Մարթա Զաքարյան
ԳՊՀ-ի հայոց լեզվի և գրականության 3 -րդ կուրս
Գորիսի բարբառը պատկանում է –ում ճյուղին և հայերենի` ներկայումս կենդանի և մեծ հանրություն ընդգրկող բարբառներից է, խոսվում է Գորիսի շրջանի բոլոր գյուղերում և Գորիս քաղաքում, ինչպես նաև Սիսիանի և Կապանի որոշ գյուղերում: Այն խիստ տեղայնացված բարբառ է և ընդգրկում է որոշակի աշխարհագրական միջավայր: Համընկնում է պատմական Սյունյաց աշխարհի Հաբանդ գավառին` ներառելով նաև մերձակա Ծղուկ(ք) կամ Բաղք գավառներին պատկանող բնակավայրեր: Ստ. Լիսիցյանը «Զանգեզուրի հայերը» աշխատության մեջ նշում է, որ նախամոնղոլյան ժամանակաշրջանում Սյունիքի գավառներից Բուն Զանգեզուրը համընկնում էր Հաբանդ գավառին, որին արևմուտքից սահմանակից էր Ծղուկը` այժմյան Սիսիանը, իսկ հարավից Բաղքը` այժմյան Կապանը: Թ՛ե աշխարհագրորեն, թ՛ե տնտեսական կյանքի տեսակետից նա առավել սերտ կապեր ու շփումներ է ունեցել Արարատի և հատկապես Ղարաբաղի հետ:
Սյունիքը ողջ Հայաստանի հետ միասին բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակություններին, բայց տեղի հայությունը հերոսաբար մաքառել է` պահպանելով իր գոյությունն ու լեզվի անաղարտությունը, որ գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից: Դա ամենից առաջ վկայում է Կորյունը, որը, նկարագրելով Սյունիքում մեծն Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը, նշում է. «Եւ ժողովեալ զմանուկս առ ի նիւթ վարդապետութեանն, առաւել զգազանամիտ զվայրենագոյն զճիվաղաբարոյ կողմանցն»: Այս որակումը հուշում է այն մասին, որ Սյունիքը ունեցել է իր «սեփական» ու ինքնուրույն լեզուն կամ բարբառը:
Ինչպես ամեն մի տեղական բարբառ, այնպես էլ Գորիսի բարբառը ունի իր հնչյունական, քերականական ու բառապաշարային կուռ և հաստատուն համակարգը:
Ինչպես արևելահայ աշխարհաբարում և « ում » ճյուղին պատկանող բարբառներում, այնպես էլ Գորիսի և Ղարաբաղի բարբառներում հոլովները յոթն են` ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական և ներգոյական:
Ուղղականը համընկնումէ բառի ուղիղ ձևին: Գործ է ածվում և՛ առանց հոդի, և՛ հոդով: Նախադասության մեջ գլխավորապես լինում է ենթակա: Քէրծէրը փօլ էն յէկալ, տա̈ռա̈լ ծօ̈րէրը: Ախպո̈ւրը ցըմաքալ ա:
Ղարաբաղի բարբառում ևս ուղղական հոլովում բառը վեջավորություն չի ստանում` պըտըրհան, չա̈մինչ: Աղվեսը գյուդո̈ւմ ա թա մարդը վըեր ո̈ւրա̈ն մըեխկը չի եկալ, ծըքյերին մըեխկը կըկյա: Մին ծերքը ծափ չի տալ: Փիս օրը կըլըվանա, ամա փիս մարթը լըվանալ չի: Թամքած էշը ծի չի տըեռնալ: Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:
Հոգնակի ուղղականը կազմվում է –ըէր կամ –նըէր, ինչպես նաև էրք, անք, էրանք, նէ մասնիկներով: Վերջինը գործածական է հատկապես Շուշի քաղաքում`տղէրք, հօրանք, ըխճկէրք, սխալնէ:
Սեռական հոլովը Գորիսի բարբառում ևս պատկանելություն է ցույց տալիս և հիմնականում ձևավորում հատկացուցչի պաշտոնը: Ի տարբերություն գրական արևելահայերւենի`մեծ մասամբ գործ է ածվում որոշիչ հոդով: Արտաքին ձևով նման է տրականին և անձ նշանակող հայցականին`ծառին տիրիվնէն չուրացալ էն: Ախպօրը խօխօրցը լա̈վ ա̈ յէշո̈ւմ:
Ղարաբաղի բարբառում եզակի սեռականը և տրականը նույն ձևն ունեն, կազմվում են ըէ վերջավորությամբ`պըտըրհանըէ, ըխկատըէ (պատուհանի, աղքատի): Արագ արտասանության դեպքում այն պարզապես Է է հնչում` ըխկատէ, պըտըրհանէ: Աստված բառի սեռականը կազմվում է ու մասնիկով` ըստուձու: Այսպես նաև ի-ով վերջացող բառերը`կյա̈րո̈ւ, ճօ̈րու: Ուղղականում ու-ով վերջացող բառերը սեռական հոլովում դարձյալ ու են ստանում, բայց վերջինիս ազդեցությամբ նախորդ ու-ն վ-ի է վերածվում`լիզվու, ըռվու: Մի խումբ բառերի սեռական հոլովը կազմվում է ա մասնիկով`կընկա, ըխչըկա: Այս բառերի մի մասը կարող է ստանալ նաև ան մասնիկը`կընկան, ըխչըկան: Գրաբարյան –ն վերջնահնչյուն ունեցող բառերի սեռական-տրականը կազմվում է երկու ձևով`գրաբարյան`թօռան, յէզան, մատան, ինչպես նաև՝ տօ՛ռնըէ, յէ՛զնըէ, մա՛ննըէ: Ժամանակ ցույց տվող բառերի սեռական-տրականը կազմվում է վա մասնիկով`օրվա, ամըսվա: Կարող է ստանալ նաև ն մասնիկը՝ օրվան, ամըսվան: -Ություն ածանցով վերջացող բառերի սեռ.-տր. հոլովը կազմվում է ու մասնիկով` մծըթունու: Հայր, մայր, քույր, եղբայր և մի շարք բառերի սեռ.-տր. հոլովը հետևյալ ձևն ունի`հօր, մօր, քվօր, ախպօր և այլն: Ըտրան էլ ըն նըստըցնում ստոլեն, վեր հաց օտի:
Հոգնակի սեռ.-տր. հոլովաձևը կազմվում է –էրի, -նէրի նաև անց, էրանց, էրքանց մասնիկներով` հօրանց, մօրանց, քվօրանց:
Ուջախեն մոխերը քամուն չըն տալ: Սևեն սապունը հինչ անե, պելեն խրատը՝ հի՞նչ: Պըելեն կըլոխ տընողն ա պել:
Գորիսի բարբառում տրականը արտաքին ձևով նման է սեռականին և անձ նշանակող հայցականին, բայց դրանցից արմատապես տարբերվում է իր արտահայտած հոլովական նշանակությամբ կամ հարաբերությամբ, ինչպես` Ծէրքը տիրա̈լ ա կըլխէն: Ճո̈ւրը կուճօրին, խօսկը մէծին: Նոբաթը հասավ խուխին:
Հայցականը ինչպես արևելահայ աշխարհաբարում, այնպես էլ Գորիսի բարբառում անձի առման դեպքում նման է տրականին, իսկ իրի առման դեպքում`ուղղականին: Քա̈ցա̈լ ա̈վօրսի, մըն կաքէվ, մըն ղուշ, մըն աղվես ըսպանալ: Պաղարճը թխում են, տա̈ռնոո̈ւմ ա տըսներկու հատ, ճըղացին պատին տակին շարում են: Պառավը տո̈ւռնը պա̈նում ա, մընում արմանք-զարմանք կտրած:
Հայցական հոլովը նույն կերպ է կազմվում Ղարաբաղի բարբառում. հարիւր մանէթ յա մին զատ պակաս տամ ըմ: Սապօժնիկը համ ասըմ ա, համ էլ ա̈րա̈ղը ո̈ւրու̈ր հըետա ածըմ: Արկաթը տաք-տաք կըթակին: Վարդը սիրողը փոշն էլ կսիրի: Ճոտերը աշունքն ըն հըմբարում:
Գորիսի բարբառում բացառականը կազմվում է երկու ձևով` համադրական և վերլուծական: Բացառականի համադրական ձևը կազմվում է ան//ա̈ն հոլովական մասնիկով, որն այլ բան չէ, քան գրաբարի եզակի բացառականի –է վերջավորությունը` ն հոդով: Խելքան թիթէվ մարդ ա:Մեզ մըտկատ քիցէս վէչ:Շընէրան հէռու կաց:
Բացառականի վերլուծական ձևը կազմվում է գոյականի սեռականի ձևից և -անա անջատ մասնիկով, որն էլ, անշուշտ, սերում է գրաբարյան որոշ դերանունների բացառականի անէ վերջնամասից (սա-ի սմանէ, նա-ի նմանէ,այս-յայսմանէ,այն-յայնմանէ):
Բացառականի հիշյալ վերլուծական ձևը հատուկ է հիմնականում անձ և կենդանի նշանակող գոյականներին, ինչպես` մարթիանախօսա: Էտ ծիինանա հի՞նչ էս օզում:
Վերլուծական ձևը ընդգծում է անջատականության գաղափարը` Շանան վախումա և Շանը անա վախում ա :
Անձնանիշ որոշ գոյականների բացառականը կազմվում է միայն վերլուծական ձևով, ինչպես`ախպօրը անա (բայց ոչ` ըխպէրան), ապուն անա, այուն անա:
Բացառականի վերլուծական ձևը ոչ լայն ծավալով արտահայտվում է նաև իր և անձ նշանակող գոյականների սեռականով և նէստա (ն) բառ-մասնիկով, որ նէստ բառի բացառականն է. Պատին նէստան ա կցալ: Խօխօրցը նէստան հի՞նչ էս օզում: Այլև`Հացը նէստա տօ:
Ղարաբաղի բարբառում բացառականի մասնիկն է ա-ն, որ ծագում է գրաբարյան է-ից` մծօթունա, ծէռքա, թօրքա: Ավելի սովորական է –ան մասնիկի գործածությունը`ցօրնան, հացան, ծէռքան: Հուվեր կյուլան փախչի, արչեն ճյանգը կընգնե: Ու-ով վերջացող բառերի բացառական հոլովում այդ ու-ն վերածվում է վ-ի` լիզվան, առվան: Հայր, մայր, քույր, տուն, շուն բառերի բացառականը կազմվում է սեռ.-տր. հոլովաձևից` հօրա, մօրա, քվօրա, շանա: Էս մարթը ետնան եկալ ա տռնիցը եշալ: Յըես ու տո̈ւ տո̈ւս կյանք էս աշխարհքաս քյինինք: Ճո̈ւրը ընգողը փըրփորան էլ կփռնե: Դե եկ էշը ցեխան հանե: Արջը ծըմական խռավալա, ծմակը՝ խաբար չի: Խոխան կործի տիր, հետան քյինա:
Հռնե ապան մինակ ա իլալ,
Դարդը սրտեն տենակ ա իլալ:
Էտ հիբ բուրդան բոյ քշեցեր,
Դարդը սրտան տեն քշեցեր:
Բացառականի նման գործիականը ևս ունի կազմության երկու ձև:
Համադրական ձևը կազմվում է ուղղականից կամ տրականից ավ//ա̈վ հոլովական մասնիկով, որ գործիականի –ով վերջավորության ձևափոխությունն է: Որոշյալ առման դեպքում համադրական այդ ձևը անպայման որոշիչ հոդ է ստանում. Աշկավ աշկ չօնի: Կըլխավը շօռ ա կա̈մ:
Վերլուծական ձևը կազմվում է -անավ անջատ մասնիկով, որ, ծագումնաբանորեն կապվելով բացառականի համապատասխան ձևի հետ, առաջ է եկել գործիականի ավ (ով) վերջավորության համաբանությամբ: Գործիականում վերլուծական ձևեր են ունենում դարձյալ գլխավորապես շնչավոր առարկա (կենդանի) և անձ նշանակող գոյականները, ինչպես` Խօխան կատվին անավ ուրխանում ա: Մարթին անավ ա ըտըհէնց մէծ-մէծ խօսում:
Մասնավոր դեպքերում գործիականի վերլուծական ձևը կազմվում է սեռականից և նէստավ (ը) բառ-մասնիկից, ինչպես`Կէտին նէստավը անց ա կացալ:
Ղարաբաղի բարբառում եզակի գործիականը կազմվում է ավ մասնիկով, որը, ըստ Հրաչյա Աճառյանի, այժմյան ով մասնիկն է, որի ո-ն վ-ի պատճառով դարձել է ա :Այս մասնիկը կարող է կցվել տարբեր հոլովումների պատկանող բառերին`հացավ, օրավ, մծութունավ: Անկանոն հոլովման դեպքում բացառականի պես դրվում է սեռ.-տր. հոլովաձևի վրա: Ա-ով վերջացող բառերում գործիականի ավ վերջավորության ա ձայնավորը ջնջվում է`փէսավ, տըղավ (փեսայով, տղայով) նույն կերպ և ի-ով վերջացող բառերի դեպքում`կինավ, կ(յ)արավ (գինիով, գարիով): Ն վեջնահնչյուն ունեցող բառերը կորցնում են ը ձայնավոը` թօռնավ, յէզնավ, ծիւկնավ:
Գորիսի բարբառում ներգոյական հոլովը նույնպես ունի համադրական և վերլուծական ձևեր:
Ներգոյականի համադրական ձևը կազմվում է ում//ու’’մ վերջավորությամբ և մեծ մասամբ գործ է ածվում որոշյալ առմամբ`կըլխումը խելք չկա:
Ներգոյականի վերլուծական ձևը, որ սակավ գործածություն ունի, կազմվում է գոյականի սեռականից և անում//անըմ կամ նէստում բառ-մասնիկից`Կընանօցը անա հու՞վ ա ըսէնց պա¨ն տէսալ:Քու խօխօրցըտ անում էտ մինը ինէր վէչ:
Ղարաբաղի բարբառում եզակի նեգոյականի մասնիկը ում—ն է`հացում, ցորնում: Ա և Ի ձայնավորներով վերջացող բառերի ներգոյականում բերջիններս ընկնում են ում մասնիկի առաջ` վըէսկում, ճօրում: Էշը ըխպըհարումը թավալ ա տուվալ, թօզը մըզանավ ածալ: Օխտը հինջի տղան վեր ծնվեց, տարան ժամումը կնքեցին: Արջը անտառումը՝ կաշին մի ծղատի: Խոսկը պիրանումըտ իփի, ետնան ասե: Հոգնակի բացառական,գործիական,ներգոյական հոլովները կազմվում են ան,ավ և ում մասնիկներով` տղերքան, շներքավ: