ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
Այս տարվա սեպտեմբերին նրանից նամակ ստացա .
«Փարիզ եմ: Ձանձրանալու ժամանակ չունեմ, բայց սրտումս կարոտ կա:
Երեկ, «Աշխարհ»-ի խմբագրատանը խոսքս սկսեցի քո բանաստեղծությամբ` «Օրը մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի»: Մեր հացի համը ոչ մի տեղ չկա: Գնա, Եռաբլուրի արտերից մի փունջ հասկ քաղիր, հեղի արա ու կեր իմ փոխարեն…
Ոտքերս այստեղ են, գլուխս այնտեղ` Լաստին խութի չեչոտ քարին: Սիրտս Ղաթրինի ձորի քերծից կախված թզենու սաղարթների մեջ է, Շալուն Անդրանիկենց պատշգամբում, Ադուշ ամու տան կտուրին:
Ի՞նչ եղավ գյուղ գնալդ: Գնա, Երևանը չի փախչի, գնա: Հայրիկիդ մոտ երկար մնա, որ կարոտն առնի, մեղք է: Երբ կարոտներդ առնեք պրծնեք, գնա Գորիս: Ցուրտ աղբյուրի քարը կհամբուրես, հետո կչոքես ու բռով մի կուշտ ջուր կխմես: «Քարահունջ» էլ: Չափավոր: Ուխա՜յ: Ինչպես քիրվա Շամիրը կասեր՝ լազա՜թ:
Գորիս գնալիս մեր տանը կմնաս, մայրիկը մենակ է, թող նա էլ իմ կարոտն առնի քեզանից: Առավոտները առանց նախաճաշելու տնից դուրս չգաս, մայրիկը կանհանգստանա: Երեկոները չուշանաս, մայրիկի քունը չի տանի: Բաբուն Տիգրանին անպատճառ կտեսնես, կհետաքրքրվես` թոշակն ավելացրին, թե չէ:
Քարահունջ մտնելիս` Ալբերտի վիճակն իմացիր, տես ի՞նչ նոր բաներ է գրել: Կարդա, խորհուրդներ տուր, Կուքեր ամուն ասա, թող հորովել երգի, ականջ արա:
Ծարավել եմ ջուր բերեք
Բալաջանի ձյուն բերեք…
Մեր հորովելը թևերը թափ տալով, եկել մտել է Փարիզի դահլիճները: Ականջդ կանչի, Կուքեր ամի:
Իմ այս հանձնարարությունները կատարելուց հետո, միտդ կբերես ինքդ քեզ: Քեզ լավ պահիր` մինչև գամ: «Օրը մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի»…
Փոքրիկ, մտերմական այս նամակում պարզ երևում են ճշմարիտ գրողի մարդկային առաքինությունները: Գրող, որ կապված է իր բնաշխարհի հողին ու քարին, օժտված նրա խստաբարո քնքշություններով: Գրող, որ կիսում է իր ժողովրդի ցավերն ու հոգսերը, ինչպես հացն են կիսում, ու երջանկանում է նրա ուրախություններով: Գրող, որ ապրում է մարդկանց կյանքը թեթևացնելու, նրանց բարություն անելու և նրանց փոխարեն խոսելու համար:
-Էհ, այնքան էլ հաճելի բան չի հիսունին հասնելը,- ասում է Սերո Խանզադյանը,- բայց երիտասարդության սահման ո՞վ է որոշել: Քանի մարդ կարող է մարդիկ ապրեցնել, հասնել նրանց նեղ օրին, ուրեմն դեռ երիտասարդ է: Տարիքն իրավունք չունի իր մատը խառնելու սրտի գործերին: Դեռ այնքա՜ն բան կա անելու: Պետք է շտապել… Պետք է կորցրածի տեղը հանել, ետ շահել կորցրածը, իսկ իմ սերունդը շատ բան է կորցրել: Նա անցել է 21-ի սովի միջով, 33-ի պակասությունն է հաղթահարել, 37-ի մութ կասկածներն է տեսել, իր արյունով հանգեցրել է 41-45 -ի մեծ հրդեհը: Կորուստներով հարուստ իմ սերունդը: Նա սովորելու, ստեղծագործելու ժամանակ քիչ է ունեցել: Բայց ո՞վ իմանա, գուցե ոչ մի համալսարան այնքան բան չտար իմ սերնդին, որքան նրա դժվարին և իմաստալից կյանքը… Պետք է կյանքին վերադարձնել նրա տվածը:
Իսկ կյանքը Սերո Խանզադյանին բան չի խնայել, նա տվել է տեսածը վերաստեղծելու կարողություն, մարդկային սրտի ձայները որսալու ձիրք, փնտրածը գտնելու կորով, արդարն ու բարին փառաբանելու չկրկնված և անկրկնելի տաղանդ ու ոճ:
Սերո Խանզադյանի կյանքը պատմելու համար կարելի է գրել պոեմ, վեպ, մենագրություն: Բայց այդ կյանքը պատմելու համար մարդկային երկու կյանք է պետք: Երկու կյանք, որովհետև նա ապրում է արագ, քայլում է արագ, խորհում և գրում է արագ:
Աշխատասիրության և ստեղծագործական կարգապահության նախանձելի օրինակ է Սերո Խանզադյանի կյանքը:
«Մեր գնդի մարդիկ»-ը գրելիս նա արդեն հատվածներ էր կարդում «Հող»-ից: Եվ այդ ժամանակ հրատարակեց «Լալ Համազը» և «Որոտանի կիրճում» ժողովածուները: «Հողը» գրելիս հատվածներ էր կարդում «Մխիթար սպարապետ»-ից: Եվ այդ ժամանակ հրատարակեց «Դեպքեր լեռներում», «Քարանձավի բնակիչները» և «Կարմիր շուշաններ» գրքերը: «Մխիթար սպարապետ»-ը գրելիս, գլուխներ էր պատմում «Քաջարան»-ից ու տպագրության էր պատրաստում «Կորած արահետներ»-ը: «Քաջարան»-ը գրելիս տպագրեց «Մեծ դաշտի աստղը» վիպակը: «Քաջարան»-ի մասին ընթերցողներն արդեն նպաստավոր տպավորություններ են փոխանակում և տպագրության է հանձնված «Մաքուր պահիր այս հողը» վիպակը…
Մարդկային ճակատագրերի կենդանի պատմություններ են այս գրքերը, հայրենի հողի բնավորության նկարագրեր, հայրենի բնօրրանի անմոռաց պատկերներ, հատված-հատված և ամբողջական Հայաստանի աշխարհ` իր պատմությամբ, ներկայով, իր գոյատևության իրավունքով:
Հողի մարդ է Սերո Խանզադյանը և հողի խանդավառ երգիչ: Չկա Հայաստանում մի քառակուսի կիլոմետր, ուր չլինեն նրա ոտնահետքերը:Չկա մի գյուղ, ուր նա գիշերած չլինի: Չկա մի խաչքար, որի մամուռը մաքրած ու եղծված գրերը վերծանած չլինի Սերո Խանզադյանը: Մեր ժողովրդական ստեղծագործության հմուտ գիտակ է նա: Գիտակ է նաև մեր պատմության… Ու դեռ շարունակում է սովորել ժողովրդից…
Վերջերս պատահմամբ ձեռքս ընկավ նրա գրառումների տետրը: Բացեցի պատահական մի էջ, «Հին ժամանակ մեր քաղաքի վաճառականները, որ ուզում էին մատաղ անել, մատաղացուի փողը բերում էին, փոխում իմ փողի հետ, որ մատաղը ընդունելի լինի:
Ես դարբին էի, իմ վաստակն արդար էր»: Սերո Խանազադյանն իր կողմից ավելացրել է . «Այս խոսքն ասող Գետաշենցի Մուխի դայու հոգեբանությունը հասկանալն է, նա արդար քրտինքով ապրող մարդ է: Իսկ վաճառականների հոգեբանությունը մինչև հիմա չէի հասկանում: Ուրեմն նրանք գիտակցում են, որ իրենց վաստակը մաքուր չի: Գիտակցում են: Վերջին հաշվով նրանք էլ մեղք են, գիտեն արդար վաստակի գինը և շարունակում են հարամություն անել: Ո՞վ է ստիպում…
Մի աշուն գնացել էինք Գորիսի գյուղերից մեկը, ուր ուսուցչություն էր արել Սերո Խանազադյանը: Գյուղում հարասնիք կար, և մեզ կանչեցին:
Խանզադյանի ներկայությունը կրկնակի ուրախություն էր պատճառել հարասանքավորներին` որ նրա նախկին սաներն էին, ծանոթները, բարեկամները:
Խմեցին Խանզադյանի կենացը, շնորհակալություն հայտնեցին լավ գրքերի համար, այն բանի համար, որ իրենց պարզերես է անում և մանավանդ, որ իրենց չի մոռանում:
-Հա,- շնորհակալական խոսքում ասաց Խանզադյանը,-հաճոյախոսությունը լավ բան է, բայց վայ հավատացողին: Եթե ձեր այդ մեծ-մեծ խոսքերին հավատայի, ինձանից բան դուրս չէր գա: Իմ բոլոր գրքերի, իմ արած-դրածի համար ձեզ եմ պարտական, շնորհակալ եմ ձեզանից: Էն Իշխանասարի գլխի ամպը տեսե՞լ եք, որ անձրև է թափում, թեթևանում, կամաց-կամաց գլորվելով գալիս, մտնում է ձորը, գետից ջուր խմում, գնում: Գնում է, որտեղ մի ցամաք ածու է տեսնում, թևերը թափահարում է, վրան ջուր շաղ տալիս ու շարունակում ճանապարհը: Էդպես էլ ես: Հենց որ դատարկվում եմ, գալիս եմ էս ձորերը, լցվում ձեր խոհ ու խոսքով, ձեր ծիծաղով ու արտասուքով, ձեր լավ-լավ երազներով… Էն ամպի պես էս ձորերից ջուր եմ առնում-տանում, որտեղ մի ծարավ, պապակ սիրտ եմ տեսնում, տալիս եմ նրան, որ հովանա, զարթանա: Մեր հողն ու իր հոգին անբաժան են: Հոգին հողով է հարստանում, հողը` հոգով»…
Հողի և հոգու դաշնություն է Սերո Խանզադյանի համով ու հոտով, կենդանի ու թրթռուն ստեղծագործությունը:
Ի՞նչ ցանկանանք մեր սիրելի հոբելյարին, նրա կյանքի այս նշանակալից պահին, երբ երջանիկ լինելու համար ամեն ինչ առատորեն տրված է նրան:
Եղբայրաբար սեղմենք նրա կարող ու ազնիվ ձեռքը և մաղթենք երկար կյանք ու ամուր քաջառողջություն՝ ի բարօրություն մեր մշակույթի, մեր հոգևոր աշխարհի: