«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»:
Բնությունը Քաշաթաղում արդեն զարթոնք է ապրում, և ժամանակն է նոր այգիներ հիմնելու, սերմը հողին հանձնելու: Ժամանակն է բնությանը վերադրձնել նրանից վերցրած՝ կտրված ծառերի փոխարեն նորերը տնկել: Այս առումով մեծ է Երևանի պետական համալսարանի դերը Քաշաթաղի շրջանում, հատկապես շրջկենտրոն Բերձորում: Շրջանի կազմավորման առաջին օրերից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն ստեղծեց «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը և սկսեց օժանդակել քաշաթաղցիներին: Բացի բարեգործությունից, Գ. Մելիքյանն առավել կարևորվեց քաղաքամերձ պուրակներ հիմնելը, և յուրաքանչյուր գարուն ու աշուն Բերձորում ավելացան դրանք: Երևանյան մայրուղու եզրերն արդեն հարյուրավոր ընկուզենիներ են զարդարում, մի մասն արդեն բերք է տալիս: Պուրակների հիմնումն իրականանում է Հայոց մայր բուհի ղեկավարության և առավելապես ուսանողության ուժերով: Հիմնված պուրակները հիմնականում անվանակոչվում են ի պատիվ հայ մշակույթի նշանավոր գործիչների և Արցախյան գոյամարտում մարտիրոսված քաջորդիների: Նման հանգստի գոտիներ կան արդեն Մոնթեի, Դուշման Վարդանի, Թաթուլ Կրպեյանի, Ստեփան Ալաջաջյանի և այլոց անուններով: Մարտի 19-ին Բերձոր-Գորիս մայրուղու վրա՝ Ներքին Սուսի գյուղական համայնքի հարևանությամբ՝ Հակարի գետի ձախ ափին, իրականացավ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանի (22, 11. 1942, Թբիլիսի — 21, 06. 1992, Տոնաշեն) 75-ամյակին նվիրված պուրակի հիմնումը: Ծառատունկին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ռեկտրատի աշխատակիցներ, տարբեր ֆակուլտետների դասախոսներ, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակիցներ:
Մինչ ծառատունկը ԵՊՀ ռեկտորի և Գ. Մելիքյանի կողմից բացվեց պուրակի ցուցանակը: Ա. Սիմոնյանն այս առթիվ ասաց.
-Լեոնիդը համալսարական էր, և մենք բախտ ենք ունեցել տեսնել նրան, աշխատել հետը: Այսօր հիմնում ենք նրա ավան պուրակը և ոգեկոչում խոր հարգանքով ու համոզվածությամբ, որ նրա գործը շարունակվում է և կշարունակվի երիտասարդների կողմից: Նա առաջինն էր, որ սկսեց խոսել կանոնավոր բանակ ստեղծելու մասին, քանի որ ֆիդայական շարժումով ազգային պայքար հաղթական լուծում չի ստանա: Լեոնիդը Երևանի պետական համալսարանի և մեր ժողովրդի հպարտությունն է: Գլուխ ենք խոնարհում նրա վառ հիշատակի առջև՝ որպես Հայոց 3-րդ Հանրապետության բանակաշինարարի:
Այնուհետև Ա. Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս օրերին հանդիպում են ունեցել առաջնագծում, տեսել հայրենիքի սահմանը պահող մեր քաջորդիներին և համոզվել՝ հերոսներ այսօր էլ են ծնվում, ծնվելու են նաև վաղը, քանի որ այդ հերոսներին սնուցող հողը սրբազան է:
-Նոր այգիներ, պուրակներ հիմնելով՝ հավաստում ենք՝ Հայրենիք ունի այս հողին ամուր կառչող մարդը, ով պատրաստ է նաև նրա համար արյուն թափել: Շնորհավորում եմ Լեոնիդին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ և մաղթում, որ դուք՝ ուսանողներդ, հետագայում ձեր զավակների հետ գաք այստեղ, վայելեք արդեն բեք տվող թթենիների ու ընկուզենիների պտուղը և հիշեք՝ ավանդ ունեք այս հայրենանվեր գործում:
Զրույցի ընթացքում Ա. Սիմոնյանը տեղեկացրեց նաև՝ Արցախի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի և Երևանի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջև նախորդ օրը ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր: ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը նշել է. «Աշխարհի յուրաքանչյուր վայրում գտնվող հայ ցանկություն ունի որևէ ձևով օժանդակելու Արցախի կայացմանն ու զարգացմանը»: Նույն օրը՝ երեկոյան, համալսարանականները հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են հայկական երկու պետությունների մայր բուհերի միջև համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Բ. Սահակյանը կարևոր է համարել նաև ԵՊՀ-ի կողմից իրականացվող հասարակական գործունեությունը և մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանն ուղղված աշխատանքը:
-Մեր նպատակն է, որ ԱրՊՀ-ն լինի իրավաբանական կադրերի պատրաստման ուժեղ դարբնոց, -հավելեց Ա. Սիմոնյանը:
Ինչպես ընդունված է, յուրաքանչյուր ծառատունկի ժամանակ Գ. Մելիքյանն է հողին հանձնում առաջին տնկին և արտասանում ամերիկահայ անգլագիր գրող Լևոն Զավեն Սյուրմելյանի (1905-1995) «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունը: Մի քանի ժամ տևեց ծառատունկը: Ոսանողները խումբ-խումբ հողում էին դնում տնկիները, շատերը գեղեցիկ ձևավորում ծառաբների բաժակները և ջրում: Տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողներն արդեն մտերմացել, ընկերացել էին, և ծառատունկն իրականացավ մեծ խանդավառությամբ, սիրով լեցուն: Պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վանիկ Եպիսկոպոսյանն անցած աշնանը մասնակից է եղել Դուշման Վարդանի պուրակի ծառատունկին: Այժմ համակորսեցի Համազասպ Աբրահամյանի հետ էին աշխատում: Պատրաստ են միշտ այցելել Արցախ: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսեցի Նելլի Ղազարյանը, նույն ֆակուլտետից Լիպարիտ Խազարյանը և պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսեցի Մարիամ Ռևազյանն միասին տնկեցին մի ծառ, որը նվիրվեց իրենց ընկերոջը՝ Կարենին՝ ծննդյան օրվա առթիվ, և կոչեցին «Կարենի ծառ» (Կարենը մնացել էր Երևանում): ԵՊՀ հայոց բանասիրության ֆակուլտետի դասախոս, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը գերազանց գնահատեց ուսանողների աշխատանքը և ասաց.
-Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյակին նվիրված պուրակը կանմահացնի հերոսի հիշատակը: Հերոս, ով առաջիններից կանխատեսեց՝ կլինի մեծ բախում, և մեր ժողովրդին պետք է կանոնավոր բանակ:
Ս. Մուրադյանը խոսեց նաև սահմանում կանգնած մեր զինվորների մասին: Տեղեկացրեց, որ զինվորների համար համալսարանականները համերգ տվեցին: Մարտական պարերի շարանով հանդես եկավ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը: Նույ պահին մեր զինվորներն առավել ուշադիր ու զգոն էին դարձել և հսկում էին համալսարականների անվտանգությունը: Երբ զրուցում էի Ս. Մուրադյանի հետ, մեր հարևանությամբ 10-12 ուսանող միասին էին աշխատում: Հետաքրքրվեցի՝ որ ֆակուլտետից են: Ասացին՝ հումանիտար հոսքի բոլոր ֆակուլտետների տարբեր կուրսերից են: Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսեցի Գևորգ Արշակյանը 4-րդ անգամ է, ինչ մասնակցում է բերձորյան ծառատունկերին: Հավատում է՝ այսօրվա տնկիներն էլ են դառնալու հզոր ծառեր: Նույն ֆակուլտետից առաջին կուրսեցի Մարիա Պետրոսյանը Երևանից է, առաջին անգամ է այցելել Արցախ: երկու Վստահ է՝ իր տնկած ընկուզենու բերքից շատերն են օգտվելու: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը մշտապես ուսանողների հետ է թե՛ Արցախում, թե՛ ՀՀ այլ վայրերում: Տեղեկացրեց, որ երրորդ օրն է, ինչ Արցախում են: Առաջին օրը ճանաչողական էր. այցելել են Դադիվանք, Գանձասար: Երկրորդ օրը եղել են զորամասում, համալսարանի ուսխորհրդի հանձնաժողովը զինվորների համար կազմակերպել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Լ. Ազգալդյանի 75- ամյակին: Երեկոյան հանդիպում են ունեցել ԱՀ նախագահի հետ: Այցին մասնակցում էին մայր բուհի ուսխորհրդի, Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստականության ակումբի, ավագների խորհրդի (կուրսերի ավագներից կազմված խորհուրդ) անդամներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ՝ ընդհանուր 85 ուսանող:
-Ներկա ուսանողների մոտ 80 տոկոսն առաջին անգամ է այցելել Արցախ,- ասաց Վ. Վարագյանը՝ հավելելով, որ բոլորն էլ գոհ են այցից և պատրաստ կրկին գալ:
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի տղաները, ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ մասնակցում էին ծառատունկին և յուրաքանչյուր տնկիի մոտ հանդես գալիս մարտական պարերով: Նրանց էին միանում ուսանողները: Այսպիսի միջավայրում կայացավ հերոսի 75-ամյակին նվիրված պուրակի հիմնումը: Զրուցեցինք Գագիկ Գինոսյանի հետ, ով եղել է Լեոնիդի զինվորը:
-Սիրով մասնակցում ենք ծառատունկին և հիանում ու զարմանում Գուրգեն Մելիքյանի աշխատասիրությամբ, աստծոհաճո առաքելությամբ: Բացի ընդհանուր ծառատունկից, մեր տնկիներից մեկը նվիրված է Լեոնիդի ուսանողական ու մարտական ընկեր Ալեքսանդր Թամանյան-Կրտսերին: Մի ծառ էլ տնկել ենք մեր խմբի՝ «Կարին»-ի անունով: Պարտավորվել ենք՝ մշտապես հոգ տանել այդ ծառերի համար, որպեսզի մեր հայրենակիցները վայելեն դրանց բերքը:
Ծառատունկից հետո կայացավ տոնական խնջույք, որի ժամանակ հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, եղան պարային կատարումներ: Երևան մեկնելիս ուսանողները կանգ առան Մոնթեին նվիրված պուրակի մոտ, որտեղ հուշաքարին գրված է հերոսի մարգարեական խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»: Հուշաքարի մոտ Ս. Մուրադյանը և Գ. Մելիքյանը հուշեր պատմեցին Մոնթեի մասին: Երևան վերադարձան իրենց կյանքը Արցախով բովանդակող համալսարանականները և հյուրերը, վստահ որ ժամանակին ճիշտ էր ասել Լեոնիդը՝ «Սա Հայաստան է, և վերջ…»:
«Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ»։
Տե՛ր, օրհնե՛ ծառն այս մատղաշ։ Ես կտնկեմ զայն ահա
Փխրուն և սև հողին մեջ, ուր պապերս կպառկին.
Ես՝ անոնց թոռը հսկա, այս հողին տերն եմ կրկին,
Ու արևուն տակ կաճիմ՝ անունն իրենց շուրթիս վրա:
Պիտի բանա ծառն այս մեծ իր բազուկներն ու հոգին,
Գրկած իր մեջ պապերուս արևոտ շունչը անմահ,
Տե՛ր, միսմինակ, նազելի, այս ծառն աղոթք մը ըլլա՜,
Ու փաթթվիլ իր մարմնույն գան սիրողները գյուղին։
Երկաթագիր պատմությունն այս մտերիմ հողերուն
Աչքիս արցունք կբերե… փառք ու մեռել շատ ունի։
Երկիրն իմ հին, ալևոր, որուն ես թոռն եմ վայրի,
Խոկումներով բեռնավոր, երազներով օրորուն…
Մեռելներուս իբրև խաչ՝ ես այս ծառը տնկեցի..