Արդի գրական հայերենը պատմական զարգացման, մշակման ու կատարելագործման, գրական ժառանգորդության, արտաքին ու ներքին ազդակների արդյունքում ձևավորված մի հարստություն է, որի անսահման հնարավորություններից օգտվել և օգտվում են հայ գրողներն ու բանաստեղծները՝ ըստ ստեղծագործական նպատակադրման և ժանրային ու ոճական առանձնահատկությունների՝ երբեմն նաև ներազդելով լեզվի բառապաշարային փոփոխություններին, որոնք լեզվի զարգացման ու կատարելագործման գրավականն են: Փոփոխություններն առկայանում են ներքին՝ լեզվական օրինաչափություններով և արտաքին ազդակներով: Վերջիններս կապված են հասարակական կյանքի տեղաշարժերի հետ: Հասարակական-քաղաքական փոփոխությունները հանգեցնում են տվյալ բառով արտահայտված իրողության չգոյության, որի հետևանքով ակտիվ բառապաշարից դուրս են մղում նաև համապատասխան բառերը: Փաստորեն՝ հնանում են երևույթները, որոնք արտահայտող բառերը ոչ թե փոխարինվում են նորերով, այլ գործածվում են անհրաժեշտաբար, պատմական անդրադարձի թելադրանքով:
Լեզվի ներքին օրինաչափություններով պայմանավորված փոփոխությունները շատ ավելի բազմաբնույթ են՝ պատճառաբանված լեզվի միօրինականացման, մշակման ու կատարելագործման գործոններով: Այս դեպքում բառերը, իրոք, հնացած են և փոխարինվում են նորերով, ինչպես՝ կորուսվել /271/[1] «կորչել», փերեզակ /193/ «չարչի», ածու /238/ «մարգ, փխբ.՝ ազգ», արքայուհի /221/ «թագուհի», հեղակարծ /297/«հանկարծակի», տիրուրաց /314/ «տիրադավ», այր /314/ «տղամարդ», հոլով /298/ «շատ», ծիրանի /314/ «պատմուճան», պարմանուհի /201/ «պատանի», բոկ /180/ «բոբիկ», դետք /157/ «դիտորդ», ոթել /256/ «թափել», անսալ /278/ «լսել», զենել /124/ «զոհել», ագի /69/ «պոչ», ինչպես և՝ վաչ /5/, որից՝ վաչկատուն /146/, քղամիդ /72/, գետնախշտի /72/, հուշկապարիկ /72/, ուռան /52/ և այլն:
Նախորդ դեպքում, երբ հնանում են իրույթները, գործ ունենք պատմաբառերի (իստորիզմ) հետ, որոնք, ըստ լեզվի շրջանափուլերի, լինում են նախաաշխարհաբարյան, որ գործածվել են աշխարհաբարի կազմավորումից առաջ՝ գրաբարում և միջին հայերենում, և աշխարհաբարյան, որոնք գործածվել են 17-րդ դարից հետո:
Ոճական ակտիվությամբ առանձնանում են գրաբարյան բառերն ու բառակապակցությունները, քերականական ձևերն ու դարձվածքները, քանի որ հենց դրանք են դառնում գեղարվեստական ստեղծագործությունների, հատկապես պատմական երկերի ժամանակաշրջանը երանգավորող գունանյութն ու հենքը: Դրանք գրաբարաբանություններն են, որոնցից վարպետորեն օգտվել է Ս. Խանզադյանը պատմավեպերը գրելիս՝ մասնավորապես «Թագուհին հայոց» երկում՝ վաղնջական Հայաստանի պատմաքաղաքական իրադրության, հասարակական կյանքի, ժողովրդի կենցաղի, վարքուբարքի, կրոնածիսական արարողակարգերի հնարավորինս համոզիչ և հավաստի նկարագրության համար: Պատմաբառերի գործածությունը տվյալ պարագայում դարձյալ ձեռք է բերում ոճական արժեք, ուստի և դիտարկելի է որպես գրաբարաբանություն: Նշված բառամթերքից կարելի է առանձնացնել իմաստային մի քանի խմբեր, որոնք վերաբերում են հայ ժողովրդի հեթանոսական անցյալի կենցաղին, կյանքին և գործին, մարտավարությանը, ծիսական արարողություններին, պետական ու վարչական գործին:
Կենցաղ և հագուստ նշող բառեր՝ կահ /219/, կապա /190/, տաղավար /204/, գահավորակ /218/, այծենի /240/, արջենի /108/, մաքենի /75/, կուր ու կերակուր /244/, կրճկան /240/ «տղամարդու վերնազգեստ»[2], անթեղ /266/, նգույր /72/ «եռոտանի», ճրագթաթ /174/, ամպհովանի /5/, օթոց /3/, ակութ /32/, պատգարակ /6/, փսիաթ /57/ «եղեգից, ծղոտից հյուսած փռոց, խսիր»:
Ռազմի բառեր՝ գումակ /208/ «մեծ սայլ, ռազմակառք», դրանիկ գունդ /209/, սաղավարտ /201/, լանջապանակ /201/, կուրծկալ /213/, գեղարդ /188/, աշտե /193/, լախտ /204/, պարսատիկ /204/, կապարճ /205/, ուսակալ /205/, պարսաքար /192/, ճոպան /192/, աղեղ ու տեգ /284/, դիակապուտ /281/ «դիակ կողոպտող», փղամարզիչ /188/, փղավարժ /199/, մարտուսույց /32/, երեսակալ /196/, տապար /194/, ոտնազրահ կոթուր /54/ «կոթուռն, կոթուրնոս՝ բեմակոշիկ»: Այս բառերից կազմվել են նաև բաղադրություններ՝ տեգակիր /193/, զինակիր /193/, ասպարակիր /193/, սորամուտ և քարագնաց մարտիկների ջոկատ /24/: Սրանց մեջ առանձին շերտ են կազմում մարտակառքերը նկարագրող բառերը՝ կառախումբ /218/, սռնապան /199/, կումբ /57/ «վահանի ուռուցիկ զարդ», որից ունի նաև կմբաձև /57/, կառամարտիկ /199/, երասանակ /200/, հեց /200/ «անվագոտի, շրջանակ», կամար /200/, քեղ /200/[3] «կառքի երկար ձող», ակիշ /200/ «թոնիրը խառնելու երկար ձող»[4]. «Նրանց երասանակները փղոսկրե շերտեր ունեին, զարդարված էին նաև կառքերի հեցերը, կամարները, թոփերը, կառակողովի ցանցը, նույնիսկ ակիշները, առջև ցցված քեղ, փորքաշ…» /200/:
Պետական և վարչական գործ, զբաղմունք՝ արքունի տիրայր /265/, տնպետ /265/, մեծամարդ /265/, մական /170/, միապետական նշանակ /196/, գայիսոն /196/, կուսակալ /180/, ծերակույտ /197/, գահակալ /56/, ցեղապետ /28/, բանբեր /181/, տիկնունի /210/, աղախին /226/, մատռվակ /266/:
Ավելի հետաքրքրական պատկեր են ներկայացնում կրոնածիսական բովանդակության բառերը, քանի որ դրանց միջոցով ներկայացվում են հեթանոս հայերի բազմակուռք պատկերացումներն ու դրանցով պայմանավորված մասնատված Հայասա երկրի ներքաղաքական և տնտեսական ներհակությունները: Այդպիսի բառերից են՝ պարեգոտ /208/, կնգուղավոր շուրջառ /294/, խիտոն /294/, ուխտեկություն /216/, հմայիլ /269/, բժժանք /139/, դյութ մարդիկ /293/, դյութ և գուշակ կանայք /10/, ծառահմա /8/, հավահմա /47/, քուրմ /19/, դիցուհի /5/, ջրաձոն /165/, անալութ /13/ «…«Աստվածներն ինձ հրավիրում են իրենց անալութը»[5]: Երևույթն ընդգծվում է, երբ հեղինակը գործածում է բազմաթիվ աստվածների անուններ՝ կապված շրջապատող աշխարհի իրերի և երևույթների հետ: Ներկայանում է հայոց դիցընտանիքը, որի գլխավոր աստվածն է Մաժան-Արամազդը /288/ իր կնոջ՝ ոսկեծղի Հեպիտ-Անահիտ /207/ աստվածուհու հետ: Ստեղծագործության տարբեր պատկերներում հանդես են գալիս Աստղիկ դիցուհին /5/, Ջիվաղը /154/, Շանթ աստվածը «խեթերի Սանթան» /236/, Ցուլ /24/ աստվածը, որի անունով էլ կոչվում է ցեղը՝ ցուլ ցեղը, Հայկ /26/, Վանատուր /27/, Անգեղյան Տորք /28/ աստված, Հիվ /57/ աստված, Խստոր /193/, Գարշ /8/, ջրի աստվածուհի Ծովի-Նարը /6/[6], արևի աստծո համար գործածում է երկու դիցանուն՝ Կումարփի /186/ և Արեգ /104/, նաև Արեգակ /71/, Մահ աստված /243/, Պսակ աստված /70/, Հատիկ աստվածուհի /91/, Հատիս աստված /101/, Ներգալա աստված /66/, Ար աստված /62/, Վահագն /61/, Վիշապ աստված /18/, Սուտ աստված /47/, Երազ աստված /69/: Ընդհանրապես նախապատմական շրջանի կոլորիտը հեղինակը առավելապես հաղորդում է հատուկ անունների, մասնավորապես տեղանունների չափազանց առատ կիրառությամբ, որը մի այլ քննության նյութ է: Դրանցից մեր ուսումնասիրության շրջանակն են թափանցել միայն նրանք, որոնք գրաբարատիպ կազմություններ են, ինչպես՝ Հայասա Փոքր /220/, Թեգարամա երկիր /175/: Հեղինակը այն գործածում է և՛ համադրական, և՛ վերլուծական կազմություններով՝ Թեգ Արամա /242/՝ երկրորդ դեպքում ընդգծելով գրաբարի սեռական հոլովի գործածությունը՝ Արամա: Երկգրությամբ է գործածում նաև Թորգոմ տուն /175/, ավելի հաճախ՝ տուն Թորգոմա /7/: Գործածվում է Տավրուբերան /26/ տեղանունը՝ նախնական ձևով: Բիայնիլի-Վան /278/ տեղանունը գործածում է սեպագրային և գործածական ձևերով: Այդպես նաև՝ Հնդկաց ծով /168/, Այծեաց բերդ /32/, Արզավա երկիր /50/, Ավձ ամրոց /26/, Աղավնո գետ /109/: Անսովոր գործածություն է Սանասուն /285/ տեղանունը «անգեղ տան Սանասունից ենք» արտահայտության մեջ, ինչը, կարծում ենք, ընդամենը խոսքին հնատիպություն հաղորդելու նպատակով է:
Պատմական շրջանի գուներանգը Սերո Խանզադյանը խտացնում է նաև հասարակ անունների գրաբարյան հոլովական ձևերով. օր`մթան /201/, սգո /230/, հոգնակի սեռականով`կենաց ջուր /213/, թագավորաց /291/, հարսանյաց հանդես /8/, քաջաց /66/, անիծից /9/, արարածաց /92/, կողմն արևելից, կողմս արևմտից /98/, հայցական հոլովով` երկինս /282/, երիցս /282/, գործիական հոլովը հանդիպում է ողջույնի արտահայտություններում` բարյավ (գնաս բարյավ, մնաս բարյավ) /259/, ըստ որում, հեղինակի` անմիօրինակություններին միտված լինելու հանգամանքը առավել շոշափելի է քերականական իրողություններում. այսպես. «Շտապիր քո զավակներով, կանանցով, ընդոծիններով, աղխիվ և աղիվ ինձ հյուր» /18/ նախադասության մեջ ունենք գործիական հոլովի աշխարհաբարյան և գրաբարյան տարբերակների զուգակցում: Նույն հատվածում գործածել է գրաբարյան դստեր /32/ սեռականը և դուստրին /32/ աշխարհաբարյան հոլովաձևը: Կին բառի հոգնակին բազմիցս հանդիպում է խոսակցական կիներ /15/ և գրական, որ նաև գրաբարյան է, կանայք /16/ տարբերակներով:
Բայական համակարգում տուրք է տվել գրաբարյան անցյալ դերբայի գործածությանը և՛ բուն դերբայական արժեքով (օրհնյալ եղիցիք /245/, ինչպես նաև՝ սիրեցյալ, հիշյալ և այլն), և՛ գոյականական ու ածականական կիրառությամբ՝ մեռյալ /280/, հանդիպում է ապառնի դերբայը տուրք ու տալիք /49/ կապակցության մեջ: Խոնարհված ձևերից են կամիս /282/, կամիմ /282/ անկատար ներկայի ձևերը (կամենում ես, եմ), հրամայական` լուր աղերսանքիս /324/, ականջ մի՛ լուր /10/, մի մեղադիր լեր անմեղադրելիին /55/:
Խոնարհման համակարգում նկատվում են գրաբարյան և աշխարհաբարյան բառաձևերի համադրումներ. օր.՝ լինի /196/, եղիցի /195/:
Կան նաև այսպես ասած «գրաբարի հանգով ստեղծված[7]» բառաձևեր, օր.` պիտի սատակես /257/, կկորուսվես /271/, իր կորուս-տըն է փութացնում /268/, որոնցում հնատիպությունն արտահայտվում է բառերի միջոցով (սատակել, կորուսվել, փութալ), իսկ քերականական ձևերը աշխարհաբարյան են:
«Գրաբարատիպությունը» ընդգծում են նաև նախդրավոր կառույցները, որոնցից հաճախական են ի նախդրով ձևերը: Ի նախդիրը նախ և առաջ բացառականի նախդիրն է, ինչպես՝ ի բնե /241/, ի ծնե /281/, ի սկզբանե /269/, որոնք քարացած արտահայտություն են, ինչպես և՝ ի զորու /191/, ի մի /238/, ի տրիտուր /211/, ի կատար ածել /267/:
Ի նախդիրը հայցական խնդրով` տեղի նշանակությամբ՝ ձայնիկդ ի սիրտ /283/, մեր հողերը հարքունիս արին /297/, նաև ուղևորման տեղի նշանակությամբ` ի մարտ /204/: Ի նախդիրը բայանունների հայցական խնդրով արտահայտում է նպատակ. օր.` կամքդ ի կատար /8/, ի կորուստ /43/, ի ցույց /250/, ի նշանավորումն /248/, ի լուր /261/:
Գործածվել է նաև ընդ նախդիրը հայցական խնդրով՝ ընդ արուս և ընդ անասունս /55/` արտահայտելով միասնության հարաբերություն` արդի հայերենի հետ կապի նշանակությամբ:
Բառընտրության, բառակազմական տարբերակների հարցում հեղինակը դրսևորել է լեզվաբանական հմտություններ` ոճավորելով երկի լեզուն բառակազմական տարբեր օրինաչափություններով կազմված բարդություններով: Նորատիպ կազմություններին զուգահեռ գործածում է գրաբարյան հիմքով բարդությունները, ինչը խոսքը դարձնում է շարժուն ու արտահայտիչ, այսպես` ափիբերան /235/, ապիկար /228/, քեռայր /193/, քրմակեց /201/, դիցընկեց /161/, նետընկեց /163/, այրաշեն «քարանձավում շինված» /272/, սևազգեաց /293/, հայնկոյս /116/:
Երբ խոսում է Շամիրամի մասին, գործածում է առնաբաղձ Շամիրամ /51/ արտահայտությունը, իսկ Մուրսիլիսի այրու մասին արտահայտվում է կրքակարոտ էգ /227/ ժողովրդախոսակցական կապակցությամբ:
Ս. Խանզադյանը տուրք է տվել նաև հարադրական բարդություններին` հարկ եղած դեպքում ստեղծելով հնատիպ և վերամբարձ ոճ, օր.՝ այր մարդ /7/, այր ազատ /9/, ողբի մայր /251/, զուգահեռաբար նաև՝ ձայնարկու /251,/ արմ ու սերունդ /92/, նաև` զարմ ու սերունդ /196/:
Պատկերն ամբողջացնում են հարադրական բայերը, որոնցից շատերը դարձվածային արժեք ունեն. պաղ առնել /315/, մեղադիր լինել /159/, զանց առնել /40/, բարձակից անել /37/, ծառս լինել /220/, ճախճախուտ դարձնել /171/ «ապականել, կեղտոտել», երկյուղ կրել /56/, ազդ անել /182/, խունկ արկանել /43/, պաշտոն մատուցել /287/, վահանափակ անել /187/, հանգիստ առնել /10/, թմուր պատել /163/, երկիր պագանել /9/, ուղի ելնել /27/, ողբ անել /140/, տաղտապիլ լինել «տանջվել» /67/, շեփոր հարել /75/, սպասին կանգնել /238/ (գործածել է անվանական արժեքով` սպասին կանգնած «սպասարկելու պատրաստ»), որոնք խոսքը խիստ վերամբարձ և ճնշող չեն դարձնում, քանի որ հակակշռվում են բայական համադրական կազմություններով՝ երկրպագել /31/, մատաղել /177/, ռազմարշավել /169/, պատանել /229/, ասպատակել /175/, տարափել /306/, զերծվել /263/, ճամբարել /14/, վիպասանել /13/, հանգրվանել /32/, խրախճանալ /42/, խաբկանել /136/, ճեպել /164/, շամշել /171/:
Գրաբարյան քերականական, բառակազմական, իմաստային իրողությունները պատումին չէին հյուսվի, արհեստածին կթվային, եթե դրանք չգործածվեին մեր նախնյաց մտածելակերպն ու կենսակերպը հատկանշող շարահյուսական կապակցություններում ու կաղապարներում: Բերենք տիպական օրինակներ.
«Քո տգիտության խավարին հասու չէ մտքի լույսը» /299/, «Գուցե սիրտը որոշինչ դատարկի» /224/, «Ոչ ևս է (այլևս չկա, մահացած կամ սպանված է), որը հանդիպում է ոչ է ևս շարադասությամբ («ոչ է ևս աստվածներին կործանող չարը» /326/), «Դու կապրես երկար կենոք ու բարի վարոք» /76/, «Ժամը ի նպաստ քո է» /72/, ինչպես և՝ կարգ չէ /230/, հաճո է /238/, կամ է քեզ /221/, կամ լինի /20/, արգել չէ /30/, մնացեք բարյավ /50/, մեծավ ուրախությամբ /84/, կամքս է /23/:
Այլևս մակբայը գործածված է նախնական իմաստով, որ վերջին շրջանում ակտիվանալու միտում ունի, օր.` «Մի՞թե ես այլևս ամուսնուս պետք եմ իբրև կին (դեռևս)» /173/:
Հնատիպությունն առավել ցայտուն է դրսևորվում գրաբարին բնորոշ շարադասության հաճախական գործածությամբ, որը հիմնականում դրսևորվում է կերպարների խոսքում, հատկապես «դից զարմ» /267/, ընդունվող տերերին կամ աստվածներին դիմելիս: Այսպես` արքա հզորների /169/, տեր ողորմած /177/, Կարաննի հզոր /194/, թագաժառանգ հայոց /213/, Հայասա Փոքր /220/, պաշտամունք իմ /253/, թագուհի մեծ /300/, թագուհի ներող /300/, թագուհի լքված /300/, թագուհի հզոր /300/, ստորադրյալ իմ /218/, գաղափար իմ /217/, ձայնը մեր ցնծության /277/, ճանապարհ բարի /297/, աստղ իմ երկնային /31/, աստղ իմ լուսաբացի /31/, սիրելիդ իմ /15/ և նման օրինակներում ունենք որոշիչների և հատկացուցիչների` գրաբարին բնորոշ հետադաս գործածություն:
Կերպարավորման նպատակադրմամբ թերևս պետք է բացատրել շարահյուսական մի սխալ կառույց, որը, ըստ ամենայնի, ընդգծում է Հայասա երկրի թշնամի Խաթթիի Մուրսիլիս արքայի անգրագետ ճոռոմաբանությունը. «Եվ որովհետև նրանք, ովքեր իմ դեմ չար խոսքեր են ասում, ես թշնամանում եմ» /30/:
Զուգորդումներ կան նաև հնչյունական, ուղղագրական համակարգում: Կան ամբողջական հատվածներ, որոնք շարադրված են գրաբարով, բայց գրաբարյան ուղղագրության մասնակի պահպանմամբ, օր.` «Ով մեծ և արի արարիչ երկրի և երկնքի, ողջույն: Ողջույն հասեալ և շենություն դիցուհուդ օգնականութեամբ լիություն և պարարտություն այրվոյն Մաժան-Արամազդի» /288/: Կամ` «Խնդրել ի քենե փշրանս ողորմութեան և ոչ թե քո գութը» /311/, «Քեզանով կա և կենդանություն կրե երկիրս Հայասա» /290/.
Եկին յիս ի վեր առին,
Հավա՜ղ, է…
Այս իմ կարմիր տոտիկս
Կոճերովս ի վայր կտրեցին,
Հավա՜ղ, է…
Այս իմ կարմրիկ արյունս,
Որ գետին ի վայր ոթեցին…
Այս իմ հատ ու մատ փետրիկս
Մեկն ի սար եղև, մեկն ի ձոր,
Հավա՜ղ, է… /100/
Ուղղագրական երկձևություններ կան նաև առանձին բառերի գրության մեջ. հանդիպում է խոյր /225/, որից՝ խոյրակիր /150/, խույր /72/, խյուղ /325/, խուղ /22/, Մինայ /20/, Մինա /20/, Հայկայ||Հայկա/24/||Հայկի /162/, Կոտակ||Կոդակ /88/:
Նման զուգորդումները կարող են թողնել այն տպավորությունը, թե հեղինակը առանձնապես հետամուտ չի եղել խոսքի ճշգրիտ կառուցմանը, սակայն բազմաթիվ օրինակներ փաստում են, որ նա ամենայն պատասխանատվությամբ է ընտրել բառանյութը, իսկ եղած անմիօրինակությունները ժամանակաշրջանի պատմագունապնակը հարստացնելու, հեթանոս հայերի բազմատարր կենցաղի ու հարաբերությունների, ցեղախմբային, կրոնածիսական անմիաբանությունների քողածածկույթը բացապարզելու միտումն ունեն:
Հիշյալ օրինակներով գրաբարաբանությունները չեն ավարտվում. կան իմաստային այլ խմբերում ընդգրկվող բառեր՝ ձիալախուր /199/, կաղիճ /235/, կիվ /8/, աղբույս /227/, արույրե /230/, զուկակ /47/ «փողոց», խոչ /170/, կապերտ /237/, խստոր /193/, սինլքոր /313/, բամբառակ /257/, ստահակ /257/, կաթնաշուրթ /175/, պատրական /175/, ծնկածալ /243/, վահանախիտ /203/, լայնալիճ /289/, մույկ /9/, փանդիռ /251/, գիսակ /10/, կապա /190/, տավիղ /201/, տիվ ու գիշեր /66/, գուժկան /170/, հետիոտն /180/, հեղել /182/, տատամսել /185/, խանդակ /189/ և այլն:
Այսպիսով՝ Ս. Խանզադյանը «Թագուհին հայոց» պատմական երկը շարադրելիս դրսևորել է «պատմաբան-լեզվաբանի գիտելիքներ ու դիտողականություն, արվեստագետի նուրբ լեզվազգացողություն, որպեսզի վաղնջական ձևերը թոթափեն իրենց դարավոր փոշին, պոկվեն գրքային մեռած միջավայրից[8]»՝ ապահովելով պատմական լայնածավալ կտավի ինքնաբուխ ընթացքը:
[1] Բոլոր օրինակները քաղված են Ս. Խանզադյանի Երկերի ժողովածուի VI հատորից, Ե., 1983:
[2] Հեղինակը բառս գործածել է որպես գրաբարաբանություն, բայց այն հայերենի բառարաններում ընդգրկված չէ. առկա է միայն Սյունիք-Արցախ բարբառներում՝ կըրճէգան||կըրճէկան՝ «կարճ զգեստ, որ հագնում են շապիկի վրայից» /Ա. Սարգսյան, Ղարաբաղի բարբառը, Ե., 2013, էջ 371/:
[3] Այն գրաբարում հայտնի է քեղի ձևով:
[4] Այն հեղինակը գործածել է «ռազմակառքի ձող» իմաստով:
[5] Սխալ կիրառություն է. ունի «ինձ, ընձուղտ» իմաստները, ինչպես և՝ «երե, եղջերու». այս մասին տե՛ս նաև Հր. Աճառյան, ՀԱԲ, էջ 79: Բնագրում գործածվում է նաև «ռազ-մական վերնազգեստ» իմաստով:
[6] Ի դեպ, առանձին գրությամբ հեղինակը շեշտում է ծովի աստվածությունը, բայց արդի հայերենի սեռական հոլովաձևով՝ Ծովի Նար:
[7] Յու. Ավետիսյան, Արևմտահայ բանաստեղծության լեզուն, Ե., 2002, էջ 171:
[8] Ա. Պապոյան, Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Ե., 1970, էջ 189:
«Ով մեծ և արի արարիչ երկրի և երկնքի, ողջույն: Ողջույն հասեալ և շենություն դիցուհուդ օգնականութեամբ լիություն և պարարտություն այրվոյն Մաժան-Արամազդի»
Comments are closed.