1993 թվականի գարնանը Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի մելիքանիստն ու 4-րդ դարի Ծիծեռնավանքը ևս ազատագրվեցին: Ազատագրվեց Աղավնո գետի ողջ ավազանը: Մոտ 1 տարի անց մեր պատմական հայրենիքում նորից հայը բնակություն հաստատեց; Քոչվորները փախան՝ թողնելով միայն իրենց ավերիչ հետքերը: Շուտով տարածքում սկսեցին գործել դպրոցները: Առաջինը Ծիծեռնավանքի գյուղական համայնքում գտնվող Տանձուտ գյուղում հայ մանուկները դպրոց հաճախեցին, ապա Մոշաթաղում ու Ծիծեռնավանքում, Միրիկում ու Հակում… Նույն ժամանակում վերակառուցվեց ու օծվեց Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ եկեղեցին: Այժմ Ծիծեռնավանք գյուղի Վարագ Առաքելյանի անվ. միջնակարգ դպրոցում սովորում են 31 աշակերտ՝ 6 համակարգ-դասարաններում, աշխատում 11 ուսուցիչ: Մայիսի 13-ին ՀՀ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) Քաշաթաղի տարածքային բաժանմունքի նախագահ Սեյրան Պողոսյանի հետ այցելեցինք Ծիծեռնավանք և կրթօջախում անցկացրեցինք արիության դաս: Անցած ապրիլյան պատերազմական իրադարձությունների ժամանակ Ծիծեռնավանքի գյուղական համայնքից շատ կամավորներ մեկնեցին առաջնագիծ և աչքի ընկան իրենց համարձակությամբ, կարգապահությամբ: Նրանցից Սարգիս Հարությունյանը Մայիսյան Եռատոնի առթիվ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով պարգևատրվել էր ԵԿՄ հուշամեդալով: Արիության դասի ժամանակ դպրոցում Սարգսին պարգևը հանձնեց Ս. Պողոսյանը: Արիության դասը նույնպես նվիրվեց Մայիսյան տոներին, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի՝ նախկին Լաչինի ազատագրման 25-ամյակին: Շուշիի ազատագրումից 10 օր անց Հայոց հաղթական զինվորներն ազատագրեցին Բերդաձորը, ապա՝ Բերձոր-Լաչինն ու Աղավն-Զաբուղը, որ գրավականն է 1988 թվականի բաղձանքը՝ Միացումը: Դասի ընթացքում խոսվեց Հայոց բանակի առաքելության, Արցախյան գոյամարտի ժամանակ ու դրանից հետո մեր ազատամարտիկների ու զինվորների կատարած քաջագործությունների, մարտիրոս տղաների մասին: Կարևորվեց այսօրվա մեր աշակերտների՝ իրենց հայրենիքի տերն ու պաշտպանը, հողի մշակն ու դպրոցի ուսուցիչը լինելու առաքելությունը: 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Զախարյանը տեղեկացրեց, որ որոշել է դառնալ զինվորական և այս տարի ցանկանում է ընդունվել Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվ. ռազմական ուսումնարան: Իրենց հետագա անելիքների մասին խոսեցին այլ աշակերտներ՝ կարևորելով այն, որ իրենց ցանկությունն է ներդրում ունենալ հայրենի Ծիծեռնավանքի կայացման ու շենացման գործում: Դպրոցի տնօրեն Ջուլիետտա Գրիգորյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կրթօջախը համագործակցում է հանրապետության զորամասերից մեկի հետ, փոխադարձ այցեր են կատարում:
Մայիսի 6-ին դպրոց է այցելել զորամասի ներկայացուցիչ, մայոր, Արցախյան ազատամարտի վետերան Արթիկ Ազարյանը: Տեղի է ունեցել տոնական միջոցառում: Գեղարվեստական մասով հանդես են եկել դպրոցի սաները: Մայիսի 9-ին նույն զորամաս են այցելել դպրոցի սաները, ուսուցիչներ՝ տնօրենի գլխավորությամբ։ Այցին օժանդակել է համայնքի ղեկավար Սիմոն Հարությունյանը: Աշակերտները զինվորների համար նվերներ, քաղցրավենիք ու նամակներ են տարել, ելույթ են ունեցել ռազմահայրենասիրական երգերով: Երեկոյան Ստեփանակերտում ներկա են եղել տոնական համերգի: Արիության դասին ներկա էին դպրոցի զինղեկ, լեյտենանտ Հայկ Հարությունյանը, ուսուցիչներ, համայնքի ղեկավարը: Դասից հետո զրուցեցինք ուսուցչական անձնակազմի հետ: Այս ուստարում դպրոցը 10-12-րդ դասարաններ չունի: տարրական օղակում կա 16 աշակերտ, որից 7-ը՝ 4-րդ դասարանում: 9-րդում սովորում են 5 աշակերտ՝ 3 աղջիկ, 2 տղա: Աշակերտներից 6-ը գալիս են հարևան Մելիքաշեն գյուղից հատկացված մեքենայով: Ուսուցիչներից 3-ը՝ Վիկտորյա Հարությունյան, Սյուզաննա Առաքելյան և Անի Պետրոսյան, դպրոցի նախկին սաներն են: Գրադարանից օգտվում են նաև համայնքի բնակիչները: Դպրոցական շենքը բաղկացած է միհարկանի 2 մասից, որոնց արևմտյան պատերը կից են հողաթմբի, և այդ պատճառով դասասենյակներում խոնավություն կա: Կրթօջախն ունի նաև ռուսաց լեզվի, մաթեմատիկայի, անգլերենի ուսուցչի պակաս: Դասագրքերի, դիդակտիկ նյութերի գույքի խնդիր չկա: