Կապան տեղանունը. Հրաչ Մարտիրոսյան

(1) Կապան գավառը համապատասխանում է «Աշխարհացոյց»-ի Ձորք կամ Ձորայ գավառին: Ըստ Ստ. Օրբելյանի (13-14-րդ դդ.)՝ Ձորք գավառը կոչվում է Կապան:

(2) Դեռևս մեծ հայագետ Հյուբշմանն է հստակորեն արձանագրել, որ
● Կապան տեղանուն < գրաբարյան կապան ‘կիրճ, լեռնանցք’ (‘Engpaß’). հետագայում թուրքերենի հենքի վրա աղավաղվելով դարձել է Ղափան
● Կապան տեղանուն կար նաև Զեյթուն / Ուլնիայի մերձակայքում, Համշենում և այլուր (տես ստորև):

(3) Ակնհայտ է, որ կապ-ան ‘կիրճ, լեռնանցք’ բառն ածանցված է կապ արմատից, հմմտ. կապ-ան (ոսկեդարյան գրաբարում` հոգն. կապ-ան-ք) ‘կապ, կապանք, շղթա’:
● Բառիս ‘կիրճ, լեռնանցք’ նշանակությունը վկայված է Խորենացու, Ուռհայեցու և այլոց երկերում:
● Բնիմաստը՝ ‘լեռնակապ, լեռների միջև` ճանապարհակապ’։
► Հմմտ. օրինակ Կաքավաբերդի բարբառի կապ ‘ճանապարհի վտանգավոր մասը’ արմատական ձևը (հմմտ. պարսկ. band, Dar-band, *bandana- ևն),
◊ նաև կար-ան ‘կար, հոդ, կարվածք’ = կար ‘չվան, լար, հոդ’+ նույն -ան ածանց. Ղարաբաղի բարբառում ստացել է ‘քարայր’ իմաստը:

(4) Հայերեն կապան բառը երկու իմաստներով էլ պահպանված է բարբառներում.
● ‘կապ, թոկ, երիզ, օրորոցակապ’ – Արարատյան, Վան, Ղարաբաղ, Հավարիք, Գորիս, Արեշ.
● ‘կիրճ, լեռնանցք’ – Խոտորջուր, Համշեն, Սեբաստիա, Մոկս, Կարին ևն:
► Բառիմաստը. Խոտորջուր՝ «գահավէժի գլխէ ճանապարհ անցուած, ժայռահատ ճամբայ. կիրճ», Մոկս` «дорога на обрыве над рекою, под скалой»:

(5) Խարբերդում և Մուշում կապան ‘կիրճ, լեռնանցք’ բառը պահպանված է քար ու կապան բառակապակցության մեջ: Հոյակապ է մեր էպոսի հետևյալ դրվագը։
● Մսրա Մելիքի հարկահան Կոզբադինը գնում է Սասուն` մեծ քանակությամբ ոսկի ու կանայք շորթելու նպատակով։ Դավիթը դուրս է շպրտում նրան, ու նա գալիս է Մելիքի մոտ, գանգատվում է ու արդարանում`
► «Ես չգիտեի` Սասուն քար էր կապան…»:

(6) Համշենի Կապօն (< Կապան նախաձևից) հայաբնակ գյուղն իր անունն ստացել է գյուղի արևելքում առկա անդնդախոր ու ապառաժուտ ձորերից, որոնք տեղի բարբառով կոչվում են կապոն-ներ: ► Հայերենի ա ձայնավորը ռնգայիններին (մ, ն) նախորդող դիրքում > Համշեն օ (կապան > *գաբօն), հմմտ. անալի > օնլի, անանուխ > օնլուխ:

(7) Ինչպես տեսնում ենք, կապան բառը ‘կիրճ, լեռնանցք’ իմաստով
● վկայված է 5-րդ դարից,
● պահպանվել է կը-ճյուղի բազմաթիվ բարբառներում
● և որպես տեղանուն հանդես է գալիս պատմական Հայաստանի ամենատարբեր ծայրամասերում` Համշեն, Կիլիկիա, Սյունիք ևն:
◊ Հայերեն կապան > վրացերեն k’ap’ani ‘ժայռոտ` անանցանելի վայր, անդունդների վրա վտանգավոր ճանապարհ’:

 

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

АРЦАХ/25 февраля 2024/#3/Новости/История/Люди/

ՍՀՀԿ See author's posts Ընթերցված է՝ 91

Մուրացանյան օրեր Արցախում

ՍՀՀԿ See author's posts Ընթերցված է՝ 85

Մեհտիշեն տեղանվան ավանդազրույցը

  Մհեր Քումունց See author's posts Ընթերցված է՝ 92

Հայագիտությունն ու բարբառագիտությունը սահման և ժամանակ չեն ճանաչում․ Մ․ Քումունց

 «Ասե՞մ, թե՞ չասեմի» հյուրն է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։ Նրա խոսքով՝ հայագիտական առարկաները…