Մերի Անտոնի Կարպետյան
ԳՊՀ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս
Ս. Խանզադյանի գեղարվեստական արձակում առկա պատկերավորման միջոցները յուրահատուկ ոճական երանգավորումներ են հաղորդել պատկերվող երևույթներին, իրողություններին, գործող հանգամանքներին, կերպարների խոսքին: Գրողի ստեղծած յուրաքանչյուր խոսքային միջավայր բնորոշվում ու առանձնանում է պատկերավորման միջոցների ինքնատիպ գործածությամբ, պատկերի ստեղծման տպավորիչ արտահայտմամբ:
Առանցքային բառեր-համեմատություն, փոխաբերություն, պատկեր, պատկերավորման միջոց, գեղարվեստական ոճ, արտահայտչականություն, բնորոշել, նկարագրել:
Գրողը ստեղծագործում է յուրովի և առանձնանում իր ինքնատիպությամբ: Նրա ստեղծագործական ինքնատիպությունը դրսևորվում է ոճի մեջ. «Ոճը ինքը տաղանդն է, ինքը միտքն է, — գրում է Բելինսկին, — ոճը մտքի ռելիֆությունն է, շոշափելիությունը, ինչպես բնավորությունը»(1,51):
Գեղարվեստական գրականության մեջ գրող-անհատի ստեղծած յուրաքանչյուր բառ-պատկեր ինքնօրինակ կերպով է ներկայացնում իրականության դեպքերն ու երևույթները, գործողությունները, մարդկային փոխհարաբերությունները, խոհերն ու ապրումները: Գրողը իր անհատականության, յուրօրինակ լեզվամտածողության և ինքնատիպ ոճի կիրառությամբ ստեղծում է մի հրաշալի կերտվածք, որը համարվում է գեղարվեստական խոսք: Գեղարվեստական խոսքի անհատականությունը պայմանավորված է գրողի ոճի և լեզվի արտահայտությամբ. «Ոճը տաղանդին անձնական դրոշմն է, — գրել է Դ. Վարուժանը, — ան որքան ինքնուրույն ըլլա` տաղանդը այնքան ավելի ինքնուրույն է» (2,443): Լեզվաբան Ա. Մարությանը գտնում է, որ գրողի ոճը նրա գեղարվեստական մտածողության ամբողջական համակարգն է, կերպարներ կերտելու արվեստը, արտահայտչական ու պատկերավորման միջոցների ամբողջությունը, որոնք միասնաբար բնորոշում են գրողի ոճական դիմագիծը, նրա ստեղծագործական անհատականությունը(3,64): Խոսքային արվեստի մեջ գոյություն ունեցող լեզվական և խոսքային իրողությունները, դրսևորման ձևերն ու եղանակները, լեզվաարտահայտչական և պատկերավորման միջոցների գործածությունը, ինչպես նաև գրողի հոգեբանությունը, դարաշրջանը, աշխարհայացքը նպաստում և կարևոր դեր են խաղում յուրաքանչյուր գրողի գեղարվեստական ոճի և բառապաշարի ձևավորման մեջ. «Գեղարվեստական ոճը պայմանավորված է գեղարվեստական երկի գեղագիտական արժեքով, որոնց համապատասխան երկի հեղինակը լեզվական միջոցների որոշակի նպատակադիր ընտրություն է կատարում»(4,9):
Գեղարվեստական ոճը բնորոշվում է կառուցվածքային յուրահատկությամբ, պատկերավորությամբ և արտահայտչականությամբ: Արտահայտչականությունը խոսքին տալիս է գնահատողական բնույթ` արտահայտելով խոսողի հույզերն ու ապրումները: Պատկերավորության շնորհիվ գրողի ինքնատիպ մտածողության դրսևորումները դառնում են ավելի շոշափելի և ընկալունակ, ունենում են խոր զգացմունքայնություն և «բոլոր դրսևորումներով դիտվում որպես գեղարվեստական գրականության արմատական և կարևոր հատկանիշ» (3,138). «Պատկերավորություններն են առաջ բերում բառերի փոխաբերական և նախադասությունների այլաբանական գործածությունները, որոնց հիմքում ընկած են համեմատությունը և նմանությունը: Այդպիսի փոխակերպություններից են փոխաբերությունը, մակդիրը, փոխանունությունը և այլն» (5, 303):
Մեր ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ նշված առանձնահատկությունները իրենց յուրօրինակ դրսևորումներն են գտել նաև Ս. Խանզադյանի գեղարվեստական արձակում: Խանզադյան գրողի ստեղծագործություններում արտացոլված ինքնատիպ լեզվամտածողությունը, իր բնօրրանին բնորոշ քաղցրածոր բառ ու բանը, երանգավորումը, բազմաշերտ բառապաշարը, պատկերավորման միջոցներն ու հնարքները թույլ են տալիս բացահայտել նկարագրվող երևույթի էությունն ու պատկերավորությունը: Նա կարողանում է ստեղծել այնպիսի գեղագիտական խոսք, որի ամեն բառ ունի խորհուրդ: Նրա յուրաքանչյուր նախադասություն խոր զգացմունքայնությամբ ու անմիջական բռնկումներով վեր է հանում և կենդանացնում կենսական վիճակների միասնությունը: Այս ամենին նպաստում են լեզվաոճական միջոցների ու հնարքների բազմազանությունը, բազմաշերտ բառապաշարը, պատկերավորման միջոցների հեղինակային գործածությունը: Այսպես`«Ջրից հեռու բուսած ուռենու պես բարալիկ տղա է Սումբաթը, բայց ճկուն է, ինչպես ճապկի շիվ»[1], «Առվի վրա կռացել էին մոշի քոլերը և ասես սրսփում էին ջրի ձայնից, որը կարծես մի խորին գաղտնիք էր պատմում ծամերը առվի վրա շաղ տված սգավոր պառավների նմանող մոշի թփերին»(98), «Հարսանքատան լույսերը հանգել էին, իսկ սարի ուսին թեքված լուսինը պոկվել էր վիշապ ամպի երախից և այժմ գունատ էր` առաջին գիշերն առագաստի մեջ անցկացրած մանկամարդ հարսի պես»(120), «Դարեր տեսած ընկուզենիներ կան ձորում` հին ու հողմահար, ինչպես ժայռի գլխի տխրող վանքի կոտրված սյուները(190), «Դեմս նստած է մոմագույն ծերունի Առաքել հայրիկը, որ ասես խաչքար է` այս Մեսրոպավան գյուղի Մեսրոպի վանքից պոկված` մամուռ հոնքերով, քանդակ—կնճիռ նախշերով, հազարամյա գրերով` եղծված ու մամռապատ, բայց և ավանդական նշխարների պես հարազատ» ( 530) և այլն:
Բերված օրինակներում առկա խոսուն պատկերները արդյունք են գրողի պատկերավորման միջոցների ճիշտ և նպատակային գործածության: Գրողը ինքնատիպ գեղարվեստական մտածողության շնորհիվ մեծ վարպետությամբ է համադրել ընդգծված պատկերավորման միջոցները` համեմատելով, շնչավորելով և գեղարվեստորեն բնութագրելով դրանք:
Ինչպես մնացած պատկերավոր միջոցները, այնպես էլ համեմատությունները Խանզադյանի ստեղծագործություններում ունեն ինքնատիպ կիրառություն: Արձակում առկա համեմատությունները հիմնականում մատնանշում են երկու առարկաների կամ երևույթների համադրությունը, նման հատկանիշների եզրերը: Հեղինակը դրանք գործածում է պատկերներն ավելի պարզ դարձնելու համար: Գործածված համեմատությունների հիմքը երկու երևույթների միջև եղած նմանությունն է, որի շնորհիվ կապ է ստեղծվում նրանց միջև, և մեկի օգնությամբ բացատրվում ու բնութագրվում է մյուսը: Օրինակ` «Բայց Արամի նամակները կտրվեցին ցամաքած աղբյուրի նման»(էջ 83), «Նրա շունչը թոնրի բոցի պես կպավ Սումբաթի երեսին, ու նրան մի պահ թվաց, թե միրհավի դոխը մետաքսե թևը քսեց իր այտին» (101), «Քրտինքը ծորում էր նրա դեմքից, անձրևի խոշոր կաթիլների նման ընկնում կարմրավուն քարերին»(134), «Կարոտում եմ մեր լեռները, կռունկի աչքի պես պարզ երկինքը, կաթնահամ ջրերը» (339) և այլն: Նշված օրինակներում ուղղակի իմաստով որևէ նմանություն չկա (աղջկա շնչի և թոնրի բոցի միջև, կռունկի աչքի պարզության և երկնքի պարզության միջև…), բայց գրողը նրանց միջև ընդհանուր եզր է գտնում, գործող հանգամանք, որը ստեղծում է որոշակի զուգորդություն, մտապատկեր, որոնցից էլ ծնվում են նշված համեմատությունները:
Արձակում շատ են նաև երկանդամ համեմատությունները: Գրողը վերջիններիս միջոցով փորձում է էլ ավելի տպավորիչ ու գունեղ դարձնել իր խոսքային արվեստը: Նման կարգի համեմատությունները, ինչպես առհասարակ, այնպես էլ Խանզադյանի ստեղծագործություններում կառուցված են պես, նման, որպես և այս կարգի այլ կապերով: Արձակում նման կառույցները գործածված են այն դեպքերում, երբ խոսքային միջավայրում նկարագրվող առարկան բնորոշվում է մեկ հիմնական հատկանիշով, որն ընդհանրապես հատուկ է այդ առարկային, կամ համեմատյալը արտահայտված է փոխանվանաբար, ինչպես` «Բոցի նման շողում է կարմիր դրոշը» (16), «Սումբաթը շանթահարի պես շուռ եկավ ձայնի կողմը, բայց Երեմը արդեն ծլկել էր»(94), «Սարյակի պես նա թռչկոտեց սև ակոսների մեջ և առաջին անգամ զգաց, որ ցելի բուրմունքն էլ հաճելի է, ինչպես Մշնառա ձորի ծաղիկների հոտերը»(95) և այլն:
Արձակին յուրահատուկ ոճական երանգավորումներ են հաղորդում նաև ասես, կարծես, կարծես թե և նման եղանակավորող բառերով կազմված համեմատությունները, որոնք լեզվաբանական գրականության մեջ կոչվում են թեական համեմատություններ, օրինակ` «Այդ սպիտակ տառերն ասես օձեր էին, որ կուտակվել ու պատրաստ էին թռչելու, խայթելու Սումբաթին»(94), «Ամառ է, շոգն այնպես էր ծանրացել Մշնառա ձորում, որ սև թուրաջները ընկնում էին ծառերի տակ ու բերանները այնպես բաց ու խուփ անում, ասես օդի տեղ եռացրած ջուր էին կուլ տալիս»(98), «Բարակ ու ճկուն էր Ոսկեղենի մեջքը, իսկ վզին կարծես նստել էր ուշ աշնան առաջին ձյունափոշին»(99),«Մեքենան բանում է միալար, ասես երկարածոր ու թովիչ մի երգ է մանում» և այլն: Բերված օրինակներում հեղինակը համեմատությունների միջոցով առարկաների կամ երևույթների նկարագրությունը դարձնում է ավելի պատկերավոր ու տպավորիչ` ստեղծելով գեղագիտորեն ընդգծված պատկերային համակարգ:
Ս. Խանզադյանի գեղարվեստական արձակին իրենց իմաստային-արտահայտչական հատկանիշներով, հուզականությամբ և այլաբանական իմաստով ինքնատիպ երանգավորումներ են հաղորդում նաև հեղինակային փոխաբերությունները: Վերջիններիս կիրառությունը ինքնանպատակ չէ: Հեղինակը փորձել է դրանց միջոցով ավելի պատկերավոր դարձնել առարկաների ու երևույթների արտաքին կամ ներքին նմանությունները, «համեմատական լինելը»: Այսպես` «Արևը տասնապատիկ պայծառացավ ծերունու համար ու ձորն էլ լցվեց մարդու երակների արյունը եռացնող երգով»(77), «Քամին սողում էր դռան ճեղքերից և հողե հատակին ձյունաշեն դաշույններ հյուսում» (123), «Արահետից նորահարսի շալի հոտ չի գալիս, ոչ էլ նոր հյուսած տրեխի հոտ, նաև ձիու ոտնահետքի հոտ: Նման բույրեր այլևս չեն գալիս արահետից, և արահետը թեև կանաչել է սեզ ու խեժնուկ բույսերի հյուսվածքներով, բայց քնած է, քնած—մեռած»(290), «Միայն աներես մի մասրենի պճնված էր մնացել պռշնու մոտ և խոր աշնան վերջին բույրն էր տարածում իր վառ կարմիր պտուղներից» (473) և այլն: Ընդգծված արտահայտությունները, խոսքի մեջ ձեռք բերած իրենց նոր իմաստներով արդյունք են պատկերավոր մտածողության և գործածված են փոխաբերական իմաստով: Հեղինակի գեղարվեստական մտածողության յուրահատկության շնորհիվ արձակում տեղ գտած փոխաբերությունները առարկան բնութագրում են գեղագիտորեն` հաղորդելով գրավչություն, արտահայտչականություն:
Արձակում առկա փոխաբերություններից առանձնանում են հատկապես խոսքային այն փոխաբերությունները, որոնց միջոցով հեղինակը անշունչ առարկայի հատկանիշը վերագրում է այլ անշունչ առարկայի, ինչպես` «Կոշտ ձյունը կոտրատվում է ոտքերի տակ` խըրթ-խըրթ»(60), «Գետի ջրերը այնքան թանձր են, այնքան դեղնավուն, որ մոտիկից անգամ չեն նշմարվում նրանց վրա հանգչող աշնան տերևները» (158), «Լուսինը շողաց երկնքում ու կաթ ցնցուղեց ձորի վրա»(191), «Ակոփի աչքերը պսպղում են խոր, խորհրդավոր, եթե ցերեկ է»(269), «Գյուղն էլ է դեղնել` չորացած մասուրի, հոնի, քոլի տանձի ու զկեռի հուլունքներից» (280), «Հին դարերի բույր է գալիս կավեկազմ գրքից» (530) և այլն:
Ս. Խանզադյանի արձակին յուրօրինակ ոճային երանգավորում են հաղորդում նաև այն փոխաբերությունները, որոնք հեղինակը ստեղծում է` անձի կամ կենդանու վերաբերող հատկանիշները վերագրելով բնության երևույթներին (անշունչ առարկաներին), իսկ բնության կամ այլ երևույթի վերաբերող հատկանիշները` անձանց, օրինակ` «Քամին ոռնում է դատարկ փողոցում»(18), «Իրիկնային ծխերն էլ են ճերմակ, որ արտաշնչում են ձմեռային տները` իրենց խզխզացող օջախ—կրծքերից»(73), «Երբեմն միայն ծափում է մի մոլորված ալիք, որից խրտնում են եղեգների մեջ շոգից նիրհող արագիլները »(158), «Արևը նոր էր նախշել մոշի ծաղիկները, արթնացրել նրանց առէջներում քնած բզեզներին» (190) «Կեռասի հասնելուն հետ մոշի թփերը պճնվում էին ճերմակ ծաղիկներով և, երբ մեղրատանձը կաթուկ է տալիս, մոշը դառնում է սև շաքար»(190), «Աջ այտը ցնցվեց, հոնքը թռավ ճակատին»(337), «Գետը ծառս էր լինում ու նրա ձայնը բարձունքին թառած գյուղից մի քիչ էլ այն կողմն էր անցնում» (473), «Ետևին մռնչում էր ծովը»(562), «Եկեղեցու զանգը ոռնում է երկնքի երեսն ի վեր»(581) և այլն:
Խանզադյանի պատմվածքներում առկա պատկերավորման միջոցները գեղարվեստական արձակին հաղորդում են հուզարտահայտչական երանգավորում, ստեղծում կենդանի պատկեր ու տեսանելի նկարագրություն: Արձակագրի ստեղծած համեմատությունները և փոխաբերությունները հեղինակային գործածությամբ կերտում են մի յուրօրինակ աշխարհ` խոսքը դարձնելով տպավորիչ ու պատկերավոր:
Գրականություն
- Դավթյան Ռ., Լեզու և խոսք, Երևան, 2006:
- Ջրբաշյան Էդ., Գրականության տեսություն, Երևան, 1980:
- Մարության Ա., Հայոց լեզվի ոճաբանություն, Երևան, 2000:
- Ջահուկյան Է. Բ., Խլղաթյան Ֆ. Հ., Հայոց լեզու 9-10, Եր., 1997:
- Պողոսյան Պ., Խոսքի մշույթի և ոճագիտության հիմունքներ, գիրք II, Երևան, 1991:
- Խանզադյան Ս., Երկերի ժողովածու, հ. 6-րդ, 1983:
- Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2003:
- Մելքոնյան Ս., Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Երևան, 1984: