Ուշացած ահազանգ. Եղեգիսի կորսվող հնությունները

ԵՂԵԳԻՍԻ 5-ՐԴ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ

Եղեգիսի հնությունների նախասովետական շրջանի հետազոտողները բուն Եղեգիսում հիշատակում են 4 եկեղեցիների մասին, այդ թվում՝ 1. Զորաց եկեղեցի, 2. 1703թ. գյուղամեջի սագաշեն եկեղեցի, 3. Ս. Նշան կամ Ս.Կարապետ եկեղեցի: Իսկ նրանց տեսած 4-րդ եկեղեցին գտնվելիս է եղել գետի ափին, ինչպես նկարագրում է Քաջբերունին. «Եղեգիս գյուղից դեպի հարավ, գետի ափում, փլատակների մեջ կա մի պարզ եկեղեցու ավերակ, սրբատաշ մոխրագույն քարից, երկու որմնափակ սյունով, առանց խորանների: Սեղանից մնացել են միայն աստիճանները, կամարի արևմտյան կողմը քանդված է, իսկ մյուս պատերը խոր ճաքճքած: Հարավային կողմի դուռը, որ ծածկված է քարակույտերով, տանում է դեպի կից փոքրիկ մատուռը, որի միայն հիմնապատերն են մնացել» (Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողություններ, Երևան, 2003, էջ 224): Իսկ Ե. Լալայանը այդ ոչնչացված եկեղեցու մասին գրում է. «Չորրորդ ԵԿԵՂԵՑԻՆ գտնվում է գյուղից դեպի հարավ, գետի ափին, բազմաթիվ փլատակների մեջ: Շինված է եղել սրբատաշ, մոխրագույն քարից: Եկեղեցին եղել է անսյուն (նկ. 32), ունեցել է մեջտեղում երկու որմնասյուն: Չի ունեցել նաև խորաններ: Այժմ սրանց միայն կիսավեր պատերը և սեղանի կամարն են մնում: Այս եկեղեցու հյուսիսային և հարավային կողմերում կան մի-մի փոքրիկ մատուռ, կիսավեր դրությամբ: Այս եկեղեցու հարավային կիսավեր պատի մեջ կանգնած մի խաչքարի վրա կադացվում է. «Այս է հանգիստ տէր Աւագ քահանային թ. ՉԼԹ» (1290) (Ե. Լալայան, Երկեր, 4-րդ հատոր, Երևան, 2021, էջ 618):

Եղեգիսի մշակութային արժեքներով զբաղվողները չեն խոսում գետափին գտնվող վերոնշյալ եկեղեցու մասին, քանի որ այն գետնին էին հավասարեցրել և ամբողջովին ոչնչացրել սովետական շրջանում, մասամբ էլ անկախության հռչակման տասնամյակներին։ Եկեղեցուց փրկված շինաքարերի մի մասը ներկայիս տարածքի տերը կուտակել է իր այգում, իսկ մնացած քարերը (այդ թվում՝ վագրի կամ առյուծի երկու կտորը, պատկերաքանդակով քարը, որի վերևի՝ հիմնական կտորը անհետացրել են մի 10 տարի առաջ) ժամանակին կամ տարել են, կամ էլ բուլդուզերով ուղղակի բրթել-թափել են մերձակա կիրճը: Ներկայիս հետազոտողները նույնպես Եղեգիսում հիշատակում են 4 եկեղեցիների, սակայն 4-րդը նրանց մոտ ոչ թե վերոհիշյալ հիմնովին ոչնչացվածն է, այլ գյուղի կենտրոնում եղածը, որը, նախկին թուրք բնակիչների՝ իրար կպած տների հետ խառնված, թաքնված լինելով, Քաջբերունու, Ե. Լալայանի և մյուսների աչքից վրիպել է: Արտաքուստ եկեղեցիների թվաքանակը չի փոխվել՝ Եղեգիսում դարձյալ 4 եկեղեցի կա, սակայն անցյալի նկարագրությունները ներկա իրողության հետ համադրելով՝ պարզ է դառնում, որ մինչև սովետական շրջանը բուն Եղեգիսում եղել են 5 եկեղեցիներ, որոնցից մեկն այսօր ամբողջովին ոչնչացված է, և ոչ մեկը դա չի «նկատել» ու այդ մասին չի ահազանգել:

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Տեղանվան պատմական զարգացումը հայերենում («Հարժիս» սրբազան տարածքի ստուգաբանություն)

Մուտք Հարժիս[1], Հարժիք, Յաջի, Յայճի անվանումներով բնակավայրը հայ մատենագրության մեջ առաջին անգամ վկայվում է Ս.…

Փոքր Հանդի մեծ պատմությունը

1920-ական թվականներին Հայաստանում հապշտապ ընդօրինակեցին Խորհրդային Ռուսաստանի չարագործությունը և փորձեցին հետ չընկնել ռուս բոլշևիկներից և…

Հայրենական մեծ պատերազմի հետքերով․․․

Հատված Գրիշա Սմբատյանի «Բախում են դռներն ու դարպասները» գրքից

Երիցվանք-Արծվանիկ վանական համալիրը և բնակավայրը

Տպագրված է՝ Էջմիածին։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, 2023, հատոր Ձ…