդհատ ջուր է հոսում, որն էլ օգտագործվել է խմելու նպատակով: Այժմ էլ, չնայած շոգ ու չոր եղանակին, աղբյուրի ջուրը կա: Ժայռի հարավարևմտյան պատի վրա փոսորակներ կան՝ ժամանակի ընթացքում սևացած: Իսկ մոտով արահետ կա, որը մտնում է սնկաձև ժայռերով հարուստ ձորակ: Այստեղ մի շինության ավերակ կա, որը մատուռ կամ եկեղեցի է եղել: 2 տարի առաջ պատահաբար նկատեցինք, որ այս հսկայական ժայռի հյուսիսարևելյան կողմում պարիսպ կա: Մոտեցանք. պարզվեց մոտ 200մ երկարությամբ, 1,5մ լայնությամբ պարիսպ է, որի որոշ հատվածներ լավ են պահպանվել, որոշները՝ փլվել; Ժամանակին անառիկ ամրոցներից մեկն է եղել: 3 կողմից բնական ամրություններ են, իսկ հյուսիսային կողմում սնկաձև բազում ժայռերով ձորալանջ: Այս տարվա հուլիսի 29-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու, Հենրիկ Դանիելյանի և արձակագիր-հրապարակախոս-գեղանկարիչ Բակուր Կարապետյանի հետ երկրորդ անգամ բարձրացա ամրոցատեղի: Շրջելով 4 կողմում՝ պարզեցինք, որ ամրոցի հիմնական մուտքը հյուսիսարևելյան կողմում է եղել: Մուտքի մոտ կանգուն է եղել մոտ 10 մետր շառավղով բուրգը, որի հիմքերից վերև մոտ 1մ բարձրությամբ պատ է  պահպանվել: Մեծ ու մշակված քարերով են կառուցել բուրգը: Պարիսպն անշաղախ է, բայց հիմնականում մշակված քարերով: Ծառերն ու թփերը, հատկապես՝ ցախավելը, ծածկել են պարսպի ու բուրգի մեծ մասը:  Մուտքից մոտ 30մ արևելք պահպանվել են պատերի հետքեր: Դարերի ընթացքում հողը ծածկել է ներսի շինությունները, և միայն պեղումները հնարավորություն կտան՝ ճշտելու ամրոցի հատակագիծը: Ընդհանուր առմամբ որպես կացարան կամ զորանոց օգտագործվել են ամրոցի հարավային կողմի բնական քարայրները: Զգացվում է՝ դրանց մի մասը մշակված է: Պահպանված պարիսպը հուշում է` ամրոցը գոյություն է ունեցել միջնադարում:

Նկարահանումներ կատարեցինք նաև թռչող սարքով: Ուսումնասիրելով ամրոցի ողջ տարածքը՝ գտանք նաև 2 գաղտնուղի, որոնցից մեկը պարսպից հարավ է ընկած և իջնում է արևելյան կողմի ձորակ: Մյուսը արևմտյան կողմում է, իջնում է Աղավնոյի ափ: Գետը հեռու չէ այստեղից, իսկ միջնադարում, հնարավոր է, ավելի մոտ է եղել ամրոցին, և նշված գաղտնուղիով ջուր են հանել ամրոց: Ժայռի հարավային մասում, որտեղ աղբյուրով քարայրն է,  նշեցինք՝ փոսորակներ կան, որոնք որպես ելարան են հուշում: Հնարավոր է` այս մասում պարաններով են ել ու էջք արել: Այս ժայռամրոցի հարևանությամբ՝ հարավարևմտյան կողմում, պահպանվել է մեկ այլ փոքր ամրոցատեղի: Հավանաբար այն դիտակետ է եղել, և 2 ամրոցներ համագործակցել են միմյանց հետ: Ելնելով խոժոռ ու նոթերը կիտած տեսքից՝ կարելի է ենթադրել, որ հենց Խոժոռաբերդն է ժայռակերտ բերդը: Տարածքում միջնադարում գոյություն ունեին տասնյակից ավելի հայաշատ ու շեն բնակավայրեր, որոնք այսօր էլ կան՝ վերստին հայացած: Երևի հենց այստեղ են վտանգի պահին պատսպարվել միջնադարում մեր հայրենակիցները, երբ կար Լենկ-թեմուրի ու այլ ասպատակողների վտանգը: Ամրոցի դիմաց՝ գետի աջ ափից բարձրացող բլրի վրա, միջնադարյան մեկ այլ անրոցատեղի կա, սակայն այն ավելի փոքր է: Այստեղից մոտ 5կմ հարավում է Ծիծեռնավանքը՝ Քաշաթաղի Մելիք-Հայկազյանների ապարանքով հանդերձ: Հուսանք՝ կգա ժամանակը, տարածքում կիրականացվեն հնագիտական պեղումներ, և գիտնականները կասեն իրենց խոսքը:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի