Գորիսի բարբառին բնորոշ մի քանի բառի քննություն

Spread the love

Սոնա Ալավերդյան

ԳՊՀ-ի հայոց լեզվի և գրականության բաժին, III կուրս

 

Յուրաքանչյուր բարբառ մեր լեզվի կենդանի դրսևորումն է, ժողովրդական խոսքի սնուցողն ու պատկերը: Հայերենի բարբառներն իրենց բազմազանությամբ, լեզվական հարուստ իրողություններով օգնում են գիտականորեն պարզաբանել և ճշտել լեզվի պատմության և տեսության բազմաթիվ կարևոր հարցեր, նպաստում են արդի գրական լեզվի զարգացման օրինաչափությունների ուսումնասիրությանը: Բարբառները հարուստ նյութ են տալիս նաև տվյալ ժողովրդի պատմությունն ուսումնասիրելու, ճանաչելու համար, մանավանդ այն դեպքում, երբ գրավոր հուշարձաններն ու մեզ հասած վավերագրերը բավարար հիմքեր չեն առաջադրված խնդիրների լուծման համար:

Հայերեն բառերի նախավոր ձևերը, ինչպես հայտնի է, բարբառներում ու խոսվածքներում փոփոխությունների են ենթարկվում: Այդ բարբառային փոխությունները ճիշտ միատեսակ բնույթ չեն ունենում: Կան բազմաթիվ բառեր, որոնց փոփոխված ձևերը, շատ չհեռանալով նախավոր ձևերից, ծագումնաբանական սերտ կապով կապված են մնում դրանց հետ, և անմիջապես էլ նկատելի է ծագումը, հմմտ. սիրտ > սիրտ (Ախց., Երև., Կր., Մրղ., Ջղ., Տփ.), սիրդ (Այջ., Խրբ., Մշ., Նխ., Պլ., Սեբ., Սվեդ., Տիգ.), սէրտ (Գոր.), սիյդ (Հճ.), սիտ (Սլմ.), սիդ (Հմշ.) ևն: Բայց կան նաև բառեր, որոնք բարբառներում ու խոսվածքներում շատ մեծ, հաճախ նույնիսկ անճանաչելի փոփոխության են ենթարկվում և մի կողմից այդպիսի փոփոխության, մյուս կողմից իմաստային տարբերակման հիման վրա ձեռք բերում ինքնուրույն բառույթային արժեք։ Նման դեպքերում դրանց ու համապատասխան նախավոր ձևերի ծագումնաբանական կապը սովորաբար կամ գոնե արտաքուստ մթագնած է լինում: Հայերենի բարբառներում ու խոսվածքներում այդ ճանապարհով առաջ են եկել բավական թվով բառեր[1]:

Սույն հոդվածում ուսումնասիրվում են Գորիսի բարբառի բառային ֆոնդում ընդգրկված մի քանի բառեր, որոնք բնիկ, օտար կամ գավառական բառեր են:

Խոխա||խօխա

Խոխա||խօխա բառը շատ սովորական ու տարածված բառ է Գորիսի և Ղարաբաղի բարբառներում: Այս բառի ծագման երկու տեսակետ կա: Մասնագետների մի մասը կարծում է, որ այն երախայ բառից է առաջացել, մյուս մասն էլ պնդում է, որ թուրքական փոխառություն է: Հր. Աճառյանը այս բառին անդրադարձել է «Քննութիւն Ղարաբաղի բարբառին» և «Թուրքերէնէ փոխառեալ բառեր» աշխատություններում: Մինչ կանցնենք տեսակետի քննմանը, տանք բառի ստուգաբանական վերլուծությունը:

Բառը համապատասխանում է պահլավերեն raxīk կամ rahīk ձևերին, «որ սակայն չի ծածկում հայերէն ձևը», ուստի ենթադրվում է, որ կար «ասոր. *raxā ձևը, որից փոխառեալ են մի կողմից հյ. երախայ և միւս կողից պահլ. raxīk ձևերը»[2]:

Աճառյանը, խոսելով Ղարաբաղի և Գորիսի բարբառում նկատված խօխա ձևի մասին, նշում է, որ այն չի կարող առաջացած լինել *րա՛խա, *խա՛խա հնագույն ձևերից, որովհետև պետք է իրարից բաժանել *րա՛խա և *խօ՛խա ձևերը. *րախա ձևը միայն ենթադրությամբ է հայտնի և գործածական է Գորիսի բարբառում երեխա նշանակությամբ:

«Խօ՛խա»-ն գալիս է, ըստ նրա, թուրքերեն խա՛խա (xaxa = տխմար, ապուշ, անմիտ) բառից: Ընդ որում, բարբառներից Պոլսում խախա՛ և Վանում խօխա՛ ձևերով արտայատվում է նույն իմաստը: Սրանից էլ ուրեմն խօ՛խա ձևը Ղարաբաղի ու Գորիսի բարբառներում իր իմաստը փոխել է և ստացել երեխա նշանակությունը մասամբ րախա բառի ձայնական նմանությամբ և մասամբ էլ «երեխայամիտ, տխմար» և «երեխա» իմաստների նմանության պատճառով: Հետաքրքիր է նաև այն, որ Տիգրանակերտի բարբառում, օրինակ, տխմար բառը ունի «մանկիկ, երեխա» նշանակությունը[3]:

Մարգարյանը, ժխտելով Աճառյանի տեսակետը, պնդում է, որ խոխա||խօխա բառը ոչ թե թուրքական «խախա» (xaxa = տխմար, անմիտ)-ից է առաջացել, այլ բուն հայերեն երախայ||երեխայ բառի հետ է կապվում ու սերում նրանից: «Պետք է ասել, որ դա երախայ||երեխայ բառի ավելի բարդ ու շատ ավելի հեռուն գնացած հնչյունական ձևափոխությունն է և, անշուշտ, առաջ է եկել երախայ||երեխայ > ըրախա||ըրէխա > հըրախա||հըրէխա > հըրօխա > հօխա > խօխա ընթացքով. ե > ը ձայնափոխության և բառասկզբի հ-ի համար հմմտ. երախ > ըռէխ (Գոր.), երամակ > ըրամանգ||ըրամակ (Գոր.), երանի > ըներակ, հնէրակ (Ղրբ.), երեսուն > ըրէսուն (Ղրբ.) – ըրէսսուն (Գոր.), երևիլ > ըրէվալ||յըրօվալ (Գոր.) – ըրվալ (Ղրբ.), ընկեր > հընգէր||հինգէր (Գոր.) – հընգէր (Ղրբ.), ընտրել > հընդըրէլ (Գոր.) – հընդրէլ (Ղրբ.)…»[4]:

Այսպիսով, ինչպես տեսանք, և՛ Աճառյանը, և՛ Մարգարյանը չեն ժխտում, որ րա՛խա ձևը երախայ բառի ձևափոխված տարբերակն է: Երկուսն էլ պնդում են, որ երախայ բառը բուն Ղարաբաղի բարբառում կա ըրախա և ըրէխա ձևերով. դրանք ձայնավորային օրինաչափ զարգացումներ են. եռավանկ բառ է, որի առաջին վանկը նախաշեշտ է, ուստի թուլանում է: Տարակարծություն առաջանում է այն դեպքում, երբ խնդիրը վերաբերում է երախայ և խոխա||խօխա բառերի՝ նույն արմատից սերելուն:

Վերոնշյալ երկու տեսակետներից Աճառյանի բացատրությունը շատ ավելի հավանական է թվում, մանավանդ եթե նկատի ենք ունենում Վանա բարբառի խօխա «անմիտ, տխմար» զուգաձևի գոյությունը, նաև «երեխա» և «անմիտ, տխմար» իմաստների հարաբերության համար Աճառյանի՝ Տիգրանակերտի բարբառից բերած զուգահեռը:

Պո̈ւլ

Այս բառը բարբառում ունի խմորագունդ իմաստը: Այն առաջացել է հնդեվրոպական *bhel, *bhol արմատից, որի հիմնական նշանակությունն է «ուռչել»: Այս արմատից առաջացել են մի կողմից «բարձրանալ», մյուս կողմից «գնդաձև (ուռուցիկ) կերպարանք առնել» նշանակություններով բառերը: Հայերենում «բարձրանալ» նշանակությունից ուենք բլուր բառը, որը առաջացել է *bhol-ից՝ ուր մասնիկով: Իսկ ահա «կլոր (բոլորակաձև)» նշանակությունից էլ առաջացել է բոլոր. այսինքն՝ *bhol > բոլ-որ > բոլոր և *bhōl > * բուլ-ուր > բլուր:

Գրական տարբերակների կողքին «գնդաձև» նշանակության համար ունենք բարբառային պո̈ւլ բառը՝ «խմորից կտրված մեկ գունդ, որ մի հաց կդառնա»: *bhōl նախաձևից bh-ն դարձել է բ, ō-ն՝ ու, l-ն այդպես էլ մնացել է, այսինքն՝ բուլ: Իսկ ահա «բուլ»-ը, որ գրական հայերենում չի պահպանվել, բարբառում, Աճառյանի օրենքի համաձայն, ենթարկվել է փոփոխության:

Աճառյանի օրենքով ձայնավորները (տվյալ դեպքում՝ ու-ն) քմայնանում են (տվյալ դեպքում՝ ո̈ւ) և շնչեղ ձայնեղները (տվյալ դեպքում՝ բ-ն) դառնում են խուլ (տվյալ դեպքում՝ պ):

Հնդեվրոպական նույն b(h)eu – փչել, ուռչել բառարմատից բառակազմական այլ եղանակով սերված ուենենք մեկ այլ՝ պուպու ձև՝ առաջացած բառարմատի կրկնությամբ, որ նշանակում է «կանաչ կեղևը հանած և կարծր կեղևով մնացած ընկույզ»:

Կուրկուտ

Բնիկ հայերեն բառ է՝ սերված *gogrod արմատից: Բառարմատի իմաստն է «քորել, քերել»: Ինչպես գիտենք, հնդեվրոպական *-r- և *-n- ձայնորդները ձայնեղ (*g, *d, *g/gw) և շնչեղ ձայնեղ (*bհ, *dh, *g(w)հ) պայթականներին հաջորդելիս ենթարկվում են դրափոխության, ինչպես՝ *bհrēur > աղբեւր, *n̥‑bhudhno‑ > անդունդ, *bհrātēr > եղբայր, *gwra(u̯)an— > երկան(-ք), *k̂ubhro‑ > սուրբ: Տվյալ դեպքում ևս կատարվել է դրափոխություն. *gogrod > *gorgod: Եվ քանի որ մեր լեզվում ձայնեղները տալիս են խուլեր, ապա՝ *gorgod > կորկոտ: Բարբառին բնորոշ հնչյունական օրենքով «ո»-ն կարող է դառնալ«ու». ինչպես՝ կոծոծ > կուծուծ, քոսոտ > քուսուտ, այնպես էլ՝ կորկոտ > կուրկուտ:

Բարբառում բառը պահպանված է բնիմաստից տարբերվող իմաստով: Կուրկուտը բարբառում ունի ընդհանուր հայերենյան «թեփահանված, ծեծված ցորեն կամ գարի» նշանակությունը, բայց նաև բառիմաստի նեղացումով դարձել է կերակրանուն՝ «պատրաստված այդ նույն ծեծված հատիկից»: Վերջին նշանակությունը ավելի հաճախադեպ է և բառի գլխավոր իմաստը դառնալու միտում ունի:

Սրա կողքին ունենք կուրկուտ անել հարադրությունը, որը բազմանշանակ է: Հիմնական իմաստն է «երկանքով կուրկուտ աղալ, կուրկուտացու պատրաստել»: Փոխաբերաբար նշանակում է մի դեպքում «երկյուղել, վախենալ», օրինակ՝ Մարթը, վեր ճղճղում ա, կընէկը կուրկուտ ա անում, կօչ կյամ, մյուս դեպքում՝ «արագ-արագ խոսել, բառերը ոչ հստակ արտասանել»: Այս իմաստը կապված է կորկոտի աղալու գործընթացի հետ: Երբ երկանքի վերնաքարը արագորեն են փոխում, հատիկները կիսածեծված են ընկնում. օրինակ՝ Խե՞ կուրկոտ ես անում, ենդադ ինգող կա:

Կուրկուտ անել հարադրությունը փոխաբերաբար նշանակում է նաև «շատ խոսել»: Սրա նմանությամբ բարբառում առաջացել են նաև ծա̈վա̈ր անել, հաճարկնի անել արտահայտությունները, որոնք նույնպես ունեն «շատախոսել» նշանակությունը:

Ցալքուն

Հայերեն ցալքուն «ջրի ցայտյուն, շիթ» բառը արձանագրված է Ղարաբաղի[5] և Գորիսի[6] բարբառներում: Այն կա նաև Արարատյան բարբառի Լոռվա խոսվածքում: Բառի բնիմաստն է «ցատկել, ցայտել» > «ցատկող` ցայտող հեղուկ»:

Աղայանը[7] այս բառը համեմատում է լիտվերեն šlaku «կաթել», գերմաներեն Schlack «ձյունախառն անձրև» և այլ բառերի հետ, որը քիչ համոզիչ է:

Հենրիետա Սուքիասյանը[8] ցալքուն բառը կապում է ցայտել և ցայթել «ցատկել` հեղուկի կաթիլների ցայտման և լույսի ցոլանքի վերաբերյալ» (հմմտ. ցայթ > բրբռ. ցէթ «մեզ») ձևերին, որը բնիկ հայկական բառ է և համադրվում է լատիներեն scateō և scatō «ցայտել` հեղուկի, լույսի ու կրակի վերաբերյալ» ևն բառերի հետ: Այսինքն իմաստաբանական առումով ամեն ինչ համընկնում է: Ինչ վերաբերում է ձևային խնդրին, ապա նկատելի է, որ հնդեվրոպական *sk- կապակցությունը օրինաչափորեն հայերենում տալիս է «ց», սակայն արմատական -լ- ձայնորդը գոհացուցիչ բացատրություն չի ստանում:

Իսկ ահա Հրաչ Մարտիրոսյանը գտնում է, որ ցալքուն բառը բխում է հնդեվր. *sk̂el- «ցատկել» արմատից՝ ենթադրելով, որ երկու արմատների բաղարկություն է տեղի ունեցել: Նա նաև հիշեցնում է, որ «ցալքուն»-ի կողքին Աճառյանը հիշատակում է և Արարատյան բարբառի ցելթուք ձևը:

Թաղտափուշ

Գորիսի ու Ղարաբաղի բարբառների թախտափուշ «կտուր» բառը փոխառված է պարսկերեն taxtapuš բառից: Կազմված է taxta/e[9] «տախտակ» և puš[10] «ծածկ» բառերից: Պիտի նշել, որ հայերեն տախտակ բառն էլ փոխառված է պահլավերեն tāxtak, պարսկերեն taxta ձևերից: Պարսկերեն այս բառի առաջին բաղադրիչից ունենք բարբառային թախտ բառը, իսկ դրա միջին պարսկական ձևից՝ պահլավերենից` տախտ «գահ, գահույք, մահճակալ» և տախտակ «տախտակ, մահճակալ» բառերը:

Իսկ ինչ վերաբերում է puš «ծածկ»-ին, ապա այն, իհարկե, pušidan «ծածկել» բային է առնչվում, բայց հենց puš «ծածկ» ձևով էլ կա: Ուրեմն՝ taxta + puš = «փայտե ծածկ»:

Ի դեպ, ազգագրական տվյալները ցույց են տալիս, որ տան ծածկերը փայտից են եղել: Այդպես է եղել նաև Գորիսում: 18-րդ դարից սկսած՝ քերծերից ու քրատակերից տեղափոխվելուց հետո, գորիսեցիները սկսում են քարե պատերով, կամարակապ նախամուտքերով, փայտյա ծածկերով բնակարանների կառուցումը:

Դօն

Այս արմատը բարբառում ոչ ինքնակա գործածություն ունի և հնդեվրոպական ծագման է: Բարբառում հանդես է գալիս «մտկին դօն ինգել» հարադրությամբ, որ նշանակում է մտքերի մեջ խորասուզվել: «Դօն»-ի ծագումը «տուն»-ից հիմնազուրկ է, քանի որ տուն բառի նախաձևը *dōm-ն է, ինչը նշանակում է, որ հնդեվրոպական ձայնեղը (*d) տալիս է խուլ (տ):

Այն աղերսվում է հնդեվրոպական *dhubnos`«խորք» բառին. հմմտ. հոլանդերենում՝ dŭno «յատակ», ռուսերենում՝ дно: Սրանք «դօն»-ի ակնհայտ զուգահեռներն են:
Գրական հայերենում արմատը պահպանված չէ, բայց նախալեզվում այս արմատի հոմանիշ արմատն էր *bhudhno-ն՝ «հատակ» նշանակությամբ, որն էլ պահպանված է անդունդ բառում:

Մա̈նդիլ

Այս բառը բավական տարածված է ինչպես Ղարաբաղի և Գորիսի բարբառներում, այնպես էլ բարբառների մեծ մասում: Ունի «կնգուղ, գլխի թաշկինակ» նշանակությունները: Այդ իմաստներով բարբառում բառը չի կիրառվում, իմաստափոխվել է և ունի մի դեպքում «շատ բարակ», մյուս դեպքում՝ «սարդոստայնի թել» նշանակությունները:

Բառը փոխառված է հունարենից, որն էլ փոխառել է լատիներեն mantile, mantele «անձեռոցիկ» ձևերից. սա էլ ծագում է manus «ձեռք» բառից[11]:

Փա̈փա̈

Հնդեվրապական ծագման բարբառային բառերի մեջ հատկանշվում են մանկական բառաշերտն ու գռեհակաբանությունները, որոնց համար գրեթե անթափանցելի է մնում գրավոր տարածքը: Այդ առումով բարբառային վկայությունները կարևոր են:

«Փա̈փա̈»-ն մանկական բառապաշարում վկայված բարբառային հուշարձան է: Մեզ համար իր բառական արժեքով գրեթե չկարևորվող այս բառը հնդեվրոպական *pap(p)a արմատից է սերված, որ նշանակում է «կերակուր»: Բառն ավանդված չէ հայերենի գրավոր հուշարձաններում, իսկ բարբառում այն պահպանել է իր բնիմաստը: Ավելին, «Տո̈ւ հալա հէն ես իլա̈լ փա̈փա̈ ուտելիս» կապակցության մեջ «փա̈փա̈»-ն «մայրական կաթ» նշանակությունն ունի:

Այս արմատը վկայված է ցեղակից լատիներենում՝ papa, pāpa «կերակուր, հաց» իմաստներով:

Հերս

Հերս «զայրույթ, բարկություն» նշանակությամբ բառը, որ զուտ բարբառային բառ է մեզանում, արևելյան երիտասարդ փոխառություն է. արաբական ծագման է[12], որտեղ ևս նույն նշանակությունն ունի: Սրանից փոխառել են նաև թուրքերենը, քրդերենը ևն։

Ի՞նչ կապ կա սիրտ բառի և «հերս»-ի միջև: Ինչպես գիտենք, «սիրտ»-ը բնիկ բառ է, սերում է *k̂ērdi- ձևից: Ցեղակից գերմաներենում այն տվել է herz: Առաջին հայացքից թվում է, թե որևէ կապ կարող է լինել հերս-ի և herz-ի միջև: Բայց սրանք ո՛չ իմաստային, ո՛չ էլ ստուգաբանական ձևերով չեն համընկնում: Պատճառը շատ պարզ է. գերմանական ճյուղում h-ն գալիս է հնդեվրոպական *k- կամ քմայնացած *k̂ ետնալեզվային պայթականից, որը հայերենում հ տալ չի կարող։ Մանավանդ որ տվյալ գերմանական արմատը հենց կոնկրետ սերում է հնդեվրոպական *k̂ērdi- արմատից, որ նշանակում է «սիրտ»:


[1] Ալ. Մարգարյան, Բարբառային բառերի մեկնություններ, ՊԲՀ 1971, № 3, էջ 210:

[2] Հր. Աճառյան, Հայերէն արմատական բառարան, հատոր 2, Երևան, 1926, էջ 35:

[3] Հր. Աճառյան, Քննութիւն Ղարաբաղի բարբառին, Վաղարշապատ, 1899, էջ 135-136:

[4] Ալ. Մարգարյան, Բարբառային բառերի մեկնություններ, ՊԲՀ 1971, № 3, էջ 213:

[5] Հր. Աճառյան, Հայերէն գաւառական բառարան, Թիֆլիս, 1913, էջ 1054:

[6] Ալ. Մարգարյան, Գորիսի բարբառը, Երևան, 1975, էջ 486:

[7] Էդ. Աղայան, Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ, Երևան, 1974, Էջ 152:

[8] Հ. Վ. Սուքիասյանը, Աճականը հայերենում,Երևան, 1986, էջ 229:

[9] Հր. Աճառյան, Հայերէն արմատական բառարան, հատոր 4, Երևան, 1926, էջ 359:

[10] Նույն տեղում, էջ 525:

[11] Հր. Աճառյան, Հայերէն արմատական բառարան, հատոր 3, Երևան, 1926, էջ 252:

[12] Руслан Цаболов, Этимологический словарь курдского языка, Москва, 2001, էջ 436-437.

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի