Մհեր Քումունց
Հրայր Պետրոսյան
Տաթևի կամ Ցաքուտի ջրանցքը միջնադարի ջրաշինարարական եզակի և հայտնի կառույցներից մեկն է: Այն եղել է դժվար կառուցվող ջրանցքներից և աչքի է ընկել իր երկարությամբ: Շինարարական խոշոր աշխատանք է կատարվել ջրանցքը կառուցելու համար. «Շատ չարչարանքով և մեծամեծ ծախսերով ջուրը բերել էր Ձագեձորի լեռներից և հասցրել մինչև Ցաքուտ, որը գտնվում է գետի այն կողմում՝ վանքի դիմաց»[1]: Ցաքուտը Տաթևի վանքի արևելյան մասում է՝ Որոտան գետի ձախ ափին՝ մոտ 200 հա տարածքով: Այստեղ հողը քարքարոտ էր ու փշալից՝ ցաքուտ[2]: Որոտան գետը ոռոգման համար անհնար էր օգտագործելը, որովհետև այդ մասում գետը մտնում է Հարժիսի հարավային կիրճը: Մինչև Հալիձոր գյուղի սահմանը Որոտանը անցնում է 600-800 մետր խորությամբ[3]: Ցաքուտ վայրը մշակելու և բարեբեր դարձնելու համար վանական միաբանությունը որոշում է կառուցել ջրանցք: Տաթևը ունի առու-գետակներ՝ Ղանձու, Քրհանուց և Ջուղանի, որոնք կազմում են են Տաթև փոքրիկ գետակը: Այն Օփա քարի և Ցուրաբերդի մոտով հոսում ու Տաթևի մեծ անապատի մոտ միանում է Որոտանին: Այս գետակը, նրա վտակ-առուներն էլ հարմար չէին Ցաքուտի ոռոգման համար հատկապես ջրի սակավության պատճառով[4]:
Տաթևի վանահայր և Սյունյաց եպիսկոպոս Հակոբը (918—958), «աներևոյթ իմն զօրացեալ ի բանէն Աստուծոյ[5]» Սյունյաց իշխան Վասակի որդի իշխան Փիլիպեից գնում է այսօրվա Վերիշեն և Ակներ գյուղերի հյուսիսարևմտյան մասով հոսող Վարարակնի աղբյուրների[6] ջուրը «տասներկու հազար դրամով և մեկ փայլուն ջավահիրով, որի արժեքն ու որպիսությունը շատերը չգիտեին»[7]:
Տարածքը «վարդաստան ու ծառաստան» է դառնում: Ս. Օրբելյանը նշում է, որ այստեղ տնկված այգիներում աճեցնում էին ձիթենիներ, թզենիներ, նռնենիներ, ազնիվ տեսակի խաղողի որթեր և զանազան պտղաբեր ծառեր՝ «ի վայելումն սուրբ հայրապետացն» և աղքատների համար. «Եվ ապա այստեղ տեսնելով մի գեղեցիկ բլուր՝ նրա գլուխը հարթել տվեց, պարսպապատեց, ներսի կողմը ծառայեցրեց իբրև հաճելի դիտանոց…շինեց գմբեթահարկ մի խորան՝ շատ հրաշալի կառուցվածքով»[8]: Մինչև օրս էլ կա այդ կառույցը՝ կիսախարխուլ վիճակում[9]. «Հեռվից նայողը կասի, որ այդ բլուրը արհեստական է, իսկ եկեղեցու մի մասը կարծես գտնվում է բլրի տակ: Բլրակի չորս կողմում կան կիսավեր շինություններ»[10]: Ապա Հակոբ եպիսկոպոսը իր ձեռքով կազմում է կալվածագիր-արձանագրություն՝ ջրի իրավունքի գնման մասին. «Ես՝ Յակոբ, շնորհիւն Աստուծոյ Սիւնեաց եպիսկոպոս, գնեցի զՎարարակ ջուրն յաստուածապահ Փիլիպպէէ Սիւնեաց տեառնէ ընդ երկոտասան հազար դրամի և մի պատուական գոհարի, և բազում ծախիւք և մեծամեծ աշխատութեամբ վերին օգնականութեամբն ածի զջուրն ի լեռնէն Ձագէձորոյ և բերի ի Վարդուտս…»։[11]
Եպիսկոպոս Հակոբը նշում է, որ «ո՛չ նորիքցիները, ո՛չ խոտանանցիները, ո՛չ շնհերցիները կամ հալիքցիները, ո՛չ էլ այլ որևէ մարդ» իրավունք չունեն ջրից օգտվելու: Ջրից բացառությամբ պիտի օգտվեին մարդիկ և կենդանիները միայն խմելու համար: Չի կարելի ջուրը կտրել ոռոգման նպատակով: Որքան էլ որ զարմանալի, բայց ջրի վրա նզովք[12] է դրվում. «…նզովված լինի աստծուց, սուրբ նշանից, Նիկիայում հավաքված երեք հարյուր տասնութ հայրապետներից, բոլոր սրբերից ու մեր կողմից»[13]:
Պարզվում է, որ մինչև եպիսկոպոս Հակոբի ջրաշինարարական աշխատանքները այստեղ եղել է ջրամբար, որով ոռոգվել են Ակներ գյուղի հյուսիսարևելյան լանջերը: Այսօր էլ նկատվում է, որ ջրի ակունքից ներքև նախկինում ծառաստան է եղել, այլև քարերից մաքրված տարածքներ, որ օգտագործվել են որպես վարելահող: Վայրը, ըստ էության, բարեբեր է բուսականության համար. խոնավ, բուսածածկ ավազաններ: Վարարակնի ակունքից[14] մոտ 1 կմ ներ-քև՝ ձորափին՝ Վարարակնի ակունքից զառիվար, բնակավայրի հետքեր են պահպանվել: Այդ են վկայում նաև Ակների սարավանդից ժայռեղեն բլուրով բաժանվող մասի՝ Ղլվինդարայի շրջակայքի ժայռափոր քարանձավները և բերդի մնացուկները: Ակնեցիները այստեղ հնագույն սուրբ էլ ունեն՝ Խաչին օս: Այսօր նշված տարածքի հարթությունները օգտագործում են խոտհարքի և արոտավայրերի համար:
Բնակավայրը հավանաբար դատարկվել է Վարարակնի ջուրը վաճառելուց հետո. «Աստծու կամքով ես՝ Սյունյաց տեր իշխան Վասակի որդի Փիլիպես, իմ կամավորությամբ Վարարակն ջուրը վաճառեցի սուրբ Գրիգոր եկեղեցուն…»[15]:
Հնարավոր է, որ այս հին բնակավայրը լինի Ս. Օրբելյանի նշած Նորաշենիկ՝ 6 միավոր հարկով գյուղը: Թե՛ եպիսկոպոս Հակոբի, թե՛ Փիլիպի թողած գրություններում նշվում է «նորիքցի», որ համապատասխանում է Հաբանդ գավառի Նորաշենիկ գյուղին: Հաբանդում «նոր» բաղադրիչով այլ գյուղ չի հիշատակվում: Այս գյուղը Ս. Օրբելյանի մոսկովյան հրատարակության մեջ նշվում է Խանածախ և Վաղատուր գյուղերից առաջ[16], իսկ նոր հրատարակության մեջ՝ Վաղատուր գյուղից առաջ[17]: Երկու դեպքում էլ համընկնում է այն տարածքին, որ ձգվում է Ակների հյուսիսային մասից մինչև այսօրվա Վաղատուր գյուղը: Սրանց միջանկյալ մասում միակ տեղն է, որ բնակավայրի հետքեր կան: Ս. Օրբելյանը Նորիք գյուղը նշում է Վայոց ձոր գավառում: Ակնհայտ է, որ ջրանցքը սրա հետ կապ ունենալ չի կարող: Նման անվամբ մի գյուղ էլ հիշատակում է Ծղուկ գավառում՝ 12 միավոր հարկով՝ Ցուր գյուղից առաջ: Վերջինս գտնվել է Ցուր գյուղի հարևանությամբ: Դա նկատելի է ոչ միայն հարկացուցակում նշված հերթականությունից, այլև պատմության մեջ ընդգրկված շարադրանքից. «…քանդեց և հիմնիվեր բնաջնջեց անիծաբնակ Ցուրա քարը, Ձագիկ իշխանի որդի Փարաջից հոգեբաժին նվեր վերցրեց Բոլորաքարը՝ իր ողջ սահման[ներ]ով, բացի Նորիքի վանքի բաժնից»[18]: Մյուս դեպքում Նորիք գյուղը հիշատակվում է պատմության ԽԱ գլխում[19]՝ որպես հայրապետ Տեր-Հովհաննեսի ծննդավայր: Մի ուրիշ մասում նշում է Բոլորաքարի գնման մասին, որ պատկանում էր Նորիքին[20]: Խոսք չկա, որ վերոբերյալ երեք հիշատակումները վերաբերում են Ծղուկ գավառի Նորիք գյուղին: Սակայն եթե այս ջրանցքը հասած լիներ Ծղուկի Նորիք, որ գրեթե անհնար է, գրություններում պետք է հիշատակված լիներ նաև Հարժիսը /Հարժիքը/, որը ընկած է մինչև Ծղուկի Նորիք գյուղի մասերը, այսինքն՝ ջրանցքը պետք է կտրեր Հարժիսը և նոր միայն կոր տալով իջներ դեպի Խոտ /Խոտանան/, Շնհեր, Հալիձոր, Տաթև: Այդ կերպ ջրանցքի երկարությունը պետք է կրկնապատկվեր, որի դեպքում էլ ջրի կորուստ կլիներ: Բացի այդ՝ Ս. Օրբելյանի մեջբերած երկու հիշատակումներում էլ սկզբնապես դրված է «նորիքցիների» գյուղը, որին հաջորդում են մյուս երեքը, իսկ Հաբանդն գավառի հարկացուցակում նշված Նորաշենիկը ընկնում է Վաղատուրից առաջ: Այստեղ հնարավոր է հակասություն առաջանա, այսինքն՝ եթե նկատի է ունեցել Նորաշենիկը, ապա պետք է հիշատակվեին նորաշենիկցիները[21]: Նկատելի է նաև, սակայն, որ մյուս գյուղերի անվանումների պահպանմամբ չեն նշված բնակիչների անվանումները. հմմտ.՝ խոտանանցի /Խոտ/, շնհերցի /Շնո հերք/, հալիքցի /Հալե/ և այսպես նաև՝ նորիքցի /Նորաշենիկ/[22]:
Շուրջ 35 կիլոմետր երկարություն ունի Տաթևի ջրանցքը, որի կառուցման համար պահանջվել է ճեղքել ժայռեր, հարթեցնել բլուրներ, բացել ջրատար ճանապարհներ, որը կատարել են վանքապատկան գյուղերի շինականները՝ որպես հարկ Տաթևին:
Ջրանցքը վայրկյանում վերցնելիս է եղել մոտ 200 լիտր ջուր[23], բայց XIII դարում այն զգալիորեն ավերվել է, և պակասել նրա ջրթողունակությունը[24]։ Ականայի ջրամբարը 1294թ. վերանորոգում է վանահայր Հովհաննեսը[25], ով Պուզտին սարի բարձունքում՝ ժայռից պոկված մի մեծ վեմի վրա, որ կոչում են Ճղածքար, թողնում է արձանագրություն[26]. «Յամի յորում էր թվ. ՉԽԳ (1294)։ Ես տէր Յոհաննէս կամաւն Աստուծոյ և աղաւթիւք հոգևոր հաւր իմո տէր Հայրապետա տարա զջուրս Վարարական ի Վարդուտն, զոր աստուածապատիւ և հոգևոր տէր Յակոբ գնեալ էր և արարեալ բազում աշխատութեամբ և արդեամբք, զխափանեալն ի բազում ամանակաց կրկին նորոգեցաք յիշատակ մեզ եւ նախնեաց մերոց. որք հանդիպիք սուրբ երրորդութամբ յիշեցէք ի Քրիստոս»[27]: Այն հավանաբար գործել է մինչև 1386 թ.՝ Լենկթեմուրի հորդաների՝ Սյունիքը ասպատակելը[28]:
Ճղածքարի (տեղացիների կողմից երբեմն անվանվում է Տերտերի քար[29]) շրջակայքում պահպանված են հին ջրամբարի հետքերը: Պահպանված են նաև ջրամաքրման երեք ակոս: Այս տարածքը տեղացիները կոչում են Ծիլիկա փոս կամ Թիփինի ձոր: Զարմանալի ձորակ է. հոկտեմբեր ամսին այստեղ մասրենին ծաղկում է, իսկ հանդիպակաց լանջերի և ձորերի համեմատությամբ աշնանն այստեղ կանաչ է և բուսառատ: Պուզտին սարից քիչ հարավ գտնվում է Ակների հայտնի ջրապահոցը, որը մատակարարում է ողջ տարածքին: Նրանից ներքև գտնվում է Սդեղին գյոլ տարվող նոր ջրամբարը: Խորհրդային շրջանում նոր ջրամբարից ներքև կառուցել են երկու հիդրոէլեկտրակայան՝ մեկը Ակներ գյուղի արևմտյան մասում, մյուսը՝ Պուզտին սարի զառիվար հատվածում: Սրանք ժամանակին ծառայել են Գորիսի հյուսիսային բնակավայրերի և այս տարածքի գյուղերի էլեկտրականության մատակարարմանը: Այս գեղեցիկ շինություններից վերինը անմխիթար վիճակում է, իսկ գյուղամերձինը վերաշինվել և գյուղի արարողությունների համար սրահի է վերածվել:
Ճղածքարի տարածքում գտանք նաև մի խաչքար: Այն ավելի շատ գերեզմանաքարի է նման՝ առանց արձանագրության:
Դրանից ներքև շրջված մի մեծ քար էլ կար: Տպավորությունն այնպիսինն էր, որ այն մշակված է:
Մինչ գրությամբ վիմաքարին հասնելը՝ կենդանիներին ջրելու համար կառուցած արհեստական ավազան-աղբյուրի մոտ գտնվեց ծակոտկեն մեծ քար: Նման մի քար էլ գտնվել է Քարահունջ գյուղի հարավում: Մեր ուսումնասիրության շրջանակից դուրս է նրանց վերաբերյալ կարծիք հայտնելը[30]:
Վաղեմի այս ջրամբարը իսկապես նպաստավոր է եղել Տաթևի վանքի համար: Այսօր նրա հետքերը առանձնապես չեն պահպանվում մինչև Տաթև ընկած հատվածում. «…եթե եկեղեցու տեղը կիսավեր պահպանվում է, ապա ջրանցքի տեղը ընդհանրապես չի երևում: Վարդուտ դարձած տարածքը այժմ նորից դարձել է Ցաքուտ» [31], սակայն Ս. Հախվերդյանը[32] նշում է, որ Ցաքուտում ճանապարհի շինարարության ժամանակ բացվել են կավե զույգ խողովակներ՝ քյունգեր[33]: Այո՛, կան կավե խողովակներ, բայց դրանք բավականին փոքր են, և կարծում ենք, որ թերևս նախատեսված են եղել ջրանցքի ջրի մի փոքրիկ մասը կիսելու համար: Այդպիսի խողովակներ գտնվել են նաև Սիսիանի Դարաբաս գյուղում:
Ցավոք բավարար ուսումնասիրված չեն ինչպես ջրամբարի անցկացման[34] ճանապարհը, այլև ընդհանրապես այս տարածքը: Բազմաթիվ հարցեր դեռևս մնում են առկախ, որոնք վերաբերում են ինչպես Ս. Օրբելյանի նշած գյուղերի տեղադրությանը, այնպես էլ պատմահնագիտական, ժամանակագրական բազմաթիվ հարցերի:
[1] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986, էջ 226:
[2] Ցաքը թփանման բույս է, որ ունի սուր փշեր և Սյունիքում օգտագործվում է ցանկապատերի համար:
[3] Տե՛ս ՀՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Ե., 1971, էջ 402։
[4] Տաթևի տարածքի ջրերի մասին կարելի է տեսնել Ս. Պողոսյան, Տաթևի համառոտ պատմություն, Ե., 2007, էջ 20:
[5] Ս. Օրբելյան,Պատմութիւն տանն Սիսական, Մոսկվա, 1861, էջ 184:
[6] Աղբյուրները հավանաբար անուններ ունեն, դրանցից երկուսի անունը ճշտեցինք՝ Երկար աղբյուր և Քաշկառի աղբյուր: Այս մասին տե՛ս www.sarc.am, Ա. Բաբայանի կազմած աշխարհագրական անունների բառարանում:
[7] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986, էջ 226:
[8] Նույն տեղում:
[9] Ցաքուտի շինության մասին տե՛ս www.hushardzan.am:
[10] Ս. Պողոսյան, Տաթևի համառոտ պատմություն, Ե., 2007, էջ 47:
[11] Ս. Օրբելյան, Պատմութիւն տանն Սիսական, էջ 186:
[12] Ժողովրդի կողմից այս անեծքը խորն է ընկալվել, և նույնիսկ Քարահունջ գյուղի բանադրանքը, որ հետագայում հանել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը, կապում են այս ջրից միամտաբար գողանալու հետ: Ահա այսպես է ներկայացնում. «Ճանապարհին տեսանք Քարահունչ անունով մի ավեր գյուղ, որը բանադրված /անիծված/ էր Տաթևի առաջնորդների [կողմից]։ Աղերսեցին ինձ արձակել [բանադրանքը], և ես, տեղի տալով, արձակում և օրհնություն տվեցի [այդ] գյուղին։ Այնտեղ կար սրբատաշ քարով կառուցված մի եկեղեցի»։ Այս մասին տե՛ս Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան, մաս Ա, Բ, Ե., 2016, էջ 493 /Գրաբարից աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները` Ս. Գրիգորյանի/:
[13] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 226:
[14] Վարարակնի ակունքը սխալ է տեղադրում Ե. Լալայանը. Նշում է Ուչ-թափալար լեռնաշղթա, բայց Ուչթափան այդ վայրում չէ, ու երբեք էլ Իշխանասարը չի համարվել Ուչ-թափալար լեռնաշղթայի մաս:
[15] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 226:
[16] Տե՛ս Ս. Օրբելյան,Պատմութիւն տանն Սիսական, էջ 375:
[17] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 399:
[18] Նույն տեղում, էջ 253:
[19] Նույն տեղում, էջ 205:
[20] Նույն տեղում, էջ 271:
[21] Չենք կարող վստահապես հաստատել բնակավայրերի այս տեղադրությունը կամ հերթականությունը: Սա ընդամենը կարծիք է և կարող է հակառակ տարբերակի հանդիպել: Այսպես, օրինակ, այս տեսակետին կարող է հակակշիռ լինել այն հանգամանքը, որ Ծղուկ գավառի սահմանները հատել են Խոտ, Շինուհայր և Հալիձոր գյուղերը: Ուրեմն հնարավոր է, որ նրանցից առաջ ընկած լիներ Նորիք գյուղը, որը գտնվում էր Ծղուկ գավառում՝ Խոտ, Շինուհայր, Հալիձոր գյուղերից հյուսիս-արևմուտք ընկած մի տարածքում՝ մինչև Հարժիս ընկած մի հատվածում:
[22] Այս առիթով Սյունիքի պատմության մշակ, բոլորիս կողմից սիրված հեղինակ Ս. Հախվերդյանը այլ նկատառում ունի. «Օրբելյանը Նորիք անունով գյուղ Հաբանդի գյուղացուցակում չի նշում, այն մտնում էր Ծղուկ գավառի մեջ: Քանի որ Հաբանդ գավառի սահմանը Ծղուկի հետ վերջանում էր Հալիք-Հալիձորի տարածքում, պետք է կարծել, որ Նորիք գյուղը գտնվել է ջրանցքի վերջնամասում՝ Սատանայի կամրջի կիրճում, այնպիսի տեղ, ուր կարող էր հասնել ջրանցքի ջուրը»: /Այս մասին տե՛ս Ս. Հախվերդյան, Գորիսի ամփոփ պատմություն, Ե., 2005, էջ 89/
[23] Գր. Շիրմազան, Դրվագներ Հայաստանի ոռոգման պատմությունից, Ե․, 1962, էջ 158։
[24] Ս. Վիրաբյան, Միջնադարյան հայաստանի ջրաշինարարության և ջրօգտա-գործման պատմությունից, Պատմա-բանասիրական հանդես, № 1, Ե., 1975, էջ 148:
[25] Г. Григорян, Очерки истории Сюника IX-XV вв., Е., 1990, ст. 230.
[26] Բնակիչներն այդպես են անվանում մոտ երկու մետր երկարությամբ և մեկուկես մետր լայնությամբ վեմ-հուշակոթողը:
[27] Դիվան հայ վիմագրության, II, Ե., 1960, էջ 78:
[28] Հնարավոր է, որ ջրանցքի ավերումը կապվի 13-14-րդ դարերում Սյունիքի երկրաշարժների հետ՝ 1295, 1309, 1319, 1321: /Այս մասին տե՛ս Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 6, 1975, էջ 84/
[29] Ջրամբարը այս տարածքում կոչվել է Տերտերի առու:
[30] Այս մասին կարելի է տեսնել Д. Бродянский, каменные рельефы- «чашечная» традиция на дальнем востоке., Россия и АТР., 2006, № 1, ст. 105—109.
[31] Ս. Պողոսյան, նշվ. Աշխ., էջ 47:
[32] Ս. Հախվերդյանի Գորիսի ամփոփ պատմության մեջ բերված է նաև ջրանցքի կա-ռուցման հետ կապված մի ավանդություն, որն այստեղ չենք վկայակոչում ծավալուն լինելու պատճառով: /Տե՛ս Ս. Հախվերդյան, նշվ. աշխ., էջ 88/:
[33] Ս. Հախվերդյան, նշվ. աշխ., էջ 88:
[34] Ջրանցքի ջրագրական մասնակի տեղեկություններ հաղորդում է Գր. Շիրմազանը Ակների և Գնդեվանքի ջրանցքները., «Աշխատություններ», Պատմության ինստիտուտ, թիվ 1, Ե., 1935: