Արևմտյան Հայաստանի կորստյան նկատառումներն ու մտահոգությունները «Արմենիա» պարբերականի էջերում (19-րդ դարավերջ և 20-րդ դարի սկիզբ)

Spread the love

 

Արմեն Կարապետյան  ՀՀ  ԳԱԱ  պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող,   պատմական գիտությունների թեկնածու   
Արմեն Կարապետյան ՀՀ  ԳԱԱ  պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող,  պատմական գիտությունների թեկնածու   

Հայ ժողովրդի պատմության մեջ եղել են օրհասական ժամանակաշրջաններ, երբ ազգի բուն գոյության իրավունքը դրված է եղել լինել-չլինելու մեծ հարցականի ներքո: Այդ կարգի օրհասական (թերևս` ամենաօրհասական) ժամանակաշրջան հանդիսանում է 19-րդ  դարի երկրորդ կեսից մինչև 1915-1920-ական թվականներն ընկած շրջափուլը, երբ թվում էր, որ համատարած կոտորածներն ու մղձավանջերն կավարտվեն հայ ժողովրդի վերջնական կորստյամբ: 19-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվեց օսմանյան բռնապետության ներքո հալումաշ եղող արևմտահայության ազգային-ազատագրական շարժման հուժկու և սրընթաց վերելքով: Դրան զուգահեռ, 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից և վերջինիս արդյունք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի դաշնագրերի կնքումից հետո արյունարբու սուլթան Համիդը որդեգրեց նոր քաղաքականություն և գործողության մեջ դրեց նոր կուրս` Հայկական հարցը լուծել հայ ժողովրդի ամբողջական բնաջնջման ճանապարհով: Հայության համար մահացու այդ գոտեմարտին ականջալուր  և ուշի-ուշով  հետևում էին ներսում և դրսում լույս տեսնող մի շարք պարբերականներ: Նրանց շարքում իր անկեղծ,աննահանջ ու անսակարկելի դիրքորոշմամբ հատկապես աչքի ընկավ Մկրտիչ Փորթուգալյանի նախաձեռնությամբ և խմբագրությամբ Ֆրանսիայի Մարսել  քաղաքում լույս տեսնող «Արմենիա» պարբերականը:  «Արմենիայի» խմբագրապետը պարբերականի հենց առաջին համարներից մշտապես արծարծում էր արևմտահայության շուտափույթ ազատագրության խնդիրը: Քաջածանոթ լինելով հայրենաբնակ ժողովրդի իրական ողբերգական կացությանը (նաև անձնական փորձով ու փորձառությամբ), նա գտնում էր, որ թուրքական բիրտ լծի շարունակումը կարող է ավարտվել հայրենիքի ամբողջական կորուստով: Աչքի առջև ունենալով  թուրք-օսմանյան իրականության սարսափելի պատկերը, նա քննադատության ողջ սլացքն ու տարափն ողղեց վերոնշյալ իրականության դեմ: Այն, որ Հայաստանի վիճակը ծանր, անտանելի է և սոսկալի, բոլորին է հայտնի, սակայն ըստ պարբերականի, պետք է գիտենալ, որ հայոց խնդրի լուծումը «ոմանց կարծածին չափ ալ դիւրին չէ. փափուկ կէտեր, կնճռոտ կապեր ունի, որոնց լուծմանը ուշադրութեամբ, զգուշութեամբ և յարատեւութեամբ պէտք է աշխատիլ»[1]:

Փորթուգալյանը շատ անգամ է նշել, ընդգծել, որ հարկ չկա անտեղի սնապարծությամբ տոգորվել և ինքնախաբեությամբ զբաղվել: Հետաքրքրական է նրա այն դիտարկումը, որ այդպիսի ինքնախաբեության հետևանքն այն կլինի, թե Տաճկահայաստանի կացությունը կփոխվի, բայց ոչ թե մեր ցանկացածի, այլ օտարի ցանկացածի պես և «մենք փոխանակ պարծենալու, ինչպէս կանեն ոմանք այժմ` օդային և անիրագործելի ծրագիրներ կազմուելով Ազգին ժամանակ կորսնցունել             տալերնուն համար, կարժանանանք ապագայ սերնդի դատապարտութեանը միայն»[2]:

Սա իրատեսական և գրեթե մարգարեական կանխագուշակություն էր, արված Մեծ Եղեռնից ուղիղ 22 տարի առաջ` 1893 թվականին: Փորթուգալյանը խորը վերլուծությամբ քննելով հայկական իրականության և օսմանյան տերության մեջ ընթացող գործնթացները,  հանգել էր վերոնշյալ  եզրակացությանը: Այո՛, պատմության հետագա ընթացքը ցույց տվեց նրա ճշմարտացի լինելը: Հայ քաղաքական ուժերն ու գործիչները առավել թանկագին ժամանակ էին կորստի մատնում, քան թե իրականում նախապատրաստվում դիմագրավելու արևմտահայությանը սպառնացող աղետին: 19-րդ դարի 80-90-ական թվականներից մինչև մեծ աղետը` 1915 թվական, հայ քաղաքական իրականության մեջ սույն առումով պատկերը չփոխվեց: Հայ քաղաքական ուժերը հաճախ ավելի շատ ուժ և ջանքեր էին թափում միմյանց վարկաբեկելու, պառակտելու, թուլացնելու ուղղությամբ, ինչը որ անթույլատրելի էր ուժասպառ ու արյունաքամ եղող ժողովրդի համար: Պարբերականի խմբագիրը անդադար հորդորում էր, որ եթե հայ ժողովուրդը չգործե Հայաստանի մեջ, և երբ «հայ ժողովուրդ չլինի Հայաստանի մեջ, Հայաստանի խնդիր ալ չլինիր: Աստ համար է. որ մենք ամենամեծ ցաւ կզգանք երբ կը տեսնենք թե հայեր դուրս կելնեն Հայաստանէն»[3]:

Իրավացի է հայրենասեր գործիչը, քանի որ համատարած արտագաղթի պայմաններում, ինչն որ նկատելի էր արդեն այդ ժամանակ, հայազուրկ երկրում այլևս ուժերն ու ռեսուրսները չէին բավականացնելու այնտեղ գործելու և իրավիճակ փոխելու համար: Պարբերականը համոզված էր, որ թուրքական կառավարությունը ուղղակի և անուղղակի միջոցներով ստիպում է հայերին գաղթել իրենց երկրից, մինչև անգամ «Ճանապարհածախքն էլ ալ ինք կուտայ որ հայեր Թիւրքիաէն դուրս ելնեն»[4]:

Արևմտյան Հայաստանում բռնությունների ընդհանուր սիստեմին քաջածանոթ լինելով, պարբերականը այդ ամենը ամփոփում էր այն հարթության վրա, որ քրդերը ոչ թե մի առանձնակի քաջություն և զորություն ունեն հայերին միշտ հարստահարելու, կողոպտելու ու կոտորելու, այլ «վասն զի մահմէտական լինելուն համար, և թերեւս  ուրիշ նկատառումներով ալ, թիրք կառավարութիւնը միշտ իրենց կողմն ունեին,որ զիրենք անպատիժ թողլով կը քաջալերէ միշտ շարունակել իրենց այդ ընթացք և վնասել հայերին»[5] :

«Թուրքին բարենորոգում գործադրելը» հրապարակման մեջ հեգնվում, ծաղրվում էր թուրքական բարենորոգումը: «Բարենորոգում» կոչվածը ժողովուրդն իր մաշկին ավելի լավ է զգում, քանզի առաջներում միայն «աւարի կուտային տուները, հիմայ հրդեհի ալ կուտան. յառաջ որ քիրտերը կը գործէին կանոնաւոր զօրաց օժանդակութեամբ, հիմա քիրտ չգտնուած տեղերն հետևակ զօրքերն կընեն անոնց գործերը. վերջապէս յառաջ որ երկիւղով կը գործէին, հիմայ աներկիւղ կը գործեն, զի եւրոպական քաղաքականութիւնը կը պահանջէր ժամանակ տալ սուլթանին որ այս բարենորոգումներ ի գործ դնէ»[6]: Ահա քեզ թուրք-սուլթանական «բարենորոգման» ճշմարիտ պատկերը:

Եւ սարկազմի սպանիչ ուժով հարցադրվում է, թե այս վիճակին հասնելու համար հայն իր  «երախտագիտությունը» ու|մն է հայտնելու. «Անգլիոյ, Գաղիոյ, Ռուսիոյ. ո|վ կարող է, թող պատասխանէ այդ հարցման»[7]:

Հետագայում ևս տարբեր առիթներով պարբերականը առիթը բաց չի թողնում հիշեցնելու, որ թուրքը երբեք խղճի մտոք բարենորոգումներ չի  կատարելու Հայստանում:

1903թ. փետրվարի 4-ին, խմբագրական հոդվածում նորից է   հարցադրվում այն մասին, թե երբ Կ. Պոլսում` եվրոպացիների աչքի առջև ջարդում, կոտորում էին հայերին, հետևանքը ի՞նչ եղավ: Եթե եվրոպական դեսպանությունները առաջ Բոսֆորի մեջ մեկ պահականավ պահելու իրավունք ունեին, — «երկու հատ պահելու իրաւունքը ձեք բերին հայերի արեան գնով և խնդիրն այդպէս  վերջացավ, առանց մասնաւոր բան մը լինելու հայերի համար»[8]:

Ահա թե ինչու նորից ու նորից հորդորվում է, որ գոնե «ասոնք հասկնայինք  և  հասկցնէինք մեր ժողովրդին, թէ իր յոյս, միակ յոյս իրեն վրայ դնելու է: Թե ո՛չ թուրքի բարյացակամութեան ապաւինելը  և ո´չ էլ օտար միջամտութեան մը յոյսերով օրօրւելը չպիտի կրնան բան մը առաջացնել»[9]:  Երբ խորն ու մանրամասն ուսումնասիրում ենք «Արմենիա» պարբերականի 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի տարեգրությունը, հստակ երևում է, որ բզկտված, արյունաքամ եղած արևմտահայությունը անկարող էր արագ շտկել վտանգավոր, գրեթե մահացու իրավիճակը: Չէր կարող, քանզի արտաքին ու ներքին հանգամանքները բոլորովին աննպաստ էին և նրան սպասվում էր ոչ թե հրաշքով պայմանավորված թռիչք և իրավիճակի փոփոխություն, այլ ծանրաբեռ, արյունալից խոչընդոտներով բազմապատկված դժվարանց եղեռնական ճանապարհ: «Արմենիան» եղավ այն բացառիկ օրգաններից մեկը, որն ամբողջությամբ խոսում էր Հայաստան երկրի խնդիրներից ու օրավուր աճող տագնապներից, հայ ժողովրդի առօրյա-ամենօրյա սոսկալի իրավիճակից: Հայ ժողովրդի գրեթե բոլոր խավերի ապրած կյանքի, սոցիալական, նյութական, կրթական, հոգևոր ու բարոյական կացության իրական պատկերն է  արտացոլված սույն պարբերականի էջերում: Պարբերականի բազմափորձ խմբագիրը ուշադրությամբ և աչալրջությամբ հետևում էր երկրում ընթացող գործնթացներին, ինչպես նաև դրա հետ շաղկապված եվրոպական դիվանագիտության անցուդարձերին:  1901թ. նոյեմբերի 5-ին պարբերականի «Ներկայ վիճակ» առաջնորդողում ընդգծվում է, որ մինչ հեղափոխական գործիչ կոչվածները պարծանք և իրենց պարտքը կատարած լինելու գոհունակությունը կզգան, հայոց ոխերիմ թշնամին անընդմեջ ու անդադար կգործե և հայությանը այլևայլ միջոցներով հետզհետև ջնջելու վրա է:

Պարբերականի էջերից ի´ լուր հայության ազգային դատի պատասխանատուների, հորդորվում է, որ մեր ժողովրդի հավատարմությունն ու համբերությունը այլևս չի կարող փրկել իրեն, քանզի իր կորուստը իր թշնամիներից անդառնալիորեն վճռված է:

Պարբերականի էջերում շարունակ քննվում էին 19-րդ դարի 90-ականների սկզբին և կեսերին Արևմտահայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառներն ու հետևանքները: Նշվում էր, որ հայկական իրականության մեջ «հեղափոխություն» ասվածը դեռ սկզբնավորված չէ և «թէ մեր այս վիճակ ոչ թէ լոկ քաղաքական աննպաստ հանգամանքներու արդիւնք է, այլ սխալ գործունէութեան»[10]:

 «Մի կարևոր հարց հայ յեղափոխականներին» հրապարակումով կարևոր դիտարկումներ են կատարվում Հայկական հարցի հնարավոր զարգացումների շուրջ` կապված տարածաշրջանային և միջազգային հակասությունների հետ: Միջազգային հարաբերությունների խիստ հակամարտ ընթացքի մեջ, երբ տերությունների շահերը կոպտորեն բախվում էին Փոքր Ասիայի և Օսմանյան կայսրությանը առնչվող խաչուղիներում, ինչպե՞ս ապահովել փոքր ու տկար Հայաստանի գոյությունը, եթե երբևիցե կարելի է նրան վերստեղծել և կյանք տալ հզոր ուժերի դեմ-հանդիման: Ի վերջո, միջազգային հարաբերությունների տեսանելի գործոնների, արտաքին ու ներքին քաղաքական զարգացումների հնարավոր բաղադրիչների հաշվառումով,  ըստ պարբերականի,  կանխագուշակելի և տրամաբանական է դառնում Հայկական հարցի լուծման երեք ուղի.

«Հայ ցեղը բոլորովին բնաջինջ անելով,

Հայկական վիլայէթների գրաւումով Ռուսիոյ կողմից,

Քաղաքական և վարչական բարենորոգումներով»[11]:

 Հատկանշական է, որ «Արմենիա» պարբերականի էջերում մեկ անգամ չէ, որ դիտարկումներ ու ենթադրություններ էին արվում այն բանի վերաբերյալ, թե հայ դատի շուրջ ընթացող ներքին ու արտաքին զարգացումները կարող են ավարտվել հայ ժողովրդի բնաջնջումով և հայրենիքի ամբողջական կորուստով: Մկրտիչ  Փորթուգալյանը և իր  պարբերականի շուրջը հավաքված խմբագրական ակտիվը հստակ գիտակցում էին, որ 19-րդ  դարավերջին և 20-րդ դարասկզբին հայ-թուրքական կնճիռը ընդունել է ծայրահեղ լարվածության և թշնամանքի անդառնալի ընթացք, և որ հայ ժողովրդի ու թուրքական իշխանությունների միջև հաշտության կամուրջներն այրվել ու փլուզվել են: Սույն իրողության ահազանգումը բազմաթիվ ու բազմապիսի շերտերով ու երանգներով մշտապես ակներև էր պարբերականի էջերում: «Արմենիան» 1901թ. փետրվարի 20-ին վերոնշյալի վերաբերյալ առանց ոչինչ թաքցնելու ուղիղ և բացորոշ նշում է, որ «… Հայութեան և թրքութեան միջև անջրպետն արդարև այնքան լայնացած է և խորունկ, որ այլապէս դարմանումը երազ մը պիտի լինէր»[12]: Ուրեմն, եթե հաշտեցումն ու թշնամանքի դարմանումը անհնարին է, ապա սկսված կռիվը պետք է շարունակել: Եվ այդ կատաղի, անվեհեր, անհուսահատ և  միչև նպատակ տանող տևական կռվի մեջ միայն հայ ազգությունը կարող է իր ճակատագիրը փոխել ու փրկել: Ըստ պարբերականի, սույն գաղափարը ոչ դարագլխյան է և ոչ դարավերջյան, այլ «ամբողջ ստրուկ ազգերի ազատագրութեան յաւիտենական հին երգն է: Մինչև այսօր կոշտ ու բռնաւոր ույժին դէմ` գաղափարն իր յաջողութիւններ անդադար մարտնչումի, անձնուիրութեան և զոհողութեան միայն պարտական է»[13]:

Թերթի խմբագրապետը հաճախ էր կասկած հայտնում, թե այս խառնակ թոհուբոհում ի՞նչ կարող էին անել մի խումբ անձնվեր այրեր «մեր այս բազմապահանջ և մեծածավալ գործին մէջ, երբ ժողովուրդի մեծամասնութիւն դեռ պէտք եղած գաղափարը չունի յեղափոխական դերին վրայ, ատոնք պիտի կրնա՞ն իրենց անօրինակ և հիանալի քաջագործութիւններով պահանջուած հետևանքին հասցունել մեզ»[14]:

«Արմենիայի» էջերից արտահայտվում էր հայ իրականության մեջ գաղափարների և պրակտիկ գործի միջև եղած էական հակասությունը: Այն, որ վիճակը նետված էր արդեն, մի կողմից ազատագրական շարժումը բորբոքվել էր, հասել զինյալ պայքարի աստիճանին, մյուս կողմից էլ ժողովրդի զգալի հատվածը դեռևս ֆիզիկական, հոգևոր ու բարոյական չափումներով անպատրաստ էր այդ շարժմանը զինվորագրվելուց և ակտիվ մասնակցությունից: Բայց, միաժամանակ շեշտադրվում էր, որ ազգային-ազատագրական շարժման որևէ կենտրոն կամ գործիչ անկարող էին հանդարտեցնել կամ չեզոքացնել ծայր առած շարժումը: Ոմանք մեղադրում էին ազգային զարթոնքի շեփորահարներին ժողովրդի հայրենասիրական զգացմունքները բորբոքելու և ազատասիրական գաղափարներին ընթացք տալու համար: Սակայն ո՛չ այդ գործիչները, ո՛չ նույն ինքը` ժողովուրդը ավելին չէին կարող համբերել, սպասել, քանի որ հակառակորդն արդեն գործնական ընթացքի մեջ էր դրել Հայաստանի հայաթափման և արևմտահայության վերջնական բնաջնջման պլանավորված ծրագիրը: Հենց այդ էր ակնարկում պարբերականը, երբ հեգնական ոճով նշում էր, որ «…Սուլթանից չի կարելի խնդրուել որ նա հաճի իր կոտորածն ու հալածանքներ յետաձգել մինչ որ մենք կարողանանք քիչ մը ոյժ պատրաստել»[15]: Սա, հիրավի, իրականության ողջ ճշմարտացիությունն իր մեջ ամփոփող, խտացնող խորքային դիտարկում է:

Մ. Փորթուգալյանը ներքին խոր զգացողությամբ, անսխալ ու անբեկ կանխագուշակում էր այն ծայրաստիճան վտանգավոր, մահացու հեռանկարը, որն սպասվում էր արևմտահայությանը առաջիկայում:

             Հայ ազգային-ազատագրական շարժման երդվյալ գործիչը երբեք չհոգնեց ընթերցողներին բազմիցս հուշելու և ասելու այն ճշմարտությունը, որ եթե հայությունը փոքրիշատե իր մեջ ուժ  գոյավորած չլինի, ապա օտարների միջամտությունից որևէ դրական կարևոր բան սպասել չի կարելի: Եվ եթե ինչ-որ դրական բան  պետք է լինի, կայանա, ըստ նրա, կախված է հայության ունեցած ներքին ուժից և պատրաստությունից: Ուսանելի է այն դիտարկումը, որ եվրոպական քաղաքականության ներկա դանդաղ ընթացքը մեր խնդրի լուծման շուրջ, ցույց կտա մեզ «թե կոտորուիլը միայն բաւական չէ մեր իրավունքի պաշպանութեանը համար, այլ ոյժ պետք է ցոյց տալ գործին մղում տալու համար:  Շատ  կամ քիչ մօտիկ ժամանակների մեջ մի բան կը լինի ներկայ յուզումների հետեւանքը, բայց կը լինի այն` որին մենք արժանի ենք, որը մենք կրնանք ունենալ մեր ներքին ոյժին և պատրաստութեան համամատ»[16]:

            Արմենիայի» հրատարակության 11-րդ շրջանի առիթով գրված խմբագրականում ևս շեշտադրված է, որ պարբերականը Հայաստանի վերականգման և վերակենդանության անհրաժեշտ պայման է համարում հայ ազգի ներքին ուժերը  «աւելցունել և զարգացունել, չուրանար արտաքին և օտար ոյժերի նշանակութիւնը հայ ազգի վերականգման գործին մէջ, բայց անոնց վրա միայն յոյս դնելը վնասակար ցնորք կը համարի»[17]:

«Արմենիա» պարբերականը շատ  հաճախ հանդես էր գալիս հայկական հարցի շուրջ եվրոպական դիվանագիտության ունեցած ձևական մոտեցումների և անտարբեր կեցվածքի սուր քննադատությամբ: Այսպես, պարբերականի աշխատակից, փայլուն հրապարակախոս Մկրտիչ Ավետիսյանը ջախջախիչ քննադատության է ենթարկում եվրոպական դիվանագիտության և մամուլի հարուցած աղմկալից վեճերն ու ցուցամոլական գործողությունները հայոց կոտորածների շուրջ և այդ ամենը համարում լոկ ձևական (ֆիկտիվ) մի բան, որպես եվրոպական թերթերի ընթերցողների ձանձրույթը մեղմելու դյուրին միջոց: Նա շեշտում է, որ հայերը միամտություն են ունենում եվրոպական մամուլի  «երբեմնի հանած աղմուկները իբրեւ պետութիւնների վճիռներ» ընդունելու: Եվ եթե Լոնդոնի, Պետերբուրգի պաշտոնական և կիսապաշտոնական թերթերի հրապարակումներին նայենք, ապա մինչ այսօր «5 անգամէն աւելի եւրոպեան մի բանակ Հայաստան իջած պիտի լիներ 61-րդ յօդուածը գործադրելու համար:  Խորհրդարանական հայասէր ճառերը եթէ հաշուի գրուէին, սուլթանը վաղուց պէտք էր իր անտուկները կապել տար Դամասկոս կամ Մեքքե քաշուելու համար»[18]: Մ. Ավետիսյանը ունենալով ռեալ իրականության սուրզգացողցություն, հեգնում է այն միամիտներին, որոնք եվրոպական դիվանագիտությունից ու նրան սպասարկու մամուլից այնպիսի հույսեր ու հավատ ունեն, որ թվում է «թէ մեր կողմէ միայն իրենց դիմելն է մնացեր, Եւրոպա կամ Ռուսիա գթութեան ձեռքեր բացած մեզ կսպասեն և Սասունի վրէժը քաղաքակիրթ աշխարհը պիտի հանէ թիւրքէն»[19]:

Իրավացի է այն դիտարկումը, թե մենք մեր արյունակիցների վրա ինչ գութ ունեցանք, .անոնց չկոտորուելու միջոցներ տուինք որ այժմ ալ կաենայինք աւելի մեծ բաներ յուսալ օտար և նիւթապաշտ Եւրոպաէն»[20]:

Եվրոպական դիվանագիտության գործողությունների հանդեպ այնքան անվստահություն կար, որ պարբերականի կողմից այսպես է այն ամփոփվում. «Եւրոպացիք ինչ-որ գրչով մրոտեցին մի քանի երես թղթի վրայ որ մեր Հայաստանի բարենորոգմանց ծրագիր կը կոչեինք, այսօր սուլթանը զայն կը գործադրէ իր պաշըպօզուք զօրաց ր պաշտօնէից միջոցաւ… աւարի տալով  ամբողջ քաղաքներ ու գիւղեր»[21]:

Այսպիսով, ինչպես ցայտուն կերպով պարզորոշ է վերոնշյալ շարադրանքից, «Արմենիա» պարբերականի ուշադրության առանցքում էին Արևմտյան Հայաստանում ընթացող սոցիալական ու քաղաքական գործընթացները և պարբերականի էջերից հուժկու բողոք, ցասում և տագնապ էր արտահայտվում, որ վերոնշյալ գործնթացները կարող են հանգեցնել իր պատմական բնօրրանում հայության վերջնական  հայաթափմանն ու բնաջնջմանը:

                                         

[1] «Արմէնիա», 1894թ., թիվ 30:

[2]  Նույն  տեղում:

[3] «Արմէնիա», 1894թ., թիվ 36:

[4] Նույն տեղում:

[5] «Արմէնիա», 1885թ., թիվ 20:  

[6] «Արմէնիա», 1896թ., թիվ 50:

[7] Նույն տեղում:

[8] «Արմէնիա», 1903թ., թիվ 14:

[9] «Արմէնիա», 1904թ., թիվ 5:

[10] «Արմէնիա», 1899թ., թիվ 60:

[11] «Արմէնիա», 1902թ., թիվ 2:

[12] «Արմէնիա», 1901թ., թիվ 25:

[13] Նույն տեղում:

[14] Նույն տեղում:

[15] Նույն տեղում:

[16] «Արմէնիա», 1895թ., թիվ 74:

[17] «Արմէնիա»:

[18] «Արմէնիա» 1895թ. թիվ 86

[19] Նույն տեղում:

[20] Նույն տեղում:

[21] «Արմէնիա» 1895թ. թիվ 42

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի