Քարափները չունեն կարապի երգ. Սրբուհի Գրիգորյան

Spread the love

«Քարափների երգը» բնության մարդկայնացման եւ մարդու բնականացման խնդիրն է, որն արվեստի մեջ երբեք չի ավարտվելու, իսկ ինձ համար այն ավարտվելու է իմ կյանքի հետ».

Համո Սահյան

12341341_945001962247159_2479718066351553329_nՀամո Սահյանի «Քարափների երգը» ժողովածուն  լույս է տեսել 1968 թվականին: Մինչ այդ ընթերցողն արդեն ծանոթ էր բանաստեղծի «Որոտանի եզերքին», «Առագաստ», «Սլացքի մեջ»,«Ծիածանը տափաստանում», «Բարձունքի վրա», «Նաիրյան դալար բարդի», «Հայաստանը երգերի մեջ», «Մայրամուտից առաջ» շարքերին:

«Քարարափներ երգը» արդեն հասուն բանաստեղծի ընկալումների դրսեւորումն է:

Հենց այս շարքում է, որ Սահյանն իր երգերի համար հավերժություն է կանխորոշում` դրանք նմանեցնելով քարափներին`

Միայն մի բան չունեն քարափները,

Քարափները չունեն կարապի երգ:

 Բանսիրության դոկտոր, սահյանագետ Շչորս Դավթյանը «Քարափների երգն» անվանում է «պոետի բանաստեղծական տաճարի զանգակատուն»: Ի՞նչն է, որ առավել հնչեղ է դարձնում սահյանական պոեզիան:  Համո Սահյանը սկզբում ընկալվում էր որպես բնապաշտ բանաստեղծ, բնապաշտությունն աստիճանաբար նրա համար դարձավ աշխարհայացք, եւ նա ստեղծեց բնության եւ մարդու փոխկապակցվածության ինքնատիպ ամբողջականություն: Այս ժողովածուում բնությունը մարդն է, մարդը` բնությունը:

Ուշագրավ են շարքի հերոսները` կերպարները: Եզ. սրան տալիս է յուրահատուկ բնութագիր, նույնանցում բախտի ու ճակատագրի հետ:

Եթե բախտը կար, եզը միջուկն էր,

Օջախի ծուխն էր, նախիրի շուքն էր:

Նա շինականի միակ նեցուկն էր,

Նրա բազուկն էր:

 Այդ Եզն օժտված է մարդկային բնավորության գծերով` զուսպ է, խոնարհ ու հեզ: Ինչո՞ւ ենք ասում այդ, որովհետեւ սահյանական պոեզիայում եզը մարմնավորում է նաեւ բանականությամբ օժտված, եսասեր, բայց անգամ վերեւի եզան չափ հասկացողություն չունեցող մարդուն:

Հայոց գյուղում եզը հիրավի կարող էր բախտ ու  ճակատագիր լինել, որովհետեւ գյուղացու օրախնդիրը հաց վաստակելն էր: Քրտնախառն աշխատանքի արդյունքն էր նրա գյուտը, իսկ տիեզերքն իր արտն էր, իր տունն էր: Ահա թե ինչու եզը գյուղացու համար ոգու կորով էր, արյան թրթիռ, ուղեծիր հանող հրթիռ:

Իսկ ո՞վ է գյուղացին: Նա իր ողջ էությամբ բացահայտվում է «Պապը» բանաստեղծության մեջ: Այստեղ խտացված է շինականի կերպարը` իր աշխատասիրությամբ, արարելու, ստեղծելու աննահանջ ձգտումով: Գյուղի արարիչն է: Ամեն ինչի նա է կյանք տվել: Այնքան է կապված իր աշխատանքնին, որ երբեմն հենց աշխատանքնային գործիքների ձեռքի մեջ է հայտնվում:

Իսկ հնձի ժամանակ

Ձեռքի մեջ մանգաղի

Դաստակը ցավել է:

Այստեղ նորից ի հայտ է գալիս բնություն-մարդ փոխկապվածության գաղափարը. պապը` հողի հետ խորհող ու խոսող, ամպի հետ արտասվող, ջրի հետ խոսող: Իր անտրտունջ ու քրտնախառն աշխատանքը որպես իր բնական վիճակ ընկալող գյուղացին ամաչում, շիկնում է միայն այն ժամանակ, երբ այլեւս աշխատել անկարող է: Այդ ժամանակ է, որ  նա պետք է միախառնվի իր մայր հողին, այն հողին, որն իրեն սնել է: Բնությունը բնության գրկում. պապը քնել է, չի մարել, քնել է ու պիտի մի օր արթնանա, վերածնվի:

«Պապը ժողովրդական, գյուղացիական կյանքի, աշխատանքի եւ ազնվության մարմնացումն է,-ասում է Հ. Սահյանը,-նա մի մարդ է, որ իր տվածի, պարգեւածի մեջ է տեսնում իր վերածնունդը, եւ նա կորցնելով վերածնվելու իր այդ առաքինությունը չի տխրում, չի զայրանում, այլ զարմանում ու ամաչում է»:

Համո Սահյանի համար բնությունը մի մեծ ընտանիք է, ամեն մի անդամ իր հմայքն ու առաքելությունն ունի: Նահապետական գյուղում ծնված, նահապետականությունն իր բոլոր նրբություններով զգացած բանաստեղծի համար առանձնանում են քարափները` որպես ընտանիքի գլխավորի: Ինչպես ընտանիքի գլուխն է իր ձեռքերով, բազկի ուժով պահում տունը, այնպես էլ քարափները` իրենց վրա կրում են ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձանները, նույնիսկ երկինքն են պահում իրենց շուրթին: Ու նորից արծարծվում է հավերժության գաղափարը: Ամեն ինչ ունեն քարափները, միայն վախճան չունեն:

Մեկ այլ բանաստեղծության մեջ` «Քարափը», շնչավորված քարափն ընդունում-ճանապարհում է եկող-գնացողին, լսում նրանց դարդ ու ցավը ու լռում, լռում: Բայց միաժամանակ իրենց արժանի պատիվն է տալիս:

Չի դավաճանում ոչ մի ժամանակ

Հյուրընկալության հինավուրց ոճին

Ինչ ունիչունի բաժանում է նա

Եւ չի պահանջում ոչ ոքից ոչինչ:

 Հետո ինչ-որ մեկի եւ քարափի պահվածքի մեջ ինչ-որ նմանություն է տեսնում: Նրան նախ նայում է արյունակցի երկյուղածությամբ, ապա կատարում եզրակացություն.

Սատանան տանի, ինչոր հեռավոր

Նմանություն կա Խաչիպապ պապիս

Ու այս հյուրընկալ քարափի միջեւ:

 Բնության նահապետ քարափի ուսերն է օթեւան ընտրում վերջին երամը կարապի, տխուր է քարափի սիրտը, մաշկը զգայուն է, այս նկարագրությունները պատահական չեն, քարափն անտարբեր չի կարող գտնվել իր զավակների հանդեպ, ինչպես իր Խաչիպապը, ինչպես ցանկացած պապ: Զուսպ, լուռ լսում է քարափը բոլորին` մրջյունին, մեղվին, սիրտը կոտրված կաքավին, լսում է եւ ժամանակ չունի իր մասին մտածելու: Իսկ ժամանակը գնում է:

Եւ տարու վրա ծալվում է տարին,

Ու խեղճ քարափը մենակ չի մնում,

Խորհի` թե ինչ է տալու աշխարհին:

 Նորից արյունակցի երկյուղածությամբ նայում է ու հորդորում` չչարաշահել այդ մեծ քարափի մեծ բարությունն ու համբերությունը, թողնել, որ քարափն էլ իր կյանքով ապրի, որ պեղի իր ներսը եւ ցույց տա իր անկրկնելիությունը:

Թողեք նա մի քիչ ինքն իր հետ մնա,

Իր ներսը նայի, եւ ո՞վ իմանա,

Գուցե թե սրտից մի աղբյուր հանի

Կամ թե այնպիսի մի հարստություն,

Որ ուրիշ քարափ աշխարհում չունի:

 Հայրենիքը բանաստեղծի համար ամենասրբազան վայրն է: Միայն «Ախր ես ինչպես»-ը բավական է հասկանալու համար, թե ինչ է այն Համո Սահյանի համար: Ոչ մի իսկական զավակ չի կարող լքել իր հողը, որովհետեւ ինքն իրենից հեռանալ չի կարող: Հայրենիքը միայն նախնիների արյամբ թաթախված հող չէ,այստեղ են նյութական եւ աննյութ մեր հարստությունները, մեր արմատները, հայրենիքի մեր մեջ է, ու մենք էլ` հայրենիքի: Սա է շեշտում Համո Սահյանը:

Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում

Սեփական հոգին խորովել չկա:

 Սա է մեր ճակատագիրը, ինչպե՞ս կարող մարդը հեռու լինել սեփական ճակատագրից, եթե անգամ սեփական մոխրում խորովվելու լինի:

Ահա թե ինչպես է ինքը մեկնաբանում իր բանաստեղծությունը:

«Հիմա թե դժվար մշակվող հող է, թե դժվար բարձրացվող սար, կամ դժվար իջնելելնելու կիրճ` մերն է, եւ մենք պարտավոր ենք սա սիրել: Կարծում եք, հե՞շտ է: Չէ՞ որ սա այն երկիրն է, ուր սեփական հոգին խորովել կա: Կամ էլ` տեղահան եղած, եկած Արագած սարի ուսերին հենված Սասնա տուն կա: Սա չէ՞ որ եղեռն է, սա չԷ՞, որ լավ բան չէ, բայց սիրում ենք: Սա ահավոր բան է, միայն հայը կարող է սեփական մոխրում հոգին խորովել, բայց….Սրանից հրաժարվել չես կարող: Այսինքն ժողովրդի պատմությունից հեռու գնալ, պոկվել, անջատվել հնարավոր չէ: Նրա կենսագրությունից ինչպե՞ս հեռանաս, եթե դա հենց քո կենսագրությունն է»:

Նրա համար երկինքն ու երկիրը գրեթե միշտ միախառնված են, մանավանդ երբ խոսքը հայրենիքին, ծննդավայրին է վերաբերում: Ոչ մի տեղ լեռներն այնքան բարձր չեն, որ արեւին ձյուն հասցնեն եւ արեւոտեն ձյունը:

Մեկ այլ բանաստեղծության մեջ Հայաստան աշխարհի համար հավիտենություն է կանխագուշակում բանաստեղծը: Հայրենի երկրում ամեն ինչ այնքան սիրելի, պաշտելի է նրա համար, որ անդունդներն անգամ բարձունք, իսկ գագաթները աստղերին հասած անվերծանելի խորություններ են թվում: Այսինքն, այստեղ` այս երկրում են խորն ու բարձրը, հենց այստեղ է ապրում հավերժությունը: Ժամանակն այստեղ ոչ մի դեր չի խաղում:

Այստեղ ցորենի ամեն մի ծլող հունդ աշխարհաստեղծման հեքիաթն է պատմում: Այստեղ անանց են բոլոր երեւույթները: Ո՞րն է պատճառը:

Ներդաշնակության վերին խորհրդով

Իրար կյանք տալիս եւ կյանք են առնում

Հավիտենությունն ու բախտիդ վրա բացվող այսօրը:

Սա է այս սուրբ երկրում  ներդաշնակությունը:

Համո Սահյանի պոեզիայում յուրահատուկ տեղ  է գրավում հոտի զգացողության գեղագիտական ըմբռնումը: Տարբեր բույրերի արտահայտություններն այնքան հմտորեն են ներկայացված, որ ակամայից զգում ես, եւ ավելի պարզ ու մատչելի է դառնում սահյանական փիլիսոփայությունը:

Նա նույնացնում է արեւի եւ Հայաստանի բույրը: Առանց արեւի ջերմության ու լույսի կյանք չկա, առանց Հայաստան նունպես:

«Քո ձյունագեղ բարձունքից» բանաստեղծության մեջ նա անգամ խոնավ մութի մեջ արեւի հոտ է դնում: Թվում է` այստեղ հակասություն կա, մութի մեջ արե՞ւ, բայց դա միայն առաջին հայացքից է: Հայաստանում անգամ մթան մեջ արեւ կա, որովհետեւ այստեղ մութը երբեք իշխող չի լինում, այստեղ արդեն ամեն ինչին իշխող կա` արեւը, լույսը: Ինչպես մոլորակները եւ մեր Երկիրն էլ իր բոլոր երկրներով արեւի շուրջ է պտտվում, այնպես էլ բանաստեղծի համար ամեն ինչ Հայաստանի շուրջ է պտտվում: Ինքն այդ երկրի մի մասնիկն է: Բանաստեղծության վերջում «համարձակվում» է ասել, որ նույնիսկ իր տողերից արեւի հոտ է գալիս:

Դու աշխարհներ կպահես

Քո արեւի պաշարով,

Քո ամեն տառ ու տունկից

Արեւի հոտ է գալիս:

 Սահյանի պոեզիայում առկա է հոտի զգացողության մի ամբողջ համակարգ: Այդ երեւույթը, ինչպես նկատել է բանասիրության դոկտոր, սահյանագետ Շչորս Դավթյանը, սկզբնավորվել է հենց «Քարափների երգում» եւ շարունակվել հետագա ժողովածուներում` դառնալով կարոտի հոտ, խնոցու, կաթի, կարագի, սուրբ աղուհացի, ամոթի, պատվի, մութի, մախաղի, կրակի, կանչերի` մոտ ու հեռավոր եւ հոտեր, հոտեր, որ անուն չունեն: Միայն մեկ օրինակ բերենք, ահա թե երեկոն հոտերի միջոցով ինչպես է ներկայացնում բանաստեղծը.

Հնձած խոտի բույր է բերում

Սարից իջած քամին,

Արագիլը, բադն ու բարդին

Մութի հոտ են առնում:

 Ինքնատիպ պատկեր ու նկարագրություն, որ առկա է բացառապես սահյանական պոեզիայում: Հոտերի իր յուրահատուկ համակարգով Համո Սահյանն իրավամբ նոր բույր ավելացրեց հայ պոեզիայում:

Իսկ ի՞նչ էր բանաստեղծությունը Սահյանի համար: Բանաստեղծն իր երգի հետ բանավիճային զրույցի է բռնվել ստեղծագործական իր բոլոր շրջափուլերում` փորձելով իր տեղը որոշել պոեզիայի աշխարհում:

«Գրական թերթում» Համո Սահյանը 1969 թվականին «Տողը, բառը, տառը» վերնագրված հոդվածում անդրադառնում է ժամանակի գրական գործընթացի, հնի ու նորի, ավանդականի եւ նորարարության հետ կապված հարցերին, ուր ասում է. «Հավանական է, ինչպես ընթերցողների, այնպես էլ երիտասարդ գրողների մի մասը մերժի իմ գրական նախասիրությունները, ըմբռնումներն ու սկզբունքները: Նրանք անվերապահ ընդունում են կամ շահադիտական հայրենասիրությունը, կամ շահադիտական տիեզերականությունը կամ շահադիտական ժողովրդայնությունը, կամ շահադիտական նորաձեւությունը, կամ հույժ զգացմունքայինը, կամ հույժ մտածողականը: Ոմանց մինչեւ անգամ թվում է, թե կեղծ ավանդականն ավելի լավ է, քան իսկական նորաձեւությունը: Ոմանց էլ ընդհակառակն է թվում: Իսկ ինձ համար նախընտրելի է իսկականն ամենուրեք: Ասել եմ, ասում եմ` եղել եմ, կամ ու լինելու եմ այսպես կոչված դասական ավանդների կոմնակից` քնարերգության մեջ: Գտնում եմ, որ այդ ավանդները չեն սպառել իրենց զարգացման հնարավորությունները: Ես փորձել եմ ինձ տվածի չափով թարմացնել ու հարստացնել այդ ավանդները»:

Այս խոսքերից ընդամենը մեկ տարի առաջ իր «Քարափների երգում» նա արդեն պատասխանել էր քննադատներին ու նորարարություն փնտրողներին` նորից ու նորից իր համար կարեւորելով իսկականն ամենուրեք:

Իսկ ինձ համար մեկ է

Երբ որ մեջը վերք է

Եվ քո ապրած օրն է,

Երգն իսկապես երգ է

Հինն ու նորը ո՞րն է:

 Համո Սահյանն իրականությունն է երգում, աշխարրհը զգում  է, տեսնում, ընկալում հոգով ու արտացոլում իր բանաստեղծական հայելիով, ուղիղ հայելիով: Այն ծուռ դարձնել չի կարող ոչ մի քննադատ ու նորարարության կողմնակից: Այդ մասին է նշում «Քարափների երգում»:

Իմ երգածը սար է

Իմ երգածը ձոր է,

Մեկն ասում է` չար է,

Մեկն ասում է` չոր է:

…………………………

Իմ երգածը դար է

Իմ երգածը օր է,

Մեկն ասում է` խառն է,

Մեկն ասում է` խորն է:

 Համո Սահյանը տալիս  նաեւ բանաստեղծության ծնունդ առնելու նկարագրությունը: Բանաստեղծություն երկնելը, ըստ նրա, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածատուր շնորհ:

Առաջին տողը,

Ինչպես ասում են, աստված է տալիս,

Հետո երկունքի ցավերն են գալիս,

Հետո Աստծուն քո մեջ կրկնելու

Պահերն են գալիս:

 Աստծուն կրելով իր մեջ` բանաստեղծն ինքն էլ արարիչ է դառնում, ամեն տողը ծնելիս ինքն էլ վերածնվում ու բանաստեղծական հանգով մաս-մաս իրեն տալիս է աշխարհին:

Եւ գրում ես դու

Այսինքն դու քեզ աշխարհ ես բերում

Մի կրկին անգամ:

Աշխարհ ես բերում

Եւ արարչի առաքելությամբ

Տալիս աշխարհին,

Եւ դրա համար պարտական ես դու

Առաջին տողին:

Ամեն մարդ չի կարող իրեն նվիրել աշխարհին: Դա նաեւ բանաստեղծի ճակատագիրն է: Վերջին տողը  ցույց է տալիս, որ այդ ճակատագրի համար բանաստեղծը շնորհակալ ու պարտական է Աստծուն: Այդ ճակատագիրը ոչ միայն ընդունելի է, այլեւ սիրելի է Համո Սահյան բանաստեղծի համար: Ասում է`

 Սիրում եմ բանաստեղծության բորբոքած սերը

Եվ բանաստեղծի անքուն գիշերը:

Չափազանց մեծ ուշադրության են արժանի նաեւ Սահյանի գեղարվեստական պատկերումները: Այդ պատկերներն ստեղծելիս Համո Սահյանն ավելի է մոտենում բնությանը: Թվում է նա այնքան մտերմիկ հարաբերություններ է ստեղծում բնության հետ, որ վերջինս իր բոլոր գաղտնիքներն է բանում նրա առջեւ, օգնում` մեկնելու ոչ միայն տեսանելին, այլ նաեւ խորհրդավորը, անտեսանելին ու անըմբռնելին: Եւ դուրս են հորդում գեղարվեստական ինքնատիպ պատկերներ` բնությունն ավելի սիրելի ու հասկանալի դարձնելով:

Շարքն սկսվում է «Լուսաբաց»-ով` ինչպես օրը:

Ամեն եռատողը մի վառ պատկեր է: Լույսն արդեն արթնացել է քնից, հպվում է բնության զավակներին` նրանց էլ արթնացնելով, սարսուռով արթնացնելով, կածես ասելով` բա՛վ է մնաք քնած: Իսկ ինչպե՞ս է լուսաբացը տեսնում Սահյանը: Սկզբում խոր քնից վեր են թռչում սարերը, որովհետեւ հենց առաջինը նրանց պիտի փարվեին արեւի ճառագայթները, հետո` թռչնակը, ծառերը, քարերը ու քարերի տակ քնած դարերը: Ահա, թե մինչեւ ուր կարող էր հասնել սահյանական լույսը: Սահյանական փիլիսոփայությունը լուսաբաց է ազդարարում նաեւ քարերի տակ քնած դարերի, ժամանակների համար: Իսկ լուսաբացը նոր օր է` ապագայի երաշխավոր:

Սահյանական գեղարվեստական պատկերումները միայն օրվա ժամանակահատվածներին չեն վերաբերում: Բանաստեղծն անդրադառնում է նաեւ մարդկային կյանքի փուլերին` տարվա եղանակների միջոցով: Ստորեւ ներկայացված բանաստեղծության ամեն երկտողը մի շրջափուլ է`  ավարտուն, ամբողջական:

 Իջավ սարյակը դաշտինծիլ էր կտուցին,-

Շուրթիս վրա  մի կանաչ տող էր թպրտում:

 

Արտից տատրակը թռավհասկ էր կտուցին,-

Շուրթիս վրա մի կարմիր տող էր թպրտում:

 

Ծիծառն անցավ երկնքովամպ էր կտուցին

Շուրթիս վրա մի դեղին տող էր թպրտում:

 

Կռռաց ագռավը ձորումձյուն էր կտուցին,-

Շուրթիս վրա մի ճերմակ տող էր թպրտում:

 Կյանքի շարժն ու անցողիկությունն է ցուց տալիս նաեւ սարերից եկող առուն: Հոսում է իր հունով, բարեւում ու հրաժեշտ տալիս ափերին: Այլեւս չեն հանդիպելու: Առաջին պատկերում`

 Ժայռից մասուր է կաթում,

Կարմիր սարսուռ է կաթում

Ձորում մշուշ է:

 Սա կյանիքի առաջին փուլն է, առջեւում անորոշություն է, բայց շուտող կցրվի մշուշը, եւ առուն ավելի աշխույժ կդառնա: Հաջորդ եռատողն արդեն կյանքի հաջորդ փուլն է, երբ մարդն սկսում է իր տեղը որոշել կյանում:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

 Էլ ի՞նչ կյանք առանց սիրո, առուն չի կարող լռել:

Ինչպե՞ս կլռի

Սերըս եկել է ջրի:

 Եւ դարձյալ վերջալույսը մարդու. Սահյանն անընդհատ հիշեցնում է, որ գալու է նաեւ այդ ժամանակը, որ աշունը չի ուշանալու:

Առուն մասուր է տանում

Կարմիր սարսուռ է կաթում,

Աշուն է, ուշ է:

 Մարդկային կյանքի վերջաբանն է պատկերում նաեւ «Աշունը ձորն է մտնում» բանաստեղծությունը: Մաշված, քաշված աշունը չի շրջանցի ոչ ոքի, անգամ վիթխարի անհատականություններին: Բայց այդ աշնանն էլ երանի տվողներ կան, նրանք` ում վրա նախշեր է քաշում ցուրտը: Ուշագրավ է եզրահանգումը բանաստեղծության, որ դարձյալ իրականության արտացոլումն է` մարդկային հասարակության մեջ տիրապետող դարձած:

Քո ամպերը նստակյաց,
Քարերը` քոչվոր:

 Այս գաղափարը միայն այստեղ չէ, որ արծարծվում է: Կյանքում տիրող անարդարությունը նոր չէ, ասում է բանաստեղծը: Ծեր ու ծծկեր աշխարհին ի՞նչ ասի, որ հասկանա…Հետո զարգացնում է միտքը` վերամբարձ աշխարհին, փոխուդարձ աշխարհին եւ վերջապես`

Անբանի բարձ աշխարհին

Ի՞նչ ասեմ, որ հասկանա:

 Սահյանի աչքն ամենուր գեղարվեստական պատկեր է տեսնում: Նա կարողանում է յուրօրինակ կտավներ ստեղծել` լույսի, ստվերի խաղ, երկնքի ու երկրի միախառնում, շարժ, երգ` բնության երգը, որն անքննելի է:

Պառկած են քայլում ալիքներն էլի,
Քարափներն էլի կանգնած են քնում,

Քարանձավն էլի ամպ է կուլ տալիս

Եւ մութ ամպերից

Գետի վրա լույս երկինք է քամում:

Ստվերներն էլի չորեքթաթ եկել

Խոնարհվել, գետից երկինք են խմում:

 Կամ`

Հիմքից շուռ եկած, գլխիվայր կախված

Բարձունքներ են քո անդունդները,

Եւ գագաթներդ` աստղերին հասած

Անվերծաների խորություններ են:

 Համո Սահյանի պոեզիան բացահայտում է ժամանակի մարդու ներաշխարհը: Մի շարք բանաստեղծություններից նկատելի է մարդու էությունը հասկանալ փորձելու բանաստեղծի մղումը: «Այս ի՞նչ է կատարվել աշխարհում»,-հարցնում է բանաստեղծը ու հետո փորցում պատասխանել, դարձյալ հարցերով: Դա ինքնանպատակ չէ: Նա մեկ հարց է առաջ քաշում` ինչո՞ւ է այդպես:

Ինչոր տեղ մի բա՞ն է խաթարվել,

Ինչոր տեղ մի բան է խափանվում:

 Մարդու մեջ անընդունելի է համարում էգոիզմը: Իր մանր հոգսերով ծանրաբեռ մարդը չի էլ նկատում, թե ինչ է կատարվում իր շուրջը: Ի՞նչ է կյանքը, եթե ոչ առուփախ, հանապազօրյա կրքերի իշխանություն, աղմուկ ու վեճ, հույս ու հուշերի պղտոր հեղեղ, բայց ինչպե՞ս փախչել այդ «կյանք» կոչվածից: Բանաստեղծը փորձում է գտնել ելքը:

Լինում են պահեր, որ քիչ է մնում

Ամեն ինչ թողնեմ ու լուռ հեռանամ:

 Բայց իրականում ինքն անզոր է դա որպես ելք ընդունել, որովհետեւ…Նորից նուն գաղափարը` մարդն ինքն իրենից չի կարող հեռանալ:

Բայց քեզնից ինչպե՞ս եւ ո՞ր հեռանամ

Ամենազորեղ իմ ազորություն

Իմ անտանելի բնավորություն:

 Ո՞րն է այդ բնավորությունը. դա երեւում է ողջ պոեզիայում. ամեն ինչ խորությամբ տեսնելու, հոգով ընկալելու, տանջվելու կարողությունը ու դրանց չանդրադառնալու անկարողությունը:

Բանաստեղծական նրա բնավորության մեջ առկա է մշտապես ճշմարիտն ասելու գիծը: Նրան չեն կարող լռեցնել, պիտի ասի, շատերի փոխարեն էլ պիտի ասի ճշմարտությունը:

Ես հազար անգամ «ավաղ» կանչելով

Չեմ կարող չասել,

Որ սուտ սերմեր կան ճշմարիտ հողում,

Չեմ կարող չասել որ նախաստեղծման

Թթխմորի օրվանից ի վեր

Փոքրիկները մեծին շատ են չաչարում,

Ու վատ բաներ կան այս լավ աշխարհում:

 Կորցրել է հավատը մարդու նկատմամբ եւ դարձյալ ելք է փնտրում` ի՞նչ անի: Ու նորից ելքը չի գտնում, մի բան է մնում` ապրել այս չփոխվող աշխարհում:

Չգիտեմ` ո՞ւր եմ հասնելու,

Չգիտեմ` ե՞րբ եմ հասնելու,

Ճամփա է, նստեմ այս քարին

Շունչ քաշեմ ու գնամ նորից:

 Բայց նաեւ հիշեցնում է, որ կանքում ամեն ինչ անցողիկ է: Շատերն են անցնում նույն ճանապարհով, բայց յուրաքանչյուրը` յուրովի: Բախտն ամեն մեկին իր բաժինն է տալիս: Սահյանին հասկացված, գնահատված չլինելու տանջանքն  էր տրված: Եւ ահա, անկեղծանում է բանաստեղծը

Ես տքնեցի համառ

Ես տքնեցի անդուլ,

Բայց իմ տքնությունը

Զուր անցկացավ:
Ես եզ էի ծնվել

Լոկ ամոլի համար

Բայց մաճկալս եզ էր, չհասկացավ:

 Այս բանաստեղծության մեջ եզի կերպարը մարմանվորում է երկու տիպի մարդկանց` անդուլ աշխատանքով տքնող, սնող, կերակրող եւ էգոիզմով առաջնորդվող, հասկանալու կարողությունից զուրկ: Ընդամենը մի քանի տողով նա կարողանում է բացահայտել մարդկային հոգեբանության մի քանի կողմեր:

Գյուղի եւ բնության ճակատագրի նկատմամբ անհանգստությունը միշտ ուղեկցել է բանաստեղծին: Եւ եթե սկզբում մտածում էր, թե գյուղը եւ բնությունը իդեալականացնելով հնարավոր է փոխել ինչ-որ բան, ապա հետագայում ինքը փոխեց իր տեսակետը: «Վերադարձ» բանաստեղծության մեջ բնակչության տեղաշարժերն անվանում է կամավոր գաղթ, մասնակիցներին` անիմանալի ճակատամարտում զոհվածներ: Գյուղը կանգնած է կործանման եզրին: Գեղարվեստական արտահայտություններն այստեղ ահազանգում են այդ մասին:

Եղինջը քիչքիչ

Նվաճում է մեր կոտեմի ածուն,

Վարունգի բեկված մարգագմբեթին

Քեղն ու կռոթուկն իրար բերանից

Պատառ են խլում:

 Գյուղում մնացել են նրանք, ովքեր հեռանալ, իրենց արմատներից կտրվել չեն կարող, Սահակ դայիներն են մնացել, մնացել են մենակ ու իրենց մաշված մատներով ու մեծ ճիգով են պահում հայրական տունը` ցավով գիտակցելով, որ իրենց «գաղթից» հետո ամայության հոտ է գալու նաեւ իրենց տնից: Գյուղը հոգեվարքի մեջ է: Լուծումը մեկն է` վերադարձը:

Երդում եմ տալիս 

Այս գարնան բացել դռները մեր տան

Եւ բացել նաեւ նահանջի ճամփան

Եղինջ ու քեղի

Որ ոչ միայն տունն ապրի երգիս մեջ

Այլ նաեւ երգս այդ տան մեջ ապրի:

 Ինչպես նշում է Շչորս Դավթյանը «Քարափների երգը» սկսվել եւ չի ավարտվում: Ամեն մի տողը վերադարձ է, ամեն մի տողը նահանջի ճանապարհ է բացում եղինջի եւ քեղի համար: Բանաստեղծն անբաժանելի է իր քարափներից

Երբ որ կանչեք, կարթնանամ

Ձեր ոտքերի տակ` մի բուռ

Խոր քնած հող եմ:

 Սրանք են շարքի վերջին տողերը, հետո պիտի բացվի սեզամը:

 

 

 

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի