Արդի հայերենի բարբառների խորն ու բազմակողմանի ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի հայագիտության համար: Դա կարևոր է հատկապես լեզվի պատմական քննության ժամանակ, երբ անհրաժեշտություն է լինում բարբառների տեղն ու դերը ճշտել հայերենի համակարգում:
Լեզի բառապաշարի իմաստաբանական խմբերի բաժանումը և քննությունը կարող են բավականին տեղեկություններ հաղորդել ոչ միայն լեզվաբանությանը, այլև պատմությանը, ազգագրությանը և այլ գիտաճյուղերի: Լինելով բառագիտության կարևոր ուսումնասիրություններից մեկը՝ բառապաշարի իմաստային /թեմատիկ/ խմբերը մեծապես նպաստում են բառապաշարի ձևավորման հարցերի լուսաբանմանը, քանի որ խնդրահարույց են ոչ միայն բառերի առկա և գործուն իմաստների ծագումը, այլև գործածության բնագավառներում տեղորոշելը՝ համաժամանակյա և տարաժամանակյա կտրվածքով: Ճիշտ է նկատված, որ Արցախի և մերձակա տարածքների բարբառները հայտնի են բազմաթիվ հնաբանություններով, որոնց նշանակությունը հայոց լեզվի պատմության ուսումնասիրման գործում շատ մեծ է:[1]
Հայ լեզվաբանության մեջ բառապաշարի թեմատիկ խմբերի բաժանումը գրեթե բացակայում է բարբառագիտական աշխատանքներ կատարելիս: Քիչ են նաև այն աշխատանքները, որոնցում քննված լինեն բարբառային բառերի և նրանց իմաստների ձևավորման ակունքները: Սյունիք-Արցախ տարածքային բարբառների բառապաշարում առկա ֆիզիկական աշխարհ մատնանշող բառերի իմաստային խմբի համաժամանակյա և տարաժամանակյա քննությունը նպատակ ունի լրացնելու այն բացը, որ առկա է բարբառագիտական աշխատանքներում: Սյունիք-Արցախ բարբառախմբին գրաբարից անցած բառերի շուրջ ուսումնասիրություններ համեմատաբար քիչ չեն,[2] և դրանցից ցանկալի է առանձնացնել Ալ. Մարգարյանի «Գորիսի բարբառը», որտեղ, օրինակ, հեղինակը կազմել է առանձին բառացանկ և հիշատակել մոտ 3000 բառ, որ Գորիսի բարբառին անցել է գրաբարից[3]: Ընդհանրապես բառապաշարի իմաստաբանական խմբի բաժանման վերաբերող աշխատանքները բավականին շատ են: Այս աշխատանքը առանձնահատուկ է ոչ միայն բարբառային բառապաշարի իմաստաբանական միայն մի խմբի՝ ֆիզիկական աշխարհ նշող բառերի քննությամբ, այլև այդ խմբում գրաբարյան շերտից տեղ գտած բառերի պատմական զարգացման նկարագրությամբ: Այս առանձնահատկությունները թույլ են տալիս գործածելու ուսումնասիրության մի մեթոդ, որ տարբերվում է բառապաշարի իմաստաբանական խմբերի բաժանման բնագավառում:
Կ. Բաքի իմաստային խմբերի բաժանման մեջ կարևորված են բառիմաստների՝ գլխավոր և ավելի մանր բաժանումները[4]: Սա նույնպես կարող է օգտակար լինել բարբառագիտական աշխատանքներում, քանի որ քննությունը տարվում է ոչ թե մեկ բարբառի, այլ բարբառային մեծ խմբի շրջանակներում: Իհարկե, բառերի իմաստային մեծ տարբերություններ չեն ակնկալվում բարբառային խմբերի շրջանակում, բայց հնարավոր դեպքերն էլ կարևոր են բարբառների և ենթաբարբառների տարբերակման գործառույթում: Հ. Աճառյանը բառապաշարի թեմատիկ խմբերի բաժանում կատարել է հունական փոխառությունների շուրջ՝ բնության և նրա զորության մասին, մարդ և մարմնի մասեր և այլ խմբերով[5]: Գ. Ջահուկյանը բառերի իմաստաբանական խմբի բաժանում կատարել է տարբեր առիթներով՝ հայերենի՝ հնդեվրոպական ծագմամբ բառերի, փոխառությունների շրջանում: Հայերենի բառապաշարի հիմնաշերտը քննելիս առաջին մասը հատկացրել է ֆիզիկական աշխարհ խմբին[6]: Այս բաժանումը բավականին օրինակելի է մեր քննության համար, քանի որ անհրաժեշտաբար տրվում են խմբում ընդգրկված բառերի բացատրությունները՝ ըստ ծագման, իմաստային նրբերանգների և այլն, «քանի որ կան բազմիմաստության, իմաստափոխության հետաքրքիր իրողություններ»[7]:
Ֆիզիկական աշխարհ նշող և գրաբարից բարբառին անցած բառապաշարի շերտում կան բառեր, որոնք, պատմական ճանապարհ անցնելով, երբեմն այնքան են աճել գործածությամբ, որ հեռացել են նախնական իմաստից կամ հիմնական իմաստի կողքին ձեռք են բերել ուրիշ իմաստներ և նրանցով կազմություններ, օրինակ՝ գրաբարի անկանիմ՝ «Անկանիմ առաջ քո և խնդրեմ զթողութիւն յանցանաց իմոց»[8] /անկանիլ[9] բառի բազմաթիվ իմաստներից բարբառում մնացել է անգյալ «ծույլ, անկարող» նոր բառը, բայց դրա դիմաց բարբառախումբը ունի նաև ընկնել/ինգէլ/ըղնէլ/ինգնիլ/ բառը՝ հնչյունային տարբերակներով, որ առանձնապես չի աղերսվում «ծույլ» իմաստին: Ֆիզիկական աշխարհ նշող բառերի կարելի է հանդիպել նաև իմաստաբանական մյուս խմբերում: Բառերը բազմիմաստության շնորհիվ, իմաստային ընդլայնմամբ կարող են գործածական լինել տարբեր խմբերում, այլև ոճերում: Իհարկե, բարբառային բառապաշարը ինքնին խոսակցական և առավելապես բանավոր տարածված մի ոճ է, բայց այնտեղ էլ գործում են միևնույն բառի տարբեր իմաստներ: Այդ է պատճառը, որ այդպիսիք կարող են ընդգրկվել երկու, նույնիսկ երեք իմաստային խմբերում, օր.՝ ունջ/օնջ բառը ունի յուրահատուկ իմաստներ Սյունիք-Արցախ բարբառային խմբի տարբերակներում: Գրաբարում ունեցած «տակը, խորքը, հատակ» իմաստներով ընդգրկվում է ֆիզիկական աշխարհ մատնանշող թեմատիկ խմբի տարբեր ենթախմբերում՝ նաև «ժանգ» իմաստով նյութ ենթախմբի ներքո[10], իսկ «սարդոստայն» իմաստով՝ կենդանիներ և նրանց հետ կապված երևույթներ մատնանշող բառախմբում[11]:
Քանի որ բարբառային բառերի իմաստաբանական խմբերի հետագա քննության ժամանակ որոշ բառեր կարող են հանդիպել նաև թեմատիկ այլ խմբերում, ուստի նպատակահարմար է նշել իմաստի ընդլայնում ստացած բառերի գործուն իմաստները, ընդգծել տվյալ խմբին վերագրվող իմաստը կամ նրբիմաստը, ոճական արտահայտությունը, և եթե բարբառախմբի ոչ բոլոր տարբերակներում է տարածված, ապա կարևոր է նշել նաև այն գործածող բարբառային տարածքը:
Ֆիզիկական աշխարհ նշող գրաբարից ավանդված բառերը խմբավորելիս հաշվի են առնվել որոշ հանգամանքներ.
- Գրաբարի բառապաշարը բավականին հարուստ է, և եթե հետևենք, օրինակ, «Նոր հայկազյան բառարանում» տեղ գտած բառահոդվածներին, ապա մեկ աշխատանքի սահմաններում դրանց քննությունը անհնարին է: Այդ է պատճառը, որ հնարավոր է որոշ բառերի դուրս մնալը: Եվ քանի որ այս աշխատանքը շարունակական բնույթ ունի, ուստի հնարավոր է, որ հետագայում ուսումնասիրությունից դուրս մնացածները նույնպես հաշվի առնվեն:
- Անհրաժեշտ դեպքում հնարավոր է նշել որոշ բառերի ստուգաբանական պատմությունը՝ իմաստաբանական հատկանիշները ճշգրտելու նպատակով:
- Բարբառի իմաստաբանական խմբերի համար կարևոր է նաև հետևել բառի արտաքին ձևին՝ բարբառային հնչյունական ձևին համապատասխան:
- Առաջնային է նաև որոշելը բառի կազմության հետ կապված հարցերը: Իհարկե, դա հնարավոր չէ ամբողջացնել տարբեր բաժանումների համակարգում, և կազմության համար սովորաբար նպատակահարմար է առանձին բաժանում, սակայն իմաստային քննությունը հաճախ պահանջում է պարզաբանում նախահայերենի, գրաբարի և լեզվի մյուս շրջանների ու տարբերակների նկատմամբ որոշելու հնաբանություններն ու նորաբանությունները, այսինքն՝ թե բարբառում առկա բառը կամ արմատը նախնական ինչ իմաստ է ունեցել, իսկ հետագայում ինչ նոր իմաստ է ստացել, գուցե նաև տեղի է ունեցել իմաստի շրջում, ընդլայնում կամ նեղացում: Հենց այս առումով բառակազմական վերլուծությունը անմիջականորեն աղերսվում է իմաստաբանական հարցերին:
- Տրվում են ֆիզիկական աշխարհ խմբին պատկանող ելակետային բառերը, ապա նրանց բարբառային ձևերը, այդ թվում՝ տարբեր վայրերում առկա կամ գրառված անվանողական կամ իմաստային զուգաբանությունները, դարձվածքները, ոճական այլ արտահայտությունները:
Այսպիսով՝ Սյունիք-Արցախ բարբառային տարածում ֆիզիկական աշխարհ մատնանշող գրաբարից ավանդված բառերից են՝
ՔԱՐ — ածուխ /անձուղ/, աղ, բլխամ /բլղամ/[12], գռիճ /կըռօճ/, ժայռ /ժէռ/, խիճ /խէճ/, խունկ, կաշկառ /քաշկառ/, կաւ /կավ «մսավօղ»/, կաւիճ /կավիճ/, մարմարիոն /մա̈ռմա̈ռ/, շիպ «պաղլեղ» /շպլեղ /շիբլէղ/, որձաքար /վըրցաքար/, չեչաքար /չիչաքար/, սալ, սատապ /սա̈դա̈փ/, քար, քարուտ /քըրքարուտ/:
Կաշկառ /քաշկառ/ 1. «քարերի կույտ, որ գոյանում է արտերը, այգիները մաքրելուց», 2. «քարերի կույտ որ գոյանում է հանգած հրաբխային ապարներից, կամ փլվածքից». «Նաև ի թանձրամած կաշկառուտին ի նոյն ձորին կայր եկեղեցի մի յանուն սրբոյ հայրապետին…» /Ս.Օ., 254/: Այս իմաստները առկա են միայն Գորիսի բարբառում: Կըշկոռ, քըշկռել, սրանցից՝ քըշկոռ քիցէլ, քըշկօռ ինգել բառերը գործածական են այլ իմաստներով, այսպես՝ քըշկըռէլ 1. «հանգուցել», 2. փոխ. «կաշկանդել», «մեկին խիստ խոսքերով լռեցնել», քըշկօռ[13] 1. «կապ, հանգույց», 2. փոխ. «բարդ դրություն, իրավիճակ»: Այս բառիմաստային ձևերը տարածված են Սյունիք-Արցախում, բայց սրանց դիմաց քաշկառ-ը թե որքանով է աղերսվում գրաբարից ծագած «քարակույտ» իմաստին, դժվար է ասել: Հր. Աճառյանը բառի կազմությամբ Արցախում գործածական է նշում «ձու կշկռել»-ը՝ «հաւին փորին մէջ մանր մանր ձուիկներ ծլիլը» և «բկումը կշկռուիլ»՝ «կերածը մոլոր երթալ» իմաստով[14]: Վերջինս թերևս մոտ է «հանգույց, կապ» իմաստին, բայց առաջինը, կարծում ենք, առավելապես մոտ է «կույտ, քարակույտ» իմաստներին: ՆՀԲ-ն նշում է կաշկառ՝ «կարկառ քարանց», կաշկառիլ «կառչիլ ընդ միմեանս. լինել իբր կարկառ քարանց խռնելոց ընդ միմեանս»: Նկատելի է, որ գրաբարի այս իմաստից է առաջ եկել «թելի կապ, թնջուկ» իմաստները[15]: Հ. Աճառյանը ՀԱԲ-ում «կաշկառ»-ը հղում է կառ արմատին և նշում «քարակույտ» իմաստը[16]:
Ածուխ—անձուղ: ՆՀԲ-ում առկա է «որպես սևացած մի բան» իմաստը[17], որից և ծագած է համարում քարը՝ ածխաքար, ՀԱԲ-ում Հ. Աճառյանը նշում է գրաբարի մատենագրության մեջ հանդիպած ձևերը, տալիս մեկնությունները և նշում որպես փոխառություն լազերենից՝ «ծոլա, մծոլա»՝ «ծուխ» իմաստով[18]: Բարբառներում հիմնականում գործածվում է ան- հնչյունախմբի նախադրությամբ[19], ինչպես Սյունիք-Արցախ բարբառային տարածքում: Գորիսում գործածվում է նաև «ածուխ», որ, կարծում ենք, գրականի ազդեցություն ունի: Արցախի բարբառներում գործածական է անձօղ, անձուղ ձևերով՝ նը հավելադրումով: Այս բառով բաղադրություններ համարյա չեն հանդիպում, եղածներն էլ գրականից անցած են ու համեմատաբար նոր, ինչպես՝ ըծխահօտ և այլն: Սրան զուգահեռ Սյունիք-Արցախ տարածքի բարբառներում լայն տարածում ուներ «քյօմո̈ւր»-ը: Այն գործածվում է նաև «սև, մուր, մուգ» իմաստներով, որոնք ածուխ բառին ամբողջովին չեն տրվում: Այսօր քյօմուր բառը ածուխ իմաստով գրեթե չի գործածվում, պատկերավոր ձևերում, սակայն, պահպանված է «ածուխ» իմաստը, ինչպես՝ «էնքան սև ա, հէնց ա քյօմո̈ւր ինի»: Հավանաբար թուրք. kömür «ածուխ» բառի մուտքգործումից հետո ածուխ բառը իմաստային նեղացում է ստացել՝ որպես քար, բայց և՝ փայտի սև մնացուկ, որ նման է ածուխի՝ քյոզ: Գրաբարի շրջանում արդեն ածուխ-ն ուներ «մոխիր, մուր» իմաստները:
Աղ: Թեքված ձևերում գործածվում է նախադիր ա>ը փոփոխությամբ: Բաղադրություններ ունի բառերի և ածանցների հետ: Լինելով բառապաշարի գործուն շերտի մեջ՝ բավականին բարդություններ են կազմվել ինչպես գրաբարում, այնպես էլ բարբառային խմբում, այսպես՝ ըղահամ, ըղաճո̈ւր /սրանով հարադրություններ են՝ ըղաճ ւր տալ /խըմցնէլ/ փռնէլ/ և այլն: Բարբառային բաղադրություններ են ըղաքըսակ, ըղաքար, ըղապարկ, ըղատեղ, ըղըկալիլ, ըղըթթօ, ըղըկօծ, ըղընալի, ըղըկծօ, ըղըվօնջ (՞) «շատ աղի բան», «լեղի» /այստեղ գուցե աղու բառն է/ և այլն: Աղ արմատով քիչ չեն նաև կայուն և ազատ կապակցությունները՝ աղ անէլ, աղավ անէլ, Արց.՝ աղավ ընէլու «տհաս, դեռահաս»[20], աղավ հանած-պի/է/ր ծ «շատ աղ սիրող», աղավ պէռնած 1. «ծանր», 2. «ծանր կացության մեջ»[21], Արց.՝ աղէն ու կինձին ա «հարմար առիթի սպասել», աղը լա̈ց ինիլ «աղը խոնավանալ», աղը չօր «հարուստ», Գորի. Արց.՝ աղը պակաս «աղքատ», աղ տինիլ «պանիր, բանջարեղեն և այլն աղով անել ու պահել», Արց. աղու նման հա̈լվիլ 1. «արագ սպառվել», 2. «ամա-չել», 3. «խիստ նիհարել», աղու նման լո̈ւզ տալ «մեկին անչափ սիրել», Արց. աղու յըրա քյինիլ 1. «բնազդով գնալ, գործել», 2. «արագ և ցանկալի մի բանի համար գնալ», Գոր. կլօ̈խը աղ տինէլ «ոչնչացնել», Սիս. «մեռցնել, սպանել»[22], Արց. աղավ տա/ը/խտեղավ ընէլ 1. «կերակուրը համեմել», 2. «հանցավորին պաշտպանելու ելնել»[23], Արց., Գորի. խելքը աղավ ը/ա/նէլ «ասվում է հիմար բան ասողին կամ անողին»[24], ասույթներից՝ ծէռքումը աղ չկա/կա «արած լավությունը տեղ /չ/ունենալ»[25], կամ աղն ա պակաս, կամ մաղը «մի բանի պահանջ ունենալու ու դիմելու ժամանակ է ասվում» և այլն: Սրանց դիմաց գրաբարը ունեցել է այնպիսի կապակցություններ, որոնք բարբառախմբում բացակայում են, օր.՝ Աղ ուխտի, ուխտ աղի, աղ կնքեալ «հաստատուն բարեկամություն, դաշինք»[26] և այլն: Աղ բառի իմաստաբանական առանձնահատկությունները, ինչպես նկատելի է, դուրս են ֆիզիկական աշխարհ մատնանշող նյութական իմաստից: Այն հիմնականում ընդարձակվել է «համ» իմաստի շրջանակ-ներում, իսկ նախնական իմաստը գրեթե մթագնած է շատ կազմություններում /կարելի է նշել քար և համ իմաստները, դարձվածքային իմաստները և այլն/:
Գռիճ /կըռօճ/: Ասվում է մանր հատիկից գոյացած ապարային գնդին՝ շաքար, քարաղ և այլն: Առկա են կըռօճ տա̈ռնա̈լ, կռօճ—կըռօճ հարադրությունները, ածանցով ձևերից՝ կըռօճավուն, կըռօճանալ: Թե ինչ առնչություն կա կըռօ «կեղևը պինդ ընկույզ» բառի հետ, դժվար է ասել: Հ. Աճառյանը ՀԳԲ-ում նշում է այն որպես ծաղրական անուն՝ տարածված Երևանում, Թբիլիսիում, որ տրվում է տաճկահայերին: Հավանաբար այն «պինդ» իմաստից է բխում: Գանձ. առկա է «հաց պահելու սնդուկ, արկղ» իմաստը, որ բարբառախմբի մյուս տարբերակներում բացակայում է:
ԵՐԿԻՐ — աղբ /ախպ/, աշխարհ /ըշխարք, ախշարք/, արտ, արօտ, բակ /պա̈կ/, բանդ /բա̈նդ/, բլուր /պո̈ւլո̈ւր/, բորբոս /փրփէշնը, փըրփօսնը, պրպօսնը/, գոգ /կյօ̈ք, կօ̈ք/, դար /տիհա̈ր, տըհա̈ր, տիյէր/՞/ «բարձր տեղ»/, դէզ /տէզ, տիզ/, դուռն /տո̈ւռնը, տո̈ւռը/ դուրս /տո̈ւս, տօ̈ս/, երկիր /յերգիր/, թեղ «կույտ» /թէղ /տալ//, թեք, լանջ /լինջ/, խանդակ /խա̈նդա̈կ, խինդա̈կ/, խութ /խո̈ւթ/, ծագ /ծէք/ «…ի ծագաց գաւառւն ամրագունի» / Մ.Խ., Պ.Հ., 65/, «…և ահ զօրութեան ձերոյ եհաս մինչև ի ծագս երկրի» / Մ.Խ., Պ.Հ., 261/, ծայր /ծէր/ «…ի ծայրի այսպիսւոյ բարձրութեան» / Մ.Խ., Պ.Հ., 75/ ծմակ /ծըմակ/, կածան /կէ/ա/ծան/, կատար, կոյտ /կո̈ւտ, կյո̈ւտ/, կոպար /կուպար «արահետ, նեղ ճանապարհ»/, կոր||կորակոր||կորի կոր /կօռ, կըռըկօռ, կըրկօռ/, հող /վէղ, վօղ/, հոր /վօր, վօրէ/, ձոր /-ակ /ծօ̈ր/-ակ//, ճեղ/ք/ /ճէղ/, նեխել/նեխիլ /նէխէլ/ «Մի ըզփըտութիւն նեխութեան ցաւոցս ինձ տնկակից մահու մնացուսցես» /Գ.Ն., Մ.ե., 116/, նոսր /նօսըր/, շարժ /ժա̈ժք/ «Ոչ ես ի կամս շարժեալ սատակման…» /Գ.Ն., Մ.ե., 206/, ոլոր /հի/ ւ/լօ̈ր/, ունջ /օնջ/, ուրդ /հօրթ/, չոր, սահման /սահման, զահման/, սայր /սէռ, սէռը, սէռնը, սէռռը/, սար, սեամ /շէմք/, սեռն /սըռնէ՞/, սռնի /զըռնէ/, սոր /սօր/, տախտ, տափ, տափարակ /տափլակ/, ցամաք, ցեղ /ցէխ/, փոս /փօս/, փուլ /փօլ կյա̈լ/, փտել /փըթէլ/ և այլն:
Աշխարհ /ըշխարք, ախշարք/: Հայերենում ունեցած իմաստների կողքի Սյունիք-արցախ բարբառներում ձեռք է բերել այլ նշանակություններ: ՂԲԲ-ն նշում է բազմաթիվ դարձույթներ աշխարհ բաղադրիչով, որոնք գրեթե բացակայում են հայերենի մյուս տարբերակներում, ինչպես՝ աշխարհք ժիլ «արժեք ունենալ», աշխարհքը աշկէն մըթնէլ/սըվանալ/քանդվիլ «դժբախտություն լինել», աշխարհքը կըլխէն մըթնէլ, աշխարհքը դըղըրդացընէլ «աղմուկ բարձրացնել», «համբավ տարածել», աշխարհքը ըպրուղնէրէն թափշուր անէլ, քյինել «մեռնել, հրաժեշտ տալ», աշխարհքը մընաս պարավ ասէլ, աշխարհքը ըրօտալ «որևէ լուր ամենուր տարածել», աշխարհքը խըէլքավ ըն կէրալ «հնարամությամբ ամեն ինչի հնարավոր է հասնել», աշխահքը կլխէն հըվաքել «աշխարհքով մեկ անել», աշխարհքս ղըլդիղ/բ/ուլդի ըղնէլ/քյիցէլ «իրարանցում ստեղծել», աշխահքը մըննան քըցիլ «հմայվել, դյութվել», աշխարհքը մօրէխ օտէլ, մին կըպէկավ ծասկած ինիլ «անիշխանություն, անարդարություն տարածել», աշխարհքը յըէխծէ շինիլ «անիշխանություն տարածել», վերջին իմաստով նաև՝ աշխարհքը յըրտըվէրտըր ինիլ, աշխարհքը նըմանը ծընալ չի «միակը լինել՝ դրական և բացասական առումներով», աշխրահքը շօռ կյալ/չափէլ, աշխարհքը վըէննը տակը տալ «իմաստուն լինել, տեսած լինել», աշխարհքը պուք կյալ, ըշխարհքէս վէրչը կյալ «կործանում լինել», աշխարհքը տալ մինին «ուրախություն պատճառել», աշխարհքը տանին—պիրին՝ գյիդալ չի/վէջը չի «անտեղյակ լինել», աշխարհքը ուրանը ինիլ/տըէռնալ «անչափ ուրախանալ», աշխարհքը ուրուրօցավ ածծէլ /տալ/ քըցիլ «տակնուվրա անել», աշխարհքը փալաքան ա. մինը պիցըրանում ա, մինը՝ քըշանում «աշխարհի փոփոխական լինելը», աշխահք կյալ/պիրիլ, քըցիլ «ծնվել, ծնել, երևալ», աշխարհք տեսած, ըշխարհքաս բէյխաբար «միամիտ», ըշխարհքաս խըռով քյինալ, ըշխարհքաս ծըէրը յըէր պնէլ/քաշել «կյանքի նկատմամբ հետաքրքրությունը կորցնել», ըշխարհքաս կըտրվէլ «անտեղյակ մնալ», ըշխարհքաս կոշտ, ըշխարհքաս հըռէ, ըշխարհքաս չինէլ, ըշխարհքաս պէն չի կըլխու ըղնէլ «միամիտ մնալ», ըշխարհքէս աշկը հանէլ «կյանքը վայելել՝ չնայած հանգամանքներին», ըշխարհքէս դարդէրը յըէր օնէլ «հոգսաշատ դառնալ», ըշխարքէս ըռաշկէն «բոլորի աչքի առջև», ըշխարհքէս ըռըէխըն ըղնէլ/քյիցէլ «խոսակցության նյութ դառնալ», ըշխարհքէս իրեսէն/տակէն, ըշխարհքէս լէփը կըլխէն ածէլ, ըխարհքէս խէրան-շառան կըլխու ըղնէլ «տեղեկացված լինել», ըշխահրքէս համ տակը գիդալ, համ տիյերը, ըշխարհքէս մաչը թըվանգյըն ա նըմըրդօթուն քըցալ «բոլոր անօրինությունների պատճառը զենքն է», ըշխարհքս յէշիլ «ուրիշների հետևել» և այլն: Համադրական բաղադրություններ բարբառներում գրեթե չկան:
ԵՐԿԻՆՔ — աստղ /աստըղ, աստըղնը/, արեգակն /ըրեքնա̈կ, իրիքնա̈կ, իրիթնա̈կ, իրէքնա̈կ/, աղտ /յէխտ/ «…Զաղտ…դիւացն…ի բաց քերէր» /Կ., Վ.Մ., [27]/, երկինք /յերգինք/, ժամ, լուսին /լո̈ւսընգյա, լո̈ւսինգյա/, լուսնեակ /լո̈ւսնիյակ/, կարկուտ, ձմեռ /ծմէռնը, ծմէռը/, որոտալ /ըրօտալ/:
ՀԱՄ — անալի /նալի/, մգլահոտ /մըկլավօտ, մըկլավէտ/, քաղցր /քախծըր/ /3 բառ/:
ՋՈՒՐ — աղբյուր /ախպո̈ւր/, անջուր /անճո̈ւր/, անջրդի /անճ/ը/իրդի/, գետ /կէտ, կյէտ/, գետամէջ /կյիտա̈մէչ/, գիջանալ /կյիճա̈նա̈լ/, թաց, թոռ, թրջել /թիրչէլ, թըռչէլ/, ծով /ծօվ/ «…որով կոչի և ծովն» / Մ.Խ., Պ.Հ., 41/, կաթիլ, ծփալ /ծըթալ, ծըփծըփալ/ «…ի սաստկութենէ ծփանաց…» / Մ.Խ., Պ.Հ., 74/, հալել, նամ, նաւթ /նօթ/, շաղ, շաղել, պղտոր /պ ւրտ ղ, պ ւրտ ր, պիրտ ղ/, ջորդան /շուռըթկան/, ջուր /ճո̈ւր/, ջրահեղեղ /ճըրըհէղէղ, ճըրահէղէղ/, ռոքուն /ըռօք/, վարար, տամուկ /տըմկ/էլ//, ցայտ/թ/ /ցէթ/, փրփուր /փրփօր/: Թոռ: Գրաբարի աղբյուրներից բառը նշվում է միայն Երեմյան բառարանում և նրանից՝ Հայկազյանում: Բնիկ հայերեն բառերից է՝ */s/ter-: Այն տարածված է հիմնականում Սյունիք-Արցախ բարբառներում՝ Ղազախ, Գանձակ, Շամախի, Գորիս և այլն: Ունի նոր կազմություններ՝ թօռակախել «անձրևի պատրաստվել», թոռաթակ «անձրևահար», թուռաջուր, թոռացնել, թոռել, թոռային և այլն: Կարելի է կարծել, որ այն թորել-թուրմ-թուր/ջ/, թրջել բառախմբի հետ միասին նույն ծագմամբ է, որ նշված բարբառային խմբում ենթարկվել է հնչյունական փոփոխությունների: Կարծում ենք՝ բաղարկություն է, ինչպես ջաղաց, Ըղջիյազի և այլն: Բարբառախմբի հարադրական ձևերից են՝ թօռը կյիկա կըճիրի «ասում են ծույլ մարդկանց հասցեին», թօռ թակել «անձրևի տակ երկար մնալ», թօռ թակած, արէվ էրած, թօռու պըրանէլ «անձրևային եղանակներ սկսել», թօռ օրը կօլատ յըէր կալ, արև օրը չօխատ «եղանակը խաբուսիկ է լինում և պետք է պատրաստ լինել», թօռ օրը հըվէրին ճյուր տվող շատ կյինի «կարիք չլինելու դեպքում օգնողները շատանում են», թօռ—թօռ, թօռ ու թաց: Համանուններ և նման բառեր են՝ թօրակ «փոքրիկ թաղ բնակավայրում», թօրը/թօռը/, թօռ/ն/, թօռ:
ԼՈՒՅՍ- գիշեր /քըշէր, քիշէր/, լոյս /լո̈ւս, լիս/, խաւար «…և ջնջելոյ զխաւար կռապաշտութեանն…» / Մ.Խ., Պ.Հ., 242/, կանուխ, մառ /մըռ>մըռըխած «մթնած, սևացած, թուխպով պատված»/[28], մըթախառն /մըթնըխառնը/, մթացուցանել /մըթնըցնէլ/, մթին /մըթէն/, մութ /մըթէն/, մուտ /գյիրգյ մուտ/, շող/ք/ /շոխկ/ը//, պայծառ, պսպղալ /պըղպըճալ, պըճպըճալ/, ցերեկ /ցիրէկ/:
Մուտ/գյիրգյա̈մուտ: Կիրակնամուտ, կիրակնամուտք և այլն: Շաբաթվա վեցերորդ օրն է: Նրանով առանձնապես կազմություններ շատ չեն, ինչպես՝ կյըրկյամուտ անէլ «լողանալ», կյէրկյամուտը օրփաթան ճելլի յէկավ «նախատեսածից մի բան շուտ լինել»: Հետաքրքրական է, որ այս օրվա հետ կապված հավատալիք-ներ շատ կան, որ արգելքի, ահազանգի նշանակություն ունեն, ինչպես՝ գիրգյամուտին ճրագը վառ կպահեն, գիրգամուտին գործ չեն անի, տուն չեն մաքրի, կար չեն անի և այլն: Սա հավատալիքներում այն օրն է, երբ գործերում չարը կարող է խառնվել, այդ պատճառով գործերը պետք է պարապ մնան, հակառակ դեպքում կարող է խափանվեն, այլև խախտողները պատժվեն: Ամեն շաբաթվա սկզբին չարը շարժվում է դեպի մարդու աշխատանքը՝ միջամտելու բարի գործին, փչացնելու այն: Եվ հենց միայն գիրգամուտին է հասնում մարդուն: Տեսնելով, որ աշխատանք չկա, նա նորից շրջում է, մինչև հաջորդ գիրգամուտ:
ՕԴ — երաշտ /արաշտ/, թուղբ /թօխպ/, թոն||թոնի /թո̈ւնի, թօ̈նի/, մեղմ /մըղմէղումը, մէղումը/, շունչ /շունչ, սունչ/ «Շնչոյս ողջունիւ կապեալ ընդ շնորհիդ…» /Գ.Ն., Մ.ո., 57/, շուք /շօք/, պարզկա, ջերմ /ճէրմը/, սառ /սառը, սառնը/, սառնամանիք /սըռնըմանիք/, սարսուռ, տաք, տենդ /տէնդ/, ցուրտ /ցօրտ/, քամի, օդ /օթ/:
ԿՐԱԿ — այրել /էրէլ/, բով /պ վ, պէվ/, բորբ /պէփ, պէփ ա̈վանէլ/, բոց /պէց, պից/, խանձ, ծուխ /ծօխ/ «…ընդ եղեգան փող ծուխ ելանէր…» / Մ.Խ., Պ.Հ., 86/, կայծ /կեծակն /կէծակ, կէծակնը, կէծակը/, կրակ, ճարճատել /ճըրճատէլ/, ճրագ /ճըրաք/, մարմանդ /մա̈րմա̈նդ, մըրմանդ/, մղեղ /մըղէղնը/, մղլակ /մըղլակ/, մոխիր /մօխէր/, մուլ /մօլ/, մուխ /մօխ/, մրկել /մըրկէլ/, մուր /մօր/:
Մղեղ /մըղէղնը/: «Մոխիր, կայծ, փոշի» իմաստներով նշվում է նաև գրաբարում: Բնիկ հայերեն բառերից է, որ պահպանված է Սյունիք-Արցախ բարբառներում, նախաձևը՝ *mol: Հ.-ե. լեզուներում առկայացած է «մանրել, փշրել» իմաստներով: Այս արմատը, ըստ իս, հայերենում նույնանում է մաղելի հետ, բայց բարբառներում «մանր մոխիր» իմաստը այնքան է հեռացել, որ նույնության եզրերը մթագնել են: Մոլ-մուռ բարբառային բառերի հետ առնչակցությունը ակնհայտ է՝ օ>ու: Հայերենի բոլոր բարբառներում նույն իմաստը տարածված չէ, այսպես, Տարոնում տարածված է մղէղ, մռեխ, Խարբերդ՝ մրեղ, Հաճնում՝ մաղող, Երևանում՝ մղմէղ, բոլորում էլ «հարդի մանր փշուր» իմաստներով: Խարբերդում և Զեյթունում այս բառից ածանցված են «ոչնչացնել, քանդել», «կորչել, անհետանալ» իմաստները, որ բացակայում են Սյունիք-Արցախում:
ՄԵՏԱՂ — արծաթ, երկաթ /արկաթ/, ժանգ /ժէնգ/, ոսկի /վէսկի/, պղինձ /պըղէնձ/:
ժանգ /ժէնգ/ «մետաղի խոնավությունից արտադրված դեղնավուն նյութ»: Սրանով կազմված են ոչ միայն բարդություններ, այլև փոխաբերական գործածություններ, որ հարստացրել են բարբառների պատկերավորման համակարգը: Այսպես՝ գրաբարում չվկայված իմաստներից և կազմություններից են՝ ժանգ—ժանգ, ժանգժանգ ինէլ, ժանգյանալ, Արցախում՝ ժանգյանա 1. «կոպիտ, մռայլ, անտաշ», 2. լալկան, թնկթնկացող: Այլաբանական վերոնշյալ իմաստները առաջացել են համաբանությամբ, ինչպես՝ նեխել, գրգժնել, թթվել և այլն, այսինքն՝ առարկայի մի վիճակից վատթար վիճակի վերածվելու երևույթը: Ունի նույնանիշը՝ ժանգ//ժանգյալ «ոչ պիտանի բույս»: Ունի հարադրությամբ կազմություններ Գոր., Ղազ․, Արց.՝ ժանգ ու ժէնգ, ժանգ ու ժունգ, դարձվածքներ՝ ժանգ ու ժունգը գցել, կապել, դնել, ժանգը կպնէլ, թխել «բույսերի մի տեսակ հիվանդություն», ժանգը իրեսան կըցած, ժանգը թափէլ, ժանգը յէր ածել, ժանգէրը խառնէլ, ժանգ փռնէլ, ժանգը օտէլ և այլն:
Ոսկի /վէսկի/: Բարբառախմբում նույն կերպ է գործածվում՝ հնչյունական որոշ տարբերություններով: Բացի ուղիղ իմաստից, բառը փոխաբերությամբ շատ դարձվածքներ է առաջ բերել, որ տարածված են ընդհանրապես բարբառներում: Սյունիք-Արցախ տարածքի բարբառներում դարձվածքային և այլաբանական, ասույ-թային իմաստով գործուն են վէսկի ծէռքէր, վէսկի մաննէր, վէսկէն չօփավ պրանէլ, վէսկավ խաղ անէլ, վէսկի սարեր խօսք տալ, վէսկին վէսկավ վըսկըճիրէլ, վէսկին ցեխի մէչին ալ ա պլստրատին տամ, Արցախում՝ վէսկի կացինն էլ ա ծըմակը քընում, վէսկի անում, վէսկի մարդ և այլն: Համադրական և ածանցավոր կազմություները հավանաբար բարբառին անցել են այլ տարբերակներից՝ վէսկիմազ, վէսկէճուր, վէսկավուն և այլն:
Ֆիզիկական աշխարհ նշող թեմատիկ խմբի ենթախմբերի բաժանումը խիստ պայմանական է, բայց և ՔԱՐ /մոտ 20 բառ/, ԵՐԿԻՐ /մոտ 54 բառ/, ԵՐԿԻՆՔ /մոտ 26 բառ/, ԼՈՒՅՍ /մոտ 15 բառ/, ՕԴ /մոտ 16 բառ/, ԿՐԱԿ /մոտ 18 բառ/, ՄԵՏԱՂ /մոտ 5 բառ/ մատնանշող բառերը կազմում են հիմնական մասը: Սրանցից, ըստ վիճակագրության, առավելապես շատ են երկիր նշող բառերը, որոնց առկայությունը հավաստումն է այն բանի, որ Սյունիքը երբեք անմասն չի եղել հայ ժողովրդի կյանքի և գոյության պայմաններից:
Ֆիզիկական աշխարհ նշող բառերը բարբառներում հիմնականում լայն տարածում են ունեցել և նրանցով կազմվել են նոր բառեր, բաղադրություններ, դարձվածքներ և ասույթներ: Դրանցից քչերն են փոփոխություններ կրել կազմության և իմաստային առումներով, իսկ հիմնական մասը այսօր էլ շարունակում է կազմել Սյունիք-Արցախ բարբառախմբի բառապաշարի գործուն շերտը:
[1] Հր. Մարտիրոսյան, Հայոց լեզվի պատմականությունը Արցախի և Ուտիքի տարածքներում, էջ 2 /հեղինակային/:
[2] Եղած աշխատանքներից բացի այս աշխատանքի համար օգտակար եղան Հր. Աճառյանի Քննություն Ղարաբաղի բարբառի, Վաղարշապատ, 1899, Ա. Պողոսյանի Հադրութի բարբառը, Ե., 1965, Է. Աղայանի Մեղրու բարբառը, Ե., 1941, Կ. Դավթյանի Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, Ե., 1966, Ն. Մկրտչյանի Բուրդուրի բարբառը, Ե., 1971, Լ. Հովհաննիսյանի Գրաբարի և Ղարաբաղի բարբառի առնչության հարցի շուրջ, Պատմա-բանասիրական հանդես, № 1, Ե., 1977, էջ 141-152, Բ. Մեժունցի Շամշադին-Դիլիջանի խոսվածքը, Ե., 1989, Ա. Սարգսյանի Ղարաբաղի բարբառի բառարան /այսուհետև՝ ՂԲԲ/, Ե., 2014 և այլն:
[3] Տե՛ս Ալ. Մարգարյան, Գորիսի բարբառը, Ե., 1975:
[4] Այս մասին տե՛ս C. Buck, A Dictionary of Selected Synonyms in the Principal Indo-European Languages-A Contribution to the History of Ideas (1988 (1949)), որտեղ հենց առաջին մասը հատկացված է «ֆիզիկական աշխարհը իր մեծ առումով» իմաստաբանական խմբին. 1.87 տեսակների մեջ են ընդգրկվում հենց այդ բառերը` աշխարհ, երկիր, ավազ և այլն / C. Buck, A Dictionary… , p. 12-77.
[5] Տե՛ս Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, II մաս, Ե., 2013, էջ 34-46:
[6] Տե՛ս Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն /նախագրային շրջան/, Ե., 1987, էջ 258-259:
[7] Լ. Հովհաննիսյան, Գրաբարի և Ղարաբաղի բարբառի առնչության հարցի շուրջ, էջ 141-152:
[8] Երաժշտական երգեցմունք հոգեւրականք, Ամստերդամ, 1685, էջ 207:
[9] Հ. Աճառյանը այս բայի մասին գրում է. «Ընդարձակ գործածութիւն ստացած, բազմաթիւ ոճերու մէջ մտած, պարզ կամ յ և ց նախդիրներով աճած և բազմաթիւ ու բազմազան նշանակութիւններով զարգացած մի բառ է» /տե՛ս Հ. Աճառյան, Հայերենի արմատական բառարան, այսուհետև՝ ՀԱԲ, էջ 197/:
[10] Տե՛ս Հ. Աճառյան, Հայերենի գավառական բառարան, այսուհետև՝ ՀԳԲ, Թիֆլիս, 1913, էջ 867:
[11] Այս և նման հարցերի մասին կարելի է տեսնել Զ. Երվանդյան, Հնագույն բառարմատները Ղարաբաղի բարբառում, Լրաբեր, № 1, Ե., 2004, էջ 108-117:
[12] Քիչ հանդիպող բառ է: Նոր հայկազյան բառարանը /այսուհետև՝ ՆՀԲ/ նշում է որպես բարբառային բառ. «Պալզամ. Զմրուխտն է դահանակ, և զօրութիւն ունի ի վերայ բլխամաց: Հնվն (յուտելեաց)՝ մազաս առնէ, որ է բլղամ. Ոսկիփոր: Տուն նորա է թոքն յորո գոյանա բլղամն. Մխ. Ապար» /ՆՀԲ, էջ 491-492/:
[13] Է. Աղայանը կար /կարաւանդ/ բառի իմաստը նույնացնում է քըշկօռ-ի հետ՝ կար «հանգույց» արմատով: /Տե՛ս Է. Աղայան, Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ, Ե., 1974, էջ 82/:
[14] Հ. Աճառյան, ՀԳԲ, էջ 582:
[15] ՆՀԲ, էջ 1053:
[16] ՀԱԲ, էջ 518-519:
[17] ՆՀԲ, էջ 21:
[18] ՀԱԲ, էջ 102-103:
[19] ՂԲԲ, էջ 50:
[20] ՂԲԲ, էջ 36
[21] ՂԲԲ, էջ 37
[22] ՀԳԲ, էջ 71:
[23] Նույն տեղում:
[24] Նույն տեղում
[25] Աճառյանը նշում է այլ իմաստ՝ «կսուի երբ մէկը միշտ աղի կերակուրներ պատ-րաստէ» /տե՛ս ՀԳԲ, նույն տեղում:
[26] ՆՀԲ, էջ 31:
[27] Կորյուն, Վարք Մաշտոցի, Ե., 1941:
[28] Տարածքային բարբառներում մառ-ը գործածված է մի քանի իմաստներով՝ 1. մանր փուշ, որ մատն է մտնում, 2. Մշուշապատ, մթամած, 3. տխուր, 4. դաժան: