Մելիք-Հայկազ Բ

Spread the love

Ինձ ներշնչողը ՄելիքՀայկազ Բի պատկառանք ու ակնածանք պարգևող կերպարն էր, որ մշտապես մտքերիս մեջ էր ու ստիպում էր, համոզում, որ երախտիքի խոսք գրեմ: Ցավոք, նման մարդիկ ուշ-ուշ են ծնվում, բայց լինելու դեպքում լույս ու սեր են սփռում ամենուր, դառնում փարոս, և այդ լույսը տեսանելի է լինում նրանց ահվանից հետո` տասնյակ, նույնիսկ հարյուրավոր տարիներ հետո: Երանի նման հայ մարդկանց, որոնք կարող են սյուն լինել ոգեղեն խոշոր գործերի: 

  Սյունիքում   15-16-րդ դդ. պարսկական իշխանությունների հովանավորությամբ    ձևավորվում  և  հայտնի    են  դառնում չորս` Բեխի, Անգեղակոթի, Տաթևի ու Քաշաթաղի կամ Խանածախի մելիքությունները:  Դրանք   ներկայացնում   էին   երկրամասում   մնացած   հայկական  հին իշխանական տների մնացորդները: Մելիքական   համակարգը    առավել     կանոնավոր   ու հաստատուն  տեսք  ստացավ  հետագա   պարսկական   տիրակալների, մասնավորապես Շահ-Աբաս  Ա-ի օրոք: Սյունիքի   տարածքում  ձևավորված  մելիքություններից  ամենազորեղը և ամենահայտնին Մելիք-Հայկազյան     մելիքական  տունն էր: Այն  ճանաչված  է  երկու  անուններով`  Քաշաթաղի  կամ    Խանածախի   մելիքություն:  Այդ երկու գյուղերը եղել են մելիքությաՆ կենտրոն, այդտեղից էլ մելիքության տարբեր անունները: Խանածախի   մելիքության  սահմանները վերջնականապես   ճշգրտված չեն:  Ամեն  դեպքում նրանում   հաշվվում  էին  մեկ տասնյակ կամ մի քիչ ավելի քանակով   գյուղեր:

Մինչև  օրս  հարատևող  Խանածախ   բնակավայրը   գտնվում   է   Սյունիքի   պատմական   Հաբանդ   և   Աղահեճք     գավառների      սահմանագլխին`   Գորիս  քաղաքից  30 կմ  հեռավորության վրա:

Մ. Հասրաթյանը Խանածախի Մելիք-Հայկազյան մելիքական տունը սերած է համարում Սյունիքի արևմտյան մասում իշխող Պռոշյան իշխանական տոհմից: Վերջիններս Վայոց Ձոր էին եկել Արցախից: Խանածախի մելիքական տան հիմնադիրը համարվում է պարոն Հայկազը: Պարոն Հայկազը Խաղբակյան Պռոշ Մեծ իշխանի ծոռն էր, «երևելի իշխանաց իշխող» և «ասպարապետ Հայոց» Ջում Պռոշյանի եղբոր որդին[1]:   Իսկ   ահա   Մ. արք.   Օրմանյանը,    առանց որևէ աղբյուր նշելու,  նրանց  սերած  է   համարում  Ջուղայից:

Խանածախը մելիքանիստ է դառնում Մելիք Հախնազարի օրոք (1515-1551) ` 16-րդ դարի առաջին կեսին: Մելիք-Հախնազարից հետո Քաշաթաղի կամ Խանածախի մելիքության ղեկն անցնում է նշանավոր Հայկազ Բ-ին /1551-1621/: Նրա օրոք մելիքությունը հասնում է իր հզորության գագաթնակետին: Մելիք-Հայկազ Բ-ն երկար ու նշանակալից կյանք է ապրել: Նրա օրոք է, որ օսմանյան թուրքերը  ռազմավարական նպատակներով Արցախի և Սյունիքի միջև ընկած ձորերում բնակեցնում են ռազմատենչ քրդական ցեղերի: Քաշաթաղի մելիքության զորեղացումն ու դերի բարձրացումը  եղել է թուրքական իշխանությունների մտահոգության   առարկա:    Քրդական    ցեղերի` Քաշաթաղում անմիջական բնակեցումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ թուրք-պարսկական պատերազմի ընթացքում` 1586-1607 թթ., Արաքս գետի ձախ ավազանին տիրեցին օսմանյան թուրքերը:

Մելիք  -Հայկազ  Բ-ն չէր կարող անտարբեր մնալ մահմեդական ցեղերի բնակեցմանը, որն իր մեջ մահացու վտանգ էր սպառնում այդ վայրերում հայերի հետագա գոյատևման համար: Նա երկար ու համառ կռիվներ է մղել: Սակայն թուրքական պետության դեմ կռվող մելիքի ուժերն անհատնում չէին: Նա նույնիսկ գերի ընկավ օսմանցիներին, տարվեց Գանձակ: Այդ մասին պատմվում է 1495 թ. գրված ձեռագիր-ավետարանի վերագնման ժամանակ արված հիշատակարանում. «Զվերջին ստացող սբ. Ավետարանս ի հալալ ինչից իւրոյ, յիշատակ հոգոյ իւրոյ եւ ծնողաց, հաւրն`պարոն Հախնազարին, պապին` պարոն Հայկազին եւ մաւրն իւր Սավարին, եւ մամին` Շամամին, եւ եղբօրն` Աղաջանին եւ նորոբողբոջ դեռաբուսիկ վարդափթիթ որդոցն` պարոն Աղաջանին, պարոն Հախնազարին, պարոն Գասպարին, պարոն Նազարին եւ դստերացն` Դաւլարին, Զատին, Հումայուն, եւ քվերաց Շահիսլամին,Դաւլաթխանումին, եւ հօրն քվերացնէ Խանումին…: Դարձեալ յիշեցէք զպարոն Հայկազ աղէն որ ազգն օսմանցու/ւո/ց  նեղացուցին` բազում գանձս առին` ոսկի, եւ արծաթ, եւ հանդերձ, եւ ըմբռնեցին տարան /ի/ Գանջայ, եդին ի գբին եւ ի բանդի, եւ անտի ազատեալ, թողեալ զտուն իւր, եւ գնացեալ զՍպահան, եւ անկեալ ¥առ¤ շահ Ապասն: Եւ շահ Ապասն խիստ սիրեալ տուեալ խալաթ եւ պարոնութիւն երկրիս Քաշթաղոյ որպես ինքն կամ էր զտասանորդն եւ զհարկն»[2]: Ուրիշ հայ մելիքների հետ Մելիք-Հայկազի Պարսկաստան հեռանալու մասին վերոհիշյալ հիշատակարանից զատ նշում է նաև Առ. Դավրիժեցի պատմիչը[3]: Մելիք-Հայկազն այնտեղ Շահ Աբասի կողմից արժանանում է առանձնահատուկ ուշադրության: Նա Շահ Աբաս արքայից ստանում է «Գոջա ասլան»` «Ծեր առյուծ» պատվավոր մականունը: Շահ Աբասը Մելիք-Հայկազին մի հրովարտակով շնորհում է  սադրինիշին տիտղոսը, որը նշանակում է   թագավորի   մոտ   առաջին   տեղում   նստող,  գահերեց[4]: Մելիք- Հայկազի պարսից արքունիքում երևելի լինելու մասին է խոսում նաև Առ. Դավրիժեցին[5]: Մելիք — Հայկազ Բ-ի հրամանատարությամբ պարսկական զորքերը բազմիցս հաղթանակներ են տոնել թուրքերի նկատմամբ: Մելիք-Հայկազի դիվանագիտական ջանքերի և, հավանաբար, նրա կողմից Սյունյաց իշխանավորներից վերցրած խնդրագրի հիման վրա է, որ ժամանակից շուտ է սկսվում Շահ Աբասի նշանավոր արշավանքը դեպի Արևելյան Հայաստան: Պարսկաստանի արտաքին քաղաքական նպատակները համընկնում էին հայ գործիչների ծրագրերին: Հարկավոր էր վերջ տալ օսմանյան տիրապետությանը Արցախում և Սյունիքում: Ինչ վերաբերում է Շահ Աբասի կողմից հայերի նկատմամբ իրականացված բռնագաղթին, ապա պետք է խոստովանել, որ այդ հրամանին չեն ենթարկվել ո՛չ Սյունիքը, ո՛չ էլ Արցախը: Ավելին, շատ հայեր գաղթի ընթացքում փախան և ապաստան գտան Սյունյաց լեռներում. Սյունիքը գաղթի տարիներին նույնիսկ բնակչության թվաճ ապրեց: Ավանդությունը պատմում է, որ Գորիսի Քարահունջ գյուղը վերազարթոնք ապրեց Շահ Աբասի բռնագաղթից խուսափած երեք նախիջևանցի եղբայրների շնորհիվ:

17-րդ դարասկզբին  Սյունիքը Պարսկաստանի տիրապետության տակ անցնելուց հետո Մելիք-Հայկազ Բ-ն արքունիքից վերադառնում է իր ծննդավայրը և ձեռնամուխ լինում հայրենի եզերքի շենացմանը: Սակայն որոշակի խոչընդոտներ, ներքին խանգարող հանգամանքներ կային: Երկրի շենացման համար խաղաղ, կայուն պայմաններ էին անհրաժեշտ, և իշխանը հասնում է այն բանին, որ Շահ Աբասը «աշխարհասաստ» հրաման է արձակում Մելիք-Հայկազ Բ-ի թե՛ քրիստոնյա, թե՛ մահմեդական հակառակորդների դեմ: 1609 թվակիր արքայական հրովարտակով Շահ-Աբաս Ա-ն «լավագույն քրիստոնյա» Մելիք-Հայկազի հակառակորդներին նախազգուշացնում է. «…ՈՒստի, որոշեցինք, որ ոչ մի արարած չհամարձակվի   օսմանցիների չարաբաստիկ ժամանակներում կատարված գործերի պատճառով հիշյալ մելիքին նեղություն տալ և անհանգստություն պատճառել, և թող զգուշանան անհնազանդությունից. այդպիսիք ենթակա են պատժի»[6]: Աղբյուրների սակավության, քչախոսության կամ իսպառ բացակայության պատճառով հնարավոր չէ տալ նշանավոր իշխանի հայրենաշեն ողջ գործունեությունը: Բայց եղած տեղեկություններն էլ բավարար պատկերացում են տալիս  նրա շինարարական գործունեության ծավալների, աշխարհագրական լայն ընդգրկումների մասին: Նա հովանավորչական գործունեություն է ծավալում իր մելիքության սահմաններից դուրս գտնվող հոգևոր-մշակութային կենտրոններում, ինչպես օրինակ, Հալիձորի Հարանց Մեծ անապատում` երևի նկատի ունենալով վերոհիշյալ անապատի գործունեության համահայկական նշանակությունը: Եվ ի՞նչն է ուշագրավ. նա իր եռանդուն գործունեությունը սկսում է Շահ Աբասի վերոհիշյալ հրովարտակից հետո` մոտ ութսուն տարեկան հասակում: Նրա կյանքի վերջին տասնամյակի բարեգործությունների շարքում հիշատակվում են Հալիձորի Հարանց Մեծ անապատի հիմնարկումը /1608-10/, Ծիծեռնավանքի վերանորոգումը և պարսպի ամբողջացումը /1613/, Հոչանցի անապատի հիմնարկումը /1615/: Ակամա մտածում ես, որ ծեր իշխանը դա արել է իր հոգու փրկության համար նաև: Խորհելու տեղիք է տալիս խոհեմ ծերունու վարքը, ուսուցանող վարքը: Տեղին  է  մեջբերել  Ն.  Ակինյանի   խոսքը   նրա  մասին.

«Մելիք Հայկազն ինչպէս բազկով քաջարի, նույնպէս հոգւով ազնիւ էր, երկիւղած եւ աստուծապաշտ» [7]:

Նա հոգ է տանում իր մելիքության հոգևոր կենտրոն Ծիծեռնավանքի մասին, կառուցում վանքը շրջափակող բարձր պարիսպը: Վանքի միակ` արևմտյան դարպասի դրսի պատին` կամարակապ բացվածքից ձախ, Մելիք-Հայկազ Բ-ն  թողել է 1613 թ.  նորոգման  չորս  տողանոց  արձանագրություն,  որտեղ , ըստ Մ. Հասրաթյանի, կարդում ենք.

« Նորոգ

եցաւ պարիսպս ի ձեռն Հայ

կազի իշխանիս ի առջնդու

թի Մկտչեպս թվ ՌԿԲ»:

Մելիք Հայկազ Բ իշխանն է կառուցել  նաև Խանածախի մինչև    օրս   կանգուն   Ս. Հռիփսիմե   եկեղեցին: Եկեղեցու երկարությունն է 20 մ, լայնությունը` 11 մ, թաղակապ է, տանիքը` քարաշար, առանձնանում է սպիտակ քարի գեղակիր խորաքանդակներով,   կամարակապ     մուտքով,    նույն    քարով      են     շարված    նաև պատուհանների  եզրերը:

Մելիք-Հայկազ Բ-ի օրոք է կառուցվել նաև Խանածախ գյուղը ջուր մատակարարող ջրատարը: Ջուրը բավական հեռվից է բերվել.  գյուղի ողջ երկարությամբ այն հատուկ ջրահավաք թունելով հասցվել է մինչև գյուղի հարավային ծայրը` նաև մելիքի բաղնիքի կարիքները հոգալու համար: Բաղնիքի շինության պատերը նշմարվում են: Իսկ Մելիք-Հայկազ Բ-ի կառուցած ջրառատ աղբյուրից /քյահրիզ/` կողքին մի հսկա քար, մինչև օրս օգտվում են գյուղացիները: Մելիքի կենսաօգտագործման ընդարձակ տարածքը` ներառյալ աղբյուրը, առնված է եղել հաստ ու բարձր պարիսպի մեջ: Խանածախ գյուղի ջրամատակարարման համակարգն ուսումնասիրած Ն. Պապուխյանը գրում է. «Նրանք /Սյունիքի բնակավայրերը — Ս.Հ./ կառուցվել են կամ ամրոցների մերձակայքում, կամ խոր ձորերի խուլ անկյուններում և կամ մերձակա բնական թաքստարաններ /բարձրադիր քարանձավներ, անտառներ, բարդ լեռնածալքեր/ ունեցող վայրերում: Այս պատճառով երբեմն իբրև բնակատեղ ընտրվել են այնպիսի վայրեր, որտեղ ջուր բերելու համար զգալի աշխատանք է կատարվել: Ուշագրավ օրինակ է Գորիսի շրջանի Խնածախ գյուղը` Մելիք-Հայկազյանների ոստանը, որտեղ խմելու ջուրը բերվել է բավական հեռվից, հողով ծածկված քարաշեն առվի միջոցով»[8]:

Մելիքության շրջանից Խանածախ գյուղում պահպանված ամենից երևելի հուշարձանը մելիքական ամարաթ բնակելի տունն է կամ ինչպես գյուղացիներն են կոչում` բալախանան[9]: Ամարաթից 25-30 մ հեռու` դեպի ձորն իջնող զառիթափի վրա` ճանապարհի տակ, եղել են մելիքական բանտ-քարանձավները: Խանածախի մելիքական ապարանքի կառուցումը տարբեր ուսումնասիրողների կողմից հաստատապես վերագրվում է Մելիք-Հայկազ Բ-ին[10]: Կասկածանք է հայտնել միայն Մ.  Հասրաթյանը` գրելով. «Սա /Մելիք-Հախնազարը-Ս.Հ./ ունեցել է գուցե նույն վարպետների ձեռքով   կառուցված,   դարձյալ   հարակից    շենքով ապարանք Խոնածախ — Խնածախում,   /որը/    պահպանվել  և  հասել  է մեզ»[11]:

Մելիքական առաջին ապարանքը Մելիք-Հայկազ Ա-ի կողմից կառուցվել է Քաշաթաղ ավանում: Այն ներկայումս խիստ վնասված վիճակում է, թեպետ որոշակի տպավորություն է թողնում: Ապարանքի վերակազմությամբ, շինության ուսումնասիրության շնորհակալ գործով զբաղվել է Ա. Ղուլյանը: Նա գրում է. «Քաշաթաղի մելիքական ապարանքը 15-րդ դարից պահպանված եզակի պալատական կառույց է` ստեղծված դարաշրջանին բնորոշ պարզությամբ և զուսպ  ու արտահայտիչ ճարտարապետական հորինվածքով: Իր յուրահատուկ լուծումներով Մելիք-Հայկազի ապարանքը ուշ միջնադարյան նմանօրինակ հուշարձանների շարքում  նոր   տիպի   առաջնեկն   է  ու   դրանցից   ամենաամբողջականը»[12]:

        Մելիք-Հայկազ Բ-ի կողմից Խանածախում 16-րդ դարի երկրորդ կեսին կառուցած ապարանքը մեզ է հասել համեմատաբար ավելի լավ վիճակում: Հետագա փոքր-ինչ կառուցումներով կամ լրացումներով հանդերձ ապարանքից պահպանվել են երկու շինություն` կրկնահարկ դահլիճները և մի քանի մետր հեռու գտնվող գլխատունը: Առաջին հարկի դահլիճի չափերն են`  3,9 մ x 6,2 մ x 3,9 մ,  իսկ երկրորդ հարկինը` 3,9 մ x 6,6 մ x 3,65 մ:   Գերանածածկ «հազարաշեն» առաստաղ  ունեցող գլխատան   չափերն են` 6,0 մ x 7,0 մ: Ապարանքի պատերն ունեն 1,2 մ հաստություն:

Ա. Ղուլյանը գրում է. «Խնածախի մելիքական ապարանքը 16-րդ դարից մեզ հասած պալատական ճարտարապետության հազվագյուտ հուշարձան է` դարաշրջանին հատուկ հստակ հորինվածքով ու անպաճույճ նկարագրով…» [13]:

Մելիք-Հայկազ  Բ-ն ձեռնարկում  և 1615 թ. ավարտում է Հոչանց գյուղի եկեղեցու և անապատի կառուցումը, ապահովում դրանց գործունեությունը: Հոչանցը /Հոչազ, Ղոչազ/, անշուշտ, մտնում էր Քաշաթաղի մելիքության մեջ: Գյուղը Օրբելյանի հարկացուցակում նշված է  Աղահեճք գավառում` Հունչաք անունով, և որը 12 միավոր հարկ էր վճարում Տաթևի վանքին[14]: Նշանավոր մելիքի հորդորով է, որ Հալիձորի Հարանց Մեծ անապատից այստեղ են տեղափոխվում անապատական շարժման երկու երևելի գործիչներ` Կիրակոս Տրապիզոնցին ու Թոմաս ¥Թումա¤ Տաթեվացին: Կիրակոս Տրապիզոնցին մահացել ու թաղվել է Հոչանցի անապատում. այդ մասին Առ. Դավրիժեցին գրում է. «Իսկ տեր Կիրակոսը, որ գնաց Հոչանց, այնտեղ մնաց կրոնական ժուժկալությամբ, նույն տեղում, Հոչանց գյուղի մոտ, իր անապատում վախճանվեց մեր թվարկության 1070 /1621/ տարում..»[15]: Իսկ Թումա եպիսկոպոսը հետագայում վարել է եկեղեցական բարձր պաշտոն, եղել է հայոց եկեղեցու Շամախու թեմի առաջնորդը /1660-1664/: Մելիք-Հայկազ Բ-ի հովանավորությամբ կառուցված Ս. Մինաս միանավ եկեղեցին կանգուն է [16]:  Իսկ անապա՞տը: Հնավայրն ուսումնասիրած Ա. Ղուլյանը նշում է, որ Դավրիժեցու հիշատակած անապատի հետքերը չեն մնում և գրում է. «Մնում է ենթադրել, որ այդ անապատի կառույցը հիմնովին ավերվել է և մեզ չի հասել»[17]: Բայց ահա ազատագրված տարածքների հայկական հուշարձաններն ուսումնասիրող ու հաշվառող հատուկ արշավախումբը Հոչանց գյուղից մեկ կիլոմետր հյուսիս գրանցել է 17-րդ դարի կիսավեր ժայռափոր վանք[18]: Կարծում ենք`  հենց այս ժայռափոր վանքն է /որպիսին կա և Խանածախում/ եղել պատմիչի նշած «Հոչանց գյուղի մոտի» անապատը: Անապատի նավակատիքը տեղի է ունեցել 1615թ.: Այդ իրադարձության առթիվ Ն. Ակինյանը գրում է. «Անապատին նաւակատիքը խմբուեցաւ 1615ին, ի ներկայութեան բազմաթիւ եկեղեցականներու. Մովսես վարդապետը կը յիշե զայն իւր առ Գրիգոր Կեսարացի թղթին մէջ այսպէս. «Սուրբ Խաչին տօնին նաւակատիս եղեւ նորակերտ եկեղեցւոյ, զոր շինեալ է բարեպաշտ աստուածասէր իշխանն Հայկազ ի իւր սեփական գիւղն». թեպէտ գիւղը յանուանէ չի յիշատակուիր, բայց-ինչպէս ինձ կը թուի-պէտք է նոյնացնել Հօչանց գիւղին հետ»[19]:  1960թ. Հոչանցի հնություններն ուսումնասիրելիս Ս. Բարխուդարյանը գյուղի եկեղեցու արևմտյան պատի սալ քարի վրա տեսել ու գրառել է 8 տողանոց  մի արձանագրություն, որի վերջին երկու տողը եղել է եղծված. «ՅԱՆՈՒՆ ԱՅ. ԵՍ ՀԷԿԱԶ | ՍՐԱՆՈՑԻՆ ՀԱՅՐԷՆ | ԻքՆ : Դ : ԲԱԺԻՆ | : Ա: ԻՄ ԷՐ. ԵՏ | ՎԻ  ՎԱԽՄ ԸՍՏ | ԵՓԱՆՈՍ…|…| »[20]: Սակայն դժվար թե արձանագրության մեջ հիշատակված  «ՀԷԿԱԶ»-ը նշանավոր մելիքի անունը լինի:

Մելիք-Հայկազ Բ-ի կյանքի ամենակարևոր ու մեծագույն գնահատանքի գործը անտարակույս եղել է Հալիձորի Հարանց Մեծ անապատի հիմնարկումին սատար կանգնելը: Իսկ 17-րդ դարում Հայաստանի հոգևոր-մշակութային կյանքում Հարանց Մեծ անապատի նշանակալից ու գլխավոր դերակատարությունը մատնանշել են հայ մեծերը: Լսենք նրանցից մի քանիսին: Մ. Աբեղյանը համարում է , որ «հնի մեռելության մեջ վերածնությունը առաջ են բերում ոչ թե Մխիթար Աբբան և Մխիթարյանները, այլ ամբերդցի Սարգիս եպիսկոպոսը և տրապիզոնցի Տեր Կիրակոսը, որոնք բուն երկրում հիմնում են Սյունյաց անապատը Տաթևի մոտ»[21]: Իսկ խորագիտակ Լեոն իր գնահատականն արտահայտել է այսպես. «Տաթևի ձորի Մեծ անապատը այսպիսով հանդիսանում էր երկրորդը /Սյունյաց հին դպրոցից հետո -Ս. Հ./ հայոց պատմության մեջ և նա առաջինից թեև ավելի սակավակյաց էր, բայց նույնպես խոշոր դեր է կատարել, իբրև կազմակերպիչ ազգային դաստիարակության»[22]: Կարդանք նաև Ն. Ակինյանի գնահատականը. «Մեծ անապատի հիմնարկութիւնը անապատական կեանքի   խիստ  կարգով եւ օրէնքներով վերածնութեան արշալոյսի առաջին ճառագայթն էր, որ կը ծագէր Սիւնեաց բարձունքեն… »[23]:

Հալիձորի Հարանց Մեծ անապատը կառուցվել է 1608-10թթ` հին Հալիձոր գյուղի դիմաց` Որոտան գետի աջ ափի լեռնաոտի հարթության վրա, կուսական անտառի մեջ` կարկաչուն առվակի հարևանությամբ: Մնում են անապատական համալիրի շինությունները` եկեղեցին, պարիսպը, օժանդակ շինությունները` թեպետ 1658թ. ավերիչ երկրաշարժը ստիպել է անապատկաններին տեղափոխվել նոր վայր[24]: Մելիք-Հայկազ Բ-ն ոչ միայն հովանավորել է համալիրի շինարարությունը, այլև մշտապես հոգացել է անապատականների կարիքները, սերտ կապերի մեջ է եղել անապատի առաջնորդների, մասնավորապես  կիսել Մովսես Խոտանանցու /ապագա կաթողիկոսի/ գաղափարները, աջակից եղել բոլոր ձեռնարկներին: Նշանավոր մելիքի անապատի կայացման գործում խաղացած դրական դերը շեշտել են ինչպես ժամանակակիցները, այնպես էլ հետազոտողները: Ահա թե ինչ կարծիք է հայտնում Ակինյանը. «Մելիք Հայկազն իւր հովանաւորութեան տակ առած ըլլալով Մեծ Անապատն եւ անոր միաբանները, պաշտպանեց զանոնք կաթողիկոսներու եւ անոնց համախոհներու ոտնձգութիւններու առաջ: Առանց այդպիսի պաշտպանութեան կարելի չէր յուսալ, որ Անապատն ծաղկէր եւ բարգաւաճէր այն բազմաշփոթ դարուն»[25]:Հայրենասեր իշխանի գործունեությանը սիրով ու երկյուղածությամբ է անդրադարձել նրա ժամանակակից, 17-րդ դարի նշանավոր հայ հոգևոր, գիտամշակութային գործիչ, բանաստեղծ Ներսես Մոկացին /Բեղլու`բեխավոր մականունով/: Նա Հալիձորի Հարանց Մեծ անապատի ամենաերևելի անապատականներից է, ծնունդով Մոկք գավառի Ասկնջավս գյուղից: Նա 1617-21թթ. անապատում դասավանդել է փիլիսոփայություն, ապա իր հետևորդ ու աշակերտ Մելիքսեթի  հետ հեռացել Վանա լճի Լիմ կղզի, հիմնել անապատ  և վեց տարի այն ղեկավարելուց հետո` մահացել:

Կասկածից վեր է, որ Ներսես Մոկացին անձնապես ծանոթ է եղել իշխանին, առնչվել նրա հետ, զրուցել ու մտքեր կիսել: Նա ոգևորված էր հայրենասեր իշխանի կերպարով: Մոկացու գրական ժառանգության մեջ կենտրոնական տեղ է գրավում Հալիձորի Հարանց Մեծ անապատի չորս հիմնադիրներին նվիրված  երկարաշունչ, բայց ոչ ձանձրալի բանաստեղծական ներբողը, ուր առանձնակի գովեստով, կենդանի շնչով է ներկայացված Հայկազ իշխանը` որպես «Անապատի սիւն»: Ներբողի բանաստեղծական արժեքի, նրանում արծածված հայրենասիրական գաղափարների մասին դրվատանքի խոսքեր են ասել Լեոն, Ալիշանը, Ն.  Ակինյանը, Հր. Աճառյանը և ուրիշներ[26]: Ներբողում ներկայացված պանծալի անուններից առաջինը Մելիք-Հայկազ Բ-ն է` Շահ Աբասի սիրելի ու քաջարի զորականներից մեկը: Քաշաթաղում Շահ Աբասի կողմից տրված իր անսահմանափակ իշխանությունն մելիքն օգտագործել է անապատի հիմնադիրներին անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար և այդ պատճառով նա համարվում է անապատի սյուն.

«Անապատի սիւն լինէր

Եւ գրգեր գթով հայրական

Մինչ յիշխանութեան միջին

Ջանք  դնէր անապատական…»

Ներբողում հայրենասիրությունն արտահայտված է հատկապես Մելիք — Հայկազ Բ-ի կերպարի միջոցով: Եվ ինչպես նկատել է բանաստեղծությունը վերլուծող բանասեր, բանասիրական գիտությունների դոկտ./պրոֆ. Աելիտա Դոլուխանյանը. «Մելիք-Հայկազնի կերպարը ժողովրդի ազատագրման համար պայքարի  ելած   մարդու  կերպար   է `  նման   մեր   միջնադարյան գրականության  մեջ կերտված հայրենասեր իրական — պատմական հերոսների կերպարներին»[27]:

Գորիսի ենթամարզի մեջ մտնող Խանածախը Հալիձոր գյուղին կապող ավտոճանապարհը, որն անցնում է Գորիս քաղաքի միջով, մոտ 60 կմ է` չհաշված, որ անապատ հասնելու համար պետք է հին Հալիձորի միջով իջնել Որոտանի գետափ, անցնել գետը ու էլի որոշակի տարածք կտրել` մինչև անտառի մեջ գտնվող Հարանցը: Այդ ճանապարհը ձիով անցնողի համար երկար, հոգնեցուցիչ ուղի է, թերևս մի ամբողջ օր-ցերեկ կպահանջվի այն կտրելու համար: Իսկ անապատի սյուն հռչակվելու համար Մելիք-Հայկազ Բ-ն հաճախակի, կամ գոնե տարվա մեջ որոշակի օրերի անապատականների հետ պետք է լիներ: ՈՒթսունն անց  ծերունու համար  հեշտ ու հաճելի չէր այդ «ճամփորդությունը», սակայն, գաղափարի նվիրյալ անձ լինելով` դժվարությունները արգելք չէին կարող լինել նրա նպատակի կենսագործման ճանապարհին:

Հետաքրքիր  է,  որ Հալիձորը   չէր  մտնում  Քաշաթաղի մելիքության մեջ: Անկասկած այն պատկանում էր Տաթևի մելիքությանը , ուր իշխում էին Օրբելյանները:

Անշուշտ, որոշակի քաղաքական համաձայնություն է եղել երկու հայկական մելիքությունների միջև, և Մելիք-Հայկազը Տաթևի մելիքության սահմաններում ազատ գործելու հնարավորություն է ունեցել: Գերադասվել է համազգային շահը:

Ն. Մոկացին ներբողի մեջ մեծ վշտով, բայց և հուսադրումով է նկարագրել ժողովրդի սիրելի հերոս իշխանի մահը.

«Ահա ձեզ ձայն աւետեաց,

Սփոփանաց  և յուսադրական,

Թէպէտ սերմանողքն անկան,

Սերմանեալքն  յոյժ արդիւնացան…»

Այո՛, անապատի սերմացանները մահանում են, բայց նրանց ցանած կենսունակ սերմերը խիստ արդյունավետ եղան, արգասավոր պտուղներ տվեցին: «Սյունյաց Մեծ անապատի հիմնադիրներին նվիրված Ներսես Մոկացու ներբողը 17-րդ դարի կրթական կյանքի վերանորոգման առաջին արտահայտություներից է, իսկ նրա հեղինակը`   այդ     վերանորոգման առաջին  նշանավոր  ներկայացուցիչներից մեկը».- գրում է Ա. Դոլուխանյանը[28]:

Տգիտության  ու  խավարի  մոռացության    մեջ  խարխափող մարդկանց համար փրկության շող էր ոգու վերակենդանացման համար վառած այն խարույկը, որը բոցկլտաց  Հարանց Մեծ անապատում: Այստեղ ճգնած և դաստիարակություն ստացած կրոնավորներն էին, որ անապատներ հիմնեցին Վանա լճի Լիմ և Կտուց կղզիներում, Շամքորի Չարեքագետում, Սևանա կղզում, Բարկուշատի Տանձափարախում, Քաշաթաղի Հոչանցում: «…Այս անապատը /Հարանց Մեծ անապատն — Ս. Հ./ եղավ բոլոր անապատների մայր և ծնող և հայ ազգիս լուսավորության առիթ»,- հավաստում է պատմիչը[29]: Մելիք-Հայկազն ինքը գրի պաշտամունք ուներ և ինչպես արդեն  նշել ենք, մեզ է հասել անձամբ մելիքին պատկանող /հետին ստացող/ 1495 թ. գրված մի «Ավետարան»:

Հարանց   Մեծ   անապատում   ձևավորվեց   նաև մանրանկարչական լիարժեք դպրոց[30]:

Մ. Հասրաթյանի հաշվարկներով Մելիք-Հայկազ Բ-ն ապրել է շուրջ   90  տարի  և  մահացել` 1623թ.: Մ. Օրմանյանը գտնում է, որ հայտնի իշխանը մահացել է ավելի վաղ` 1621թ. [31]:

Նշանավոր   մելիքի տապանաքարը եղել է համեստ` առանց գրի ըւ   թվականի: Տապանաքարի  երեսին պատկերված են  եղել իրար դեմ ծառացած երկու օձեր: Տապանաքարը ներկայումս չկա:

Մելիք  — Հայկազ  Բ-ի   մահից  հետո  Քաշաթաղի  մելիքությունը թուլանում  ու   անկում   է  ապրում:  Պատճառը,  անշուշտ, նրա զավակների անմիաբանությունն էր:

Քաշաթաղի մելիքության հանդեպ ոտնձգություններ էին դրսևորում ոչ միայն մահմեդականները: Շահ Աբասի հաջորդ Շահ Սեֆիի օրոք /1628-1642/ Գանձասարի կաթողիկոսը փորձում է իրեն հարկատու դարձնել Քաշաթաղի քրիստոնյաներին և միայն Շահ Սեֆիի 1634թ. հրովարտակի միջամտությամբ ստիպված է լինում Քուշթասիֆի /Քաշաթաղի/ քրիստոնյաներից բռնի «թալիբանե» չպահանջել, քանի որ նրանք առաջվա պես պետք է շարունակեն ենթարկվել Էջմիածնին[32]: Տվյալ հարցում, անտարակույս, որոշակի դերակատարություն է ունեցել այդ ժամանակվա  Էջմիածնի ամենայն հայոց կաթիղիկոսը` Հալիձորի Հարանց Մեծ անապատի սան Փիլիպոս Ա Աղբակեցին /1632-1655/:

Նշանավոր մելիքը երկու անգամ է ամուսնացել: Առաջին կնոջից, որի անունը հայտնի չէ, ունեցել է Աղան կամ Աղաջան անունով արու զավակ: Խանածախ գյուղի արևելյան ծայրամասում` ցածրիկ բլրի վրա, կանգնեցված է 1,45 մ x 0,75 մ x  0,20 մ  չափերով խաչքար, որն իր վրա կրում է երկլեզվյան` հայերեն ու պարսկերեն արձանագրություններ: Հայերեն արձանագրության մեջ կարդում ենք. «Ի թագաւորութեան  Շահ Աբասին ես Աղան որդի Պարոն Հայկազին կանկնեցի խաչս անուանըն Պողոս վարդապէտին բարէխօս Այ. Քրիստոնէից ի թվկս հաոց: ՌԿԹ: /1620/ երկրին մուլքն պար-ն Հայկազին է»[33]: Մելիք-Հայկազ Բ-ի երկրորդ կնոջ անունն էր Գուլաբ, որից ունեցել է երեք արու զավակներ` Գասպարը, Շահնազարը և Բեկնազարը: Այդ մասին տեղեկանում ենք մելիքի երկրորդ կնոջ` Գուլաբ խանումի տապանաքարի արձանագրությունից,որը ժամանակին գրառել է Մ. Հասրաթյանը:

1651թ. Մելիք-Հայկազ Բ-ի որդիները թաղել են իրենց մորը և տապանաքարի արևելյան ճակատին թողել արձանագրություն. «Մեք որդիք Պարոն Հայկազին, Գսբրս, Շնզրս, Բեկնազարս, կնկէ ցուցաք սբ. խաչս փըրկութիւն հոգյ մաւրն մեյր… լաբի խնին, որ բզմ երախտիս» [34] :

Մելիք Հայկազ Բ-ի մահից հետո մելիքությունն անկում է ապրում:

Ռուսական բանակի հայազգի նշանավոր գեներալ-ադյուդանտ Իվան /Հովհաննես/ Դավիթի Լազարևը (1820-1879) սերում է Քաշաթաղի մելիքական տոհմից[35]:

19-րդ դարի առաջին կեսին Մելիք-Հայկազյան  տոհմի շառավիղների հետքերը երևում են Անդրկովկասի տարբեր վայրերում[36]:

Արմատներով   Գորիսի    Խանածախ   գյուղից  է    ԼՂՀ  բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ  Սեյրան  Օհանյանը:

Գորիսի Խանածախ գյուղից սերվող ազնվական ծագում ունեցող անձիք ապրում էին ընդհուպ մինչև 20-րդ դարի 20-30-ական թվականները: Այդ ժամանակ խորհրդային իշխանության կողմից Գորիս քաղաքում հաշվառված շուրջ մեկուկես տասնյակ բեկերի թվում հիշատակվում է և խանածախցի Հայրապետ-բեկը: Նա պետական ծառայող էր:

Արքայական հրաման եղավ հետևյալի մասին.

Լավագույն քրիստոնյա Քուշթասիֆի Մելիք Հայկազը նորին սրբությանը զեկուցեց, որ նախքան Գանջայի վիլայեթի` հաղթական պետության տիրապետության տակ անցնելը, մի խումբ հակառակորդի կողմն  անցած մարդկանց և օսմանցիների, որոնք անցնում  էին օսմանցիների երկիրը, ինքը բռնել և ուղարկել է բարձրագույն դուռը: Այժմ  որոշ մարդիկ ցանկանալով վրեժխնդիր լինել այն գործերի համար, որոնք տեղի են ունեցել նախքան այս վիլայեթի` հաղթական պետության տիրապետության տակ անցնելը, հիշյալ մելիքին հետապնդում և անհանգստություն են պատճառում: Ուստի, որոշեցինք, որ ոչ մի արարած չհամարձակվի օսմանցիների չարաբաստիկ ժամանակներում  կատարած գործերի պատճառով հիշյալ մելիքին նեղություն տալ և անհանգստություն պատճառել, և թող զգուշանան անհնա-զանդությունից. այդպիսիք  ենթակա են պատժի:

Ամեն դեպքում այս թող ընդունեն որպես խիստ կարգադրություն և իրենց պարտականությունը համարեն:

Գրվեց 1017 թվականի զիկաադա ամսին (1609թ. փետրվար 6 – մարտ 7):


[1] Տե՛ս Գարեգին կաթողիկոս Յովսէփան, Խաղբակեանք կամ Պռոշեանք Հայոց պատմութեան մէջ, Բ հրատարակութիւն, Անթիլիաս- Լիբանան, 1969, էջ 126-127, 353, 360: Տե΄ս նաև Կարապետ Եպիսկոպոս, Նիւթեր հայ մելիքութեան մասին, Բ պրակ (Դօփեանք և Շահնազարեանք), Ս. Էջմիածին, 1914, էջ 94-95: Խաչենցի Վասակ Խաղբակյանը 13-րդ դարասկզբին  Զաքարյաններից որպես կալվածք է ստանում Վայոց Ձորի մի մասը և, Օրբելյանների պես, հիմնում ժառանգական իշխանություն: Պռոշ Մեծը (1223-1284) Վասակի որդին էր: Ի դեպ, Ջում անունը Խանածախում հարատևել է, գյուղում հայտնի է Ջումունց մեծ տոհմը:

[2] Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ Ա, Երևան, 1974, էջ 206-207:

[3] Տե՛ս Դավրիժեցի Առ., Պատմություն, թարգմ., առաջ. և ծանոթագր. Վարագ Առաքելյանի, Երևան, 1988, էջ 25:

[4] Տե΄ս  Րա‎ֆֆի, երկեր հ 10, Երևան, 1964, էջ 371:

[5] Տե՛ս Դավրիժեցի Առ., նշվ. աշխ., էջ 176:

[6] Մատենադարանի պարսկերեն հրովարտակները, պրակ երկրորդ (1601-1650), կազմեց` Հ. Փափազյանը, Երևան, 1959, էջ 89-90:

[7] Հ. Ներսէս վ. Ակինեան, Մովսէս Գ. Տաթևացի, Վիեննա, 1936, էջ 184:

[8]Պապուխյան  Ն., Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը,Երևան, 1972, էջ 16:

[9]Բալախանա պարսկերեն բառ է, թարգմանվում է վերնատուն: Բալախանան հարստություն խորհրդանիշ էր: Խանածախում առ այսօր գործածական է բալախանի կարաս-անհատնում կարաս արտահայտությունը: Շենքը խորհրդային իշխանության տարիներին ծառայել է հանրային կարիքների համար, այնտեղ գործել է ռադիոհանգույց:

[10]Ղուլյան Ա.,Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, Երևան, 2001,  էջ 23:

[11] Հասրաթյան Մ., Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1985, էջ 158:

[12] Տե՛ս Ղուլյան Ա., նշվ. աշխ., էջ 22:

[13] Ղուլյան Ա., նշվ. աշխ., էջ 25:

[14] Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Երևան, 1985, էջ 399:

[15]Դավրիժեցի Առ., նշվ. աշխ., էջ 207:

[16] Ժամանակին այնտեղ եղել է պահեստ, հացի փուռ:

[17] Ղուլյան Ա., նշվ. աշխ., էջ 164:

[18] Հայաստանի ազատագրված տարածքները և Արցախի հիմնախնդիրները, Երևան, 2006,  Ցուցակ  ազատագրված տարածքում  հաշվառված  հայկա-կան հուշարձանների ընտրանու, էջ 307:

[19]Հ. Ներսէս  վ. Ակինեան, նշվ. աշխ., էջ 184:

[20] Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ 5-րդ, Երևան, 1982, էջ 194:

[21] Աբեղյան Մ., Երկեր, հ. Դ, Երևան, 1970, էջ 274:

[22] Լեո, Հայոց պատմություն, հ. Գ, 1946, էջ 274:

[23] Հ.Ներսէս վ. Ակինեան, նշվ. աշխ., էջ 187:

[24] Նոր անապատը կառուցվեց մի քանի կմ հեռու` Տաթև գետակի և Որոտան գետի միախառնման վայրից ոչ հեռու:

[25] Նշվ. աշխ., էջ 187:

[26] Ներբողն առաջին անգամ հրատարակել է Ղ. Ալիշանը: Այն ընդօրինակված է շուրջ տասը ձեռագրերում և գրվել է Հալիձորի անապատի սան, ապագա կաթողիկոս Փիլիպոս Աղբակեցու պատվերով: Ներբողն հայտնի է երկու վերնագրերով. «Ներբողեան գովեստից չորեցունց արանցն» և «Օրհնեալ Տեր Յիսուս փրկիչ» և գրվել է 1621թ.` հենց Սյունյաց կամ Հալիձորի Մեծ անապատում:

[27] Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ, աշխատասիրությամբ` Ա. Դոլուխանյանի, Երևան, 1975,էջ 14:

[28] Ներսես Մոկացի,նշվ. աշխ., էջ 14:

[29]Դավրիժեցի Առ., նշվ. աշխ., էջ 201:

[30] Տե΄ս Գևորգյան Ա., Վայոց Ձորի և Որոտանի մանրանկարչությունը 13-17-րդ դարերում, Երևան, 2003, էջ 147-168:

[31] Տե՛ս Օրմանյան Մ., Ազգապատում, հ Բ, Ս. Էջմիածին, 2001, էջ 2735-2736:

[32] Մատենադարանի պարսկերեն հրովարտակները, պրակ երկրորդ (1601-1650), կազմեց` Հ. Փափազյանը, Երևան, 1959, էջ 109:

[33] Խաչքարը մասնակի վնասված է, որոշ տառեր գնդակոծությունից դարձել են անընթեռնելի: Արցախյան կռիվների ժամանակ խաչքարի առջևով է անցել գյուղի պաշտպանական դիրքը: Խաչքարն իր վրա կրում է տասից ավելի կրակոցների հետքեր: Պարսկերեն արձանագրությունը գտնվում է քարի ներքևի հատվածում: Այն վնասված է, քանի որ խաչքարի ձախակողմյան անկյունում քարը կոտրված է:

[34]Հասրաթյան Մ., նշվ. աշխ., էջ 16: Այս տապանաքարը ևս չկա:

[35] Բանբեր Հայաստանի արխիվների, 1991, թիվ 3, էջ 218:

[36] Տե՛ս Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանի բռնակցված շրջաններում, գիրք 3, Երևան, 1999, էջ 126:

More From Author

1 comment

Comments are closed.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի