Ոչ թե Քարահունջ, Զորաց քարեր կամ Ղոշունդաշ, այլ Բոլորաքար (տեսակետ)

Spread the love

Բազմիցս խոսվել, գրվել է Քարահունջ-Զորաց քարեր-Ղոշունդաշ տեղավայրի մասին, եղել են բուռն քննարկումներ, վեճեր, և չենք կարծում, որ ձևավորվել է միասնական կարծիք:  Որքան զարգանում է պատմագիտությունը, այնքան խտանում են տեսակետները ընդհանրապես և մասնավորապես Քարահունջի /սա պայմանական անվանում է/ հարցում:

Այստեղ չենք փորձի իմի բերել նախկինում եղած կարծիքները, տեսակետները, քանի որ դրանք շատ են և տարածված: Յուրաքանչյուրի մեջ եղած արժանահավատ և թերարժեք կողմերը քննելու համար ծավալուն նյութ կստացվի:

Իհարկե, գնահատելի են մեկնության այն բոլոր փորձերը, որ արվել են այս բնագավառում:[1] Բոլոր աշխատանքներում էլ կան հավանական, ընդունելի կողմեր: Խոստովանենք, սակայն, որ Քարահունջ-Զորաց քարեր-Ղոշունդաշ տեղավայրի անվան նախնական ձևը մինչև օրս անհայտ է:

Անկախ բոլոր կարծիքներից և հետևություններից՝ կփորձենք մի տեսակետ շրջանառել, որ գուցե նախապես եղել է, պարզապես մեր աչքից սպրդել է:

Այսպիսով՝ կարծում ենք, որ այդ տեղավայրը պետք է ունենար հայկական անվանում կամ թերևս հին անվանում՝ գրավոր վկայությամբ, որովհետև՝ 1. Քարահունջ անունը այդ տեղանվան համար գործածված չէ մեր մատենագրության մեջ կամ այլ աղբյուրներում: Քարունջ գյուղանուն՝ 10 միավոր հարկով, նշվում է Եվայլախ գավառում:[2] Իսկ Ղոշուն դաշ[3] անունը նոր է և կոչված է այդ վայրին թյուրքական տարրի՝ այստեղ հայտնվելուց՝ թերևս 14-րդ դարից հետո: 2. Խոսքը հնավայրի մասին է: Եթե այն որևէ արժեք հետագայում ունեցած էլ չլիներ կամ իր նպատակին չի ծառայել, միևնույն է՝ արժանի էր հիշատակման: Բայց ցավոք չունենք կոնկրետ մի աղբյուր, որտեղ նշվում է դրա մասին:

Սյունիքի պատմությանը վերաբերող ցանկացած ուսումնասիրություն կատարելիս նախապես պետք է դիմել Ս. Օրբելյանին: Այսպես՝ «Սյունիքի պատմության» մեջ երկու անգամ նշվում է Բոլորաքար[4]: Այն տեղադրվում է Նորիքի[5] վանքի բաժնում: Ընդ որում՝ նման գյուղ՝ Բոլորաքար, հարկացուցակում չի նշվում: Նորիքը գտնվում է Ծղուկ գավառի եզրում՝ Ցուր, Խովիտ և Հարժիք գյուղերի հարևանությամբ.[6] «Հակոբին հաջորդում է Գրիգորը, որը ամեն ինչով պայծառացած էր՝ թե՛ ներքնապես, թե՛ արտաքնապես, և բազմաթիվ երևելի գործեր կատարեց հայրապետանոցում. քանդեց ու հիմնիվեր բնաջնջեց անիծաբնակ Ցուրա քարը, Ձագիկ իշխանի որդի Փարաջից հոգեբաժին նվեր վերցրեց Բոլորաքարը /ընդգծումը մերն է՝ Մ. Ք./՝ իր ողջ սահման[ներ]ով, բացի Նորիք վանքի բաժնից, որը հետո վերցրեց մյուս Տեր-Գրիգորը Խաղբակի որդի Դլենից»: Չենք կարծում, որ սա Տաթևի վանքից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Պլո̈ւրաքար հնավայրն է, ինչպես նկատում է Գ. Գրիգորյանը:[7] Այս վայրը Տաթևից ընդամեն 1 կիլոմետրի վրա է գտնվում, իսկ Ս. Օրբելյանը Բոլորաքարը նշում է Նորիքի տարածքում. «Այս Գրիգոր եպիսկոպոսը Խաղբակի որդի Դլենից գնեց Նորիքի բաժին Բոլորաքարը ու նզովքներով հաստատեց սուրբ եկեղեցու վրա»:[8]  Ակնհայտ է, որ այսօրվա քարեղեն հուշարձանը մոտ է Սիսիանի Նորավանք գյուղին,[9] որը հավանաբար Ս. Օրբելյանի նշած  Ծղուկ գավառի Նորիքն է:[10] Ս. Օրբելյանը նշում է նաև Նորաշենիկ՝ 6 միավոր հարկով գյուղը, որ թե՛ եպիսկոպոս Հակոբի, թե՛ Փիլպի թողած գրություններում նշվում է «նորիքցի», որ կարծում ենք, համապատասխանում է Հաբանդ գավառի Նորաշենիկ գյուղին: Հաբանդում և Ծղուկում «նոր» բաղադրիչով այլ գյուղ չի հիշատակվում: Այս գյուղը Ս. Օրբելյանի մոսկովյան հրատարակության մեջ նշվում է Խանածախ և Վաղատուր գյուղերից առաջ,[11] իսկ նոր հրատարակության մեջ՝ Վաղատուր գյուղից առաջ:[12]

Այսպիսով՝ պետք է հավաստի համարել, որ Ս. Օրբելյանի նշած Բոլորաքարը ընկած է ոչ թե Տաթևի, այլ Նորավանքի տարածքում, եթե ընդունում ենք, որ Տաթևի հարկացուցակում նշված Ծղուկի Նորիքը այսօրվա Նարավան բնակավայրն է կամ թերևս գտնվում էր նրա շրջակայքում: Եթե Բոլորաքարը բնակավայր չէ, ապա այն ինչ-որ հիշարժան վայր է կամ հին բնակատեղի-սրբատեղի, որ հիշատակվում է Ս. Օրբելյանի պատմության մեջ: Հեթանոսական շրջանի հուշարձանների, կուռքերի վերաբերյալ առանձնակի պատմություններ սրտամոտ չեն եղել հայոց հոգևոր կյանքը պանծացնող Ս. Օրբելյանին: Հնարավոր է, որ Բոլորաքարի նկարագրություն՝ որպես հեթանոս հուշարձան կամ քարակերտ կոթող, չտրվեր:

Գալով Բոլորաքար տեղանվան կազմությանը՝ պետք է նշել, որ պո̈ւլո̈ւր||պո̈ւլőր||պիլőր Սյունիք-Արցախ բարբառներում նշանակում է «կլոր»: Իհարկե, սա գրաբարի բոլոր բառի բարբառային ձևն է,[13] բայց պետք է նկատի ունենալ, որ «բոլոր»-ը հին հայերենում «կլոր» իմաստի կողքին, ինչպես հղում է Հր. Աճառյանը, ունեցել է նաև  բայական նշանակություն՝ 1. «բոլորել, հյուսել», 2.  «շուրջը պատել», 3. «շրջանը կատարել, վերջացնել» իմաստներով,[14] այլև՝ «բոլորակ, գունդ, գնդաձև», «ի բոլորումն շարակցեալ  գոյ սկիզբն և կատարումն», «բևեռ կամ առանցք երկնից»՝[15] և այլ անվանական իմաստներ: Այն ծագում է հ.-ե. *bhel-, *bhol- արմատից՝ սերբ. búljiti, լիթ. bulìs[16] և այլն, որ ունեն նաև իլիրերնը, կելտերենը, գերմաներենը,[17]  և  -որ /*-ro/ ածանցից, որ նկատված է ինչպես բոլոր, այնպես էլ գլոր, լքոր արմատներում:[18]  Ընդ որում՝ Գորիսի բարբառում պահպանված է հ.-ե. *bhol- / պո̈ւլ  բնիկ ձևը՝ «խմորագունդ» նշանակությամբ: Նկատի առնելով Քարահունջ-Բոլորաքարի հոգևոր-մշակութային նշանակությունը՝  կարող ենք ասել, որ հենց հին հայերենի «երկնքի առանցք» իմաստն է ընկած Բոլորաքար բառի առաջին բաղադրիչի հիմքում՝ որպես “երկնքի դիտարան” կամ երկնքի երկրային կենտրոն: Այսուհանդերձ, չպետք է գայթակղվել,  շտապել և հաստատուն համարել այս իմաստը բարդության մեջ. անհրաժեշտ է վերապահումով վերաբերվել բառիմաստի՝ բարդության մեջ ունեցած իմաստներին, քանի որ տեղավայրը հնագիտական ուսումնասիրության շրջանում է, և միայն պատմական, լեզվաբանական ու հնագիտական համատեղ արդյունքները կարող են հստակեցնել հարցը: Բայց միևնույն ժամանակ հերքելի չէ, որ քարեղեն հուշարձանը, որին այսօր տարբեր անվանումներ են տրվում աղբյուր չունենալու պատճառով, բոլորաքար է, այսինքն՝ քարերի կազմած շրջան, քարերով շրջապատված, գուցե նաև հին նշանակությամբ՝ որպես ծիսական վայր՝ երկնքի առանցք, կենտրոն՝ բոլորաքար: Պետք է հիշել նաև, որ Սյունիք-Արցախ տարածքային բարբառներում պո̈ւլ բառը  ունի նաև «սրբություն, երախտիք, հարգանք» իմաստները, որոնք արտահայտվում են  «պլո̈ւէրը, կօխ տալ արտահայտության մեջ»:

Սա տեսակետ է և կարող է զարգանալ կամ մերժվել, զերծ չլինել թերություններից: Մենք չենք հակադարձում մինչև այժմ եղած մեկնաբանություններին: Տեղավայրերի, հատկապես հնավայրերի տեղորոշելը և նրանց անվանումների ստուգաբանությունը միշտ էլ վերանայման կարիք ունեն: Քարահունջ-Զորաց Քարեր-Ղոշունդաշ* այսուհետ նաև՝ Բոլորաքար տեղավայրի ուսումնասիրության համար մի փորձ է այս քննությունը, որի վերաբերյալ ակնկալվում են առողջ դատողություններ:

Մեր հետագա աշխատանքում ընդգրկում ենք ամբողջ աշխարհում նման կառույցների անվանումները՝ իբրև խնդրի համակողմանի ուսումնասիրությունը, որը կարող է բազմաթիվ հարցերի պատասխան լինել։


[1] Մենք էլ անդրադարձել ենք Քարահունջ բառի ստուգաբանության /տե՛ս Սյունիքի հայագիտական հանդես, 2013թ./:

[2] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986թ., էջ 395:

[3] Վ. Վահրադյանը դիպուկ է նկատում Ֆբ. Էջի մի գրառման մեջ, որ հայկական հեքիաթներից մեկում «ղոշուն» բառը օգտագործվում է «զորք» իմաստով: Հենց սրան են կառչել Զորաց քար թարգմանության կողմնակիցները: Բանն այն է, որ նրանք «զորք» բառը դիտարկում են որպես որոշիչ, ինչը սխալ է:

[4] Ս. Օրբելյան, նշվ.աշխ., էջ 253, 271:

[5] Նորիք գյուղանուն երկուսն են՝ Վայոց ձորում և Ծղուկում՝ 12 միավորով:

[6] Ս. Օրբելյան, նշվ.աշխ., էջ 394:

[7] Այս մասին տե՛ս «Պատմա-բանասիրական հանդես», Ե., 1966թ., N4, 239:

[8] Ս. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 271:

[9] Տե՛ս քարտեզը՝ https://www.google.ru/maps/@39.5373875,46.069382,8187m/data=!3m1!1e3:

[10] Ս. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 394:

[11] Տե՛ս Ս. Օրբելյան,Պատմութիւն տանն Սիսական, Մ., 1861թ., էջ 375:

[12] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986թ., էջ 399:

[13] Տե՛ս Ալ. Մարգարյան, Գորիսի բարբառը, Ե., 1975թ., էջ 318:

[14] Տե՛ս Հր. Աճառյան, Հայէրէն արմատական բառարան, Ե., 1926թ., էջ 461 /այսուհետև՝ ՀԱԲ/:

[15] Տե՛ս Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Վենետիկ, 1836թ., էջ 500 /այսուհետև՝ ՆԲՀԼ/:

[16] J.Pokorny, Indo-European Etymological Dictionary-Indogermanisches Etymologisches Woerterbuch, Current version: 5.2,2012y., p. 98.

[17] Այս մասին տե՛ս նաև J. Elmegård Rasmussen, Selected Papers on Indo-European Linguistics, v. II, 1999y., p. 117.

[18] Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն, Ե., 1987թ., էջ 235:

*Թուրք koşun նշանակում է «բանակ», որ  նորաբանություն է այս լեզվի համար: Koşu համանուն բառեր կան՝ 1, վազք, ցատկ, պարային երգ, 2, խումբ, բոլոր, շուրջ: /տե՛ս Турецко-русский словарь, Москва, 1945г., ст. 365, այլև՝ Azərbecanca-rusca lüĝət, Bakı, c. 4, 2006, s. 192/: Առաջին նշանակությամբ՝  koşun-ը, չի կարող լինել, քանի որ, ինչպես նշվեց, այն նորաբանություն է թյուրքերենի համար և հնարավոր չէ գործածված լիներ հին շրջանում: Երկրորդը՝ koşu-ն՝ —n պատկանելության մասնիկով և «շարք, բոլոր, խումբ» իմաստներովով բառը հնարավոր է կցվեր taş «քար» բառին՝ շարքը քարի կամ քարի շարք: Եվ այսպես՝ պարզից էլ պարզ է, որ դա բոլոր-ա-քար՝ koşuntaş բառն է, որ, հանավանակն է, հենց Ս. Օրբելյանի նշած Բոլորաքար-ին է տրվել: 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի