Ուր էլ լինես, ինչ էլ լինես, թե ճանաչես ապուպապիդ, դու կորած չես…
Ազգակցություն նշող տերմինները միշտ էլ եղել են լեզվաբանների ուշադրության կենտրոնում: Բառերի իմաստաբանական այս ասպարեզի կարևորությունը իրապես պայմանավորված է որոշ հանգամանքներով: Նախ՝ ազգակցություն նշող տերմինները կազմում են ներքնապես համակարգված և արտաքնապես սահմանազատված իմաստային դաշտ: Այս առումով Գ. Ջահուկյանը առաջարկում է իմաստային վերլուծության լեզվաբանական զանազան մեթոդներ:[1] Ապա՝ ազգակցություն նշող տերմինները որոշակիորեն կայունացած են տաբեր լեզուներում: Այս հանգամանքն էլ առաջադրում է տերմինների պատմահամեմատական մեթոդի ուսումնասիրություն, որ կարևոր է լեզվի պատմական զարգացման համար: Հետո՝ ազգակցություն նշող տերմինները, դրանց իմաստային ձևերն ու յուրահատկությունները ներկայացնում են լեզուն կրող ժոովրդների լեզվամտածողությունը, ապրելակերպը, ազգային առանձնահատկությունները: Եվ վերջապես՝ «Ազգակցության տերմինները վճռական դեր ունեն ընտանիքի և հասարակության կազմակերպման պատմության ուսումնասիրման հարցում»:[2]
Ազգակցական կապ նշող հասկացությունների ուսումնասիրմամբ զբաղվել են շատ լեզվաբան-հեղինակներ, որվքեր առնչություն են ունեցել բառերի իմաստաբանական հարցերի հետ: Այս խմբի բառերին վերաբերող ստուգաբանությունները նույնպես քիչ չեն: Ընտանիք, ազգակցական կապ նշող որոշ բառեր հնդեվրոպաբանական ստուգաբանության շրջանակներում կարելի է համարել ավարտված: Այսպես՝ հայր, մայր, եղբայր, քույր բառերի առումով ուսումնասիրությունները բազմաթիվ են և նույնիսկ վերականգնված են սրանց հ.-ե. ձևերը, հայերենի նախաձևերը:
Պետք է նշել, որ «ցեղակցական տերմինաբանության վերլուծությունը և պատմական ազգագրական տվյալների հետ նրա զուգահեռությունը հնարավորություն են տալիս ոչ միայն բացահայտելու միասնության շրջանի հնդեվրոպական ընտանիքի ու ազգակցական հարաբերությունների պատկերը, այլև գաղափար կազմելու որոշ ավելի վաղ առանձնահատկությունների և հետագա տեղաշարժերի մասին»:[3]
Հնդեվրոպաբանության մեջ բառիմաստային ձևերի քննությամբ որոշակի կարծիք-տեսակետներ են առաջացել այն մասին, թե ինչ կարգ ու կառուցվածք են ունեցել հնդեվրոպական ընտանիքը, ընտանեկան, ազգակցական հարաբերությունները: Գ. Ջահուկյանը նշում է, որ հնդեվրոպական ընտանիքը բնութագրվում է նրանով, որ ամուսնացած զույգը դեռևս ինքնուրույնություն չունի, և չի կարելի խոսել իսկական իմաստով ամուսնության, բուն իմաստով այր ու կնոջ սերտ հարաբերության մասին: Ավելի ամուր են համայնքային կապերը, քան ամուսնական: Այս երևույթը փաստում է կին-ամուսին նշանակող բառերի բացակայությունը կամ սակավ լինելը: Ընտանիքը տարամուսնական է՝ էկզոգամ, այսինքն՝ կինը բերվում էր դրսից, այդ պատճառով շատ են ամուսնու՝ այր-ամուսնու ազգականները նշող բառերը՝ /*suek´ru «սկեսուր», *g´/ւ/lou «տալ», daiuer «տեգր», *ineter «տեգրակին, ներ»/ և այլն: Կնոջը դրսից բերելու փաստի վկայություններն են որոշ բառեր, որ մատնանշում են բերելը կամ ամուսնացնելը, ինչպես՝ *uedh «բերել. կին բերել, ամուսնանալ», *do «տալ, կնության տալ»: Բուն ներամուսնությունը, հավանաբար, զարգացել է սկզբնական տարամուսնական տոհմային համայնքում գործող զուգամուսնությունից, քանի որ, ամենայն հավանականությամբ, տարամուսնությանը զուգահեռ գործել է նաև զուգամուսնությունը, այսինքն՝ ամուսնություն համայնքի ներսում: Այս իրողությունն են փաստում ընտանիք-ազգակցականություն նշող որոշ բառերի նրբիմաստները, կամ իմաստային ձևերը, որ հնարավոր է նաև դրան նախնական լինելը, ինչպես՝ *bhrater «եղբայր» նախապես նշանակել է նաև տոհմի անդամ, *suesor «քույր» բառը ունեցել է *sue «իր, սեփական՝ պատկանող», իսկ հայր և մայր բառերը նշանակել են նաև ավագ սերնդի արական և իգական ներկայացուցիչներ /հայերենում պահպանվել են սրանց վերաիմաստավորումները՝ հայրենիք և այլն/: Հայր և մայր բառերին հակադրվել են *atta «արյունակից հայր, դաստիարակ», *anna «սնող մայր» բառերը: Ազգակցականություն նշող շատ բառերի մթագնումը կամ չստուգաբանելը խոսում է պահպանված բառերի իմաստային տեղաշարժի մասին, որ կախված է հասարակական հարաբերություններից:[4]
Բայց կան բառեր, որոնք մինչև օրս էլ ուշադրություն են գրավում, տակավին ավարտված չեն դրանց ուսումնասիրությունը, ձևեր, նախաձևեր վերջնականապես վերականգնված չեն իմաստաբանական, բառակազմական և ընդհանրապես ստուգաբանական տեսանկյուններից:
Նախ պետք է նշել, որ բառապաշարի ընդհանրական շերտ կազմող ազգակցություն նշող այդ բառերի ստուգաբանական բոլոր տեսություններն էլ ունեն խոցելի կողմեր: Կարծում ենք՝ որոշ բառերի առումով՝ ծին-ծնող, որդի, զավակ, թոռ, ծոռ, ծռլյանգ և այլն, եղած ստուգաբանությունները, այնուամենայնիվ, ավարտված չեն, կրում են հարցադրումներ, ունեն անճտություններ:
Թե ինչու են այդ հաճախականություն ունեցող բառերը դժվար ստուգաբանվում, կարելի է բացատրել մի շարք տեսանկյուններից: Օրինակ Մեյեն «զավակ»[5] անվան ստուգաբանության մեջ նշում է, որ «որդի» և հաճախ «աղջիկ» անունից խուսափել են ժառանգ ունենալուն վերագրված կարևորության իսկ պատճառով. և դրանով է բացատրվում, անշուշտ, այն, որ «որդի» անունը ավելի հաճախ է փոխարինված, քան «աղջիկը», որովհետև հնդեվրոպական նահապետական իրավակարգում ամենից առաջ «որդի»-ն էր ցանկալի:
Սակայն այս առումով էլ հայ լեզվաբանությունը որոշակի հաջողություններ ունեցավ:
Հ. Աճառյանը իր վերջին ուսումնասիրություններում միայն գտել է որդի արմատը: Ուրջու «խորթ որդի» հայերենի չստուգաբանված բառերից է: Հեղինակը բառը զուգահեռել է հօրու, մօրու «խորթ հայր», «խորթ մայր» բառերին ու գտել ու մասնիկի նույնականությունը ուրջու-ի ու-ի հետ: Այսինքն՝ ուրջու-ի ու-ն մասնիկ է, իսկ ջ-ն՝ սեռականի վերջավորություն՝ գեղջ, կնոջ և այլն: Ուրեմն՝ ուրջու-ի արմատը ուր-ն է, որ նշանակում է «որդի»: «Այսպես գտնում ենք մի նոր կորած բառ կամ արմատ հայերենում: Այդ բառն էլ մեկնվում է ճիշտ հնխ. Putro»-«որդի» բառով, որի մեջ նախաձայն p-ն կորել է /հմմտ. polo ուլ/, և t-ն դարձել է r-ից առաջ ւ /հմմտ. mutro մուր, aratrom> արաւր, patros > հաւր/»:[6]
Ինչպես նկատելի է, ազգակցականություն նշող նման բառեր իսկապես դժվար են ստուգաբանվում:
Անկասկած, պատահական չէ, որ չկա «երեխա» նշանակող հնդեվրոպական մի բառ: Այս դեպքում ամեն մի լեզու ունի արտահայտման իր միջոցները, որոնք նրան են հատուկ և գրեթե բոլորն էլ երկրորդական են:[7]
Հենց այս առումով դժվարություններ ունեն նաև սերունդ նշող բառերի ստուգաբանությունը:
Մենք կփորձենք ստուգաբանել թոռ բառը, որից հնարավոր ենք համարում ազգակցականություն նշող այլ բառերի ծագումը:
Հ. Աճառյանը թոռ բառահոդվածի տակ նշում է գրաբարում հանդիպած բաղադրությունները, ապա հավաստում բառի բնիկ լինելը՝ հնխ. *tor-արմատից, որ *ter- արմատի միջին ձայնադարձն է:
Հայերենի բարբառներում այն գրեթե նույնական արտասանություն ունի՝ գրբ. թոռն, «Հայոց լեզվի բարբառային բառարանում», զարմանալիորեն, նշված չէ բառը: Բայց նրան համանուն գտնում ենք բավականին բառեր, այսպես՝ թոռ «ուռկան», թոռ /թուռ/ «անձրև», թոռ /Ղրբ./ «հացի ծաղիկ, փուչ», թոռ «ականջի բլթակ», թոռ /Հճն./ «թանձր», թոռ /Հճն./ «հավի թառ», թոռ /Վն./ «ասեղնագործություն»: Սրան զուգահեռ «ն» վերջնահանգով բառեր նույնպես կան՝ թոռնը=թորը «կողմ» և այլն: Թոռ արմատով բաղադրություններ, գուցե և պարզ ձևեր /սա առայժ մեր քննության նյութի մեջ չի մտնում/ նույնպես կան, ինչպես՝ թուռուն /Ուրմ., Վն. և այլն/«կտրիճ», «ազնվազարմ», թոռնորդել «շատ թոռներ ունենալ»[8] և այլն:
Մեր կարծիքով՝ հենց թոռ բառի արմատը պետք է նույնացնել ծոռն և կոռն+հոռն «թոռի թոռան որդի», «ծոռան թոռը» արմատներին: Ի դեպ՝ կոռն արմատը ՀԼԲԲ նշում է միայն ՂՐԲ. Բարբառում: Մլխ. Բարբառն ունի կոռնակ «շան լակոտ» բառը: Գոր., Ղրբ., Մղր, Թբ., ունի նաև կոռնը=կուռ «թև» բառը:[9]
Որպեսզի ապացուցված համարենք թոռ և ծոռ բառերի նույնական ծագումը, սկսենք բառի արտաքին հնչյունական ձևերի բաղդատումից: Հ.-ե. *t— հայերենում հայերենում տալիս է թ. այն որոշակի տեղաշարժերի է ենթարկվել՝ վերածվելով ծ-ի, հմմտ.՝ թորել-ծորել և այլն: Հայերենի բարբառներում թ-ն, լինելով բաղադրյալ հնչյուն, ստանում է ոչ միայն ծ, այլև ս, տ, իբրև տ-ս հնչյունակապակցական ձևի պարզեցում: Այժմ մեզ մնում է ապացուցել թոռ և ծոռ-կոռ բառերի ընդհանրությունը ծոռ բառի իմաստային և հնչյունական ամբողջության մեջ: Հ-ե. *g´-ն հայերենում, ինչպես ընդունված է, տալիս է ծ, ինչպես՝*g´ar- ծիծառ, *g´en-ծնոտ, *g´rso-ծառ և այլն: Հ.-ե. հնչյունաբանությամբ զբաղվող հեղինակներից քչերն են նկատել հնչյունափոխության այն երևույթը, որ համընկնում է հայերենի՝ հ.-ե մայր լեզվի անջատվելու շրջանին: Սրան վերաբերող նկատառումներ են ունեցել Պոկոռնին, Ջահուկյանը, բայց նույն զուգահեռված բառերը համարել են չստուգաբանված: Խոսքը վերաբերում է հնդևրոպական ծ>կ /*g´>*k/անցմանը:
Հնչյունական այս անցման հնարավոր լինելը ապացուցվում է նաև ազգակցականություն ցույց տվող ծոռն-կոռն բառերի նույնացմամբ: Նախ նշենք, որ կոռնը բառը ստուգաբանված չէ: Մեկնության կարիք ունի ոչ միայն կոռն բառի թոռ կամ ազգակցականություն իմաստը, այլև, որ ավելի տարածված է՝ թև իմաստը: Մենք առայժմ զերծ ենք մնում կոռնը-թև-ի ստուգաբանությունից, չնայած մեր կողմից նկատած օրենքով՝ այս բառն էլ ունի իր զուգահեռը՝ կոռն-ծեռն-կըեռն:
Այսպիսով՝ հայերենի թոռ-ծոռ-կոռ ազգակցականություն նշող բառերը համարում ենք նույնական ծագմամբ: Մեր կարծիքով՝ նախապես եղել է թոռ, որ հայերենի ինքնուրույնության շրջանում տվել է ծոռ, բայց շարունակվել է նաև հ.-ե նախաձևի գործածությունը՝ կոռն, որ դուրս է մնացել հ.-ե զարմիկ լեզուներից, իսկ հայերենում պահպանվել է: Այս դեպքում էլ տրամաբանելի կամ գոնե ենթադրելի է, որ ազգապահպանման համար այս և նման բառեր կարևոր դեր են խաղացել. ճանաչելի է եղել արյունակցական շարունակությունը. այս երևույթը բնորոշ է ուծացումից փրկվող ազգերին, որ ենթագիտակցորեն ճանաչել են որդու կամ զավակի թոռին, թոռան թոռին, թոռան թոռի թոռին, թոռան թոռի թոռի թոռին: Այսպես էլ առաջացել է յոթ պորտ հասկացությունը, որ, մեր հաշվարկով, ամբողջանում է հայր, որդի, թոռ, ծոռ, կոռ բառերի շարքում:
[1] Տե´ս, Г. Б. Джаукян, Опыт анализа терминов родства с применением универсальной лингвистической модели (УЛМ) («Известия АН СССР», 1982, № 1, серия 4, «Литература и язык»):
[2] Լրաբեր հասրակական գիտությունների, Ազգակցության անունները V դարի հայերենում (ազգակցության գոյաբանական հարաբերությունների բառային արտահայտվածությունը), Գ. Հակոբյան, Երևան, 1985/7, էջ 72:
[3]Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն, Երևան, 1987թ., Էջ 83:
[4] Տե´ս Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն, Երևան, 1987թ., Էջ 83-84:
[5] Այսպես տակավին առկախ է զավակ բառի ստուգաբանությունը: Զավակի գոյականի իմաստային խմբերը զանազան են՝
1. Ծնունդ, որդի (տղա կամ աղջիկ), 2.Սերունդ, հետնորդներ: 3. (փոխաբերական) Մարդ, որպես որևէ վայրի բնակիչ՝ բնիկ կամ որպես որևէ ժողովրդի՝ ազգի հարազատ ներկայացուցիչ: Արևելքի զավակ, հայի զավակ, 4. Մարդ, որ հոգով ու մարմնով կապված՝ անձնուրացորեն նվիրված Է մի բանի, 5. Մարդ, որը կրում Է իր միջավայրի կամ ժամանակի բնորոշ գծերը: Դարի զավակ: 6. Որևէ վայրի ծնունդ: Անտառի՝ դաշտի՝ լեռների զավակ: 7. (փոխաբերական) Արդյունք, հետևանք, որևէ բանի առաջ բերած երևույթ: Կրքի զավակ: 8. Զավակս կամ (հնացած)՝ Զավա՛կդ իմ: Որդուն, ինչպես և երիտասարդի դիմելու փաղաքշական ձև:
[6] Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, Երևան, 2004թ., էջ 65:
[7] Ա. Մեյե, Հայագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1978թ., Էջ 186-187:
[8] Հայոց լեզվի բարբառային բառարան, Հ., Բ, Երևան, 2004թ., էջ 1128-129:
[9] Նույն տեղում, էջ 152: