Ժիրայր Միրումյան
Արամ Բաբայան
Ձագեձորի բերդը եղել է Սյունիքի նշանավոր բերդերից մեկը: Ըստ Ստ. Օրբելյանի՝ «Հաբանդա բերդը, որը Սիսակի նույն տոհմի Ձագ նահապետը շինեց մի գետի վրա և իր անունով ձորը կոչեց Ձագեձոր, բերդն էլ Ձագեձորո բերդ»[1]:
Բերդի տեղադրության վերաբերյալ հայտնել են տարբեր տեսակետներ: Ականավոր վիմագրագետ Ս. Բարխուդարյանի տեսակետի համաձայն՝ Ձագեձորի բերդը գտնվել է Գորիսի հարավային մասում վերխոյացող Լաստի խութ կոչվող ժայռի գագաթին[2]: Սակայն, պատմական նյութերը ուսումնասիրելով՝ ավելի համոզիչ է դառնում այն, որ Լաստի փոքր գագաթը հարմար չէ Ձագեձորի նման նշանավոր բերդի տեղադրության համար:
Կարծում ենք, ընդունելի չէ նաև Ս. Բարխուդարյանի տեսակետը Ձագեձոր գյուղի տեղադրության վերաբերյալ: Ըստ նրա՝ Ձագեձոր գյուղը համապատասխանում է Գորիսի հյուսիսարևելյան մասում գտնվող Ծակերի ձորի (Շորին ձոր) հին բնակավայրին[3]: Ավելի վաղ նման տեսակետ էր հայտնել նաև ազգագրագետ Ե. Լալայանը՝ նշելով, որ Ձագեձոր անվանունը առաջացել է Ծակերի ձորի անվան հնչյունափոխումից. այդտեղ գտնվում էին բազմաթիվ փորվածքներ՝ քարայրներ, ծակեր, որոնցից էլ առաջացել է տեղանունը[4]: Ձագեձորի և Ծակերի ձոր տեղանունների նույնացումը անհավանական է: Կարծում ենք՝ առավել ընդունելի է Ա. Ղարագյոզյանի տեսակետը, համաձայն որի՝ այստեղ առկա է միայն երկու տարբեր անվանումների զուտ հնչյունական նմանությունը և Ծակերի ձորը ավելի շուտ համապատասխանում է Ստ. Օրբելյանի հարկացուցակում Գորայքի հետ հիշատակված Աղոջրիկ գյուղին, որն իր անունը կարող էր ստանալ Շոռ ջուր վտակը կազմող սելտերյան աղբյուրներից[5]:
Որոշ հետազոտողներ Ձագեձոր գյուղը համարել են Գորիս գյուղը[6]: Կարծում ենք, անհավանական է նաև այս տեսակետը, քանի որ դրանք, ըստ էության, երկու տարբեր բնակավայրեր են, որովհետև Գորիսը Գորայք ձևով վկայված է Տաթևի վանքին հարկատու գյուղերի ցուցակում:
Մեր կարծիքով, ընդունելի չի նաև Ա. Ղարագյոզյանի՝ Ձագեձորի բերդը ներկայիս Ակներ (Բռուն) գյուղի տարածքում, իսկ Ականա գյուղը «Գյավուրի բներ» կոչվող հին բնակատեղիում գտնվելու վերաբերյալ տեսակետը[7]: Տեսակետը մերժելի է այն պատճառով, որ հին Բռունը, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է Ստ. Օրբելյանի հարկացուցակում 10 չափ հարկ վճարող Ականա բնակավայրին[8]: Եթե բերդը կառուցված լիներ այդտեղ, ապա այն կկոչվեր ոչ թե Ձագեձորի, այլ Ականա բերդ, հատկապես, որ բերդը սկզբնապես կրել է ոչ թե Ձագեձորի, այլ Հաբանդա բերդ անվանումը: Ճիշտ է, Ակներ գյուղի տարածքում գտնվում են Ղլքերծ կոչվող հին բնակավայրի և կիկլոպյան ամրոցի մնացորդներ, բայց այդ տարածքը գտնվում է ոչ թե Ակներ գյուղը զբաղեցնող հրվանդանի վրա, այլ Վարարակն գետի արևմտյան ափին:
«Գյավուրի բներ» բնակատեղիում 1980թ. Օ. Խնկիկյանի կողմից իրականացված հնագիտական պեղումները վկայում են մ.թ.ա. II-I դդ. այստեղ բնակավայրի գոյության մասին[9]: Մեր կողմից տեղում իրականացրած հետազոտությունները, մասնավորապես հայտնաբերած օբսիդիանի բազմաթիվ հնագիտական իրեր, գործիքներ վկայում են ավելի հին բնակավայրի գոյության փաստի մասին: Այդ նյութերը հիմք են ենթադրելու, որ «Գյավուրի բներ» բնակավայրը միջնադարում արդեն գոյություն չի ունեցել:
Ինչպես և կարծում ենք, առավել հավանական է Ղ. Ալիշանի տեսակետը, ըստ որի՝ Ձագեձոր գյուղը համապատասխանում է Հին Գորիսին (Վերիշեն), իսկ բերդը պետք է գտնվեր նրա շրջակայքում[10]: Այսօրինակ կարծիք են հայտնել նաև Ս. Հախվերդյանը և Թ. Հակոբյանը[11]:
Նման տեսակետի համար կարևոր փաստարկ կարող է ծառայել Վերիշենի տարածքում Հայաստանի միասրահ ամենամեծ բազիլիկ եկեղեցու առկայությունը (երկարությունը 27,3 մ), որը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է 4-րդ դարում նախկին հեթանոսական մեհյանի տեղում: Նրա շրջակայքում հայտնաբերված մեծաթիվ խաչքարերը, տապանաքարերը և մշակույթային մեծ արժեք ներկայացնող այլ նյութերը վկայում են եկեղեցու մոտակայքում մեծ բնակավայրի առկայության մասին: Ինչն էլ թույլ է տալիս նշել, որ այդպիսի բնակավայր կարող էր լինել միայն Ձագեձորը:
Ձագեձորի տեղադրության հարցում կարևորվում է նաև Ստ. Օրբելյանի տեղեկությունը Հաբանդա բերդի կառուցման վերաբերյալ: Նա նշում է, որ Ձագ նահապետը Հաբանդա բերդը կառուցել է մի գետի մոտ՝ առանց նշելու նրա անունը[12]: Հասկանալի է, որ խոսքն անկասկած Վարարակնի մասին է: Սակայն այստեղ պետք է մեկ վերապահում. Վարարակն գետը ունի երկու բազուկ` արևմտյան և արևելյան: Արևմտյան բազուկը կամ բուն Վարարակնը սկիզբ է առնում Իշխանասարի փեշերից և Ակներ գյուղի տարածքով հոսելով` Վերիշենի հարավային մասում միախառնվում է արևելյանին: Արևելյան բազուկը, որը նույնպես կոչվում է Վարարակն (նաև` Վերիշեն), սկիզբ է առնում Վերիշենի հյուսիսում գտնվող Ավի դարա (Որսաձոր) կոչվող տարածքից բխող բազմաթիվ աղբյուրներից: Մեր կարծիքով, Օրբելյանի վկայած մի գետը հենց արևելյան Վարարակն է:
Ամենայն հավանականությամբ Ձագեձորի բերդը գոյություն է ունեցել մինչև 13-րդ դարի երկորդ կեսը, կամ էլ առավելագույնը մինչև 14-րդ դարի 50-ական թվականները: Մոնղոլական արշավանքներից, ինչպես և նրանց տիրապետության սկզբնական շրջանում Ձագեձորի բերդը չի տուժել: Այդ իրողության օգտին է այն հանգամանքը, որ բերդը 1242-43 թթ. Եղել է Այսրկովկասում մոնղոլական զորքերի գլխավոր զորավար Բաչու-Նոյինի նստավայրը: Ենթադրվում է, որ մինչև 1256 թ. Ձագեձորը համարվել է Բաչու-Նոյինի ամառային նստավայրը, քանի որ նրա հիմնական կենտրոնավայրը կամ ձմեռանոցը Մուղանի հարթավայրն էր[13]: Սակայն մոնղոլների վերաբերմունքը ամրությունների նկատմամբ խիստ բացասական էր: Անառիկ ամրոցների ոչնչացումը նրանք խիստ կարևոր էին համարում, որպեսզի տեղական իշխանները չկարողանան ամրանալ և իրենց դեմ ապստամբել: Մաղաքիա աբեղան վկայում է, որ մոնղոլները Հայաստանը գրավելուց հետո կարգադրել էին Ղարա Բուղային, որը 1254 թ. Հայաստանում և Վրաստանում ընդհանուր աշխարհագիր անցկացրեց, քանդել երկրի ամրությունները, գլխավորապես անառիկ բերդերը[14]: Բայց հնարավոր է, որ Ձագեձորի բերդը այդ ժամանակ խուսափել է Ղարա Բուղայի կողմից ավերվելուց, քանի որ Սյունիքի տեր Օրբելյանների հարաբերությունները մոնղոլների հետ բավականին բարեկամական էին: Օրբելյանների իշխանական տունը Սմբատ I-ի (1253-1273) օրոք 13-րդ դարի 50-ական թթ. այնքան էր ուժեղացել, որ 1251թ. Մանգու խանը նրա տիրույթները դասում է մեծ խանին անմիջապես ենթակա ինջուների շարքը, հանում է Վրաստանի և Զաքարյանների գերիշխանությունից, դարձնում ինքնուրույն թուման[15]:
Առավել հավանական է, որ Ձագեձորի բերդը ավերվել է 14-րդ դարի 30-40-ական թվականներին մոնղոլական Հուլավյան իշխանության քայքայմամբ և դրան հաջորդած Ջելայիրյանների և Չոբանյանների երկպառակչական պատերազմների հետևանքով, կամ էլ բերդը վերջնականապես ավերվել է 1386-87 թթ. Լենկ-Թեմուրի՝ դեպի Սյունիք կատարած ավերիչ արշավանքների ժամանակ, չնայած այդ ժամանակաշրջանի աղբյուրներում Ձագեձորի բերդի վերաբերյալ որևէ հիշատակություն չկա:
Այսպիսով, մեր կարծիքով Ձագեձորի բերդի ամենահավանական տեղադրությունը կարող է լինել Վերիշենից 200-300 մ. հյուսիս-արևելք գտնվող` Վերիշենից դեպի Վաղատուր տանող ճանապարհի վրա իշխող Ղլըքերծ կոչվող բարձունքի գագաթը: Իսկապես, այդ բարձունքին հեռվից նայելիս հստակորեն ուրվագծվում են պաշտպանական կառույցների նմանվող ամրությունների շղթա, իսկ գագաթին նկատելի են 3-4 մետր լայնություն ունեցող պարիսպների մնացորդներ: Նշենք, որ Ղլըքերծ (Ղալքերծ, Ղալաքերծ) անունը ստուգաբանվում է որպես ամրացված (թուրքերենից անցած՝ ղալ, ղալա՝ ամրություն, բերդ) քերծ (ժայռ, լեռ): Ընդ որում ստրատեգիական և աշխարհագրական տեսակետից այդ բարձունքը բավականին հարմար է ամրոցի համար: Այն երեք կողմերից պաշտպանված է զառիթափ լանջերով, գտնվում է դեպի հյուսիս տանող ճանապարհի վրա և գտնվում է հին Վերիշենի մոտակայքում, ինչը գյուղի բնակչությանը հնարավորություն կտար վտանգի դեպքում անմիջականորեն պաշտպանվել մոտակա ամրոցում: Գյուղացիների շրջանում այժմ էլ ենթադրություններ կան, ըստ որի՝ նախկինում քարանձավներից դեպի այդ բարձունքը գոյություն է ունեցել ստորերկյա գաղտնուղի:
[1] Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 71:
[2] Դիվան հայ վիմագրության, պր. II, կազմ. Ս. Բարխուդարյան, Երևան, 1960, էջ 76:
[3] Նույն տեղում:
[4] Լալայան Ե., Զանգեզուրի գավառ, հ. Բ, Թիֆլիս, 1899, էջ 8:
[5] Ղարագյոզյան Ա., Ձագաձորի տեղադրությունը, Լրաբեր, 1985, N 11, էջ 60:
[6] Օրբելյան Ստ., նշվ. աշխ., էջ 399-400:
[7] Ղարագյոզյան Ա., նշվ. աշխ., էջ 60:
[8] Օրբելյան Ստ., նշվ. աշխ., էջ 399-400:
[9] Խնկիկյան Օ., Նորահայտ հուշարձան Գորիսում, Պատմաբանասիրական հանդես, Երևան, 1981, N 4, էջ 312-313:
[10] Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ 1893, էջ 261:
[11] Տե՛ս Հակոբյան Թ., Սյունիքի թագավորությունը, Երևան 1966, էջ 158: Հախվերդյան Ս., Գորիսի ամփոփ պատմություն, Երևան 2005, էջ 29:
[12] Օրբելյան Ստ., նշվ. աշխ., էջ 71:
[13] Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ.Գ, Երևան 1959, էջ 234:
[14] ИНОК МАГАКИЯ. ИСТОРИЯ НАРОДА СТРЕЛКОВ М. 1871.
[15] Օրբելյան Ստ.,նշվ. աշխ., էջ 405-409:
[…] նաև Սյունիքի հայագիտական այլ հարցերի վերաբերյալ՝ Ձագեձորի բերդի տեղադրության հարցի շուրջ և […]
Comments are closed.