Անուշ Հովհաննիսյան
ԳՊՀ-ի հայոց լեզվի և գրականության 2-րդ կուրսի ուսանողուհի
Գորիսի բարբառը, նախապես սերտորեն սահմանակցվելով Ղարաբաղի և Արարատյան բարբառներին, միջին տեղ է գրավում այդ երկուսի միջև և հայերենի այլ բարբառների հետ համեմատած՝ ամենամեծ ընդհանրություններն է երևան բերում հենց դրանց (գլխավորապես Ղարաբաղի բարբառի) նկատմամբ: Գորիսի բարբառը դիտվել է իբրև Ղարաբաղի բարբառի ենթաբարբառներից մեկը: Բայց նրանց միջև եղած ընդհանրությունները ցույց են տալիս, որ «Գորիսի և Ղարաբաղի բարբառները սերում են երբեմնի մի միասնական մայր բարբառից և այլ բան չեն, քան նրա 2 առանձին ճյուղերը, որոնք իրենց պատմական կյանքի զարգացման ընթացքում ձեռք են բերել միմյանցից տարբեր առանձնահատ-կություններ և ինքնորոշվել իբրև ինքնուրույն ու անկախ բարբառներ»[1]:
Անդրադառնալով բայերի խոնարհման համակարգում Գորիսի և Ղարաբաղի բարբառների էական տարբերություններին՝ կփորձենք հաստատել, որ Գորիսի բարբառը ոչ թե Ղարաբաղի բարբառի մի ենթաբարբառ է, այլ պարզապես նրան մերձակից բարբառ:
Արդի հայերենի նման Գորիսի և Ղարաբաղի բարբառներում եղանակները հինգն են: Սահմանական եղանակի ժամանակաձևերը, բացի անցյալ կատարյալից, կազմվում են դերբայից և օժանդակ բայից:
Գորիսի բարբառում անկատար դերբայը կազմվում է ում կամ ո̈ւմ վերջավո-րությամբ, ինչպես՝ հըսնում էմ, տիմա̈ նո̈ւմ էմ:
Հավը, վէր հավ ա, ճո̈ւր խըմէլիս յիրգինքին ա̈ յէշո̈ւմ:
Կըլխէն տակին կակուղ պա̈րց ա̈ տինո̈ւմ:
Հի՞նչ էս մէզ էրո̈ւմ- խըրավում:
Ղարաբաղի բարբառում նույն դերբայը կազմվում է ըմ և ամ վերջավորություն-ներով: Ինչպես՝ կյիրըմ ըմ, խոսամ ամ:
Ասըմ ըն, ղալաթ ըն անըմ:
Ղարաբաղի բարբառում սահմանական ներկան 2 գլխավոր տեսակ ունի: Առաջին տեսակը կազմվում է գրականի նման՝ ում վերջավորությամբ, որի փոխարեն ավելի գործածական է ըմ, քիչ դեպքերում՝ նաև ամ ձևը: Այսպես՝ խօսում, խօսըմ և խօսամ: Վերջինը (ամ ) գործածական է Խաչենի հարավային կողմի բարբառներում, մինչդեռ Հյուսիսային Խաչենը գործածում է ում ձևը, իսկ Վարանդայում և այլուր՝ ըմ ձևը:
Սահմանական ներկայի երկրորդ տեսակը կազմվում է ս վերջավորությամբ, ինչպես՝ հընձիս, ըպրիս, լըվնաս: Այս տեսակը գործածական է Վարանդայի և Դիզակի գավառներում նախորդ ձևերի հետ միասին:
Ս վերջավորություն ունեցող դերբայով և օժանդակ բայի ձևերով սովորաբար կազմվում է <<ս>> ճյուղի բարբառների ներկան: Դրանք կազմվում են նույն եղանակով, ինչպես որ գրական լեզվի համակատարը: Այս ձևը պահպանվում է Մարտունու շրջանի մի շարք գյուղերի խոսվածքների անցյալ անկատարի կազմության մեջ: Օր.՝ կյիրէյիս ըմ լա̈լ-գրում էի, մընայիս ըս լա̈լ-մնում էիր: Այս բառերում երևում է, որ լ-ն թուլացել և վերածվել է յ հնչյունի (կյիրէլիս-կյիրէյիս):
Տալ, գալ, լալ բայերի անկատարը, որ գրական հայերենում կազմվում է համակատար դերբայով, Ղարաբաղի բարբառում լ վերջավորության փոխարեն ստանում է մ կամ ս (տամ ըմ, կյա̈մ ըս, լամ ա, տաս ընք, կյա̈ս ըք, լաս ըն):
Գորիսի բարբառում նույն բայերի անկատարը կազմվում է միայն մ վերջավորությամբ: Իսկ լալ բայի փոխարեն գործածվում է լա̈ց ինէլ//իլէլ հարադրությունը (լա̈ց էմ ինո̈ւմ, լա̈ց էք ինո̈ւմ):
Ղարաբաղի և Գորիսի բարբառներում ապառնի ժամանակը կազմվում է բոլորովին տարբեր ձևերով: Ղարաբաղի բարբառում ստանում է ական և ացուք վերջավորությունները: Ինչպես՝ կըրըլական, կըրթըլական, կըրըլացուք:
Յէս էլ նըրա քըշտէն կըննական չըմ:
Անորոշ դերբայի վրա ական վերջավորություն ավելացնելով՝ արտահայտվում է այնպիսի մի գաղափար, ինչպիսին արտահայտում է անորոշ դերբայի սեռական հոլովը (կըրըլական էմ-կարողանալու եմ):
Իսկ Գորիսի բարբառում ապառնին ունի գրական հայերենի ապակատար դերբայի կազմությունը:
Դինջ կաց. աստուծ մըն տո̈ւռ ա պա̈ց ընէլու:
Երբ օժանդակ բայն անմիջապես հաջորդում է դերբային, դերբայի ու վերջա-վորութունը շրթնայնանում է և օժանդակ բայից առաջ ավելանում է վ: Ինչպես՝ կյիրէլո̈ւ վէմ, կյիրէլո̈ւ վէս, կյիրէլո̈ւ վա̈:
Նէղ օրիտ աստուծ քէզ հըսնէլու վա:
Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր ապառնի ժամանակը կազմում են Շամախու բարբառի նման (կըրթիլան, կյիրիլան), իսկ որոշ գյուղերում դերբայի վերջին ա-ն երկարացվում է (կիրլաան ըմ, կիրլաան ըս):
Ըղձական եղանակը Գորիսի բարբառում ե խոնարհման բայերի դեպքում կազմվում է, ինչպես գրական լեզվում (սիրէմ, սիրէս, սիրի, սիրէնք, սիրէք, սիրէն):
Ծէր ըռչընա̈ կը տըղա ինի:
Ուրախ օրավ, կօշտ փօրավ մաշէս:
Իսկ ա խոնարհման բայերի դեպքում ըղձական անցյալի ձևերը կազմվում են հետևյալ օրինակով՝ քինի, քինիր, քինա̈ր, քինինք, քինիք, քինին: Տալ, գալ և լալ անկանոն բայերը ապառնի ըղձականում ստանում եմ նույն վերջավորոթյունները, ինչպես գրական հայերենում:
Աստուծ քէզ մըն վըսկըքա̈քո̈ւլ տըղա տա:
Հետաքրքիր կազմություն ունեն նշված բայերի ըղձական անցյալի ձևերը՝ գայի- կյի, գայինք-կյինք, տայիր-տիր և այլն:
Ղարաբաղի բարբառում ըղձական եղանակը, որ կոչվում է ստորադասական, կազմվում է անորոշից՝ լ-ն փոխանակելով մ, ս, -, նք, ք, ն վերջավորություններով: Օր.՝ կարիմ, կարիս, կարի, կարինք, կարիք, կարին:
Կարէլ չըմ խօխաս անտէր թօղիմ:
Գրական հայերենի նման Գորիսի և Ղարաբաղի բարբառներում պայմանական եղանակը կազմվում է ըղձականի բայաձևերից՝ կ եղանակիչի միջոցով:
Էն գո̈ւ՞դո̈ւմ ես հունցն ա. օցը պո̈ւնա̈ն տո̈ւս կօնի:
Առանձին դեպքերում կ-ով սկսվող բառերից առաջ կարող է ը-ն փոխվել ի-ի (կըկյա̈մ-կիկյա̈մ), իսկ ք-ով սկսվող բառերից առաջ՝ կ եղանակիչը դառնալ ք (կըքաշէս-քըքաշէս): Ձայնավորների ներդաշնակության օրենքով որոշ բառերում եղանակիչի ը-ն դառնում է ու //ո̈ւ, ինչպես՝ կըկուտրատէմ-կուկուտրատէմ, կըկյո̈ւ- ղանա-կո̈ւկյո̈ւղանա:
Հարկադրական եղանակը Գորիսի բարբառում արտահայտվում է 2 ձևով:
- Ըղձականից՝ պիտի//պէտի եղանակիչով: Օր.՝ պէտի կյա̈ս, պէտի մընա:
- Անորոշ դերբայից՝ խոնարհվող պիտէմ//պէտէմ եղանակավորիչ բայով: Օր.՝ ասիլ պէտէմ, ասիլ պէտէս, ասիլ պէտի, խօսալ պէտէնք և այլն:
Ղարաբաղի բարբառում հարկադրական կամ <<պարտավորական>>[2] եղանակն ունի ներկա, անցյալ, ապառնի և հարակատար ձևերը: Ներկան և անցյալը կազմվում են ըղձականի համապատասխան ձևերին նախադասելով պէտումա, պէտումի եղանակիչները, որոնք կարող են նաև վըէր շաղկապը ստանալ: Ինչպես՝ պետումա կարիս, պետումա ըսիր, պետում ի տամ, պետումա վըէր օնի: Ապառնիի և հարակատարի ներկա և անցյալ ձևերը կազմվում են՝ խոնարհելով պիտի եղանակիչը: Ինչպես՝ կարած պիտիմ, կարած պիտիս, կըրըլական պիտիմ, կըրըլական պիտի:
Հրամայական եղանակի կազմության մեջ ևս 2 բարբառներում դրսևորվում են տարբերություններ: Է խոնարհման պարզ, ինչպես նաև կրավորական և բազմա-պատկական բայերի եզակի հրամայականը Գորիսի բարբառում կազմվում է ի վերջավորությամբ: Ինչպես՝
Մօրը յէ՛շի, ըխճիկանն օ՛զի:
Իսկ հոգնակի հրամայականը կազմվում է էք կամ աք//ա̈ք վերջավորու-թյուններով: Օր. պըհէ՛ցէք//պըհէ՛ցաք, կուտրուտէ՛ցէք //կուտրուտէ՛ցաք:
Ղարաբաղի բարբառում հիշյալ տեսակի բայերը եզակի թվում ստանում են ի, է վերջավորությունները, ինչպես՝ չա՛փէ//չա՛փի, իսկ հոգնակի թվում՝ իք//էք, ինչպես՝ չըփէ՛ցէք//չըփէ՛ցիք:
Գաղտնավանկ ունեցող երկվանկ բայերը Գորիսի բարբառում սովորաբար եզակի հրամայականը կազմում են թե՛ ի և թե՛ է վերջավորությամբ: Օր.՝ լըսի՛//լըսէ՛, նըստի՛//նըստէ՛, փըռնի՛//փըռնէ՛:
Ան սոսկածանցով ա//ա̈ խոնարհման բայերը հրամայականը կազմում են անցյալ կատարյալի հիմքով՝ ստանալով եզակի թվում ի, հոգնակի թվում՝ էք կամ աք// ա̈ք, ինչպես՝ մըծա՛ցի, մըծա՛ցէք//մըծա՛ցաք: Թե՛ Գորիսի և թե՛ Ղարաբաղի բարբառներում այս խմբին պատկանող որոշ բայեր եզակի հրամայականը կազմում են ուղղակի անցյալ կատարյալի հիմքով, ինչպես՝ հըսկա՛ց, տիմա̈՛ց, մուռա՛ց, կյօղա՛ց:
Ղարաբաղի բարբառն ունի նաև շարունակական ձևեր, որ կազմում են ավ// ա̈վ վերջավորություն ունեցող դերբայով և օժանդակ բայի ձևերով: Շարունակական դերբայը կազմվում է անորոշ դերբայի գործիական հոլովից: <<Կյիրէլա̈վ ըմ>> ասելով՝ պետք է հասկանալ, որ խոսողը շարունակաբար գործողության մեջ է խոսելու պահին:
Բացի հիշյալ եղանակներից Ղարաբաղի բարբառում կան նաև պատմական, անմիջական և սաստկական եղանակներ: Պատմական եղանակի բոլոր ձևերը կազմվում են ներկայի, անկատարի, ապառնիի, հարակատարի, անմիջականի ձևերին ավելացնելով ըլա̈լ (լեալ) դերբայը: Օր.՝ սի՛րըմ ըմ ըլա̈լ, հնձիս ըմ ըլա̈լ, կըրըլական ի ըլա̈լ, կարած պիտի ըլա̈լ, սիրած ըս ըլա̈լ:
Անմիջական եղանակը կազմվում է բայի գործիական հոլովը խոնարհելով օժանդակ բայի ներկայի և անցյալի ձևերին: Օր.՝ հըսնելավ ըմ, պըրծընելավ իր: Այս ձևից զատ անմիջական եղանակը կարող է կազմվել բայական պարզ արմատի կրկնված և ու շաղկապով միացած ձևով, ինչպես՝ հասուհաս ըմ, հասվըհաս ըմ, որ նշանակում է հասնելու վրա եմ: Անմիջական եղանակի այս ձևը գոյություն ունի միայն մի քանի բայերի համար և քիչ գործածական է:
Սաստկական եղանակը կազմվում է ապառնի պարտավորականի և հարակատարի միջև ավելացնելով պիտի անփոփոխ եղանակիչը: Ինչպես՝ սիրած պիտի պիտիմ, սիրըլական պիտի պիտիմ:
Արդի հայերենի նման Գորիսի և Ղարաբաղի բարբառներում ևս կրավորական բայերը կազմվում են վ ածանցով, որը, որպես կանոն, դրվում է ներկայի հիմքի և բայի վերջավորության միջև:
Ըղանձվէս տո̈ւ:
Նույն եղանակով էլ բայը խոնարհվում է (սիրվըմ ըմ, սիրվէցա, սիրվըլական ըմ, սիրվըլացուք ըմ, մուռացված ի լա̈լ):
Մասնավոր դեպքերում կրավորական են կազմվում ա//ա̈ խոնարհման պարզ և ածանցավոր բայերից, օր.՝ գյիդվա̈լ, պա̈ նվա̈լ, մուռանվալ, կույանվալ:
Սօտին քըռասունք չօնի. Վէրջը մըն օր գյո̈ւդվո̈ւմ ա̈:
Գյիդվա̈լ չի, թա̈ հինչ մէտկը օնի:
Պատճառական բայերի մեծ մասը Գորիսի բարբառում ստանում է ըցըն և ցըն բայածանցները (մուտըցընէլ, պիցըրցընէլ, ծընդըրցընէլ, սիպտըկցընէլ):
Ղարաբաղի բարբառում պատճառական կամ <<անցողական>>[3] բայերը կազմվում են նույն ցըն ածանցով, նաև տալ բայով (սիրցընըմ ըմ, սիրիլտըլական ըմ):
Գորիսի բարբառում ևս գործածվում են տալ բայով պատճառական բայեր (շինիլ տալ, պիրիլ տալ, կյո̈ւղանալ տալ):
Ժխտական խոնարհումը Գորիսի բարբառում արտահայտվում է չ, վէչ մասնիկներով, իսկ Ղարաբաղի բարբառում՝ չ և վըէչ:
Սահմանական եղանակի բաղադրյալ ժամանակաձևերը կազմվում են չ մասնիկով, որ դրվում է դերբայից հետո հանդես եկող օժանդակ բայի վրա (խօսում չէմ, խուսացալ չէմ, խուսալու չէմ, Ղարաբաղի բարբառում՝ կարըմ չըմ, կըրըլական չըմ):
Ինգյա̈լ ա̈ էրկու կրակի մեջ, գո̈ւդո̈ւմ չի՝ հինչ անի:
Հարադրավոր բայերի դեպքում օժանդակ բայը դրվում է հարադիրի և բայական բաղադրիչի միջև (տո̈ւս չէմ կյա̈մ, լա̈ց չի լա̈լ, նի չի կացալ): Նույն ձևով նաև Ղարաբաղի բարբառում՝ կըրըլական չըմ լա̈լ , հնձիս չըս լա̈լ:
Անցյալ կատարյալի ժխտականը կազմվում է 2 կերպ: Հիմնականում վէչ մասնիկով, որ դրվում է խոնարհվող բայից հետո (կըրացիր վէչ, ասէց վէչ), սակավ դեպքերում՝ չ մասնիկով, որ դրվում է խոնարհվող բայի վրա (չմընացիր, չքյա̈ց):
Ըղձական եղանակի ժխտականը ևս 2 ձևով է կազմվում (խըմէք վէչ//չխըմէք, կյա̈ք վէչ//չկյա̈ք):
Աստուծ ծէր ա̈մա̈գը կուրցընէ վէչ:
Քօն ինէս, յէր չկէնաս:
Վէչ ժխտական մասնիկը առավել գործածելի է անեծքներում՝ հիմնականում նախադաս դիրքով:
Տըռնէտո̈ւռ ման կյա̈ս, մըն ճօթ հաց վէչ ճարէս:
Մուրազիտ վէչ հըսնէս:
Երբեմն էլ ժխտական մասնիկը և բայը ընդմիջվում են նախադասության այլ անդամներով, ինչպես՝
Վէչ տըղէ թօշա պաչէս:
Վէչ շէն տօն ինգէս:
Պայմանական եղանակի ժխտականը կազմվում է անորոշ դերբայից և օժանդակ բայի ձևերից: Ինչպես՝ ասիլ չէմ, քյինա̈լ չէս: Երբեմն օժանդակ բայը նախադաս է գործածվում:Օր.
Անտէր մըռածին քո̈ւչո̈ւմը չէն թօղիլ:
Թանին ասիլ չէն՝ թըթօ վա:
Հարկադրական եղանակի բայերը նույնպես արտահայտվում են չ և վէչ մասնիկներով (պէտի քյինա̈ վէչ//չպէտի քյինա̈ ):
Ղարաբաղի բարբառը արգելական հրամայականի համար գործածում է ետադաս մըէր//մըէք մասնիկները (մըռա՛նալ մըէր,անէլ մըէր, մըռա՛նալ մըէք), նաև մըէլ//մէլ, միք մասնիկները (քյինա̈լ մի, քյինիլ մէլ, կարթիլ միք):
Ղըլմըղալ անէլ մըէք:
Գորիսի բարբառը դրանց փոխարեն արգելական հրամայականը կազմում է զուտ միլ և միք ձևերով, որոնք կարող են դրվել բայից (անորոշից) թե՛ հետո և թե՛ առաջ: Հրամայականի կազմության մեջ նկատվում է մի հետաքրքիր երևույթ. եզակի թվում անորոշի լ-ն դրափոխությամբ անցել է արգելականին, իսկ վերջինիս մ-ն՝ նրա տեղը (ասիլ մի-ասում իլ, քյիա̈լ մի-քյինո̈ւմ իլ//քյինա̈մ իլ): Հոգնակի թվում էլ մի կողմից եզակիի ձևերի նմանողությամբ, մյուս կողմից արգելականի (միք)-ի մ-ի առնմանությամբ անորոշի լ-ն ևս դարձել է մ (ասիլ միք>ասիմ միք>ասում միք>ասում իք):
Էլ ասում իլ, թա̈ մէղավէրը յէս ի:
Մեր առջև նպատակ դնելով Գորիսի և Ղարաբաղի բարբառները դիտարկել իբրև հայերենի ինքնուրույն, միմյանցից անկախ բարբառներ՝ նշեցինք բայական համակարգում նկատելի փոփոխությունները: Ինչպես տեսանք՝ 2 բարբառներն ունեն նաև մեծ ընդհանրություններ, որոնք հիմք են ծառայել Գորիսի բարբառը Ղարաբաղի բարբառի մի ճյուղ համարելու մոտեցման համար: Մարգարյանի կարծիքով՝ այդ ընդհանրությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ դրանք սերում են երբեմնի մայր բարբառից և հավանաբար այդ բարբառի 2 առանձին ճյուղեր են, որոնք իրենց պատմական զարգացման ընթացքում ձեռք են բերել միմյանցից տարբեր առանձնահատկություններ և սահմանազատվել իբրև անկախ բարբառներ:
Սյունեցիները դարեր շարունակ հերոսաբար մաքառել են օտար զավթիչների դեմ՝ պահպանելով իրենց գոյությունը և միաժամանակ լեզուն, որ իբրև ինքնուրույն տեղական բարբառ, գոյություն է ունեցել դեռևս հնագույն ժամանակներում: Դա ամենից առաջ հաստատում է 5-րդ դարի հեղինակ Կորյունը, որը, Սյունիքում Մաշտոցի ծավալած գործունեությունը նկարագրելով, խոսում է նաև այն մասին, որ սյունեցիք ունեն անմշակ լեզու՝ բարբառ: Դա առավել գիտականորեն հաստատում է 8-րդ դարի քերական Ստեփանոս Սյունեցին, որը Հայաստանի ծայրագավառների 7 բարբառների շարքում առանձնացնում է նաև Սյունիքի բարբառը: Գորիսի բարբառը՝ իր ընդգրկած որոշակի սահմաններով, պատմական Սյունիքի լեզվի կամ բարբառի օրգանական շարունակությունն է և, իբրև այդպիսին, ոչ թե ստորադասվում է Ղարաբաղի բարբառին, այլ ունի տեղական բարբառներին բնորոշ իր յուրահատուկ հնչյունական համակարգը, բառային ֆոնդն ու քերականական կառուցվածքը և իրավամբ մի ինքնուրույն ու ինքնատիպ բարբառ է:
[1] Մարգարյան Ալ., Գորիսի բարբառը, Երևան, 1975:
[2] Աճառյան Հր., Քննութիւն Ղարաբաղի բարբառին, Վաղարշապատ, 1899:
[3] Աճառյան Հր., Քննութիւն Ղարաբաղի բարբառին, Վաղարշապատ, 1899: