«Մատյան եղելությանց» վիպակի շարահյուսական առանձնահատկությունները

Spread the love

ser

Գրողի և գեղարվեստական երկի լեզվական վարպետությունն ու ոճական ինքնատիպությունը դրսևորվում են նաև շարահյուսական առանձնահատկություններով: Շարահյուսական համակարգն ավելի մեծ հնարավորություն է տալիս գրողին, քանի որ այստեղ սովորաբար քիչ են գործում քերականական կանոններով պարտադրվող միօրինակությունն ու այլազան սահմանափակումները, իսկ ահա ձևական համակարգի ընձեռած հնարավորությունը լեզվական միջոցների ընտրության առումով համեմատաբար սահմանափակ է գեղարվեստական երկում[1]:

Այլ կերպ ասած` շարահյուսական համակարգի հետապնդած հիմնական նպատակն է բացահայտել գրողի` շարահյուսական իրողությունների ընտրության ու նրանց կապակցման եղանակները և դրսևորման միջոցները, որն էլ իր հերթին լուսաբանում ու հաստատում է տվյալ գրողի ոճական յուրահատկությունը` իր բոլոր կողմերով ու հատկանիշներով: Այս առումով տեղին է Վ. Վինոգրադովի այն մոտեցումը, ըստ որի` ոճագիտական շարահյուսության խնդիրները, նրանց կառուցման ձևերի ու բնույթների տարբերությունները, անգամ պարզ նախադասության կառուցվածքի և ծավալի տարբերությունը շատ կարևոր է գրական-գեղարվեստական երկի շարահյուսական յուրահատկությունների գնահատման և իմացության համար[2]:

Ս. Խանզադյանի «Մատյան եղելությանց» վիպակի շարահյուսական կառուցվածքի քննությունը կարող է բացահայտել ոչ միայն ժամանակի լեզվական իրողությունները, այլև ոճական հնարանքներով հաղորդակցվող մարդկանց հոգեբանությունը, կյանքը, կենցաղը: Հեղինակն այս դեպքում լոկ դիտորդ չէ, այլ նույն իրադրությամբ ապրող, դեպքերին մասնակից անձնավորություն` չնայած ժամանակի տարբերությանը:

«Մատյան եղելությանցը» մի կատարյալ երկ է, որտեղ հեղինակը հայրենասերի մեծ սիրով ու հոգատարությամբ նկարագրում է իր հայրենի եզերքի մարդկանց վարքն ու բարքը, հոգեկան ապրումներն ու զգացմունքները, ծանր առօրյան: Այս ամենը Ս. Խանզադյանը շարադրել է գեղեցիկ ոճով, բայց խնդիրն այլ է. պետք է բացահայտել, թե հեղինակը վիպակն ընթերցողին հասկանալի ու զգացմունքային ներկայացնելու համար շարահյուսական ինչպիսի համակարգի է դիմել:

Վիպակում հանդիպող տարբեր տեսակի նախադասություններից ավելի շատ են պարզ ընդարձակները: Հետաքրքրական է, որ պատկերավորման այս ընտրությամբ Ս. Խանզադյանի երկը զուգահեռվում է Ակ. Բակունցի պատմվածքներին: Պարզ համառոտ նախադասությունների ընտրությունը պատահական չէ, եթե երևույթը դիտենք պատկերավորման հակիրճության տեսակետից: Հեղինակը այս կերպ ընթերցողին ազատում է ավելորդաբանություններից, խոսքին հաղորդում է ճկունություն: Պատմությունն այսպես շարադրվում է ամփոփ, ու խոսքը մեծացնում է ընթերցողի հետաքրքրասիրությունը. «Ընդհանրապես խոսքում ավելորդ են այն բոլոր բառերը, նախադասությունները, միջանկյալ պատմությունները, որոնք որևէ ձևով չեն նպաստում մտքի ու գաղափարի ճշգրիտ արտահայտմանը, գեղարվեստական կերպարների ու գերարվեստական իրադրության տիպականացմանը, չեն ծառայում գեղագիտական նպատակին»[3], ինչպես` «Ավան բիձան փողոց մաքրող է» /էջ 473/, «Մեզ է մոտենում մեր մյուս հարևան Գաղթական Սարգիսը» /ն.տ./, «Ամեն տուն իր առջև պարտեզ ունի» /էջ 475/, «Անհամար բարդիները քաղաքին երկնամերձ տեսք են տալիս» /ն.տ./, «Քաղաքում առաջին բարևն առնում է փողոց մաքրող Ճել Ավան բիձան» /էջ 476/ , «Պատշգամբի յուղաներկ պատին իրար ռեխ կրծող երկու առյուծ են նկարված» /էջ 477/, «Չեկայի Վրույրը ձեռքը տարավ դեպի ատրճանակը» /էջ 479/: Պատկերի հակիրճ ներկայացնելը վկայում է նաև հեղինակի` ժողովրդական խոսքին տիրապետելու մասին, քանի որ նախադասությունները սեղմելը, ձևական դեր կատարող բառերից ազատելը ժողովրդի խոսակցական լեզվի իրողություններ են[4], որոնք, տեղափոխվելով գեղարվեստական երկ, ստեղծագործությանը հաղորդում են ժողովրդայնություն. «Մի անգամ Ավան բիձան նրան հարցրեց» /ն.տ./, «Կապխոսող Սուղին քահանա պետք է դառնար» /էջ 481/, «Օտար լեզուների դասատու ընկեր Մանգուևը քրքջում է» /էջ 577/, «Դահլիճում եղած կանայք լաց են լինում» /էջ 587/, «Կեսօրին Պայտ Հայկազը մտնում է ռեստորան» /էջ 596/, «Ադունց Պետրու մի աղջիկը հարս էր գնում» /էջ 611/ և այլն:

Պարզ համառոտ նախադասությունները շատ քիչ թիվ են կազմում վիպակում: Պարզ համառոտները, զարմանալիորեն, ավելի մեծ իրադարձություններ են ներկայացնում, քան մյուսները, ընդ որում, պարզ համառոտները փոխարինում են մեծ, բայց գեղարվեստական խոսքի համար ոչ այնքան կարևոր պատկեր-պատմություն-դեպքերին, այսպես` «Վերջ չկա» /էջ 474/, «Զարմացավ Մուռիկ Սամոնը» /էջ 475/, «Ալբերտ Ալեքովիչը հառաչում է» /էջ 480/, «Որդիս է գտել» /էջ 485/, «Կինը լաց է լինում» /էջ 489/, «Հացը պակասեց» /էջ 513/, «Պառավը մեռավ» /էջ 606/, «Չորսն էլ գնացին» /ն.տ./, «Աչքերը լցվում են» /էջ 483/ և այլն:

Հանդիպում են նաև միակազմ նախադասություններ` դիմավոր և անդեմ:

«Մատյան եղելությանց»-ի մեջ առավել շատ գործածական են դիմավոր միակազմ նախադասությունները, որոնց դիմավոր համարելով` նկատի է առնվում բայական դեմքի կարգի առկայությունը` սոսկ ձևական — քերականական իմաստով[5]: Ընդհանրապես, ինչպես նկատվում է, հայ արձակում շատ են էական բայով արտահայտված ստորոգյալ ունեցող կապակցությունները, որոնք նման են անվանական ստորոգյալներին, հմմտ.` «Միրհավն էր», «Նուշիկն էր» /Ակ. Բակունց/ և ` «Լուսաբաց էր» /էջ 485/, «Պարզ է» /էջ 494/, «Ապականիչ է» /էջ 576/, և այլն, ինչպես նաև` «Դաժան էին այդ դաժան օրերին» /էջ 479/, «Լավ էր» /էջ 513/, «Դե, իշխանություն էր, շրջան, շրջկոմ» /ն.տ./, «Դուրս եկան սովի դեմն առնելու » /ն.տ./, «Ձյուն ձմեռ էր» /ն.տ./, «Դե, կռիվ էր» /էջ 514/ և այլն: Ընդգծված դեպքերը «հատուկ են ժողովրդական պատմելակերպին և գրական լեզվում մի տեսակ վիպական երանգ են մտցնում»[6]:

Դիմավոր միակազմ /անենթակա/ նախադասությունները չպետք է շփոթել զեղչված ենթակայով նախադասությունների հետ: Դրանց հակադրությունը անհրաժեշտ է, քանի որ արտաքին ձևային հատկանիշով նման լինելով հանդերձ` նրանք շարահյուսական տարբեր միավորներ են: Ամենաէական տարբերությունն այն է, որ «զեղչված ենթակայով նախադասությունը կառուցվածքով թերի է, իսկ դիմավոր միակազմը լրիվ նախադասություն է: Զեղչված նախադասության ենթական կարող է գործածվել, բայց չի գործածվում սոսկ ոճական նկատառումով և կարող է հեշտությամբ վերականգնվել:

Մինչդեռ դիմավոր միակազմ նախադասության մեջ այն չկա և բացառվում է կառուցվածքային տեսակետից»[7]: Լեզվական նման կանոնավոր ձևակերպումները, սովորաբար, բերվում են ժողովրդական խոսքի իրադրությունից: Սովորական հաղորդակցման արտահայտությունները հիմք են դառնում լեզվաբանական կամ լեզվական օրենքների, իսկ երբեմն էլ այդ սահմաններից դուրս են մնում` համարվելով ժողովրդական-խոսակցական ձևեր, գործածություններ:

Զեղչված ենթակայով նախադասությունների օրինակները հավաստում են, որ այդ կարգի նախադասությունները կարող են լինել և՛ ինքնուրույն, և՛ կազմել որևէ բարդ նախադասության մասը: Պատահում են նաև բոլորովին ինքնուրույն, ավարտուն հնչերանգով միակազմ նախադասություններ, որոնց տրամաբանական կամ քերականական ենթական կամ գլխավոր անդամներից մեկը-եզրը դրսևորվում է միայն նախորդ նախադասություններում: Գրական խոսքը նման իրողություններից վերցնում է կանոնավորը, ինչպեսիք կարող են համարվել ասույթներ կամ ժողովրդական իմաստություններ: Մի տեսակ լեզվական կանոնից դուրս են դիտվում այնպիսի նախադասություններ, որոնք պարզ, պատմողական իրադրական գաղափար արտահայտելու միտում ունեն, բայց միակազմ են քերականական առումով. «Նախադասությունների կառուցվածքի, նախադասության անդամների կապակցության և նախադասությունների ընտրության հարցում հեղինակը համեմատաբար ազատ է որոշ քերականական նորմաներից և կարող է դրսևորել իր ստեղծագործական հմտությունները, անհատականությունը»[8]: Դրանք, մեր կարծիքով, սխալ համարվել չեն կարող, քանի որ քերականական պահանջներից բացի, հակամետ են արտահայտչական այլ գործոնների` հեղինակային պատկերավորման հնարանք, ժողովրդական խոսքի ընդհանրականացում, երկի գեղարվեստական լեզվի ոճավորում և այլն, որոնք նույնպես շատ են հանդիպում վիպակի գործողություններում. «Նրանցից բաժին առավ, լափեց» /էջ 514/, «Հետո էլ եկավ, գող շան նման մտավ իր տունը» /ն.տ./, «Բա մի լավ բան չես թողնո՞ւմ մեզ» /ն.տ./, «Աչքդ բռնածը չանթում ես, անխի՛ղճ» /ն.տ./, «Քսանմեկ տարի էշություն էր արել» /էջ 515/, «Էշություն չէ, բեռ էր քաշել, մաքրել քաղաքի կեղտերը» /ն.տ./, «Հետո էլ ողջ շրջանում ջորիների մի մեծ սերունդ թողել» /ն.տ./, «Վաղուց մաշվել, հղկվել էր» /ն.տ./, «Վրան խամ տեղ չկար» /ն.տ./ և այլն: Ինչպես նշեցինք վերևում, նման նախադասություններում ենթական կարելի է վերականգնել, այսպես` առաջին և երկրորդ նախադասություններում վերականգնված ենթական «սովն» է, երրորդ և չորրորդ նախադասություններում խոսքը Աստծու մասին է, իսկ հինգերորդ, վեցերորդ ու յոթերորդ նախադասություններում վերականգնված ենթական «էշն» է, և վերջին երկու նախադասություններում` Ճել Ավան բիձայի «ավելը»: Նման նախադասությունների շարահյուսական արժեքն այն է, որ սրանք նաև ժողովրդական լեզվամտածողության կառույցներ են:

Ս. Խանզադյանի «Մատյան եղելությանց»-ի մեջ որոշակի քանակ են կազմում բարդ նախադասությունները: Բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասությունները, համեմատած պարզերին, ավելի քիչ են. օրինակ` պատահականորեն ընտրված երեք էջի սահմանում տասնմեկը համադասական, տասներկուսը ստորադասական նախադասություններ են, այն դեպքում, երբ պարզերը դրանցից շատ են` երեսունից ավելի: Այս երևույթը, կարծում ենք, հայ ժողովրդական նորագույն շրջանի արձակի լեզվաոճական կարևոր ձեռքբերումներից է, մի բան, որ պակասում էր Խ. Աբովյանի և նրանից հետո հայտնի հեղինակների արձակ երկերում, որոնցում երկարաշունչ բարդ նախադասությունները ավելի շատ են: Քերականորեն համազոր հարաբերությամբ կապված երկու կամ ավելի բաղադրիչ նախադասությունները ծավալուն չեն լրացում անդամների սակավության հետևանքով: Անդամ-լրացումների պակասը չի նսեմացնում երկի գեղարվեստականացումը, այսպես` «Էշը հոտոտում է գետինը, իսկ տերը բերանից հանում է լրագրի թղթի մեջ փաթաթած ծխախոտը, ծխահամ բերանով համբուրում ինձ» /էջ 473/, «Չեմ ուզում գնա, բայց գնում է» /էջ 474/, «Քաղաքի բոլոր տները քարաշեն են և զույգ կամարակապ դարպասներ ունեն» /էջ 475/, «Շուտով գալիս է նաև երրորդը, և բզզոցը սաստկանում է» /էջ 555/, «Լացն աչքի կոպին չէր, այլ սրտի մեջ » /էջ 607/, «Վազեց, թռավ դեպի անդունդը, բայց և թուլացած նստեց նրա եզերքին» /էջ 611/, «Ինքը տրեխները հանում էր, նստում թախտին, փշրվող ոտքերը մեկնում` ականջը Իվանին» /էջ 514/, «Որդու զանգակ ձայնը շոյում էր հոր սիրտը և աշխարհը դառնում էր մանկան պես բարություն» /ն.տ./, «Էշը նոր էր, սակայն Ճել Ավան բիձայի ավելի կոթը` հին» /էջ 515/, «Հիմա քաղաքային այգում ծերացած, ծերերի հետ նստած, փայտի ածուխ սարքող Զարհելին Մովսեսը հանկարծ ննջացող գլուխը բարձրացնում է ու դղրդոցով պատմում» /էջ 517/, «Ալեքսանը եկավ, հարություն տվեց վաղուց հող ու առասպել դարձած Գուրջու Օբուն, կենդանացրեց ավերակ Աքարը, ձմեռն էլ ալպյան մանուշակի բույր տվեց հին քարանձավներին» /էջ 518/ և այլն:

«Գեղարվեստական ստեղծագործության շարահյուսական կառուցվածքի ուսումնասիրությունն ամենից առաջ ենթադրում է տվյալ երկին, հեղինակին յուրահատուկ նախադասությունների կառուցվածքի, կապակցության տարբեր եղանակների քննության, ինչպես նաև շարահյուսական ավելի բարդ ու ծավալուն միավորների` պարբերույթների կառուցվածքային և ոճական վերլուծություն»[9]:

Բարդ ստորադասական նախադասության բաղադրիչների ստորադասական կապակցության մեջ պարզ նախադասություններից մեկը ամբողջ բարդ նախադասության կառուցվածքային կենտրոնն է, մյուսը, կախվածության մեջ լինելով, սովորաբար և առավելապես դրվում է վերջադաս: Ս. Խանզադյանի քննվող երկում այդ տիպի նախադասություններն ունեն ոճական այլ առանձնահատկություն. ստորադասություն կազմող բաղադրիչները ավելի շատ առաջադաս են, որը նույնպես ժողովրդական լեզվին բնորոշ երևույթ է:

Գերադաս և երկրորդական նախադասությունների միջև կան բազմաթիվ իմաստային փոխհարաբերություններ` պայմանվորված երկրորդական նախադասության բնույթով և գրաված շարահյուսական համապատասխան դիրքով: Առանձնացնենք գլխավոր նախադասության ստորոգյալին կամ բայով արտահայտված այլ անդամին լրացնող երկրորդական նախադասություններ` հատկապես պարագա երկրորդական նախադասություններ` իրենց ենթատեսակներով: Այսպես` ժամանակի պարագա երկրորդական նախադասություններ` «Երբ ես դեռ մի թիզ բան էի, նա հացը շալակով էր կրում խանութ» /էջ 473/, «Երբ ես սկսեցի դպրոց հաճախել, Գաղթական Սարգիսը հացը փռից խանութ էր տանում շրջկոոպի երկանիվ սայլակով, որին, փողոց մաքրող Ճել Ավան բիձայի նման, լծվում էր ինքը» /ն.տ./, «Նա խոսք չի տալիս, մինչև չհամոզվի, որ հարսը խոնարհ է ու պարկեշտ» /էջ 484/, «Երբ սա դարձավ տասը տարեկան, Ճել Ավան բիձան նրան էլ հետը տարավ փողոց մաքրելու» /ն.տ./, «Իվանի վիշտը դեռ չէր մոռացել, երբ ոռնաց պատերազմը» /էջ 514/, «Երբ կռիվը վերջացավ, քաղաքային զբոսայգուց ջրի ծորակ բերին ռեստորան» /էջ 601/, «Դա այն օրերին էր, երբ էշ չուներ, ինքն էր լծվում աղբով լիքը սայլակին» /էջ 484/ և այլն:

Պայմանի պարագա երկրորդական նախադասություններ, ինչպես` «Եթե սա օրը տասը անգամ էլ բարի լույս ասի, Ավան բիձան չի հոգնի» /էջ 479/, «Եթե նորապսակներն իր սրտով չեն լինում, ապա շրջկոմի քարտուղարն էլ գա իր ետևից, հրավերը մերժում է» /էջ 484/, «Եթե այս տարի նրա մոտ մի բան ասես, եկող տարի միայն կհասնի ականջին» /էջ 489/, «Եթե մեկնումեկը խաղը տանում է Մի Կեղ Մանգասարից, ապա մյուս օրը ողջ քաղաքը կամ թթված հաց է ուտելու, կամ խմոր-ցեխ» /էջ 532/, «Եթե հրապարակից նայես երկնահայաց փողոցին, ապա նրա ծայրին մի ծվեն երկինք կտեսնես» /էջ 585/, «Եթե մայթին քնածը գրաստով է եկել, ապա Շեյիր Շողերունու բախտը բանում է» /էջ 592/ և այլն:

Համեմատաբար քիչ տեղ են գրավում զիջման, նպատակի, պատճառի, ձևի, չափի, հիմունքի պարագա երկրորդական նախադասությունները, ասենք` «Որոնց չեմ հիշատակել այստեղ, թեև հիշատակության արժանի եք լիովին» /էջ 614/, «Եվ թեկուզ դերասան Սեթը հինգ տարի առաջ է մեռել շատ օղի խմելուց, բայց Ագրոնոմը նրա անունը չի ջնջել լուցկու տուփ իր ծոցատետրի մեջ» /էջ 501/, «Թեև արդեն ծեր էր Ճել Ավան բիձան, բայց դեռ ծեգի մշուշում նրա աչքը գտնում է մայթին ընկած աղջկա բարակ ծամկալ» /էջ 476/, «Վրիպեցին, թեև երկուսն էլ երկնքից անցնող հավքին վայր գցող էին» /էջ 585/, «Սպիրտի գլխին կարդա, որ տանը մնացած իրա թեորիան տեղաց անի» /էջ 533/, «Անտառից Ներսեսը մեկ-մեկ էլ խազազ, շուշան ու գառանդմակ էր բերում իրենց տուն, որ նանը թթու դնի» /էջ 534/…«Փողոցների անուններն այսպես արագ են փոխվել, որովհետև այդ անունների տեր մարդկանց հետ մի բան է պատահել» /էջ 475/…«Նրանց վրա երկարված տասը զույգ կաղնե գերանը, ինչպես վկայում է Տատունց Անդրեաս հայրիկը, բերել է ինքը` մելիք Օհանը» /էջ 497/, «Ախորժակով քորեց պորտը և այնպես հորանջեց, ասես ուզում էր կուլ տալ Լաստի խութը» /էջ 533/, «Սակայն երբեմն այնպես էր մռայլվում, չարանում, որ նույնիսկ մոռանում էր իր սովորական խոսքը» /էջ 503/…«Նրա «է»-ն այնքան է երկարում, որ թվում է Տրաքցնող Կիրիկը երկնքում ապրող արարիչ է եղել» /էջ 529/ և այլն:

Ս. Խանզադյանը օգտագործել է նաև միավորյալ նախադասություններ: Սրանց շարահյուսական կառուցվածքի կարևորումն այն է, որ կազմում են պարզ և բարդ նախադասությունների միջակա օղակը: «Բարդին առնչվում են նրանով, որ միավորում են երկու և ավելի մտքեր, իսկ պարզին` նրանով, որ ձևավորումով նման են բազմակի անդամներով պարզ նախադասություններին: Նկատի ունենալով ստորոգումների սոսկական քանակը` լեզվաբանների մի մասը ստորոգյալով միավորված նախադասությունները դիտում է պարզ, իսկ ենթականերով միավորվածները` բարդ նախադասություններ»[10]: Այս խնդիրը, դարձյալ, կարող է լուծվել գեղարվեստական խոսքի ոճական-շարահյուսական մակարդակում: Երբ ստորոգյալները դիտվում են իբրև որևէ բարդ գործողության արտահայտիչներ և շարադասությամբ գտնվում են իրար կողքի, առաջ են բերում բայական մեկ հասկացություն` որպես զուգաբայական կառույց: Սակայն պատահում է, որ անդամների ընդմիջարկմամբ բայերը իրարից հեռանում են, և միևնույն է, բարդ գործողության պատկերը չեն կորցնում: Իհարկե, այսպիսիք տակավին խորագիտակ քննության են արժանի և այլ թեմայով քննություն են ենթադրում:

Ս. Խանզադյանի վիպակում մեծ թիվ են կազմում ստորոգումներով միավորված նախադասությունները, որոնք շարահյուսական բազմատեսակ կառույցների շարքում յուրահատուկ տեղ ունեն: Պարզ և բաղադրյալ ստորոգյալները շարահյուսական առումով առկայանում են որպես հնչերանգ ձևավորող գլխավոր միջոցներ, և պարզ բայերի սակավությունը լրացվում է բաղադրյալներով. «Հայերենի շարահյուսությունը իր զարգացման ընթացքում ստեղծել ու մշակել է բառերի կապակցության, համաձայնության, շարադասության, նախադասության կառուցվածքի բազմազան ու ճկուն օրենքներ, օրինաչափություններ»[11], որոնցից մեկն էլ բազմակի ստորոգյալներով կազմված նախադասություններն են, ինչպես` «Տնկվում է տեղը, երկու ձեռքով չրթմա խփում, պարում սուփրա- սեղանի վրա» /էջ 490/, «Կարդաց, չհավատաց աչքերին» /էջ 491/, «Երկու մատակ ձիատերեր մոտեցան նրան, հարցուփորձ արին, խոսեցին» /էջ 492/, «Կշռենք, պրծնենք, հետո ամանների քաշը դուրս գանք» /էջ 494/, «Ոտքը մի տեղ կոտրվե՜ր, չգա՜ր, չընկներ մի ժամանակ իր հետ հոտաղ եկած Հիմնարկ Ղևոնի ու Պադոշ Ածատի ճանկը» /էջ 502/, «Տղիդ համար Ադունց Պետրու աղջիկներից մեկն առ, պսակիր, կպցրու ջանին» /էջ 508/, «Ապա նստում էր մայթի եզրին, գլուխը կտրում կրծքին, ընկնում կրակի բերան» /էջ 512/, «Տարավ, բուժեց, բերեց» /ն.տ./, «Կիրիկը հող է լցրել, ծառ տնկել, անդունդն ի վար սահող պարտեզ ստեղծել» /էջ 527/, «Ժայռը պայթել, ճեղքվել է` հուն տվել էլեկտրակայանի ջրին» /ն.տ./, «Ներսեսը լաց եղավ, խնդրեց, աղաչեց» /էջ 535/, «Բիձան էշը դուրս է քշում գոմից, լծում սայլակին ու բացում մեծ դարպասի փեղկերը» /էջ 554/, «Անտառահայաց փողոցում հարգում, խղճում են նրան ու մի տեսակ ուրախանում Շամամի համար» /էջ 559/, «Ճել Ավան բիձան մխաց, այրվեց երկար, տնքաց, լաց եղավ» /էջ 588/, «Տխրեց, ծխեց շատ ու լռեց» /էջ 612/, «Ձին տանում է անտառ, մինչև ականջները փայտ բեռնում, բերում իրենց տուն» /էջ 592/ և այլն:

Գրողի ստեղծագործական անհատական ոճը դրսևորվում է ոչ միայն նախադասությունների կամ խոսքային այլ միավորների ընտրության դեպքում, այլև նախադասության յուրաքանչյուր անդամի կապակցության եղանակներն ու սկզբունքները մշակելիս[12]: Խոսելով ստորոգյալների մասին` անհնար է ուշադրություն չդարձնել նաև անվանական ստորոգյալներին, որոնք բավականին շատ կիրառություն ունեն վիպակում: Առավել շատ հանդիպում են գոյական ստորոգելիական վերադրով անվանական ստորոգյալներ, ինչպես` «Առջևս կատու էր» /էջ 479/, «Բառի բժիշկ է» /էջ 480/, «Մախաթ է, կուլ տա՞լ կլինի» /էջ 505/, «Հարյուր տոկոսով անազնիվ մարդ է» /էջ 511/, «Դե, կին էր, դիմացավ» /էջ 516/, «Վրաս ավելորդ բերան ես» /էջ 549/, «Բոցը մարած կրակ է» /էջ 559/, «Մե՜ղք է Շամամը» /ն.տ./, «Մկրատ Միհրանը դերձակ էր» /ն.տ./, «Ծաղիկ աղջիկ էր Մանանը» /էջ 560/, «Տունը գրադարան է» /էջ 563/, «Պատրաստվում էին գնալու բարձրագույն կրթության, բայց պատերազմ էր» /էջ 587/, «Սա ժողդատարանի շենքն է» /էջ 588/, «Լուլաքաբաբի միսը զիբիլ էր» /ն.տ./, «Հսկիչը ներողամիտ, բարի մարդ է» /էջ 589/, «Համբերությունը կյանք է» /էջ 591/, «Հարամ մարդը աղբ է» /էջ 598/, «Սա արդար բաժին էր» /էջ 600/, «Դա էլ գործ էր ու հաց» /էջ 601/, «Առաջին կանաչ քարն էր Միքայելի քարը» /էջ 607/ և այլն:

Գործածությամբ միջին տեղ են գրավում ածականական ստորոգելիական վերադրով անվանական ստորոգյալները, օրինակ` «Դաժան էին այդ դաժան օրերին» /էջ 479/, «ՈՒրախ էր» /էջ 559/, «Նրա տանը բոլորը գրագետ էին» /էջ 560/, «Մկրատ Միհրանի տունը միհարկանի է» /էջ 560/, «Անհարմար է» /էջ 581/, «Ծեր չէ, վերջերս է լրացել վաթսունհինգը» /ն.տ./, «Սա իր հարևանից թեև փոքր է» /ն.տ./, «Մռայլ, մոլոր է Ծմակի Մամիկոնը » /էջ 585/, «Վտիտ էր, անօգնական, թույլ» /էջ 586/, «Համառ էր ու իրասածի» /էջ 588/, «Թեթև է» /էջ 599/, «Լավ է» /ն.տ./, «Սովածը շատ է» /էջ 600/, «Դե, կակազ է» /էջ 601/, «Երբ ինքն էլ դեռ պատանի էր» /էջ 605/, «Դե՛, ջահել է, այրի մնա, ի՞նչ անի» /էջ 607/, «Ես տխուր եմ» /էջ 615/ և այլն:

Ավելի քիչ շարահյուսական գործածություն ունեն կապով, մակբայով, դերանունով և դերբայով ստորոգելիական վերադրով անվանական ստորոգյալները, ինչպես` «Գաղթական Սարգսի մռնչոցի արձագանքը ականջներիս մեջ է» /էջ 474/, «Տարիներ առաջ էր» /էջ 478/, «Հարսը ձիու վրա էր» /էջ 558/, «Պադոշ Ածատը կոշիկ կարող էր» /էջ 503/, «Այդպես է» /էջ 500/, «Ո՞Ւր է մեր գնդապետը» /էջ 505/, «Չես տեսնո՞ւմ, որ իմ տան կից է » /էջ 599/ և այլն:

Ս. Խանզադյանի հատուկ անհատական ոճը դրսևորվում է նաև ժխտական այն նախադասություններում, որտեղ հեղինակը, խուսափելով ավելորդություններից, ընդարձակումներից, կիրառում է «ոչ» ժխտական մասնիկը` իհարկե հասկանալի մատուցելով նախադասության իմաստային միտումը, ինչպես` «Ինքը մաշվել-մաքառվել է, ձայնը` ոչ» /էջ 474/, «Փողոցներից մի քանիսը անուն ունեն, մի քանիսը` ոչ» /ն.տ/, «Թատրոնի դերասանները ուրախանում են, դերասանուհիները` ոչ» /էջ 502/, «Սիրանույշի երկու տղային տարան, Ճառ Սիմոնի տղա Նոտար Բենիամինին` ոչ» /էջ 511/ և այլն: Ս. Խանզադյանի հեղինակային անհատականությունը ընդգծվում է հատկապես նրանում, որ նա այդ ժխտական նախադասություններում ցուցաբերում է հաստատական վերաբերմունք, այսինքն` ժխտելով հանդերձ` հաստատում է միտքը ընթերցողի համար: Ս. Խանզադյանը «Մատյան եղելությանց» երկում կիրառում է «ոչ» ժխտական մասնիկի մեկ այլ հետաքրքիր իրողություն` որպես կրկնադիր շաղկապ, այսպես` «Նրանց մեջ ո՛չ Մեհրաբի Վարթերի պես կտրիճ կանայք են ապրում, ո՛չ էլ գյադաներով շրջապատված Պետ Հաբուդ-Հայրապետ Մինայիչներ» /էջ 497/, «Չի բարևում ո՛չ բանկի կառավարչին, ո՛չ էլ նրա տեղակալին ու հաշվապահին» /էջ 511/, «Ո՛չ Սիրանույշի արցունքը տեսավ Ճել Ավան բիձան, ո՛չ հառաչանքը լսեց» /էջ 512/, «Ո՛չ Նանին է մնացել, ո՛չ Ամոլ Ահարոնի տղի երեկվա ջահելությունը» /էջ 523/, «Ո՛չ հորն է գտել տանը, ո՛չ մորը, ո՛չ էլ եղբայրներին» /էջ 601/…., առանց շեշտերի` «Ոչ կին ունի, ոչ էլ կին ունենալու միտք» /էջ 500/ և այլն: Հանդիպում են նաև թե՛…թե՛…, և՛…, և՛… կրկնադիր շաղկապներով նախադասություններ, որոնցում հեղինակային միտքը սովորական խոսքի երանգավորումից անցնում է հաստատական գունավորման: Ժողովրդական խոսքին բնորոշ հա՛մ…հա՛մ… խոսքային տրամաբանական շեշտադրումները գրական-գեղարվեստական տեսք են ստանում հեղինակային խոսքում: Այսպիսի միջոցներով նաև զանազանվում են հեղինակի և հերոսի խոսքերը, օր.` «Թե՛ նա, թե՛ Լղար Սերոժը և թե՛ նույնիսկ գործկոմի նախագահ ընկեր Շորյանցը սիրով են պատասխանում նրա բարևին» /էջ 601/, «Շատ շնորհակալ է և՛ Փօկի Մուխանից, և՛ մթերման գրասենյակի պահակ Լղար Սերոժից» /էջ 487/ և այլն: Սրանցում, ինչպես նկատվում է, սաստկությունը և խոսքի, գաղափարի պատկանելության դերը ոչ թե սովորական թվարկման, այլ մի տեսակ զարմացականի միտում ունեն, այդ հետևությամբ էլ հստակորեն նկատվում է, որ կրկնակ շաղկապները իրապես ոճական երանգավորումից ստացել են եղանակավորման հատկանիշ` մտովի փոխարինելով «անգամ», «նույնիսկ» վերաբերականներին:

Վիպակի շարահյուսական համակարգում նկատվում են ոչ միայն կայուն, այլև անավարտ նախադասութույններ, որոնց իմաստային ըմբռնումը հեղինակը թողնում է ընթերցողի երևակայությանը, իսկ ինքն իր խոսքը եզրափակում է կախման կետերով, ինչպես` «Ասում է, կացինը քաշում, կայծակում…» /էջ 478/, «Սուղին հացն ուտում է մի հանգով, ապա կռանում աղբյուրի ծորակի վրա…» /էջ 482/, «Ասածդ Հայրապետ Մինայիչի ականջը կգցեմ…» /էջ 496/, «Արջ եկավ վրաս, կացինս քաշեցի՜…» /էջ 517/, «Ղարսա կռվում գեներալ Տեր-Ղուկասովն ինձ կանչեց, թե…» /էջ 531/, «Երրորդը տղա լինի, հա՜…» /էջ 535/, «ՈՒրեմն` կովի կաթնատվության հարցում այս տարի…Բահո՜…» /էջ 579/, «Էսօր ախպորս դատն է: Խղճո՞վ մարդ է…» /էջ 593/ և այլն: Այս նախադասություններով հեղինակը համեմել է գլխավորապես կերպարների խոսքը` առավել ընդգծելով նրանց խոսքային բովանդակությունը:


[1] Տե՛ս Լ. Եզեկյան, Գրական աշխարհաբարը և արևելահայ պատմավեպի լեզուն, Երևան,1990 թ., էջ 168:

[2] Տե՛ս В. Виноградов, Стилистика, Поэтика, Москва, 1963г., ст. 12:

[3] Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, հատ. II, Երևան, 1991թ., էջ 293:

[4] Տե՛ս Գ. Սևակ, Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն, Երևան, 1948թ., էջ 138:

[5] Տե՛ս Ժամանակակից հայոց լեզու, հ. III, Շարահյուսություն, Երևան, 1976թ., էջ 467-468:

[6] Ռ. Իշխանյան, Բակունցի լեզվական արվեստը, Երևան, 1965թ., էջ 107:

[7] Նույնը, էջ   468:

[8] Լ. Եզեկյան, Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն և ոճը, Երևան, 1975թ., էջ 31:

[9] Տե՛ս Լ. Եզեկյան, Գրական աշխարհաբարը և արևելահայ պատմավեպի լեզուն, էջ 168:

[10]   Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, գ-1, Երևան, 1991թ., էջ   366:

[11] Ա. Պապոյան, Պ. Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Երևան, 1970թ., էջ 111:

[12] Տե՛ս Լ. Եզեկյան, Գրական աշխարհաբարը և արևելահայ պատմավեպի լեզուն, էջ 168:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի