Մխիթարյան միաբանության գործունեությունը հայոց մշակույթի պատմության ամենա-լուսավոր էջերից մեկն է հանդիսանում: Այն 18-րդ դարի մեծ մտավորական Մխիթար Սեբաստացու մտքի հղացքն էր ու նրա բացառիկ նվիրումի արդյունքը: 1717 թ. Վենետիկի մոտ գտնվող Ս. Ղազար կղզում վերահաստատելով ավելի վաղ (1701թ.) Պոլսում իր հիմնած միությունը՝ Մ.Սեբաստացին համախոհներով ծավալում է գիտամշակութային ակտիվ գործունեություն՝ նաև ջանք ու եռանդ չխնայելով ստանալու նյութական կարողությունների տեր անձանց աջակցությունը: Եվ հոգևոր-մշակութային այդ հզոր օջախի շուրջ 300-ամյա պատմության մեջ անմահացել են ոչ միայն բուն միաբանության անդամները, այլև նրանց նյութական ու բարոյական աջակցություն ցույց տված անձինք: Եվ պարզվում է, որ թե’ միաբանության անդամների մեջ և թե’այդ գիտական կենտրոնին աջակցողների շարքում հայտնվել են նաև Ս.Ղազարից այնքան հեռու ընկած Սյունյաց աշխարհի զավակները: Հիրավի, հետաքրքրական է Մխիթարյան միաբանության տարեգրության մեջ նաև հաբանդցի՝ գորիսեցի մի քանի մարդկանց անունների հայտնվելը:1 Այսպես՝ Ս.Ղազար կղզու վանքի 1736 թվականի ժամանակագրության մեջ կարդում ենք. «Պատանի մի աստուածասէր ի վաճառականութիւն եկեալ յարեւելից, Յովհաննէս անուն, ի Հաբանդ երկրէ Հայաստանեայց»2: Հաբանդցի Հովհաննես անունով պատանին պատահականորեն Վենետիկում հայտնվել չէր կարող: Պետք է ենթադրել, որ նա ունեցել է այնտեղ ապրող բարեկամներ, որոնց ապավինելով հայտնվել է այդ օտար քաղաքում: Հետաքրքրական է վաճառական դառնալ ցանկացող պատանու հետագա ճակատագիրը: Վենետիկում ծանոթանալով Մխիթարյան միաբանության նիստ ու կացին, նաև հաշվի առնելով իր ծանր հիվանդությունը՝ Հովհաննեսը հրաժարվում է առևտրական դառնալու իր մտադրությունից և մտնում միաբանության մեջ: Միաբանի հագուստը նա ստանում է անձամբ Աբբահոր հրամանով: Իսկ որոշ ժամանակ անց, զգալով մոտալուտ մահը, Հովհաննեսը գրում է կտակ, որն հիշատակվում է միաբանության հաշվեմտից մատյանում: Կտակում նա խնդրում է, որ իրեն թաղեն ոչ թե պատանքով, այլ միաբանի հագուստով՝ եկեղեցու մեջ և իր հիշատակի համար մշտապես պատարագ մատուցեն: Ս.Ղազար կղզու վանքի ժամանակագրության 1767թ. արձանագրության մեջ նորից հիշատակվում է Հովհաննեսի անունը և նշվում, որ մինչև օրս (շուրջ 30 տարի) նրա հիշատակին նվիրված պատարագը Ս.Ղազար կղզու եկեղեցում «անվթար» մատուցվում է3: Մխիթարյան միաբանության ժամանակագրության մեջ գորիսեցի պատանու անվան հիշատակման և նրա կտակի անխաթար կատարման փաստը ցույց է տալիս, որ նա եղել է նշանավոր այր ու մեծահարուստ տոհմի ներկայացուցիչ և իր շոշափելի նպաստն է բերել այդ կրթամշակութային օջախի գործունեությանը:
Մխիթարյան միաբանության պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հովհաննեսը միակ հաբանդցին չէ, որ թաղված է Ս.Ղազար կղզում: Վանքի 1737թ. ժամա-նակագրությունը հիշատակում է հաբանդցի երկու վաճառական եղբայրների մասին, որոնք աչքի են ընկել միաբանության համար իրենց կատարած բարեգործությամբ: «Էին ի Վեհէշ (Վենետիկ) յազգե մերմէ եղբարք երկու հարազատք, վաճառականք ի Հաբանդ երկրէ Հայաստանեայց: Անուն միում Ստեփաննոս եւ երկրորդին Նահապետ, եւ եկոքին մեծա-տունք»4: Հաբանդցի Ստեփանոս և Նահապետ եղբայրները, սերտ կապված լինելով միա-բանության հետ, որոշել են իրենց անունով մի անմեռ հիշատակ թողնել կղզում և իրենք էլ թաղվել այնտեղ: Մխիթար Սեբաստացու վարքը շարադրող Հ.Թորոսյանը գրում է. «Հաբանդ գավառէն երկու վաճառական ազգականք (ժամանակագրության մեջ՝ եղբայր-ներ՝ Ս.Հ.)՝ Ստեփան և Նահապետ, որ Վենետիկ կը բնակէին, ուզեցին յիշատակ մը թողուլ Մխիթարայ դաստակերտին մեջ: Մտածեցին խորան մը շինել Ս.Գրիգոր Լուսավորչին՝ մարմար քարերով»: Կառույցի նախագիծը կազմում է ինքը՝ Մխիթար Աբբահայրը, իսկ վա-ճառական եղբայրները հավանելով՝ սկսում են շինարարությունը: Խորանը կառուցվում է կարմիր մարմարից, գոթական ճարտարապետության գեղեցիկ ոճով: Խորանի առջև կառուցվում է եղբայրների դամբարանը: Նրանց ծախսերով Վենետիկի նշանավոր մի նկարչի մոտ պատվիրվում է Տրդատ թագավորի մկրտությունը պատկերող յուղաներկ մի նկար: Հ.Թորոսյանը գրում է. «Այս պատկերը ամէնէն յարգի եւ թանկագինն է մեր եկեղեցւոյ պատկերներուն մեջ, զոր նկարած է Փրանկիսկոս Ծունիոյ՝ վենետիկցի Տիեպոլոյ մեծանուն նկարչին աշակերտը»5:
Ավարտուն խորանի շինությունն օրհնում է ինքը՝ Մխիթար Սեբաստացին: Երկու հաբանդցի վաճառականների աճյունները ամփոփվել են խորանի առջև գտնվող դամբարանի մեջ: Տապանաքարի վրա արձանագրված է.
Ղափանեցիք Շահումեանց տան
Պարոն Զաքարն որ է Դավթեան,
Պարոն Ստեփան Վարդանէսեան,
Պարոն Նահապետ Պօղոսեան
Ետուն շինել զայս սուրբ սեղան
Եւ ընդ նմին զայս դամբարան
Ի յիշատակ եւ ի կայան
Բնաւից որք են ճիւղք նոյնոյ տան
Յամի տեառն 1787 յուլիսի 306
Կարմիր մարմարից կերտված այս տապանաքարը Վենետիկի Ս.Ղազար կղզում 1975թ. ծագած հրդեհից հետո զետեղվել է եկեղեցու գավթի որմերից մեկի վրա՝ մուտքից դեպի աջ:
Մխիթարյան միաբանության հետ կապված սյունեցի մեզ հայտնի ամենանշանավոր անձը թերևս Դավիթ Բեկի գլխավորությամբ ապստամբության տարեգրության հեղինակ Ստեփանոս Շահումյանն է, որն այդ հերոսական ապստամբությունը ճնշվելուց հետո հաստատվել է Վենետիկում, զբաղվել առևտրով, բայց միաժամանակ կապվել է Մխիթարյան միաբանության հետ և թելադրել է այդ հերոսապատումի պատմությունը, իսկ միաբանության անդամներից մեկը՝ Հ.Ղուկաս Ստեփանյան Սեբաստացին, այն գրի է առել:
Վերը նշված փաստերը որոշակի խորհրդածությունների տեղիք են տալիս: Նախ՝ պարզվում է, որ Սյունիքի պատմական Հաբանդ գավառի բնակիչները արդեն 17-րդ դարավերջից ձգտում էին դեպի Եվրոպական երկրներ՝ առևտրի մեջ ներգրավվելու կամ ուսանելու նպատակով: Նրանցից շատերը հատկապես առևտրական գործունեության մեջ հասել են մեծ հաջողությունների և դարձել են մեծահարուստ մարդիկ: Ոմանք զբաղվել են նաև արհեստներով: Ի դեպ, սրա վառ ապացույցն է Ղ.Ալիշանի մի վկայությունն այն մասին, որ 1699-1710 թթ. Վենետիկում ապրել է Թադևոս Հանպանտցի անունով մի դերձակ7: Ավելի հետաքրքրական է վենետիկյան փաստաթղթերում Հաբանդ գավառանվան հիշատակումը: 17-րդ դարից սկսած մեր ձեռագրերում այդ գավառանունը չի գործածվում: Այն չի գործածել նաև 1736թ. Գորիս (Խնձորեսկ, Քարահունջ, Շինուհայր, Տաթև) այցելած Աբ.Կրետացին:8 Սակայն Հովհաննես անունով երիտասարդը, Ստեփանոս և Նահապետ վաճառականները Վենետիկում իրենց ծննդավայրը ներկայացնում են Հաբանդ անունով: Վենետիկի հայ միաբանների համար անշուշտ առավել հարգի և ընդունելի է եղել հայոց այդ հեռավոր ոստանի պատմական անունը շեշտելը:
18-րդ դարի առաջին կեսին վենետիկյան ժամանակագրության մեջ Հաբանդ գավառանվան օգտագործումը նաև վկայում է, որ այդ ժամանակ դեռ գործածական չի եղել Զանգեզուր տեղանունը:
Այսպիսով, բերված փաստերը հավաստում են այն մասին, որ որոշ սյունեցիներ ևս, կապվելով Մխիթարյան միաբանության հետ, իրենց համեստ նպաստն են բերել այդ հոգևոր-մշակութային հզոր կենտրոնի գործունեությանը:
1 Հաբանդը պատմական Սյունիք նահանգի գավառներից է, իր մեջ ընդգրկել է ներկայիս Գորիսի ենթամարզի (շրջանի) տարածքը:
2 Ստ. Շահումեան, Դաւիթ Բէկ կամ պատմութիւն Ղափանցւոց, Վենետիկ, 1975, էջ 85:
3 Նշվ. աշխ., էջ 114:
4 Նշվ. աշխ., էջ 113:
5 Ստ. Շահումեան, Դաւիթ Բէկ կամ պատմութիւն Ղափանցւոց, Վենետիկ, 1975, էջ 115:
6 Նշվ. աշխ., էջ 116:
7 Ղ.Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1895, էջ 261:
8 Աբ.Կրետացի, Պատմություն, Երևան, 1973, էջ 151: