ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, ՁԵՌԱԳԻՐ 7822
Առաքել Գրիչհեղինակ [վ. Կոստանդեանցի], Թվական 1858-1868
Գտչայ վանք
ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Գրաբարից աշխարհաբար թարգմանեց բ.գ.դ., պրոֆեսոր Է. Մկրտչյանը
ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ /հատված/
Ոմն աղքատ բնակվում էր ավանում` Աղվանից Գրիգորոս Կաթողիկոսի սուրբ աթոռին կից փոքրիկ քաղաքում: Այն աղքատ մարդը իր կյանքն անց էր կացնում մեծ թշվառությամբ և անտանելի դժվարությամբ: Ուներ բազում տղաներ և աղջիկներ, այնքան մեծ թշվառության մեջ էր, մինչև անգամ ծածկել մանուկների մերկությունը՝ գոնե պատառոտուն հնացած հանդերձանքով, կամ իր և կնոջ [մերկությունը]: Բնավ ոչ մի տեղից ուտելիքի աղբյուր չուներ, շալակով փուշ ու փայտ էր բերում ավանը, վաճառում և դրանով իսկ օրական ապրուստ հայթայթում, դա էր նրա հանապազօրյա գործը. զբաղվել նույն վաստակով:
Պատահեց [մի անգամ], որ մի վաճառական եկավ իջևանեց նույն աղքատի տանը. երեկոյան ժամ էր, առանց մերժվելու մնաց նրա տանը: Նույն երեկոյին աղքատի կինը ծննդյան երկունքի մեջ էր (որովհետև աստծո գործն էր): Գիշերվա երրորդ պահին կինը ծնեց արու զավակ՝ բոլոր ծնվածներից կայտառ, բարետես: Բայց բնավ չունեին մի լաթի կտոր, մի կտոր կտավ կամ այլինչ հանդերձ ծնված մանկան մերկությունը ծածկելու համար: Մանկաբարձը գնաց և վաճառականին խնդրեց մի կտոր կտավ, որպեսզի նրանով ծածկի մանկան մերկությունը: Վաճառականը համաձայնվեց [նրա] խոսքերին և մինչ հանելով կտրեր կտավը, հառաչմամբ հոգոց հանեց: Մանկաբարձը նրան հարցրեց, թե ինչո՞ւ այդպես ծանր մտքով է կտրում [կտավը], [մանավանդ] ստանալու վարձ ունի, ինչպես նաև՝ մեկի փոխարեն տասնապատիկը ամենակալ աստծո ձեռքից: Եվ նա ասում է, թե այդպես չէ, ինչպես [մանկաբարձը] կարծում է, [և շարունակում է]. «Ամբարած ունեմ բազմաթիվ գանձեր, բայց չունեմ արու զավակ, որ իմ մահից հետո ժառանգի բոլորը, [ունեմ] միայն մի նորածին աղջիկ՝ անպտղության մեջ, և իմ անցյալ օրերը»:
Երբ ծնուցիչը գնաց, վաճառականն ընկավ խոր քննության մեջ, թե, արդյոք, անքննելի՞ է իր տնօրինությունը. մեկն այսպես է կառավարում, մեկն այնպես… Վաճառականը մինչ խորհում էր [այսպես], թմրություն անցավ նրա վրա, ննջեց, երազում տեսավ՝ պայծառ տեսքով երևաց աստծո հրեշտակը, որն ասաց. «Ինչո՞ւ ես ընկել քննության խորքը. այդ նորածին մանուկը ժառանգելու է քո ամբողջ ունեցվածքը»: Նույն վայրկյանին երազը վերացավ, և նա, զարթնելով քնից, այժմ ընկավ այլ տեսակ քննության մեջ՝ ընդդեմ պատգամաբեր հրեշտակին՝ կորցնելու նորածին մանկան արյունը: Առավոտյան իր մոտ կանչելով ծանոթացած մանկաբարձին՝ հայտնում է նրան, թե համաձայն է այդ նորածին մանկանը որդեգրել, եթե ծնողները համաձայնվեն: Մանկաբարձը գնաց և ծնողներին հայտնեց նրա խոսքերը: Ողորմելիները խնդությամբ ընդունեցին նրա խոսքերը:
Երբ [վաճառականը] տեսավ նրանց ընդունելությունն ու համաձայնությունը, հանեց հագուստի կտորեղենները և ծածկելով նրանց բոլորի մերկությունը՝ խրախուսեց նրանց, թե այսուհետև նրանց պահպանելու է իր խնամարկությամբ: Ողորմելիները սաստիկ ուրախացան: Բայց վաճառականը ցանկանում էր մանկանը տանել, որովհետև բանը աստծո հետ չէր կապվում, այլ մանկան կորստի: Ողորմելի ծնողները խնդրում էին սնուցել, մինչ մոր կրծքից կտրվի: Բայց վաճառականը ըստ ներքին ծածուկ նախանձի չկամեցավ նորածնին թողնել, տվեց իր ծառայի ձեռքը, և անցան գնացին: Երբ որոշ տարածությամբ հեռացան և տեսան բոլոր կողմերում լռություն է, [վաճառականը] հրամայեց իր ծառային տանել և նրա արյունը բերել, ցույց տալ իրեն: Ողորմելի ծառան զարմացմամբ ասաց. «Քավ լիցի ինձ. շաղախել իմ ձեռքերը այդ անմեղ մանկան արյամբ»: Տերը բարկացավ, թե՝ «Կաշառք կտամ դատավորին և քեզ կկորցնեմ հավիտենական կորստով»: Ողորմելի ծառան խիստ վախեցավ, վերցրեց մանկանը, դիմեց գնաց մի քարքարոտ տեղ, իսկ հեռու տեղից նշմարում էր վաճառականը: Աստված շրջեց ծառայի միտքը՝ չսպանել անմեղ մանկանը, որի համար հեռվից վաճառականի նկատելու պատճառով ինքը ցույց էր տալիս, որպես թե սպանեց և կամենում է ծածկել նրան: Բայց քարե փոքրիկ տապան շինեց և մանկանը դրեց նրա մեջ՝ երեսը դեպի երկինք և բաց՝ ասելով, թե՝ լավ է այդտեղ սովամահ լինել, քան թե ձեռքերը շաղախել դրա արյամբ: Դրա համար ոտի երակը ծակեց, արյունը հոսեց ինչ-որ աման, [վերցրեց] տարավ ցույց տվեց իր տիրոջը: Թողին այնպես և գնացին:
Նույն օրերին անասունների և այծերի հոտը արոտի է ելնում նույն արևադեմ տեղը: Մի այծ, հոտից բաժանվելով, աստծո խնամքով իրեն իջեցնելով, ստինքը դնում է մանկան բերանը, ծծեցնում նրան և անցնում-գնում, խառնվում ընկերներին: Սա մի աղքատ, միայնակ պառավի այծ էր: Պառավը ժառանգ չուներ կամ ինչ-որ ազգական. ջնջվել էին երկնառաք մահից, միայն ուներ այն այծիկը, կթում էր, կաթով ապրում: Ողորմելին տեսնում է, որ այծիկն ըստ իր սովորության կաթ չի տալիս, առաջվա տվածի կես մասն էլ չի տալիս: Գնում է, վիճում տավարածների հետ, թե ինչո՞ւ աստծու դեմ են գործում, միայնակ այծիկ ունի, կթում են և իրեն թողնում բերանաչոր: Ողորմելի տավարածները երդումով հաստատում են [իրենց] իմացածը, թե բնավ տեղեկություն չունեն: Պառավը չի հավատում նրանց խոսքերին: Դրա համար մի օր բոլորից գաղտնի վեր է կենում, իրեն թաքցնելով, գնում հովիվների հետևից՝ տեղեկանալու տարակուսանքներին: Երբ հովիվները հոտը արածելու տվին և սկսեցին խաղալ, ինքն անցել էր այնտեղի քարերի թիկունքը և նստել, հետևում էր: Նույն ժամին տեսավ, որ իր այծիկը եկավ, մի վեմի տակ իջեցրեց իրեն մինչև մի քառորդ ժամ, ապա ուղղելով իրեն, գնաց և խառնվեց իր ընկերներին: Պառավը շտապեց [դեպի] նույն տեղը՝ տեսնելու, թե այն ինչ տեսիլ էր: Տեսավ նույն տեղում շինված մի փոքրիկ քարե տապան և նրա մեջ դրված մի կայտառ ու գեղեցիկ մանուկ, և ինքը կենդանի: Ողորմելին մի ժամ տարակուսությամբ մնաց հիացած, թե, արդյոք, ի՞նչ է այս սքանչելի երևույթը, գուցե երազ և տեսի՞լ է: Եվ վերցնելով գլխաշորը՝ նրանով փաթաթեց մանկանը, իր գիրկն առավ և խնդությամբ գնաց իր տունը:
Օրերից հետո նրան մկրտեցին և անունը կոչեցին Թափտղ, որ նշանակում է գտնված: Մանուկը աճեց, մեծացավ, եղավ տասնչորս տարեկան, սովորել էր, ուսանում էր և հայրենի լեզվի գիրը, սրամիտ էր, բնական ճոխաբան, տեսքով և դեմքով գեղեցիկ, աննման, քաղցրախոս և առատամիտ, համեստ և խոնարհաշունչ:
Պատահեց [մի անգամ], որ այն մանկասպան վաճառականը եկավ իջևանեց նույն պառավի տանը. այս պատահումը եղավ ամենակալի տնօրինությամբ: Մինչ [պառավը] հավաքեր, սրբեր, ներքին և արտաքին գործերը կարգի բերեր, երբեմն-երբեմն կանչում էր մանկան անունը՝ Թա՛փտղ, թե այսպես արա՛, այնպես… Վաճառականը մտածում էր, թե ինչո՞ւ մանկան անունը Թափտղ է կոչում: Երբ արտաքին գործն ավարտվեց, հավաքվեցին տունը, և վաճառականը սկսեց հարցնել պառավին, թե ինչո՞ւ մանկան անունը Թափտղ է կոչում: Ողորմելի կինը պարզամտությամբ սկսեց պատմել եղած բոլոր իրողությունները: Արդարև վաճառականը հիացել էր աստվածային անպատմելի հրաշագործության համար, բայց նախանձության և մանկասպանության նախկին կրակը չկամեցավ իր մտքից մարել-հեռացնել: Ուստի խնդրեց պառավին թույլ տալ մանկանը ինչ-որ թղթագրության տանելու իր տունը հարկավոր բաների համար, որպես թե ինքը և ծառան զբաղված են ինչ-որ ծանրագույն գործով: Ողորմելի կինը չգիտեր վաճառականի նախանձ մտքի մասին, թե նպատակ ունի կորցնել մանկանը, և համաձայնվեց նրա խոսքերին: Վաճառականը թուղթ գրեց այսպես, թե երբ գրաբեր այդ մանուկը հասնի ձեզ մոտ, անխափան կարգով թույլ չտաք այս երեկոյան վերադառնալ իրենց բնակատեղին, այլ ամեն տեսակ կերակուրներ և ըմպելիքներ պատրաստել ու այդ մանկան հետ ուրախություն և զվարճություն անել: Երեկոյան ընթրիքը վերջանալուց հետո քննել և տեսնել, թե ամենքը քո՞ւն են մտել և լռությո՞ւն է բոլոր կողմերում, խաբեությամբ այդ մանկանը տանել մեր այծերի և ոչխարների գոմը և հանկարծ վերացնել նրա գլուխը ու նրան գցել չոր փոսի մեջ, ծածկել հողով: Եթե իմ գործը խափանող մեկը գտնվի, այդ մանկան փոխարեն նրա մարմինը անխափան կնետեմ շներին և թռչուններին: Թուղթը կնքելով՝ տվեց մանկան ձեռքը, և նա վերցնելով գնաց Դող բերդաքաղաքը՝ վաճառականի բնակավայրը:
Երբ ներս մտավ, տեսավ մի կույս աղջիկ՝ նստած դռանը, գեղեցիկ ու պատվական: Աղջիկը նրան հարցրեց. «Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»: Մանուկն ասում է, որ իր մոտ թուղթ ունի՝ գրված այս բնակության տանտիրոջից, եթե ունի ընտանիքի [անդամ], խնդրում է նրան կանչել դուրս, [թուղթը] տա նրա ձեռքը և թերևս ինքը վերադառնա իրենց օթևանը: Աղջիկն ասում է. «Ես այն վաճառական մարդու դուստրն եմ, և տանը ինձնից բացի ոչ ոք չկա»: Թուղթը տալիս է նրա ձեռքը, և նա բացելով ընթերցում է, արդարև մնում զարմացած, թե, արդյոք, այս ի՞նչ նոր հրաշք է, մարդ ինչպե՞ս չուզենա վնասել և ձեռքը ձգի այսպիսի գեղուղեշ նորահաս մանկան վրա ու վնաս հասցնի:
Աղջիկը նայեց մանկան երեսին, նա էլ նայեց աղջկա երեսին. աստված զարթնեցրեց նրանց միտքը՝ հանուն անքակտելի սիրո, և նույն վայրկյանին կաթոգին սիրով կապվեցին միմյանց հետ: Աղջիկը զարմացել էր նրա քաղցրատես գեղեցկությունից, և մանուկը՝ նրա պատվական դեմքից: Երբ միմյանց սիրեցին մտքով, չկամեցան իրարից հեռանալ, որի համար աղջիկն ասաց, որ նա պետք է մնա և սպասի մինչ իր մոր գալը, և պետք է կարևոր պետքեր հասցնել իր հորը: Երբ տղան նստեց այնտեղ, աղջիկն ասաց, որ այդտեղ նստի մինչև իր գալը: Մտավ իր սենյակը, շտապ վերցրեց թուղթ ու գրիչ և արագորեն գրեց այսպես. «Երբ ձեզ մոտ հասնի այդ գրաբեր մանուկը՝ Թափտղ անունով, առանց որևէ խափանման պատրաստել հարսանիքի ամենայն հարկավոր պետքերը, մինչև երեք օր պսակել իմ դուստր Շողակաթի հետ, որովհետև ըստ իմ բարեհաճության դրան հավանեցի: Մինչև իմ գալը տուն պարտավոր եք հարսանիքի ամեն ինչն ավարտել, որովհետև գործն այսպես եղավ»: Քանի որ այստեղ վեճը՝ կռիվը մեծ է այդ մանկան վրա, այսպես գրեց թուղթը և կնքելով տվեց մանկան ձեռքը և նրան պատվիրեց թուղթը տալ մորը, երբ սգավորների տնից գա, իսկ մանուկը չգիտեր՝ ինչ է գրված:
Երբ վաճառականի կինը եկավ, մանուկը թուղթը տվեց նրա ձեռքը: Նա տվեց աղջկան. սա կարդաց իր մոր ականջներին: Մայրը չհավատաց թղթին և աղջկա խոսքերին, որի համար կանչեց իր տան ծախսարարին, թուղթը տվեց ընթերցելու: Նա ևս նույն խոսքերն ընթերցեց՝ սաստկապես գրված՝ անխափան կատարել: Իրենք խորհուրդ արին, թե եկե´ք տեսնենք և քննենք մանկան կամքը. արդյոք համաձա՞յն է այս խոսքերին: Ներս կանչեցին մանկանը և հարցրին նրան, տեսան՝ [լավ է] համաձայնվել, քան մյուսները:
Ըստ նրանց ընդունելության՝ հենց նույն գիշերը պսակեցին միմյանց հետ: Օրեր հետո եկավ աղջկա հայրը՝ տեսնելու՝ կատարե՞լ են գրածները: Երբ տեսան, որ եկել է նրա հայրը, եկան բարեկամները, դրացիները և ավետիս տվեցին վաճառականին: Արդարև աղջկա հայրը, գաղտնապես զարմացած, չկամեցավ հայտնել տեսիլքի բանը, որ երազ տեսավ: Բայց նախանձությունը չկամեցավ մտքից հեռացնել, թեև խառնվել էր բարեկամների և ընտանիքի ուրախությանը և ակամա բերանով օրհնել պսակվածներին: Սակայն ամենակալն [Աստված] իր ամենատես աչքով օրհնել էր նրանց իրենց մոր արգանդում: Բանարկուն՝ վաճառականը, դարձյալ թույլ չէր տալիս հանդարտվել՝ ըստ իր շիկացած նախանձության, և սկսեց որոնել ու գտնել վնասավոր ինչ-որ տեղեր, որտեղ շատերն էին կորել: Ուստի քանիցս նույն մահաբեր տեղերն էր ուղարկել, [բայց] մանուկը յուր անմեղությամբ անվնաս եկել էր:
Երբ վաճառականը տեսավ, որ բոլոր տեղերից օտարացված է, այլ տեսակ հնարներ հնարեց. որպես թե ընկերների և մեծամեծերի պահանջով պարտավորվում է սեղան սարքել, քանի որ հարսանիքում իր որդուն չի գտել: Ուստի իր մոտ կանչելով այգեպաններին՝ պատվիրում է նրանց, թե պետք է ամեն տեսակ անուշահամ պտուղներ պատրաստեն սեղանին կանչվածների համար: Այնտեղ էր և մանուկը: Երբ նրանց հայտնեց, մանկանը տուն ուղարկեց և այգեպաններին առանձնացրեց, նախ՝ երդմամբ հաստատեց նրանց, թե՝ չհայտնել խոստովանությունը մինչև այլոց մահը, ապա հայտնեց իր խորհուրդը, թե այս գիշեր, որ պահի էլ լինի, մեկը գալու է իրենց այգու դուռը և կանչելու է նրանց, պետք է նրան բռնել և գցել ցամաք փոսի մեջ: Նախևառաջ պետք է այգու դռան փոսը պատրաստ պահել և ոչ թե այլ փոսեր, թույլ չտալ խոսել չար կամ բարի, թեկուզ լինի ինքը, եթե աղաղակի, բերանը խցկեն, գցեն փոսը, հողը լցնեն, հավասարեցնեն: [Ապա ավելացնում է.] «Եթե ձեզնից մեկը ձեռքը հեռու պահի այդ գործից, կենդանի է տերը, կաշառք կտամ պարսից դատավորին ձեզ խեղդամահ անելու համար»: Ողորմելիները մնացին վախի մեջ երկու կողմից՝ վերկենա՞լ, թե՞ չվերկենալ. ի վերջո խոստացան անխափան կատարել: Նրանք անցան գնացին այգին:
Երբ երեկո եղավ, վաճառականը իր մոտ կանչեց մանուկին, թե գիշերվա չորրորդ պահին նա պարտավոր է անխափան իրեն հասցնել հիշյալ պտուղները: Մանուկն ընդունեց նրա խոսքերը և գնաց տուն: (Վաճառականը պատվիրել է այգեպաններին, թե երբ կատարեն այդ գործը, նույն վայրկյանին գնան, հայտնեն իրեն):
Անցնենք պատմությանը. մանուկը գնաց և քուն մտավ, աստծուց թմրություն իջավ նրա վրա, չկարողացավ անկողնուց վերկենալ: Առավոտյան դեմ մանուկը վերկացավ՝ պատրաստվելու բոլոր գործերին: Նորապսակ հարսը նրանից հետո վերկացավ և նրան արգելեց գնալ, թե տեսիլքում շատ անցքեր անցան. «գնալն քո մահ է», լացում էր և ողբում և ձեռքերից բռնելով՝ ներս էր քաշում: Հնազանդվելով նրա խոսքերին՝ մանուկը գործից ուշացավ, և առանձնակի զբաղվեցին աղոթքով մինչև առավոտվա արշալույսը:
Վաճառականը չկարողացավ հանգստություն գտնել, առավոտյան դեմ վերկացավ և շտապ ոտքով գնաց տեսնելու, թե ինչու գործն ուշացավ: Երբ կամեցավ մտնել [այգին], դարան մտածները հանկարծ հարձակվեցին նրա վրա, առանց ձայն հանելու նրա բերանը խցկեցին և գցեցին ուրիշների պատրաստած փոսը: Նույն ժամին հող լցնելով փոսը՝ հավասարեցրին և իսպառ անհայտ դարձրին: Տակավին գիշեր էր, երբ կատարվեց աստվածային սքանչելագործ տնօրինությունը:
Կորստից հետո, երբ արեգակը ծագեց ճառագայթափայլ երկրին, մանուկն անվնաս մտավ այգին և վերցնելով պատրաստված պտուղները՝ ողջությամբ վերադարձավ իր տունը: Եվ գնաց հյուրընկալության տեղը, այնտեղ չգտավ ոչ մեկին՝ ոչ հրավիրված մարդու, ոչ վաճառականին: Լուր տարածվեց բոլոր տեղերում, և համբավ տարածվեց, որ թերևս կարողանան գտնել նրա տեղը. անհայտ եղավ յուր անհայտ չարագործությամբ:
Այս ամենը գիտեր նրա դուստրը, որովհետև շատ առաջ է պատմել նրան, հետո ևս: Նաև՝ եթե մեկը կարոտի տեսնել նրա որդու տապանը, այժմ Դող բերդաքաղաքում՝ սուրբ Հոհանի եկեղեցու դրսի աջ կողմում ծակ գերեզմանաքարը նրա վրա է: Ով ընթերցում է նրա արձանագրությունը, ցրվում է իր տարակուսական մտքերից:
Տեր աստված բոլոր անմեղ անձանց կարոտությունները կկատարի, իսկ մեղավորներին համբերություն կտա, մեղքերին՝ թողություն ի Տեր. ամեն…