ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
բանասիրական գիտությունների դոկտոր
Նյութը քաղված է «Գուսան Աշոտի բանաստեղծական աշխարհը» գրքից
Գորիս, 1995 թ.:
Գուսան Աշոտը (Աշոտ Հայրապետի Դադալյան) սերում է Գորիսի հնագույն մի տոհմից: Գուսանն իրենց տոհմի ու ծնողների մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում անտիպ ինքնակենսագրականում, որ պետք է հրատարակեր “Կյանքիս հեքիաթը ” խորագրով: Դադալյան տոհմի այրերը զբաղվել են հողագործությամբ ու այգեգործությամբ: Նրանց հարկի տակ խիստ հարգի են եղել ժողովրդական երգն ու ասքը: Պապը` Արզումանը, եղել է լավ երգող, առակասաց հեքիաթասաց, իր խոսքով մշտապես հմայել է քարանձավաբնակներին: Նմանապես շնորհալի է եղել նաև Աշոտի հայրը`Հայրապետը, որը հողագործ լինելուց բացի, նաև ճանաչված որմնադիր էր: Հին Գորիսի կամարակապ շատ տներ և այլ կառույցներ նրա ձեռքի դրոշմն են կրում: Ահա թե ինչու ժողովուրդը նրան կնքել է բարերար Հայրապետ: Հայրապետը նաև երգող էր: Երգել է լուսավոր թախիծով ու ժողովրդական կենսափիլիսոփայությամբ հագեցած երգեր: Գարնանն ու աշնանը նա իր զավակներով յոթ լծկան եզներով վար ու ցանք էր անում: Նրա բազմաշունչ ընտանիքը (ուներ երեք տղա ու չորս աղջիկ) ապրում էր գեղջկական ուրախ կյանքով: Ահա այս պարզ հարկի տակ 1907թ. ապրիլի 25-ի գիշերը ծնվում է չորրորդ արու զավակը, և գիշերվա անդորրը խախտում են նորածնի ճիչն ու Դադալյան տոհմի ավագների գինու թասերի զրնգոցը…
Ծնողները նորածնին Տաթևի վանքում մկրտում են` անվանակոչելով Աշոտ: Աշոտի մայրը` Դիցուհին, հարուստ տոհմի դուստ էր, առակասաց Արզումանի աղջիկը: Դիցուհին հորից սովորել էր ժողովրդական առակներ, իսկ մորից` օրորոցային երգեր: Աշոտի մանկական հիշողության մեջ դաջվել են մորից լսած օրորոցայինները: Մայրը որդու սնարի մոտ մեղմ երգել է, իսկ տղան մոր հետ դնդնացել է , մինչև որ վրա է հասել անուշ քունը: Արդեն հինգ տարեկան հասակում Աշոտը բնության գրկում էր , օրնիբուն ունկնդրում էր թռչունների դայլայլը, գառների մայունը, հորթերի բառաչը, հմայվում էր հովիվների սրնգի ձայնով ու երգերով: Հայրապետ Դադալյանի տան քառասուն տարվա ուրախությունն ընդհատվում է կնոջ` Դիցուհու անսպասելի մահով: Այդ կորուստը գեղջկական շեն տանը բերում է ամայություն, իսկ փոքրիկ Աշոտին ` տառապալից որբություն: Մոր կորուստը հետագայում թախծային մի նուրբ երանգ է հաղորդում որդու քնարին: Պատանի Աշոտը օգնում է խաշնարած հորը` կատարելով հովվություն Զանգեզուրի սարերում: Հայրենի բնության գրկում էլ ստանում է երաժշտական առաջին կրթությունը, յուրացնում է սրնգի վրա նվագելու արվեստը: Լեռների գրկում անցկացրած մանկության անհոգ օրերի պատմությունը հետագայում վերածվում է քնարական վերհուշի: Հոգում ամբարած Զանգեզուրի գուսանների երգերը ` Աշոտը 1921-ին փոխադրվում է ավագ եղբոր մոտ` Բաքու, որտեղ և հովվական պարզ սրինգը փոխարինվում է սազով ու քամանչայով: Այստեղ էլ նա ավարտում է բաներիտ դպրոցը: Հետևելով իր հոգու ներքին ձայնին ` Աշոտը բռնում է գուսանական արվեստի ճանապարհը: Ստեղծագործելը դառնում է նրա ապրելու կերպը, իսկ երգն ու քամանչան` նրա ուղեկիցները: 1928 թ վերադառնում է ծննդավայր և լիովին նվիրվում իր սիրած արվեստին: Աշոտի անունը լայն ճանաչում է գտնում 1930-ական թվականներին: Նրա քնարին որոշակի լիցք է հաղորդում ժողովրդական ստեղծագործողների օլիմպիադայում 1-ին կարգի մրցանակ ստանալը: 1958թ անդամագրվում է Հայաստանի գրողների միությանը: Ապրելով ստեղծագործական լիարյուն կյանքով` Աշոտը բացվում է միանգամից: Առանց երկարատև ընդմիջումների ծնվում են նրա երգերը, մտնում ամեն հարկի տակ, թափանցում ամեն անկյուն, հուզում մարդկանց սրտերը` հեղինակին բերելով համընդհանուր ճանաչում: Իրար են հաջորդում գուսանի երգերի ժողովածուները. 1942-ին` “Գուսանական երգեր”, 1955-ին` ” Գուսանի սերը” (նոտագրված `1958-ին), 1974-ին` ” Սիրո կրակներ”, 1979-ին` “Սրտի նվագներ”, 1982-ին` “Ծովաստղիկս”, 1988-ին` “Լեռները կանչում են”: Գուսան Աշոտը 1967 թվականներից հանրապետության ժողովրդական արտիստ էր: Աշոտը ապրեց մինչև խոր ծերություն և, իբրև ճշմարիտ արվեստագետ, մինչև իր կյանքի վերջը մնաց իր արվեստից անբաժան: Ստեղծագործելը , իբրև ապրելու կերպ ու կենսաձև, ուղեկցեց նրան մինչև կյանքի վերջին օրը… Ամեն օր նրան կարելի էր հանդիպել Երևանի կամ Գորիսի փողոցներում` երգը շուրթերին, բարի ու արդար ժպիտը դեմքին… Կյանքի վերջին տարիներին գուսանը հիմնականում Գորիսում էր գտնվում, հարազատ ժողովրդի հետ ամենօրյա շփումների մեջ: Իր աստեղային պահերը մեծ մասամբ ապրել է ծննդավայրում, և նրա երգերից շատերը ծնվել են գորիսյան գիշերների խորհրդավոր լռության մեջ: Իսկ ցերեկները գուսանին ամեն օր կարելի էր հանդիպել Մխիթար Սպարապետի անվան հրապարակում, ուսուցչի տան պատուհանի գոգին հենված` մարդկանցով շրջապատված , իր նոր ծնվելիք երգի տողերը կամ երաժշտությունը դնդնալիս…
Հիրավի, գուսան Աշոտը կենսական կապի մեջ էր իր ծննդավայրի հետ, զանգեզուրյան բնաշխարհի հետ, որտեղից և քաղում էր իր երգերի նյութը` նեկտարը:
Տեղին ենք համարում մեջբերել մի անգամ մեր զրույցի ընթացքում նրա հետևյալ խոսքը.
— Մեր էս ձորերը (ձեռքը պարզում է դեպի հին Գորիսը), կիրճերը լիքն են երաժշտությամբ: Ես ոչ միայն լսում եմ այդ երաժշտությունը, այլև տեսնում եմ: Ես չեմ ստեղծում, ես ընդամենը քաղում եմ, գրի եմ առնում:
Աշոտն ուներ ստեղծագործական աշխատանքի իր եղանակը: Նա երգի տեսքն ու մեղեդին մշակում էր միաժամանակ: Իր ամեն մի նոր երգ ընթերցում կամ կատարում էր գրասերների շրջանում, անգամ գրի ու գրականուրյան հետ կապ չունեցող մարդկանց մոտ, հաշվի էր առնում բոլոր օգտակար դիտողություններն ու խորհուրդները: Այս ձևով նա իր երգերը, նախքան տպագիր խոսքի վերածվելն ու բեմահարթակներից հնչելը, ենթարկում էր ժողովրդի փորձաքննությանը` դրանց հավիտենական կյանքի ուղեգիր տալու համար: Մոտ երկու տասնամյակ հանրապետության գուսանական խորհուրդի պատվավոր նախագահն էր:
…1988-ի դեկտեմբերյան մահաբեր երկրաշարժը շանթահարել էր Հայոց աշխարհը: Դեկտեմբերի 9-ին գուսանին հանդիպեցի Սպարապետի անվան հրապարակում` «գուսանի պատին» հենված: Անսովոր հուզված վիճակում էր: Երբ ձեռքը սեղմեցի, զգացի, որ այն բռանս մեջ դողում է, իսկ աչքերը լցված էին արցունքով: Նա դիմեց ինձ.
-Այս ի՞նչ եկավ մեր գլխին: Ո՞նց կարելի է դիմանալ այս վշտին… Ո՞նց պիտի տանենք այսքան երեխաների մահը…
Ես չկարողացա մխիթարական խոսք ասել նրան, բայց նաև զգացի, որ ժողովրդի գուսանը ժողովրդին պատուհասած աղետը շատ ծանր է տանում: Մեզ պաշարած տխրությունն այքան խորն էր, որ խոսակցություն ծավալելը անհնարին էր: Բայց ահա գուսանը ծոցագրպանից հանում է նախորդ գիշերը ծնված երգը և կարդում: Դրանից հետո գուսանն ավելի էր տկարացել. Գանգատվում էր սրտից, շնչարգելությունից: Տեսնելով վիճակի վատթարացումը` նրան փոխադրում են Երևան` բուժումն այնտեղ շարունակելու նպատակով, բայց ապարդյուն… 1989-ի հունվարի 28-ին տապալվում է հայոց գուսանական արվեստի մեծ կաղնին: