Հայագիտական արշավներ
Լեռներով, գետերով, անտառներով, բնական ու պատմական հուշարձաններով հարուստ Քաշաթաղի շրջանում շատ են նաև քարանձավները: Ժամանակին դրանցից շատերը մարդուն ծառայել են որպես կացարան: Հետագայում՝ հատկապես միջնադարում, քարանձավների մի մասն օգտագործվել է նաև պաշտամունքային նպատակներով՝ վերածվելով ժայռափոր եկեղեցիների: Դրանց հարևանությամբ գործել են ճգնարաններ: Քաշաթաղի այսօրվա շրջանը, որն ադրբեջանական գերությունից վերջնականապես ազատագրվեց 1992-93 թվականներին, իր մեջ է առել պատմական Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների մի քանի գավառներ՝ Աղահեճք-Քաշաթաղ-Խոժոռաբերդ, Բաղք-Քաշունիք-Բարկուշատ, Կովսական-Գրհամ, Հաբանդ, Մյուս Հաբանդ, Վայկունիք և այլն: Տարածքի վերաբնակեցման ընթացքում հայտնաբերվեցին հայոց մշակույթի բազում հուշարձաններ, այդ թվում՝ մի քանի ժայռափոր եկեղեցիներ: Դրանք հիմնականում գտնվում են գետերի կիրճերում եղած քարանձավներում, որոնք ժամանակին եղել են թաքուն ու ապահով վայրեր՝ հեռու ասպատակողներից: Քարանձավ-եկեղեցիների մեծ մասն սկզբնական շրջանում ճգնարաններ էին, ապանոր վերածվել անապատների: Բացի եկեղեցիներից, շրջանում շատ են նաև քարանձավային համալիրները, որոնք բնակավայրեր էին բնակարաններով, անասնագոմերով: Այսօր էլ որոշտեղերումնույն քարանձավները ծառայում են որպես անասնագոմ և այլ նպատակներով: Վերջերս քարանձավագետ Սամվել Շահինյանի ուղեկցությամբ Արցախ ժամանեցին ռուս քարանձավագետներ, ովքեր միջազգային գիտական մի շարք ընկերությունների անդամներ են: Սյունիքի հայագիտական հետազոտությունների կոնտրոնը բազմիցս է միացել նման հետազոտական արշավների, որոնք վերաբերում են պատմական Սյունիքին: Այս անգամ արշավախմբին էր միացել Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Զոհրաբ Ըռքոյանը: Արշավախմբի անդամները ծանոթացան Քաշաթաղի տարածքի քարանձավ-հուշարձանների մի մասին: Մինչ այդ եղել էին ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի քանի հնավայրերում: Ռուսական աշխարհագրական ընկերության (հիմնադրվել է 1845թ.) անդամներ Յուրի Դոլոտովը (Մոսկվա), Միխայիլ Լեոնտևը, Վորոնեժի մարզի մշակույթի պետական վարչության «Дивногорье» բնականճարտարապետա-հնագիտականթանգարան-արգելոցի թանգարանային գործի բաժնի վարիչ Սոֆյա Կոնդրատևան, նույն քաղաքից պատմաբան Վիտալի Ստեպկինը, քարանձավային եկեղեցիների մասնագետ Ալեքսեյ Գունկոն (Կազան), հայկական հեռուստատեսության «Քարից փափուկ» հաղորդաշարի մեկնաբան Սվետլանա Հարությունյանը, փաստաբան Ապետնակ Պետրոսյանը և ուրիշներ այցելեցին Տանձուտի, Հոչանցի, Քրոնքի ժայռափոր եկեղեցիներ, Ծաղկաբերդի մոտակա քարանձավային համալիր և այլ վայրեր: Ռուս գիտնականներին, ովքեր տարբեր երկրներում ուսումնասիրել են նման հուշարձաններ, շատ հետաքրքրեցին քաշաթաղյան քարանձավները, հատկապես եկեղեցիները, որոնք բնական ժայռախոչերում են և պահպանվել են ամբողջովին կամ կիսակործան վիճակում: Տանձուտ գյուղը գտնվում է Հակարիի արևմտյան Աղավնո (Արքունագետ-Զաբուխ) վտակի ձախափնյա ձորակում, որի վերջնամասից սկսվում է սարալանջը: Այս մասում մի փոքր գետակ իր ողջ ընթացքում խոր կիրճ է ստեղծել: Բարձրաբերձ ժայռերի մեջ շատ են տարբեր չափերի քարանձավները, որոնք դեռևս հազարամյակներ առաջ արդեն բնակելի են եղել: Միջնադարում նույն կիրճի ձախ կողմում քարանձավային բնակատեղի է եղել. այդ են վկայում ջրաղացի ավերակները, հին ճանապարհի հետքերը, բազում ճգնարան-այրերը և վերջապես՝ 12-13-րդ դարերի ժայռափոր բազիլիկ փոքր եկեղեցին (գտնվում է ծովի մակերեսից մոտ 1300 մ բարձրության վրա): Սրբատան չափերն են՝ 5,8-2,5մ, բարձրությունը՝ 4,4մ: Ունի մեկ մուտք և 2 պատուհան՝ արևմտյան կողմից: Սուրբ խորանից հանվել է սեղանի վեմ-քարը, որի տեղը երևում է: Եկեղեցու արևմտյան կողմում պահպանվել է նաև բնական կամար, որի միջով է ժամանակին անցել սրբավայր բերող ճանապարհը: Կամարի ու եկեղեցու մեջտեղում՝ մեծ ժայռաբեկորի վրա, փոսորակ կա, որը հիշեցնում է խաչքարի տեղ: Անկասկած է, որ ժամանակին այստեղ նաև խաչքար-կոթող է եղել, որը թրքաքրդերի կողմից վերացվել է: Այս գյուղի պատմական անունը չի պահպանվել, խորհրդային տարիներին կոչվել է Ղարաղշլաղ: Գյուղից դեպի հյուսիս գնացող ճանապարհի աջ մասում մի մեծ ժայռ կա՝ բազում քարանձավներով, որոնցից մեկը նույնպես եկեղեցի է եղել, սակայն քանդվել է, և պահպանվել է մի պատը: Նույն ժայռի հյուսիսարևելյան կողմում պահպանվել են միջնադարյան ամրոցի պարիսպներ, շինությունների հետքեր: Հնարավոր է՝ այստեղ է եղել Ստ. Օրբելյանի հիշատակած Քաշաթաղ կամ Խոժոռաբերդ ամրոցներից մեկը (ժայռի տեսքից դատելով՝ կարելի է ենթադրել՝ Խոժոռաբերդն է):
Հոչանց գյուղը գտնվում է Հակարիի երկրորդ մեծ վտակի՝ Հոչանցի աջափնյա բարձրադիր դիրքում՝ համանուն լեռան արևելյան ստորոտում: Առաջին անգամ հիշատակվում է Ստ. Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում՝ Հունչաք ձևով՝ 12 միավոր հարկաչափով, որն առավելագույններից է: Սա նշանակում է, որ Հունչանք-Հոչանցը (Տաթևի վանքին պտղահարկ (3450 հարկաչափ) մուծող բնակավայրերի ցանկում արդեն հիշատակվում է Հոչանց) ժամանակին եղել է Աղահեճք-Քաշաթաղ գավառի հայաշատ ու շեն բնակավայրերից մեկը: Գյուղում պահպանվել է Սբ. Ստեփանոս 17-րդ դարի բազիլիկ միանավ թաղակապ եկեղեցին, որի շուրջը եղել է հայոց հանգստարանը. պահպանվել են մի քանի տապանաքարեր: Հանգստարանի շիրմաքարերի մեծ մասը թուրքերն օգտագործել են որպես շինաքար: Գյուղի թուրքաշեն շատ տների պատերի մեջ կան զարդանախշ, խաչաքանդակ քարաբեկորներ: Հոչանցի մասին հետաքրքիր հիշատակություն է թողել 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին իր «Պատմությունե գրքում: Նկարագրելով Տաթևի մեծ անապատում տեղի ունեցած անախորժ իրադարձությունները՝ գրում է. «…Սարգիս եպիսկոպոսը մարմնավոր պետքերի հոգաբարձու էր, իսկ Գրքի(Աստվածաշնչի) ուսուցիչներըտեր Կիրակոսը, Պողոս վարդապետը, Մովսես վարդապետը, Ներսես վարդապետը և Թումա եպիսկոպոսը, որոնք երկար ժամանակ միասին մնացին: Սրանք բոլորը, ապա տեր Կիրակոսը և Թումա եպիսկոպոսը գնացին Քշաթաղ գավառը, Հոչանց գյուղի մոտ շինեցին անապատ և այնտեղ բնակվեցին: Իսկ Սարգիս եպիսկոպոսը մնաց միևնույն մեծ անապատում և համբերությամբ կրում էր վրա եկած բոլոր նեղությունները, մինչև որ հասավ խորին ծերություն՝ առաքինի վարքով կյանքի ընթացքը ավարտված և հավատը պահած այստեղից փոխվեց կենդանության երկիրը՝ նույն մեծ անապատում, որտեղ թաղված կան նրա մարմնի պատվական նշխարները: Նրա վախճանը տեղի ունեցավ մեր թվականության 1060 (1620) տարում: Իսկ տեր Կիրակոսը, որ գնաց Հոչանց, այնտեղ մնաց կրոնական ժուժկալությամբ, նույն տեղում, Հոչանց գյուղի մոտ, իր անապատում վախճանվեց մեր թվականության 1070(1621) տարում և գնաց իր սիրեցյալ Քրիստոսի մոտ, որին փափագելով մշտապես կրում էր իր հոգում: Նույն տեղում թաղված են նրա մարմնի պատվական նշխարները ի փառս օրհնված Քրիստոս Աստծու հավիտյանս. ամենե: Քարանձավագետների այցելած երկրորդ հուշարձանն արդեն Հոչանցի անապատն է: Հոչանցա սարից իջնող փոքր գետակի ստեղծած կիրճի աջ կողմը անտառապատ է, իսկ ձախակողմյանը կերտված է բարձր և ուղղաձիգ սպիտակավուն կրաքարե ժայռերից, որոնք իրենց փափուկ լինելու շնորհիվ հեշտ փորվող են: Այս ժայռերը նույնպես հարուստ են այրերով, որոնք շատ հնուց եղել են կարդկային կացարաններ, իսկ դրանցից ամենաընդարձակը մեր նախնիները դարձրել են բազիլիկ եկեղեցի: Առաքել Դարվիժեցին հշատակում է, որ այստեղ տեր Կիրակոսը հիմնեց անապատ: Հնարավոր է, որ մինչ նրա այստեղ գալը, քարանձավ-եկեղեցին եղել է, պարզապես նրա գալուց հետո այն վերակառուցվել է: Կիրճը գտնվում է Հոչանց գյուղից հարավ-արևելք՝ համանուն գետի աջակողմյան վտակի վրա: Այս մասում իրար են միանում Շալուա և Հոչանց գետերը: Եկեղեցու երկու կողմերում շատ են քարանձավները, որոնք մշակվել են մարդու կողմից, որոշների պատերի մեջ կան խորշեր, որոնք ծառայել են որպես պահարաններ: Հնարավոր է՝ անապատի միաբանների բնակարաններն են եղել կամ ճգնարաններ: Կիրճի առաջնամասի քարանձավներից մեկը մոտ 20 մ երկարությամբ թունել է, որը երևի դիտակետ է եղել. դիրքն այդ է հուշում: Անապատը նաև այգի է ունեցել. դարավոր ընկուզենիների հարևանությամբ նաև բալենի ու այլ մրգատու ծառեր կան: Ոռոգման և խմելու ջրի հարցը լուծված է եղել ավելի վերևից իջնող գետակի շնորհիվ: Անապատի եկեղեցին հարավից ունի 2 պատուհան և 3 մուտք: Սկզբում մեկն է եղել՝ 2 պատուհանների մեջտեղում, սակայն հետագայում դրանք քայքայվել են և հասել հատակին: Հիմնական մուտքի մոտ կա փոսորակ՝ քարերով լի: Հավանաբար այս փոսում է թաղված եղել Տեր Կիրակոսը, որը հետագայում՝ տարածքի հայաթափումից հետո, այլազգիները քանդել են, տապանաքարը տարել: Եկեղեցու ներսի մոտավոր չափերն են՝ 11-7 մետր, բարձրությունը՝ գրեթե 5 մետր: Սուրբ Խորանի ձախ կողմում 4 խորշեր կան քանդակված՝ նախատեսված գրքերի համար: Դրանց մոտ այս կողմի պատին կա մեկ այլ մուտք, որից ներս շրջանաձև խուց է՝ նման ավանդատան՝ բացառությամբ այն բանի, որ չունի պատուհան, ինչպես ընդունված է: Նույն կողմի պատին 4 մեծ խորշեր են փորված, հավանաբար խաչեր են քանդակված եղել, որոնք թուրքերը տաշել են: Նույն խորշերի վերևում ավելի փոքր ու քիչ խոր 8 խորանաձև փոսեր կան: Սուրբ Խորանի աջ կողմը համընկնում է դրսի պատին, և այս կողմում կան 3 կորանման պատուհաններ: Անապատը պատահական հայտնաբերվեց գյուղի վերաբնակեցումից հետո (այդ մասին տողերիս հեղինակի լրատվությունն առաջինը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում-23.08.2002թ.): Ավարտելով ուսումնասիրությունը՝ բարձրանում արշավախումբը բարձրանում է կիրճից: Ճանապարհին զրուցում եմ Ալեքսեյ Գունկոյիհետ, ով աշխարհի շատ կողմերում է նման եկեղեցիներ ուսումնասիրել: Ասաց՝ Հոչանցինը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Նախ ունի դարերի պատմություն, մեծ չափեր և գտնվում է գեղեցիկ վայրում: Կարևորեց նաև այն, որ անապատի գոյությունը վկայում է տարածքի հայոց երկիր լինելը: Բացի եկեղեցուց քարանձավագետին հետաքրքրել էին մոտակա անձավները, որոնք նույնպես պատմում են դարերի մասին: Հաջորդ հնավայրը Քրոնքից՝ ժայռափոր եկեղեցին է՝ Քրոնքավանքը: Այս սրբավայրը գտնվում է Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղիցմոտ 3 կմ հարավ-արևմուտք՝ Հակարի գետի աջակողմյան ժայռակերտ ձորակներից մեկում՝ գետից 1-2 կմ հեռու: Մինչ Քրոնք հասնելը՝ արշավախումբը անցնում է Բերձոր-Ծաղկաբեդ ճանապարհը: Բերձորից մոտ 4 կմ հարավ-արևելք՝ Բերդաձոր գետակի աջակողմյան ուղղաձիգ ժայռի միջնամասում 3 քարանձավներ կան, որոնք ժամանակին եղել են բնակելի, և այնտեղ բարձրացել են պարանների օգնությամբ: Քարանձավագետներին դրանք նույնպես հետաքրքրեցին: Գտնում են՝ պետք է ուսումնասիրել: Բերձորից մոտ 20 կմ հարավ՝ «Ստրոյկա» կոչվող ոլորաններում, ճանապարհի հենց եզրին մի քարանձավ կա, որը մուտքի մոտ՝ աջակողմյան մասում, փոքր խուց ունի: Տարիներ առաջ Սամվել Շահինյանի հետ պատահաբար բարձրացանք քարանձավ և նույն խցի ձախ կողմում հունատառ և սեպագիր արձանագրություն տեսանք: Հետագայում դրանք վերծանվեցին: Ցավոք՝ դրանից հետո քարանձավի տանիքի մի մասը քանդվեց, և ծածկվել է արձանագրությունը: Ծաղկաբերդ գյուղի մոտ անցնելով Հակարի գետը՝ ուսումնասիրողների խումբը աջ ափով շարժվում է առաջ: Գետի ափից Քրոնք տանող ճանապարհն անցնում է ցաքիների ու այլ փշատերև թփերի միջով: Աջ կողմում բարձր ժայռեր են, ձախում՝ կանաչ դաշտ: Ժայռափոր եկեղեցին երևում է հեռվից:
13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» (Երևան, 1986թ.) գրքում «Այս աշխարհում եղած վանքերը, եկեղեցական միաբանությունները և նրանց քանակը» (ԿԲ) գլխում պատմիչը հիշատակում է նաև Քրոնից վանքի մասին (էջ՝ 282): Իսկ «Սյունիքի տասներկու գավառների եկեղեցու հարկացուցակը ըստ հին սահմանվածի» (ՀԴ) գլխում Հաբանդ 7-րդ գավառում հիշատակվում է Քրվանք գյուղը՝ 20 մասնաբաժին հարկաչափով (Տաթևի վանքին տրվող), կարելի է ենթադրել, որ Քրոնից վանքը գտնվել է Քրվանք գյուղում: Նույն գավառում հիշատակվում են նաև Խնձորեսկ, Տեղ, Վանոցա և այլ գյուղեր: Վանոցան հայտնի է նաև Ջիջիմլի անվամբ և գտնվում է Ծաղկաբերդից արևմուտք: Այստեղ պահպանվել են 14-15-րդ դարերի մահմեդական 2 դամբարան, որոնցից մեկն իր հորինվածքով ավելի շատ հայոց եկեղեցի է հիշեցնում: Ելնելով բնակավայրերի ցուցակից՝ կարելի է ենթադրել, որ մեր նշած ժայռափոր եկեղեցին Քրոնից վանքն է. ժայռակոփ մի ձորակում դարեր առաջ մեր պապերը Աստծո տուն-եկեղեցի են կերտել քարանձավում, որից միայն մի մասն է պահպանվել՝ Սուրբ խորանի կեսը, հարակից և դիմացի պատերը, որ բլրի շարունակությունն են: Սրբավայրը ժամանակին, բացի պահպանվածից, ունեցել է երկրորդ սենյակ: Այդ են վկայում փայտե ծածկի գերանների համար նախատեսված փոս-բնիկները: Բացի այդ՝ պահպանվել է նաև նկուղային հարկը, որի մուտքը կիսով չափ փակվել է, և անցումը դժվարացել: Սրբատեղին, ըստ պահպանվող բանավոր տեղեկությունների, խորհրդային տարիներին, միգուցե նաև դրանից առաջ, երբ տարածքը հայաթափ եղավ ու բնակեցվեց մահմեդականներով, անվանվել է Գյավուրլու: Սա ևս վկայում է, որ ժայռափորը հայկական-քրիստոնեական է: Սամվել Կարապետյանի «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում (Երևան, 1999 թ.) Անապատիկ գյուղի և այնտեղ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է գրված, ըստ որի այն հիշատակվում է 1361 թ. ստեղծված «Մեկնութիւն պատարագիս» ձեռագրում. «… Արդ գրեցավ պատարագի մեկնիչս ձեռամբ Զաքարէ աբեղի ի Ձորս Հայքարա ի գեաւղս, որ կոչի Անապատիկ, ընդ հովանա Սուրբ Աստուածածնիս ի հայրապետութեանն տէր Ստեփանոսի, ի ղանութեանն Յոիսի, ի դառնութեան ժամանակի, որ հալածումն էր քրիստոնեից… Թվ. ՊԺ-1361 գրեցավ…»: Կարելի է նաև 2-րդ վարկածն առաջ քաշել, որ սրբավայրը հենց նշված Անապատիկն է: Ժայռափոր եկեղեցիներն են հիմնականում ծառայել որպես անապատներ: Եկեղեցու դիմաց՝ 30-40մ հեռավորությամբ բարձրաբերձ ժայռեր են, ունեն քարանձավներ: Կարևոր է նաև «Ձորս Հայքարա» անվանումը: Փոքր ջանք գործադրելով՝ կարելի է բարձրանալ և մտնել քարանձավները: Ժամանակին սրանք եղել են բնակելի կամ ապաստարաններ: Այդ են վկայում ներսում գոյություն ունեցող փոսերը, որ շտեմարանի դեր են կատարել: Բացի այդ՝ նրանց միջև վեր բարձրացող անցուղի կա: Այսօր այդ քարայրներից որոշները դարձել են արծվաբույն: Պահպանված եկեղեցին գտնվում է վթարային վիճակում և ամեն պահ հնարավոր է, որ դիմացի պատը փուլ գա: Իսկ արդեն փլվել են մուտքը և 2 պատուհաններից մեկը՝ հյուսիսարևելյան կողմում: Շինությունն ունի 5 մ բարձրություն, 3 մ լայնություն և 8 մ երկարություն: Մուտքի պատի հաստությունը 1,5 մ-ից ավելի է, սակայն արդեն մի քանի տեղից ճաք է տվել, հենարան չունի: Սուրբ խորանի հյուսիսային մասը քանդված է, փորված է նաև բեմը, միայն պահպանված պատի կողմում մնացել են աստիճանների հետքեր: Պահպանված պատի վրա կան 2 խորշեր, հավանաբար խաչեր են եղել, որ ոչնչացվել են: Այսօր, իհարկե, կարևոր է ուսումնասիրություն կատարել և վերջապես ճշտել սրբավայրի իսկական անունը՝ Քրո՞նք, Անապատիկի Սբ. Աստվածածի՞ն, թե՞…Սակայն ավելի կարևոր և առաջնային է եկեղեցու վերակառուցումը: Քրոնքը ևս շատ հետաքրքրեց հյուրերին: Բոլորն էլ բարձրացան դիմացի ժայռերի քարանձավներով, լուսանկարեցին, ուսումնասիրեցին: Յուրի Դոլոտովն ասաց՝ անցյալում այստեղ շատ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցած կլինեն: Հնարավոր է՝ եկեղեցու դիմացի քարանձավները եղել են ճգնարաններ կամ նաև պաշտպանական նպատակով են օգտագործվել: Արդեն մթնշաղ էր, որ արշավախումբը հրաժեշտ տվեցինք Քրոնքին և վերադարձավ: Ծաղկաբերդ գյուղի դիմաց՝ Հակարի գետի ձախակողմյան ձորակներից մեկով, մի ճանապարհ ժամանակին բարձրացել է Հարար գյուղ: Մեր վարորդներց Կարեն Ավանեսյանն այս մասում ժամանակին քարանձավային համալիր է տեսել, և նրա ուղեկցությամբ Սամվել Շահինյանի, Ալեքսեյ Գունկոյի և Վիտալի Ստեպկինի հետ բարձրացանք դժվարանց ճանապարհով: Ձորակի ձախ կողմում կրաքարե սպիտակավուն ուղղձիգ պատեր են՝ բազում քարայրներով: Լապտերների լույսով ուսումնասիրեցինք դրանք, որոնց մի մասը բնակարաններ են, մի մասը՝ անասնագոմեր: Որոշները 2-3 սենյակներից են բաղկացած, պատերի մեջ դարակներ և այլ նպատակով փորված խոռոչներ կան, տանիքները երդիկներ ունեն: Գոմերում փորված մսուրները մի քանի անասունի են ծառայել: Այժմ էլ որոշներն օգտագործվում են որպես անասնագոմ: Ստեպկինն ու Գունկոն խոստովանեցին, որ նման քարանձավային համալիր, որտեղ մի քանի տասնյակի են հասնում քարայրները, չէին տեսել: Սրանք ևս ուսումնասիրման կարիք ունեն: Հավանական է՝ սկզբնական շրջանում այստեղ քարանձավային բնակավայր է եղել: Ժամանակի սղության և մթի պատճառով մոտ 1 ժամ կարողացանք շրջել քարանձավային համալիրում և ցած իջանք: Հասնելով Բերձոր՝ հրաժեշտ տվեցինք հյուրերին, ովքեր մեկնեցին Ստեփանակերտ: Շնորհակալություն հայտնեցին շրջվարչակազմի ղեկավարությանը հյուրընկալման համար, ԼՂՀ ԱԻՎ ՊԾ Քաշաթաղի շրջանային բաժանմունքի աշխատակիցներ Կարենին և Արսենին, ինչպես նաև՝ Ներքին Սուս համայնքի ղեկավար Արթուր Փարսյանին, ովքեր իրենց մեքենաներով սիրով ուղեկցեցին այդ 2 օրը: Ս. Շահինյանը տեղեկացրեց, որ ծրագրված էր հանդիպում ԼՂՀ վարչապետի հետ և շրջագայություն Արցախի մի շարք պատմական վայրերում: