Այն, որ Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, արդեն գաղտնիք չէ: Միայն հյուսիսային թևում՝ Աղավնո և Հոչանց գետերի ավազանում, հայտնաբերվել են 5 ամրոցատեղիներ, այլ հնավայրեր, դամբարանադաշտեր: Այստեղ ուսումնասիրություններ են կատարում հնագետներ Գագիկ Սարգսյանը և Արտակ Գնունին: Բերձորից մոտ 20 կմ հարավ «Ստրոյկա» անվանված մասում ճանապարհը ոլորապտույտ իջնում է դեպի Հակարի գետի ափ: Այստեղ` հենց ճանապարհի եզրին, կա մի քարանձավ, որի պատերին մի քանի տարի առաջ հունատառ արձանագրություն կար: Ցավոք հետագայում քարանձավը փլվեց, և արձանագրությունը մնաց հողի տակ: Մինչև քարանձավ հասնելը ճանապարհի եզրի փլվածքներում բացվել են շարվածքներ, որոնք դամբարանների մնացորդներ են: Պարզվեց, որ մի ամբողջ բլուր պատված է հազարամյակների պատմություն ունեցող դամբարաններով: Ահա սրանք էլ հուշում են, որ հիշյալ քարանձավը դարեր առաջ եղել է բնակելի: Նմանատիպ դամբարաններ կան նաև Մարաթուկ-Հակարի հատվածում: Բացի նախաքրիստոսյան ժամանակի դամբարաններից, այս մասում՝ Ծաղկաբերդ գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք գտնվող բարձրադիրք սարահարթի ձորակներից մեկում, գտնվում է միջնադարյան ժայռակերտ մի եկեղեցի: Այս մասերում միջնադարյան պատմիչները հիշատակում են Քրվանք կամ Քրոնից վանք սրբավայրի մասին:[1] Ըստ հնագետների՝ այն 12-14-րդ դարերի կառույց է:[2] Ստ. Օրբելյանը “Սյունիքի պատմության” մեջ Լհեվանքի և Դադեի վանքի արանքում նշում է Քրոնից վանքը:[3] Ժամանակին ունեցել է նկուղային հարկ, որը այժմ էլ կա, բայց կեսով լցված է հողով: Վթարային վիճակում է գտնվում սրբավայրը, քանդվել է Սուրբ խորանի մի մասը, հյուսիսային պատը: Ամբողջությամբ քանդվել է մուտքը՝ հյուսիսային կողմում, իսկ վերևում գտնվող պատուհանի կեսն է մնացել: Սրբավայրի դիմաց՝ բարձրաբերձ ժայռերի մեջ, կան մի քանի հարկանի քարայրներ, որոնք ժամանակին նույնպես եղել են բնակելի: Այստեղից մոտ 2կմ հարավ պահպանվել է Հակարիի հնամենի կամուրջներից մեկի աջափնյա հենասյունը՝ սրբատաշ բազալտից, կամարաձև: Դիմացը Հակարի գյուղն է, որը փռված է Հակարիի ձախափնյա 2 փոքր վտակների ափերին՝ բաժանվելով երկարությամբ ձգվող մի բլրակով: Ըստ հնագետների՝ ժամանակին այս բլուրն իր վրա ամրոց է ունեցել: Բլրի գագաթին որոշ շինությունների հետքեր կան: Հակարի գյուղից դեպի հյուսիս-արևելք պահպանվել են միջնադարյան բնակավայրի ավերակները: Երևում է՝ պատմական Քաշունի գավառի այս բնակավայրը մեծ ու շեն է եղել: Հայաթափվելուց հետո ավերվել է, և այստեղ հաստատված մահմեդականները հավանաբար տների քարերն օգտագործել են իրենց տները կառուցելիս:
[1] Տե՛ս նաև, Ս. Մելիք-Բախշյանը, Հայոց պաշտամունքային վայրեր, Ե., 2009թ., էջ 423: Գրքում նշվում է՝ Քրոնից վանք, վանք Մեծ Հայքի Սյունիք նահանգի Հաբանդ գավառում։ Հիշատակում է Ստեփանոս Օրբերլյանը (13-րդ դար) Սյունիքի առավել նշանավոր վանքերի շարքում, որոնք այն ժամանակ ունեցել են խոշոր կալվածքներ։ Ավելի ուշ շրջանում թյուրք վերաբնակիչների կողմից վերանվանվել է Քյորլար:
[2] Ս. Օրբելյանի պատմության ծանոթագրությունում նշվում է, որ Քրոնից վանքի տեղը որոշակի հայտնի չէ: Հարկացուցակում Հաբանդ գավառի գյուղերի թվում նշվում է Քրվանք /քրօնք/ գյուղը՝ 25 միավոր հարկաչափով: Թերևս այդ գյուղի մոտ էր գտնվում Քրոնից վանքը: Անունն այդ է հուշում /Քրօնք-քրօնից/: Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986թ., էջ 490:
[3] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 228: