Մարթա Զաքարյան
Գիտ. ղեկավար՝ Էդիտա Կարապետյան /ԳՊՀ/
Դարձվածքների հարուստ գանձարան ունի Գորիսի բարբառը, և սույն աշխատանքի նպատակը հենց այդ գանձարանում տեղ գտած հետաքրքրական իրողությունների քննությունն է: Շեշտը դրվել է հատկապես այն երևույթների վրա, որոնք յուրահատկություն են դրսևորում գրական տարբերակի նկատմամբ:
Թե՛ գրական հայերենում, թե՛ բարբառային տարբերակներում դարձվածքը խոսքին կենդանություն հաղորդող կարևորագույն միջոց է:
«Դարձվածաբանական միավորները ժողովրդի հոգևոր մշակույթի հարստությունն են և արտահայտում են լեզվի ազգային ինքնատիպությունն ու յուրահատկությունը: Դարձվածքներում պատկերավոր մտածողության շնորհիվ իրենց արտահայտությունն են գտել ժողովրդի պատմական հարուստ կենսափորձը, նրա պատկերացումները օբյեկտիվ աշխարհի առարկաների և երևույթների մասին, վերաբերմունքը՝ մարդկային հարաբերությունների նկատմամբ [1]»:
Դարձվածքներն իրենց մեջ են առնում նաև քերականական հետաքրքիր իրողություններ, որոնք արտացոլվում են հատկապես բարբառներում՝ մասնավորապես Գորիսի բարբառում: Այստեղ կարելի է հանդիպել անվանական և բայական ինքնատիպ կառույցների:
«Դարձվածքը բառերի կայուն, պատրաստի վերարտադրելի, վերաիմաստավորված կապակցություն է, ուր բաղադրիչ բառերի ինքնուրույնությունը ձևական է, շարահյուսական կապը՝ մթագնած [2]»:
Դարձվածքի կազմում բառը պահպանում է լեքսիկական միավորի հատկությունները՝ իմաստ, շեշտ, անջատ արտասանություն կամ գրություն, միաժամանակ զրկվում է ինքնուրույնությունից, քանի որ «միաձուլված է մեկ կամ ավելի «բախտակից» բառերի հետ և իմաստավորված հենց այդ ամբողջության մեջ[3]»:
Շալվարը պապին վէնդէրն ա ո̈ւնգո̈ւմ:
Տըղան հօրը վէնդէրն ա ո̈ւնգո̈ւմ:
Առաջին նախադասության մեջ և՛ ոտք գոյականը, և՛ ընկնել բայը ընկալվում են առանձին-առանձին՝ յուրաքանչյուրն իր արտահայտած հասկացողությամբ: Մինչդեռ երկրորդում ո՛չ ոտք բառն է հանդես եկել «ոտք» հասկացությունն արտահայտելու համար, ո՛չ էլ ընկնում է բառը՝ ընկնելու հասկացությունը, այլ երկուսը միասին արտահայտում են մի երրորդ հասկացություն՝ աղաչել, աղերսել, և կապակցության ստուգաբանությամբ է միայն, որ տվյալ դեպքում ճանաչում ենք ոտք, ընկնել բառերը՝ իբրև բառեր:
Մտնելով դարձվածքի կազմի մեջ՝ բառը նոր գոյություն է ձեռք բերում և ընկալման առումով առանձնանում է իր մյուս իմաստներից ու կիրառություններից:
Բառը և դարձվածքը ունեն ընդհանուր հատկանիշներ, այն է՝ բառային իմաստ և քերականական կարգեր, նման են նրանով, որ երկուսն էլ արտահայտում են հասկացություն:
Նույն հասկացությունը մի դեպքում կարող է արտահայտվել բառով, մյուս դեպքում՝ դարձվածքով: Նույն հասկացության դրսևորմանն են ծառայում մի կողմից հըսկանալ բառը և մյուս կողմից՝ խէլքը կըտրէլ(իլ), կըլխի ինգյէլ(իլ) դարձվածքները:
Դարձվածքի և բառի իմաստային ընդհանրությունը կասկած չի հարուցում: Այստեղից էլ դարձվածքների և բառերի հոմանշության բազմաթիվ շարքերի գոյությունը՝ իրէս առած-սանձարձակ, կյիլօխը կուրցընէլ-շաղվէլ(իլ), շփօթվէլ(իլ), կյիլօխն ըզադէլ(իլ)-փրկվէլ(իլ):
Բառը և հոմանիշ դարձվածքը ընդհանրություն ունեն նաև գործառական-քերականական տեսակետից, այսինքն երկուսն էլ կարող են ունենալ քերականական համապատասխան ձև և նախադասության մեջ կատարել այս կամ այն պաշտոնը:
Հըսկացավ՝ հինչ ա̈ իլա̈լ:
Կըլխի ինգա̈ վ՝հինչ ա̈ իլա̈լ:
Այս նախադասություններում հըսկանալ բառը և կըլխի ինգյիլ դարձվածքը շարահյուսական նույն գործառույթն ունեն, սակայն նույնացնել բառն ու դարձվածքը չի կարելի, քանզի ունեն էական տարբերություններ: Դարձվածքը առանձնանում է նրանով, որ տարանջատ ձևավորվածություն ունի, մինչդեռ բառը միասնական է իր ձևով, իհարկե, խոսքը չի վերաբերում վերլուծական կազմություն ունեցող բառերին:
Բառին բնորոշ է մեկ շեշտ, մինչդեռ դարձվածքի կազմում կան մեկից ավելի շեշտակիր միավորներ:
Դարձվածքը չի կարելի նույնացնել հարադրական բարդությունների հետ, և տարբերելու համար պետք է հաշվի առնել, որ հարադրական բարդության բաղադրիչները սոսկ ձևականորեն են պահպանում բառային տեսքը, մինչդեռ դարձվածքի բաղադրիչները հիմնականում ինքնուրույն բառաձև են: Անց կէնալ, ման կյա̈լ բարդություններում անց և ման բաղադրիչները առանձին վերցրած անկախ գործածություն չունեն, և նրանց բառային տեսքը միայն պայմանական է, մինչդեռ դարձվածքների բաղադրիչների բառային տեսքը կասկած չի հարուցում: Այդ են վկայում հետևյալ դարձվածքները. ազրահիլ կըտրէլ(իլ)-առույգանալ, արագաշարժ դառնալ, ա̈մլիգյ կյառնը-անմեղ, անփորձ, միամիտ, անունը յէր ինէլ(իլ)- մեկի անունը հռչակվել, հայտնի դառնալ, ըշխարքաս խըռօվ քյինա̈լ//քինա̈լ-կյանքից դժգոհ մեռնել, ըշխարքիս պա̈ նը գիդվա̈լ չի-աշխարհի գաղտնիքները՝ իրերի ընթացքն անհնար է գուշակել, աբուռը ղըրաղ տինէլ(իլ)-պատվախնդրությունը, պատվի զգացումը հաշվի չառնել:
Գորիսի բարբառում հաճախադեպ է աբուռ բառով կազմված դարձվածքների գործածությունը: Այն փոխառվել է պարսկերենից, նշանակում է երեսի ջուր և հաճախ գործ է ածվում ամոթ բառի հետ. Ամոթ ու աբուռ չունի: Ունենք աբուռ բառով կազմված դարձվածքների հետաքրքրական օրինակներ. աբուռը իրէսին՝ ամոթի, պատկառանքի զգացում ունեցող, պատվազգաց: Աբուռը իրէսին կընգանը ախճիկը մօրը կըքաշէ(ի):
Աբուռը պահէլ՝ ամոթի, պատվի զգացումը չարատավորել: Աբուռը պահիլը ամէն մարդու պա̈ ն չի: Աբուռը տափավը կյա̈ լ/տալ՝ ամոթի, պատվի զգացումը արատավորել: Թա̈ զա̈ հարթնը ո̈ւրա̈ ն աբուռն էլ տափավը յէկը//յէկու, հօրը-մօրը աբուռն էլ: Աբուռըտ կըտըրվէ(ի)`նախատական ձև կամ բարեկամական հանդիմանություն: Աբուռըտ կըտըրվէ՛, էտ հի՞նչ ա շո̈ւրէրիտ հալը:
Ազրահիլ կըտրէլ(իլ) (առույգանալ, արագաշարժ դառնալ) դարձվածքի ստորադաս բաղադրիչը՝ ազրահիլ բառը, ևս փոխառություն է, ըստ հին հավատալիքների՝ հոգեառ հրեշտակ, իսկ որպես ածական գործածվելիս արտահայտում է կտրիճ, ճարպիկ, արագաշարժ իմաստները: Ազրահիլ տըղամարդին ծէրքան պա̈ն չի պըրծընիլ:
«Դարձվածքի հաջորդ հատկանիշը կայունությունն է: Դարձվածքները կարող են օժտված լինել տարբեր աստիճանի կայունությամբ, բայց, այնուամենայնիվ, այդ կայունությունն առկա է[4]»:
Փիչէս՝ յէր կինգյի-(շատ թույլ, վտիտ՝ վատույժ է) բացարձակ կայուն ձևավորում ունի և՛ բառային, և ձևաբանական,և՛ շարահյուսական առումներով. բառ-բաղադրիչներն անփոխարինելի են, ունեն ձևաբանական մեկ ձևավորում (առաջին բայը ըղձական եղանակ, առաջին դեմք, երկրորդը՝ ենթադրական եղանակ, երրորդ դեմք), շարահյուսական տեսակետից ներկայացնում է շարահարությամբ բարդ ստորադասական նախադասություն՝ պայմանի առաջադաս երկրորդականով:
Կայուն շարադասություն ունեն հատկապես բայ+գոյական կառուցվածքային տիպի դարձվածքները, որոնցում գոյականը կարող է գործածվել հարակատար դերբայի հետ՝ օցը կըծած (1.չար, անգութ, 2.հնարամիտ, խորամանկ, փորձառու): Ի դեպ, հարակատար դերբայով կառույցները ունեն նաև կայուն քերականական ձևավորում և չնայած կառուցվածքային տիպով բայական են, բայց ունեն ածականի կամ մակբայի ձևաբանական արժեք. Տըրան տական կարա տո̈ւս կա̈ օցը կըծած մինը:
Դարձվածքի մյուս առանձնահատկությունները նրա կազմում բառի ինքնուրույնության կորուստն ու շարահյուսական կապի մթագնումն են:
«Դարձվածքի՝ մինչև այժմ հիշատակված բնորոշ գծերը այս կամ այն չափով հատուկ են առհասարակ կայուն բառակապակցություններին: Սակայն կա մի գիծ, որ պարզ ու մեկին սահմանազատում է դարձվածքները կայուն բառակապակցությունների մյուս տեսակներից: Դա կապակցության վերաիմաստավորվումն է:
Առանձին-առանձին այս կամ այն նշանակությունն ունեցող բառերը միանալով արտահայտում են մի իմաստ, որն արդեն այդ բառերից ոչ մեկինը չէ, այլ դրանցից «դուրս» է, նոր է, և որը գերիշխում է բաղադրիչներից յուրաքանչյուրի նշանակության վրա[5]»:
Դարձվածքի ամբողջական նշանակությունը կարող է պատճառաբանված լինել նրա բաղադրիչների իմաստով կամ ոչ:
Դարձվածքների մի մասը պատմականորեն հանգում է նախադասություններին, առաջացել է նրանցից: Քիչ չեն այն դարձվածքները, որոնք ծագմամբ նախադասություն են եղել, ինչպես՝ աշկէրըտ շտէղ ա՞ իլա̈լ (ասում են նրան, ում անուշադրության պատճառով որևէ բան է կորսվել), աստուծ ա գյո̈ւդո̈ւմ (1.ոչ ոք չգիտե, հայտնի չէ, ո՞վ գիտե, 2. ինչ-որ վատ բան, վարմունք ևն դատապարտելու, որևէ մեկի կամ որևէ բանի նկատմամբ պարսավանքի և ընդհանրապես բացասական վերաբերմունքի արտահայտում), աստուծ անի-տա(1.երանի թե, 2.եթե, եթե հաջողվի, հաջողություն լինի), էշը հինչ ա՞ գյո̈ւդո̈ււմ՝ մօշը հինչ ա (հիմարը՝ անհասկացողը լավի՝ գեղեցիկի արժեքը չի իմանա), ինձ տէս, քէզ խըղճա (իմ սխալները մի՛ կրկնիր, որ ինձ պես չդժբախտանաս՝ չձախողվես):
Սակայն լեզվի արդի փուլում այս դարձվածքները այլևս նախադասություն չեն համարվում: Ձևականորեն դրանք կատարում են միջանկյալ նախադասության դեր:
Հայ քերականները առանձնացնում են դարձվածքների հետևյալ կառուցվածքային տիպերը, որոնք իրենց բազմազան կիրառություններն են գտել Գորիսի բարբառում, հատկապես բանահյուսական մեծ արժեք ունեցող ժողովրդական հեքիաթներում:
Բայական կապակցություններ. այս դարձվածքները ամենաստվարն են, և դա հասկանալի է. բայը՝ որպես լրացյալ, կապակցելիության տեսակետից ամենալայն հնարավորություններն ունի: Բավական է նշել, որ բայի լրացում կարող են լինել գոյականը՝ իր գրեթե բոլոր հոլովաձևերով, ածականը, թվականը, դերանունը, բայի անդեմ ձևերը, մակբայը, կապը: Բայ և գոյական կառուցվածքային տիպի դարձվածքները բայականների ճնշող մեծամասնությունն են կազմում: Այս տիպին են պատկանում ամենածավալուն դարձվածքները՝ աշխարքը կըլխէն հըվաքէլ(իլ), աշկին իշէղը կըտրէլ(իլ), աշկին տակին պահէլ(իլ), քանզի թե՛ գոյականը, թե՛ բայը կարող են բազմապիսի լրացումներ ստանալ:
Լրացում գոյականը կարող է դրվել ուղղական հոլովով: Ինչպես հայերենի գրական տարբերակում, այնպես էլ Գորիսի բարբառում ուղղականը համընկնում է բառի ուղիղ ձևին: Գործ է ածվում հոդով և առանց հոդի՝ անեծքը փըռնէլ(իլ) (անեծքը տեղ հասնել, չարամաղթությունը կատարվել), անունը յէր ինէլ(իլ) (մեկի անունը հռչակվել), աշկը վախէլ(իլ) (1.փորձով մի բանից վախեցածլինել, 2.մի բան կատարելու անհնարինությունը կամ վտանգը կանխազգալ), բախտը պիրէլ(իլ) (մեկի գործերը իրենից անկախ հաջողվել, հաջողության հանդիպել), աստուծ ըղօրմած ա (մի ելքը կգտնվի, պետք չէ հուսահատվել), կատարը թըքանալ (1.գինովանալ, հարբել, 2.բարկանալ, բորբոքվել):
Շատ էն քյո̈ւնո̈ ւմ թա̈ քիչ՝ աստուծ կըգիդյա̈ : [Նազինյան, Առաքելյան, էջ 398] Թաքավէրը կանչում ա մէծ ու միչնա̈ կ տղօրցը, թա̈ ծէր կուճի ախպէրը տըխուր ա , քյա̈ ցէք յէր կալէք վօրսի տարէք, թօղ սէրտը պա̈ նվա, ուրխանա: [Նազինյան, Առաքելյան, էջ 406] Սա̈ սը յէր էր իլա̈լ, վէր փըլան շէնումը ադէր չըկա, ո̈ւրա̈ նց մէռալնին կարում չէն թաղէն: [Մարգարյան, էջ 275] Բերված օրինակներում գոյականի ուղղական հոլովով արտահայտված լրացում ունեն աստուծ կըգիդյա̈, սէրտը պա̈ նվա̈լ, սա̈ սը յէր ինիլ դարձվածքները՝ ոչ ոք չգիտե, տրամադրությւնը բարձրանալ, ուրախանալ, մի բանի մասին խոսվել, լուր տարածվել իմաստներով:
Ի տարբերություն գրական արևելահայերենի՝ սեռական հոլովը Գորիսի բարբառում հիմնականում գործ է ածվում որոշիչ հոդով, ընդ որում անվանական դարձվածքներում՝ ըստուծուն կ յա̈ ռնը (անմեղ, պարկեշտ, հեզաբարո):
Տրական հոլովով արտահայտված լրացում ունեն աշկին ըրէվալ//յըրօվալ//յուրօվալ, ըշկէրին չըհըվատալ, խաթրին նի կյա̈լ, խէլքին փիչէլ(իլ) բայական դարձվածքները: Թաքավէրի տըղան ո̈ւնգյո̈ւմ ա ո̈ւտո̈ւր վէնդին-ծէրքին, լա̈ց-ըղաչանք անում: Վէնդին-ծէրքին ինգյիլ դարձվածքը խնդրել իմաստով է գործածվել, մինչդեռ նույն դարձվածքը բացառական հոլովով բոլորովին այլ իմաստ է արտահայտում՝ վէնդա-ծէրքա ինգյիլ-շարժվելու, աշխատելու ունակությունից զրկվել: [Նազինյան, Առաքելյան, էջ 420]
Ինչպես օրինակներից տեսնում ենք, տրական հոլովով կապակցությունները բարբառում հանդես են գալիս գրական հայերենի քերականական իրողություններին համապատասխան:
Հայցականը ինչպես արևելահայ աշխարհաբարում, այնպես էլ Գորիսի բարբառում անձի առման դեպքում նման է տրականին, իսկ իրի առման դեպքում`ուղղականին՝ անունը սըվըցընէլ (վարկաբեկել, անվանարկել), աշկ չըկըտրէլ(իլ) (1.մեկից կամ մի բանից հայացքը չհեռացնել, ուշադիր նայել՝ հսկել, 2. մեկով կամ մի բանով հիանալ, զմայլվել) , արևը խըվըրցընէլ (1. դժվար կացության մեջ գցել, 2. սպանել, մեռցնել) , խէլքը կուրցընէլ, կյիլօխ պահէլ(իլ), զինքը (կյիլօխը) հըվաքէլ(իլ) (սթափվել, զգաստանալ, ինքն իրեն տիրապետել):
Գորիսի բարբառում բացառականը կազմվում է երկու ձևով` համադրական և վերլուծական: Բացառականի համադրական ձևը կազմվում է ան//ա̈ ն հոլովական մասնիկով, որն այլ բան չէ, քան գրաբարի եզակի բացառականի –է վերջավորությունը` ն հոդով: Խելքան թիթէվ մարդ ա (թեթևամիտ): Մեզ մըտկատ քիցէս վէչ (մոռանալ):
Բացառականի վերլուծական ձևը կազմվում է գոյականի սեռականի ձևից և -անա անջատ մասնիկով, որն էլ, անշուշտ, սերում է գրաբարյան որոշ դերանունների բացառականի անէ վերջնամասից (սա-ի սմանէ, նա-ի նմանէ, այս-յայսմանէ, այն-յայնմանէ):
Բացառականի հիշյալ վերլուծական ձևը հատուկ է հիմնականում անձ և կենդանի նշանակող գոյականներին, ընդգծում անջատականության գաղափարը:
Անձնանիշ որոշ գոյականների բացառականը կազմվում է միայն վերլուծական ձևով, ինչպես` ապուն անա, այուն անա:
Գոյականի բացառական հոլովով արտահայտված լրացում ունեն ըշխարքաս չինէլ(իլ) (իրադարձություններից տեղյակ չլինել), աշկան կուրցընէլ (տեսադաշտից բաց թեղնել), ռա̈ նգա̈ ն ինգյէլ(իլ) (գույնը գցել), ծէրքան պըրծընէլ(իլ) (մեկի ենթակայությունից դուրս գալ, օձիքը մեկի ձեռքից ազատել): Վէսկաս մին խուրջին կյո̈ւղացալ էն, լա̈վ, հու վէր, վէր ա, իմ ծէրքաս կարալ չի պըրծընի: Որպես դարձվածք գործածվել է ծէրքան պըրծընէլ կապակցությունը, որին հոմանիշ է ծէրքան ըզադվէլ(իլ) դարձվածքը:
Բացառականի նման գործիական հոլովը ևս ունի կազմության երկու ձև:
Համադրական ձևը կազմվում է ուղղականից կամ տրականից ավ//ա̈վ հոլովական մասնիկով, որ գործիականի –ով վերջավորության ձևափոխությունն է: Որոշյալ առման դեպքում համադրական այդ ձևը անպայման որոշիչ հոդ է ստանում: Աշկավ աշկ չօնի (երեսն անգամ չցանկանալ տեսնել, չսիրել, ատելով ատել):
Վերլուծական ձևը կազմվում է -անավ անջատ մասնիկով, որ, ծագումնաբանորեն կապվելով բացառականի համապատասխան ձևի հետ, առաջ է եկել գործիականի ավ(ով) վերջավորության համաբանությամբ: Գործիականում վերլուծական ձևեր են ունենում դարձյալ գլխավորապես շնչավոր առարկա (կենդանի) և անձ նշանակող գոյականները, ինչպես` ընջուկավը ինգյէլ(իլ), ըշխարքավ մին անէլ(իլ), արէվավը յէրթվէլ(իլ): Նոր էր գյոլին ղըրաղը հըսալ, վէր ընջուկավը սա̈ ս ինգյավ: [Նազինյան, Առաքելյան, էջ 426] Գորիսի բարբառում ներգոյական հոլովով արտահայտված գոյականը նույնպես կարող է բայական դարձվածքի բաղադրիչ դառնալ և ունենալ համադրական և վերլուծական ձևեր:
Ներգոյականի համադրական ձևը կազմվում է ում//ու’’մ վերջավորությամբ և հիմնականում գործ է ածվում որոշյալ առմամբ՝ կըլխումը խելք չկա՝ աշկումը պիրցրա̈նա̈լ (մեկի մոտ հեղինակությունը՝ վարկը բարձրանալ, հեղինակություն ձեռք բերել) և աշկումը քյիցէլ(իլ) (մեկին ուրիշների մոտ վարկաբեկել, հեղինակազրկել): Վերլուծական ձը կազմվում է սեռականից և անըմ//անում կամ նէստում բառ-մասնիկից, սակայն ներգոյականը այս կազմությամբ որպես դարձվածքի բաղադրիչ հանդես չի գալիս:
Բացառական, գործիական և ներգոյական հոլովներով ստորադաս բաղադրիչները, ինչպես տեսանք, գործածվում են որոշիչ հոդով. այս երևույթը Գորիսի բարբառին բնորոշ կարևոր առանձնահատկություններից է:
Այս կապակցություններից էապես չեն տարբերվում բայ+դերանուն կապակցությունները, քանզի դերանունները իրենց հոլովաձևերի իմաստային առումներով բայի հետ նույն կարգի հարաբերությունների մեջ են մտնում, ինչ գոյականները: Այն տարբերությամբ, որ ծավալման ավելի քիչ հնարավորություններ ունեն, քան գոյականները: Իսկ դրա պատճառները խոսքիմասային առանձնահատկությունների՝ մասնավորապես կոնկրետ հասկացություններ չարտահայտելու մեջ են:
Բայական կապակցությունները կարող են ստանալ նաև թվականով (ութ կիրէլ(իլ) քայլել՝ հավասարակշռությունը չպահելով), մակբայով (առաջ քյինա̈ լ (քինա̈ լ), դիբէտ մընալ) արտահայտված լրացումներ:
Բայական կապակցություններից զատ ունենք նաև անվանական կապակցություններ. անճո̈ւր ճաղաց, լէն օր դարձվածքներում որպես գոյականի լրացում հանդես են եկել հարաբերական և որակական ածականները: Աշկը ծակ (ագահ), աշկը կօշտ (իր ունեցածով գոհ), աշկը չար (նախանձոտ, չար աչք ունեցող), աշկը պա̈ց (1.շրջահայաց, 2.ճարպիկ, 3.ձեռներեց), խէլքավ կարճ=խէլքը կարճ (սահմանափակ, նեղմիտ, կարճամիտ): Ածականական դարձվածքների համար բնորոշն այն է, որ սրանց մեծ մասում վերաիմաստավորված են հանդես գալիս ոչ միայն գոյական լրացումները, այլև ածական լրացյալները:
Այս կառույցին են հարում նաև գոյական+ուղղական հոլով կառուցվածքային տիպի դարձվածքները, ուր ուղղական հոլովով դրված լրացումները փաստորեն ածականական կիրառություն ունեն՝ վէսկի ծէրքէր (շատ վարժ, հմուտ ձեռքեր):
Գոյական լրացումը կարող է արտահայտվել նաև սեռական հոլովով՝ արտահայտելով այն իմաստները, ինչ ազատ կապակցություններում՝ ստացական, ծագման ՝աղի մօկուն, ըշխարքիս իրէսին (ամբողջ աշխարհում), աշկի փօշ (սաստիկ ատելի, անտանելի), ըստուծու կրակ (1.չար, դաջան, անգութ, 2. Չարաճճի, 3. Մեծ ցավ՝ պատիժ՝ դժբախտություն), ըստուծու կյա̈ ռնը (անմեղ, պարկեշտ, հեզաբարո):
Տարին տարուն յէնդան շօռ էր տամ, Գ յօ̈ զալին աշկը ճընըպի, վէչ տըղօրցան ըրէվացին, վէչ էլ Սա̈քին: [Նազինյան, Առաքելյան, էջ 445] Աշկը ճընըպի դարձվածքը արտահայտում է անհամբեր սպասել իմաստը:
Գոյական և թվական բաղադրիչները փոխաբերության տեսակետից չեն տարբերվում գոյական+ածական կառուցվածքային տիպի դարձվածքներից՝ օխտը պօրտը, առաչի ծէրքա, տարին տըսնէրկու ամիս:
Գոյական և դերբայ կառույցները ևս հարում են գոյական+ածական կառուցվածքային տիպին: Սրանց մի մասն առաջացել է բայական կապակցությունների շրջումով՝ ա̈րո̈ւն թափիլ-թափած ա̈րո̈ւն, իսկ մյուս մասն էլ ինքնագո է՝ տաշած քար, կյա̈ ռնի մօրթի հագած գայլ:
Ածականական կապակցությունները՝ մասնավորապես ածական + գոյական դարձվածքները քննելիս պետք է խոսել գոյական + ածական կառուցվածքային հոմանիշները ներկայացնողերի մասին՝ ճակատը պա̈ց և պա̈ց ճըկատավ, էրգա̈ ն ըկանջներավ և ըկանջնին էրգա̈ ն: Սրանք նույնիմաստ են, միևնույն ձևաբանական արժեքով, տարբեր՝ միայն կառուցվածքով: Սակայն միշտ չէ, որ այս կարգի դարձվածքները նույնանիշ են: Պա̈ց աշկավ նշանակում է բացահայտ կերպով, իսկ աշկը պա̈ց արտահայտում է նաև անքուն, աչքաբաց իմաստները: Այս կարգի թվականական դարձվածքները հատուկենտ են: Էրեգ մեկ, էսօր էրկու դարձվածքը հավանաբար միակն է, ուր թվականը հանդես է գալիս իբրև գերադաս բաղադրիչ:
Մակբայ լրացյալով կապակցություններ շատ քիչ են հանդիպում: Այս կարգի դարձվածքներից կարելի է հիշատակել՝ խելքա տուս, աշկա հեռու, որոնցում որպես գերադաս անդամ հանդես է գալիս մակբայ խոսքի մասը: Իսկ կապ + կապի խնդիր կառուցվածքային տիպի դարձվածքների կազմությանը ամենից հաճախ մասնակցում են հետևյալ բառերը՝ տակ՝ աշկի տակավ, արևի տակ, քթին տակին, վրա՝ ըշխարքիս վիրա̈:
Գորիսի բարբառը հարուստ է դարձվածային տարբերակներով: Դրանք դարձվածային այն միացություններն են, որոնք նույնն են ոճական ու շարահյուսական գործառույթով, ունեն բառային ընդհանուր անփոփոխակ, ինչպես ընջուկավը ինգյէլ(իլ)-ընջուկին հըսնիլ, անունը ըշխարհքավըս մին անէլ(իլ)-անունը յէր անէլ(իլ), անունը սըվըցընիլ-անունը տափավը կ յա̈լ/տալ-անունը քիցէլ(իլ), ըշխարքաս խաբար չինէլ(իլ)-ըշխարքաս չինէլ(իլ), աշկին իշէղը կըտըրվէլ(իլ)-աշկին լո̈ւսը խըվարէլ(իլ)-աշկերը քուռանալ-աշկին լո̈ւսը պըկասէլ(իլ), աշկին լո̈ւսը քինիլ, բէյնը դա̈ նգ անէլ(իլ)-կիլօ̈ խը դա̈ նգ անէլ(իլ), էրկու կըրակի ղաթում-էրկու ցավի ղաթում մընալ, թա̈ րս յէշէլլ(իլ)-ծօռ աշկավ յէշէլ(իլ), խէլքը կըլխին-խէլքը վիրան- խէլքը տէղը, խօսկը կըտըրէլ(իլ)-խօսկը պիրանումը թօղալ, ծէրքը թիթէվ- ծէրքը լա̈վ- ծէրքը բարի, կէս պէրան-պիրանին մի ղօլավը, կիլօ̈ -խը ցըվըցընէլ/ուռչըցընէլ-կիլօ̈ խը դա̈ նգյ անէլ(իլ)- կիլօ̈ խը ճըքըցընէլ, սէրտը ահ ինգյէլ(իլ)-սէրտը վախ ինգյ էլ(իլ), սէրտը հէռալ- սէրտը ցավէլ(էլ), սէրտը տըրաքէլ(իլ)- սէրտը ճաքէլ(իլ): Օրինակներից պարզ է դառնում, որ բարբառում դարձվածային տարբերակները ձևավորվել են հիմնականում մեկ ճանապարհով՝ բաղադրիչների՝ հոմանիշներով փոխարինմամբ՝ բէյն= կիլօ̈ խ, հէռալ=ցավէլ(իլ):
Աշխատանքում քննության առնված օրինակները, որոնք թե՛ քերականական, թե՛ բառային ու հչյունական հետաքրքիր շեղումներ են դրսևորել գրական հայերենի համեմատությամբ, դարձվածային տարբերակների առատությունը հանգեցնում են այն եզրակացությանը, որ Գորիսի բարբառը ունի դարձվածքների անչափ հարուստ բառագանձ, որը, իմաստային և կառուցվածքային յուրահատուկ դրսևորումներ հանդես բերելով, միաժամանակ կենդանի սնուցման անսպառ աղբյուր է գրական հայերենի համար:
[1]Սուքիասյան Ա. Մ., Գալստյան Ս. Ա., Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Երևան, 1975, էջ 5:
[2]Բեդիրյան Պ. Ս. , Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն, Երևան, 1973,էջ 5:
[3]Բեդիրյան Պ. Ս. , Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն, Երևան, 1973,էջ 79:
[4] Նույն տեղում, էջ 7:
[5] Նույն տեղում, էջ 79: