ՎԵՐԻՇԵՆԻ և ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Spread the love

Սույն բառարանը ընդգրկում է ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի վարչական և հարակից տարածքների ինչպես ներկայումս, այնպես էլ անցյալում գործածված անունները,որոնք ներկայացված են այբբենական կարգով:Բառարանում անուն գլխաբառերը տրված են գլխատառերով ,այնուհետև նշվում են անցյալում գործածված անունը,յուրաքանչյուր անուն-գլխաբառից հետո տրվում է նրա սահմանումը,դիրքը,համառոտ բնութագիրը և պատմական ակնարկը:Բառարանի հիմնական սկզբնաղբյուրներն են հանդիսացել նախախորհրդային, խորհրդային և անկախության տարիներին հրատարակված տարբեր մասշտաբի քարտեզները,լիազոր մարմինների կողմից պարբերաբար լույս տեսնող վարչատարածքային բաժանման տեղեկագրքերն ու պաշտոնական այլ նյութեր:

Ա
ԱԲՈՐՏԻ ՂԱԼԱՂ – տես Կտրոցի հանդ:
ԱԲՈՐՏԻ ՂԱԼԱՂ — տես Արորդյաց տներ:
ԱԴՈՒՆՑ ՓԱՐՍՈՒ ՃԼՈՏ — ճահճային տեղամաս Աղոթաքարի հարավային ստորոտին:
ԱԼՈՅԻ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Քոռ աղբյուրի մոտ:Կոչվում է Քոլուն Ալոյի /Աղալո Միրումյան1864-1960թթ./ անունով:
ԱՄԱՐԻՍԱՐ – տես Կենացսար:
ԱՄԱՐԻՍԱՐԻ ԱՂԲՅՈՒՐ – տես Կենացսարի աղբյուր:
ԱՂԱՋԱՆԲԵԿԻ ՓԱՐԱԽ , Աղաջաբեյի ղալաղ – տարածքը գտնվում է Ղահրամանի Մեծ խութից հյուսիս-արևելք: Աղաջան բեկը Մելիք Հուսեինյան Ալլահվերդի բեկի որդին է, Գորիսի մելիքության հիմնադիր Մելիք Օհանի ծոռը` ծն. 1840 թ.:
ԱՂՈԹԱՔԱՐ , Կոսքար – լեռնագագաթ / 2259մ / Սյունիքի մարզում,Սյունիքի հրաբխային բարձրավանդակում, Վերիշեն գյուղից 3.5 կմ հյուսիս: / Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ԱՂՈԹԱՔԱՐԻ ԼԵՌՆԱՆՑՔ , Ղաթրղան – լ-ցք / 2118մ / Սյունիքի մարզում,Սյունիքի հրաբխային բարձրավանդակում, Վերիշեն և Վաղատուր գյուղերի միջև: /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ԱՎԻ ԴԱՐԱ — տես Որսաձոր:
ԱՐԱՏՈՒՆ , Արայուրդ — ամառային արոտավայր /քոչատեղի / Խենթասարի և Փայտալճի շրջակայքում:
ԱՍԼԱՆԱՑ ՔԵՐԾԵՐ — գտնվում է Վերիշենից հյուսիս, Յոլու լեռան հր.-արմ. լանջին և կրում է Գորիսի վերջին մելիք Հարությունի որդի Ասլան բեկի /ծն.1842թ./ անունը:
ԱՓՈՒՆ ՔԱՐ ,ափին քար, ափի քար — այստեղ, կարծում ենք, քարը հանդես է գալիս բերդ, ամրոց իմաստով:Ափին Քար` գետափին ամրոց , բերդ իմաստով: Այն գտնվում է Ձագաձոր բերդի անմիջապես հարեվանությամբ, հնարավոր է նաև նրա պաշտպանական համակարգի հյուսիսային թևն է հանդիսանում :Այստեղ գտնվել է ջնարակած կավե ամաններ, ուլունքներ, երկաթե գործիքներ և զենքերի խիստ քայքայված մնացորդներ:
ԱԿՆԵՐ — աղբյուրներ Սյունիքի մարզում, Ձագեձորի բարձունքներում, Ակներ գյուղից 2.5 կմ հս-արմ, որտեղից վերցնվում է Գորիս քաղաքի ջրամատակարարման զգալի մասը:Այստեղից է սկիզբ առնում Վարարակն /Մեծ/ գետը:
ԱԿՆԵՐԻ ՁՈՐ , Ակնին ծյոր — գտնվում է Ակների սարավանդի և Ձագեձորի լեռների միջև:
ԱԿՆԵՐԻ ԱՐԵՎԿՈՂ , Ակնին գյունի – Միրաքի հողից մինչև Ակնն ընկած տեղամասը, Վարարակնի ձախ ափին:
ԱԿՆԵՐԻ ԳԼԽԻ ԱՂԲՅՈՒՐ – մտնում է Ակների աղբյուրների համակարգի մեջ:
ԱԿՆԵՐԻ ՍԱՐԱՎԱՆԴ , Բռունի դուզ — բարձրլեռնային սարավանդ /2200-2400մ/ Իշխանասարի արևելյան ստորոտին , Ակների աղբյուրներից հյուսիսն-արևմուտք:
ԱՆՈՒՄԱՎԵՐ ԱՂԲՅՈՒՐ , պոց աղբյուր — բնական աղբյուր Կենացսարի հարավային ստորոտին:
ԱՋՈՅԻ ԱՂԲՅՈՒՐ – Ռաշիդ Բակունցի /1941-1985թթ./ հիշատակին կառուցված հուշաղբյուր-տաղավար Քրմագետի ափին, Վերիշենից 1.5 կմ հյուսիս:
ԱՐՇՈՒ ՀՈՂ – վարելահող Սպիտակ քարափից հարավ-արևմուտք:
ԱՐՄԻԿԻ ԱՂԲՅՈՒՐ — Արմիկ Հարությունյանի /1961-1981թթ/ հիշատակին կառուցված ազբյուր-տաղավար Որսաձորում:
ԱՐՈՐԴՅԱՑ ՏՆԵՐ , Աբորտի ղալաղ , Գյավուռի բներ – հնագիտական վայր,հնագույն բնակավայրի մնացորդներ Զուգաքարի տափարակում: Պահպանվել են հնադարյան դամբարանադաշտեր,բնակավայրի հետքեր, պաշտամունքային կառույցների մնացորդներ, «հենջեր»: Հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան նյութական մշակույթի բազմաթիվ իրեր,առարկաներ,գործիքներ,զենքեր, պերճանքի առարկաներ: Մի մասը պահպանվում է պետական և մասնավոր հավաքածուներում: Հիմնական նյութը ուսումնասիրված և դասակարգված չէ:
Բ
ԲԱԲՈՒՌԻ ՔԱՐ – հրբխային լավայի մերկացած հորիզոն Խաչին օսից արևմուտք,որը առանձին հատվածներով հայտնի է Բաբուռին քար,Քիրամին քար,Գյուրջուն քար,Դադուն քար, Մամուն քար անուններով:
ԲԱՅԹԱԼԻ ՔԵՐԾ — ատամնածև ժայռային գագաթով բլուր , Համալիրից արևմուտք:
ԲԱԲԱԽԱՆԻ ԿԱԼ – Պղնձաքար լեռնաբազուկի ծայր հարավային հրվանդանը:
ԲԱԳՈՒՆ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Խասփորի տախտում:
ԲԱԳՈՒ ՎԱՆԵՍԻ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր անտառի արևմտյան հատվածում,Մեծ քարից 200 մ հարավ:
ԲԱՂԵՐԻ ՁՈՐ — գտնվում է Խոր ձորի և Աղոթաքարի լեռների միջև:Հավանաբար այստեղ նախկինում այգի է եղել:
ԲԱԿՈՒՆՑ ԼԵՆՈՅԻ ԱՂԲՅՈՒՐ – հուշաղբյուր –տաղավար Որսաձորի սրբավայրի մոտ: Կառուցել է Բակունց Լենոն թոռան` Վահեի հիշատակին:
ԲԵՐԴԱՔԱՐ , Ղլիքերծ – Տիրոջքարից դեպի հարավ արևմուտք ձգվող լեռնաբազուկի ժայռաբեկորային հրվանդան , որտեղ և գտնվում է նշանավոր Ձագաձորի բերդի մնացորդները:
ԲՌՈՒՆԻ ԴՈՒԶ — տես Ակների սարավանդ:

Գ
ԳԱՌՆԱՔԱՇ – տես Յոլու ղուզի:
ԳԱՂԹԱԿԱՆԻ ՂՈՒԶԻ , Կախտականի ղուզի — զբաղեցնում է Խենթասարի հյուսիս արևմտյան լանջերը:
ԳԵԼԻՔԵՐԾ , Բերդաքերծ –լեռ /1940մ/ Սյունիքի բարձրավանդակում,Ակներ գյուղի հս.-արմ մասում: /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ԳԵՂԱՌՈՒ , Յախշուն արխ –ջրանցք գյուղիհարավում:Ձգվում է Վարարակնից Սնաձոր: /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ԳԼՈՒԽ ՁԱԳԱՁՈՐԻ , Մերկասար , Քաչալ դաղ — լեռ /3233մ/ Սյունիքի մարզում, Սյունիքի բարձրավանդակում , Սև լճից հարավ, Վերիշենից 4 կմ հս.-արմ:
ԳԱԼՈՒՍՏԻ ԴԻՐՔԵՐ , Կյալուստի տիրքեր – Վարարակն և Վաղատուր գետերի ջրբաժանի Սանդերից Աղոթաքար հատվածը, որտեղ 1918թ. Հայ – թաթարական ընդհարումների ժամանակ դիրքավորվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատը Գալուստ Մաշուրյանի հրամանատարությամբ, որտեղից և անունը:
ԳՅԱՎՈՒՌԻ ԲՆԵՐ — տես Արորդյաց տներ , Աբորտի ղալաղ:
ԳՅՈՒՐՋՈՒ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Որսաձորում: Գյուրջի անվան հետ առնչվող տեղանունները իրենց անունը ստացել են Դոլունց Գյուրջու /1787-18..՞թթ /անունից:
ԳՅՈՒՐՋՈԻ ՔԱՐ — հրբխային լավայի մերկացած հորիզոն Խաչին օսից արևմուտք,որը առանձին հատվածներով հայտնի է Բաբուռին քար,Քիրամին քար,Գյուրջուն քար,Դադուն քար, Մամուն քար անուններով:
ԳՅՈՒՐՋՈՒ ՄԱՐԳ , Գյուրջու ղուրուղ – համանուն քարին հըարող տեղամաս:
ԳՅՈՒԼԱՏԵՂ –տես Վարդուտ:
ԳՈՒԹԱՆԻ ՀՈՂ , Կյութանի վեղ – վարելահող Նբաթին խութից արևելք:
ԳԻՉՈՒՆՑ ՁՈՐ և ԱՂԲՅՈՒՐ –

Դ
ԴԱԴՈՒՆ ԱՂԲՅՈՒՐ — Դադունցների կողմից կառուցված աղբյուր –տաղավար Քրմագետի ափին, գյուղից 1.5 կմ հյուսիս:
ԴԱԴՈՒՆ ՔԱՐ — — հրբխային լավայի մերկացած հորիզոն Խաչին օսից արևմուտք,որը առանձին հատվածներով հայտնի է Բաբուռին քար,Քիրամին քար,Գյուրջուն քար,Դադուն քար, Մամուն քար անուններով:
ԴԱՂՁՈՒՏԻ ԱՐԵՎԿՈՂ , Տախծուտի գյունի – Կողբաձորի լեռների Խաչին օսից մինչև Կարմիր Քար հատվածի արևկող լեռնալանջերը,որտեղ և գտնվում են Տախծուտի աղբյուրները:
ԴՈԼԱՅԻ ԲՈՒԼԱՂ –տես Շրջադարձի աղբյուր:
ԴՈԼՈՒՆՑ ԲԱԲՈՒ ԱՐԽԱՋ , փարախ –Պղնձաքարի հր.-արև. բնական խոռոչներից մեկը:Այս Բաբայի հետնորդները բնիկ Գորիսեցի Բաբայաններն են `Դոլի- Բաբա-Օվանես-Գյուրջի ,Խաչատրյանները` Դոլի-Բաբա- Առաքել-Խաչատուր-Եղիա, Առուշանյանները,Նազունցները,Իսախանյանները,Սարդարյանները : /ՀՀ Պետական Ազգային Արխիվ,Ֆ56 ց6 գ627 , ֆ93 ց1 գ192/

Ե
ԵԶՆԱՐԱԾԻ ԱՌՈՒ – Քրմագետի,Ձագաձոր գետի աջ օժանդակը:Սկիզբ է առնում Սառնաղբյուրի / Ղուրփուլաղ / ճահիճներից,հոսելով դեպի հարավ մայր գետին է միանում Զդին Ակննի մոտ: Երկ. 1.5 կմ:
ԵՓՆՈՑ — գեոդեզիական կետ,2062 մ,Յոլու լեռան գագաթին:
ԵՐԿԱՐ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Սարդարի բոստանից դեպի Կարմիր Քար լեռնալանջին,Դաղձուտի Արևկողի դեմ դիմաց:
ԵՐԿԱՐ ՏԱԽՏԱԿ , Մոհաջառ – հանդամաս Մամուն Քարից Սարդարի բոստան ճանապարհի աջ մասում,Խաչին ջրի աջ հատվածում:
Զ
ԶԱՐԳԱՐԻ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Միջնառվում:
ԶԱՎԵՆ ԱՂԲՅՈՒՐ — Ղահրամանյան Զավենի /1938-2002թթ/ կողմից կառուցված հուշաղբյուր- տաղավար Ղահրամանի Փոքր խութի հարավային լանջին:
ԶԴԻՆ ԱԿՆՆ — Զադայանների կողմից կառուցված աղբյուր –տաղավար Քրմագետի /Ղուրդուն/ ափին,գյուղից 1կմ հյուսիս:
ԶՈՐԻԿԻ ԱՂԲՅՈՒՐ — Բաբայան Զորիկի /1964-1994թթ/ հիշատակին կառուցված հուշաղբյուր Ձորի թաղամասում:
ԶՈՐԱՑ ԲԱՆՋԱՐԱՆՈՑ , ՈՒրդուվի բոստաններ — /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ԶՈՒԳԱՔԱՐԻ ՋՐԱՆՑՔ – կառուցվել է 1926թ. Կարմիր Քարի ձորից Խաչին ջուրը ջրանցքով տեղափոխվել է մինչև Եզնարածի առու և օգտագործվել ցանքսերն ու խոտհարքները ջրարբիացնելու համար:
ԶՈՒԳԱՔԱՐ , Զույգ քար , Ղոշաքար – Պիծի խութից հարավ, Կողբաձորի լեռների հարավ արևելյան ստորոտներին փռված հանդամաս, Խաչին Օս սրբավայրի հարևանությամբ:
ԶԻԼՈՒՆՎԵՂԻ ՃԱԿԱՏ – Յոլու լեռան արևմտյան գագաթամերձ լանջը:Մինչ կոլեկտիվացում`1929-1930թթ . Ադունց Զիլփուղարի սեփական վարելահողն է եղել,նրա անունով էլ կոչվում է:
Է
ԷՇԱՄԵՅԴԱՆ – տես Իշոց լեռ:
Թ
ԹԱՔ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Տատասկուտի հանդամասում:
ԹԱՎԼԱ ՉԽՈՒՐ — տես Պարկեն

Ի
ԻՐԱԲԱՍ ՊԱԿԵՐ – հանդամաս Յոլու լեռան արևմտյան ստորոտին:Մինչև տեղամասի մելիորացիան` 20-րդ դարի 80-ական թթ. այստեղ պահպանվել էին հին բնակավայրի մնացորդներ,հավանաբար Արաբական տիրապետության ժամանականերից,այդ են վկայում տեղամասի անունը`Իրաբաս պակեր,Արաբների պակեր-ավերակների մնացորդներ:Ականատեսների վկայությամբ,այստեղ անընթեռնելի վիմագիր արձանագրությամբ քար է եղել:
ԻՐԱԾԻ ՏԱԽՏ – մարգագետին Քրմագետի աջ ափին , Ափին քարի դիմաց:
ԻՇՈՑ ԼԵՌ ,Էշամեյդան – լեռնազանգված Ձագաձորի լեռներում,Ակներից 1.5 կմ արևմուտք:
Լ
ԼԱՍՏԻԽՈՒԹ – լեռ /1535մ / Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում,Գորիս քաղաքի հր. արմ. մասում:
ԼԱԼՈՒ ՀԱՆԴ — մարգագետին Կյալու խութի ց հյուսիս- արևելք:Համաձայն Ե.Լալայանի հաղորդագրության`Մելիք Հուսեինյանների տոհմը առաջացել է հին Գորիսեցի խոջա Լազարի /Ղազարի/ որդի Լալայից: Վերիշենի սբ. Հռիփսիմե եկեղեցու բակում պահպանվել է այս Լալայի տապանաքարը. «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԼԱԼՈՒՆ ԹՎ ՌՃԿԲ»: /1713թ/ :Անկասկած, հանդամասը կրում է Մեծն Մելիք Օհանի պապ` Լալի անունը:

Խ
ԽԱԶԱԶԻ ՀԱՆԴ — հանդ Սյունիքի մարզում, Տոռոզիսար լեռների հյուսիսային մասում, Վերիշենից 4 կմ հս.-արև.:
ԽԱՉԱՏՈՒՐԻ ՔԵՐԾԵՐ – ժայռային մերկացումներ Տոռոզիսարի հարավային ստորոտներին:
ԽԱՉԻՆ ՕՍ – Կողբաձորի լեռների հարավային վերջույթի ժայռաբեկորների մեջ փորված,իսկ ավելի հավանական է ,բնական քարայր –սրբավայր: Ավանդությունը պատմում է ,որ այստեղ տարիներ շարունակ ճգնել է Մեծն Քերթողահայր Մովսես Խորենացին /5-րդ դ./
ԽԱՍՓՈՐ – միջլեռնային հանդամաս Ձագեձորի հովիտի հյուսիս-արևելքում:
ԽԱՍՓՈՐԻ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Խասփորում: Տոռոզյանների կողմից վերակառուցվել և բարեկարգվել է ի հիշատակ Սերյոժա և Լյուդմիլա Տոռոզյանների:
ԽԵՆԹԱՍԱՐ , Մեժլումիյուրտ – լեռ /2196մ/ Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում,Քարաշեն գետի աջափնյակում,Վերիշեն գյուղից 3 կմ հս.-արևելք: /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ԽՈՐ ՁՈՐ -Աղոթաքարի և Ջավահիրի լեռները իրարից բաժանող ձորակ,որի կենտրոնում վեր է խոյանում հսկա ժայռային մերկացում:
ԽՈՒԹԻՍԱՐ – լեռ / 2256մ / Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում, Ձագեձորի լեռներում, Ակներից 1.5 կմ հարավ:
ԽՈՒՌՈՒՀԱՏ – միջլեռնային թամքոց` լեռնանցք Ջավահիրի և Յոլու լեռների միջև:

Ծ
ԾԱԿ ՔԵՐԾ –
ԾԻԼԻԿԱ ՓՈՍ , ԹԻՓԻՆ ՁՈՐ -Պուզտի սարի և Ճղած քարի միջև ընկած հատվածը` մինչև Տերտերի առու:

Կ
ԿԱՐՄԻՐ ՔԱՐԻ ՁՈՐ , Ղարալուխ , Մթնաձոր – միջլեռնային հովիտ Կողբաձորի լեռների և Ակների բարձրլեռնային սարավանդի միջև:Մերկացած կարմրագորշ հրաբխային լավաների գույնից էլ ստացել է անունը: Մինչև 19-րդ դարի 2-րդ կեսերը այս տեղամասը թավ անտառներով է պատված եղել և կարծիքներ կան , որ Ա. Բակունցի հիշատակած «Մթնաձոր»-ը հենց այստեղ է եղել:
ԿՅԱԼՈՒ ԽՈՒԹ — բլրակ Սալ օջախից հյուսիս- արևելք:
ԿՅՈՒՓԵՐ – հնագույն բնակատեղի Վերիշենի հարավ-արևմտյան մասում, Վարարակնի 3-րդ դարավանդի վրա, Ձագաձոր լեռնաբազուկի անտառապատ լանջի ստորոտին: Այստեղ հայտնաբերվել են քարարկղային դամբարաններ, պահպանվել են կիկլոպյան բերդի մնացորդներ: Անունն առաջացել է հավանաբար «կյափ» բառից:
ԿԵՌԻՆՋ — անտառի հս.-արմ. ծերջավորությունը, անտառը թփուտներից բաժանող սահմանը:
ԿԻԼԻՊՈՒՆԻ ԾՅՈՐ , Գայլաբունի ձոր – ձորակ Տոռոզիսարի հարավային ստորոտին: Ձգվում է Խաչատուրի քերծերից դեպի հյուսիս- արևմուտք:
ԿԾԿԸՀԱՐ , Կըզկըհար — բլուր Տոռոզիսարի հարավային ստորոտին,գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք: Հավանաբար անունն առաջացել է «կայծակահար» բառի ձայնավորների սղման հետևանքով` կայծակահար-կեծակահար- կծկհար:
ԿՈՂԲԱՁՈՐԻ ԼԵՌՆԵՐ , Ղուզիսար – լեռներ Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում,Ակներից 3 կմ հյուսիս- արևմուտք: Առավելագույն բարձրությունը Մինասանցսար լեռն է` 2976: /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ԿՈՍ ՔԱՐ — տես Աղոթաքար:
ԿՏՐՈՑԻ ՀԱՆԴ , Աբորտի ղալաղ –որպես հնադարյան հողային կառույցի տիպ այն իրենից ներկայացնում է տիպիկ «հենջ» ,ունի օվալաձև հրապարակ 40 մ տրամագծով, շրջապատված է հողաթմբով, իսկ հողաթմբերի վրա բացված են 4 ելքեր,որոնք ճշգրտորեն կողմնորոշված են հորիզոնի կողմերի նկատմամբ: /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/

Հ
ՀԱՅՐՈՒՄ ԱՂԲՅՈՒՐ – Հուշաղբյուր-տաղավար Քրմագետի ափին,Վերիշենից 1 կմ հյուսիս:Կառուցել է Գագիկ Երվանդի Հայրումյանը:
ՀԱՍԱԽԱՆԻ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Ղահրամանի Փոքր խութից արևմուտք:Միացված է գյուղի ջրամատակարարման ցանցին:
ՀԱՅԿԱՅԻ ԱՂԲՅՈՒՐ -Դաջունց Հայկի /1965-1993թթ/ հիշատակին կառուցված հուշաղբյուր Որսաձորում:
ՀԱԿՈԲ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Յոլու լեռան արևմտյան ստորոտին:Սպասարկում է Ձորի թաղամասին: Այս ջրագծից են ջուր վերցնում նաև Աջոյի, Վլադիկի, Ծիլերի, Դադու, Զդի աղբյուրները: Կրում է Շալունցների նահապետ Հակոբի /18-րդ դար/ անունը: Հարակից տարածքի սեփականատերը մինչև1929թ եղել է Շալունց Սարգիսը:
ՀԱՆԲԱԴԱ ԲԵՐԴ — տես Ձագաձորի բերդ:

ՀԱՆԴԱԲԼՈՒՐ , Պուզտի սար, Ղուրուղա թափա — լեռնագագաթ Ձագաձորի լեռներում, Ակներից 1 կմ արևմուտք: /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ՀՈՒՇԱՐՁԱՆ – 2-րդ Համաշխարհային պատերազմում զոհված Վերիշենցի ռազմիկների հիշատակին կառուցված հուշահամալիր: Ճարտ. Բաղդասար Արզումանյան, քանդակագործ` Աշոտ Դադունց :

Ձ
ՁԱԳԱՁՈՐԻ ԲԵՐԴ , Հանբադա բերդ — Սյունիքի նշանավոր բերդերից մեկը, գտնվում է գյուղից անմիջապես հյուսիս, «Ղլիքերծ» կոչված տեղամասում:Պահպանվել են բերդապարսպի ավելի քան 60 մ մնացորդներ: Ստ. Օրբելյանի վկայությամբ այն կառուցել է Սյունյաց Ձագ Նահապետը` ն. Ք. 2-րդ հազարամյակի սկզբին:
ՁԱԳԱՁՈՐ ԳԵՏ ,Ղուրդուն գետ – տես Քրմագետ:
ՁԱԳԵՁՈՐԻ ԼԵՌՆԵՐ — Մեծ Իշխանասարի լեռնազանգվածից դեպի հարավ -արևելք ձգվող լեռնաբազուկ , որտեղից սկիզբ է առնում Վարարակն գետը:Ձագեձորի լեռնալանջերով է ձգվում 10 –րդ դարում կառուցված Տերտերի առուն:

Ղ
ՂԱԹՐՂԱՆ — տես Աղոթաքարի լեռնանցք:
ՂԱՐԱ ԳՅՈԼ – տես Սև լիճ:
ՂԱԶԻ ԳՅՈԼ – տես Սագալիճ:
ՂԱԶԱԽԻ ՉԻՄԱՆ – տես Մարգահանդ:
ՂԱՀՐԱՄԱՆԻ ԽՈՒԹ — բլուրներ Եզնարածի առվից արևմուտք: Գոյություն ունի երկու խութ` Ղահրամանի Մեծ և Ղահրամանի Փոքր: Անվանադիրն է Զիլֆուղարյան Ղահրամանը /1840-1907թթ/:
ՂԱՀՐԱՄԱՆԻ ՀՈՂ , Խոջու/Գառնիկ Տատինցյան/ հող –վարելահող Քրմագետի ափին,Մադու /Մարտիրոս Բաբայան/ հողից բաժանվում է Վերիշեն –Խոզնավար ճանապարհով:
ՂԱՄԱՆ ՍՈՐ -փոքրիկ ձորակ Իրածին տախտի հարևանությամբ:
ՂԱՐԱԼԽԻ ԱՂԲՅՈՒՐ – տես Մթնաձորի աղբյուր:
ՂԱՐԱԽԱՆԻ ՏՈՒՆ – շինությունը կառուցվել 1681թ.:Կամարակապ դարպասի մուտքի բարավորին կա երկու տող արձանագրություն. « ԿԱՄԱԻՆ ԱՅ ԵՍ ՊԻՆԵԱԹԻ ՈՐԴԻ ՄԽԻԹԱՐՍ ԵԻ ԿԵՆԱԿԻՑՆ ԻՄ ԶԱՆԱԶԱՆՆ ՇԻՆԵԼ ՏԸԻԻՆՔ ԶԱՅՍ ԱՄԱՐԱԹՍ Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ ՈՐԴՈՅ ՄԵՐՈՅ ՂԱՐԱԽԱՆԻՆ:ԹՎԻՆ: ՌՃԼ-»: Պատմամշակութային այս կոթողի ներկայիս տերերը` Արզումանյան եղբայրները, այն վերակառուցել են որպես հանդիսությունների սրահ:
ՂԼՎԻՆԴԱՐԱ — Բերդաձոր – Սադղին լիճ-ջրանբար տանող ջրանցքից հարավմինչև Մեծ գետ ընկած հատվածը: Այստեղ պահպանվել է հնադարյան բերդի մնացորդներ,որից և տեղանվան բացատրությունը` Բերդաձոր:
ՂԼԻՔԵՐԾ – տես Բերդաքար:
ՂՈՇԱՔԱՐ – տես Զուգաքար,Զույգ քար:
ՂՈՒՄԼՈՒՏ – հանդամաս Ռաբաց բակերում. տես Իրաբաս պակեր:
ՂՈՒՐԴՈՒՆ ԳԵՏ – տես Քրմագետ:
ՂՈՒՐՓՈՒԼԱՂ – տես Սառնաղբյուր:
ՂՈՒՐՈՒՂԱ ԹԱՓԱ — տես Հանդաբլուր:

Ճ
ՃՂԱԾՔԱՐ – հայերեն արձանագրությամբ հսկա ժայռաբեկոր Ձագաձորի լեռնաբազուկի եզրին , այն վայրում , որտեղից «Տերտերի առու» կոչված ջրանցքը շրջվում է դեպի Եռաբլրի սարահարթ: Արձանագրությունից երևում է, որ ժամանակի ընթացքում ջրանցքը խափանվել է, և 1294թ. Տաթևի Հովհաննես եպիսկոպոսը կրկին նորոգել է այն : Հայերեն արձանագրությունից վեր կա երկու տող արաբերենին նմանվող տառերով մի այլ արձանագրություն ևս:Մասնագետների նախնական կարծիքով այն ուշ շրջանի /7-րդ դ./ պահլավերեն է:
ՅԱՄԻ ՅՈՐՈՒՄ ԷՐ ԹՎ. :ՉԽԳ: ԵՍ ՏՐ ՅՈՀԱՆԷՍ ԿԱՄԱԻՆ ԱՅ ԵԻ ԱՂԱԻԹԻԻՔ ՀՈԳԵԻՈՐ ՀԱԻՐ ԻՄՈ ՏԵՐ ՀԱՅՐԱՊԵՏԱ ՏԱՐԱ ԶՋՈՒՐՍ ՎԱՐԱՐԱԿԱՆ Ի ՎԱՐԴՈՒՏՆ . ԶՈՐ ԱԾԱՊԱՏԻԻ ԵԻ ՀՈԳԵԻՈՐ ՏԵՐ ՅԱԿՈԲ ԳՆԵԱԼ ԷՐ ԵԻ ՏԱՐԵԱԼ ԲԱԶՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԹԲ ԵԻ ԱՐԴԵԱՄԲՔ. ԶԽԱՓԱՆԵԱԼՆ Ի ԲԱԶՈՒՄ ԱՄԱՆԱԿԱՑ ԿՐԿԻՆ ՆՈՐՈԳԵՑԱՔ ՅԻՇԱՏԱԿ ՄԵԶ ԵԻ ՆԱԽՆԵԱՑ ՄԵՐՈՅ, ՈՐՔ ՀԱՆԴԻՊԻՔ ՍԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԵՆԲ ՅԻՇԵՑԵՔ Ի ՔՍ:
Ս.Բարխուդարյան,Դիվան հայ վիմագրության,պր.2 Երևան, 1960, էջ 78:
ՃՈՒՀՏՈՒՆ ՂՈՒՐՈՒՂ —
ՃՂԱՑԻՆ ՁՈՐԻ ԱՂԲՅՈՒՐ – Հակոբի աղբյուրի դիմացի աղբյուրը:Հարակից տարածքը կոչվում է Ճղացի ձոր:Այս աղբյուրը վերակառուցելու աշխատանքներ են կատարել գյուղի 1930թ ծնված մի խումբ ընկերներ:

Մ
ՄԱԴՈՒ ՀՈՂ – վարելահող /2հա/ Յոլու լեռան արմ. ստորոտին: Կոչվում է Գյուրջու Մադու ,Մարտիրոս Բաբայանի /1881-1933թթ./ անունով:
ՄԱՄՈՒ ՔԱՐ — — հրբխային լավայի մերկացած հորիզոն Խաչին օսից արևմուտք,որը առանձին հատվածներով հայտնի է Բաբուռին քար,Քիրամին քար,Գյուրջուն քար,Դադուն քար, Մամուն քար անուններով:
ՄԱՆԳՈՒ ՓՈՍ – հանդամաս Ակների սարավանդ տանող ճանապարհի առաջին շրջադարձի և Գյուրջու մարգի միջև:
ՄԱՐԳԱՀԱՆԴ , Ղազախի չիման – միջլեռնային հանդամաս Սանդերի և Որսաձորի միջև:/Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ՄԵԾ ԱՂԲՅՈՒՐ — գտնվում է գյուղից 1 կմ հյուսիս,որտեղից վերցվում է Վերիշենի ջրամատակարարման մեծ մասը:
ՄԵԾ ԱՐԵՎԿՈՂ , Մեծ գյունի – տարածվում է Կողբաձորի լեռների հարավահայաց լանջերին:
ՄԵԾ ԻՇԽԱՆԱՍԱՐ – լեռ /3550մ/ ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ սահմանագլխին,Սյունիքի բարձրավանդակում, Սև լճից հարավ արևմուտք,Նորավան գյուղից 9 կմ հյուսիս արևելք. /Սուրբ Օհանես /:
ՄԵԾ ԽԱՉ – սրբավայր Մեծ Իշխանասարի գագաթին: Վերիշենում հայտնի է նաև Սարի Սուրբ Վանես անունով:
ՄԵԾ ՔԱՐ — «գտնվում Ձագեձոր սարի վրա:Տարվա մեջ երկու ամիս այդ քարի վրա արև չի ընկնում»: / Լ.Սահակյան, Ակների պատմություն, Երևան, 2000, էջ 34:/
ՄԵԾ ՔԱՐԱԳԼՈՒԽ – լեռ /2151մ/ Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում,Վերիշենից 4.5 կմ հյուսիս արևելք:
ՄՇՆԱՌ , Միջնառու -երկու ձորակներով մասնատված հանդամաս Սպիտակ քարափի և Ոսկանի արևդեմի միչև:
ՄԹՆԱՁՈՐ – տես Կարմիր քարի ձոր:
ՄԹՆԱՁՈՐԻ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Կարմիր քարի ձորում:
ՄԻՉԻ ԱՌՈՒ – Քրմագետի աջ օժանդակը:
ՄԻՉԻ ԱՌՎԻ ԱՂԲՅՈՒՐ , Ամենագետի աղբյուր — բնական աղբյուր Միչի առվում ,վերակառուցված Վոլոդիա Մինասյանի` Ամենագետի հիշատակին:
ՄՈՒՂԴՈՒՍՈՒ ԽՈՒԹ, ՁՈՐ, ՁՈՐԻ ԱՂԲՅՈՒՐ — գտնվում է Մամուն քարից հյուսիս, Գիչունց ձորի հարևանությամբ:
ՄԻՍՐՈՒ ՀՈՂ – վարելահող Աղոթաքարի հարավային ստորոտին:
Յ

ՅԱԽՇՈՒՆ ԱՐԽ – տես Գեղառու:
ՅԷԼԻ ԴՐՈՒՆՔ ,Յէլի գյադուկ – թամքոց, լեռնանցք Յոլու լեռան և Պղնձաքարի միչև:
ՅՈԼՈՒ ԼԵՌ , Յոլու ղուզի, Եփնոց լեռ, Գառնաքաշ — գտնվում է գ-ի հս.-արև. մասում: Կենտրոնական գագաթի բարձրությունը 2062 մ է : Մինչ գյուղմեքենայացման ժամանակաշրջան այն ամբողջովին ստորոտից գագաթ հերկվել է: Լեռը կոչվում է Գորիսում հայտնի Յոլյանների նախահոր` Յոլիի /17-րդ դ./ անունով:
ՅՈԼՈՒ ՂՈՒՐՈՒՂ – տես Չորուտ:
ՅՈԼՈՒ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Չորուտում:
ՅՈՒՂԱՌԱՏ ԱՐԵՎԿՈՂ , Յաղլի գյունի — մարգագետին Սառնաղբյուրի հանդամասից Սպիտակ քարափ ընկած հատվածում:Հայտնի է հյութալի արոտավայրերով, որտեղից և անունը:
ՅՐՂԱՆԻ ՕՍ – Սպիտակ քարափի հյուսիսահայաց լանջերը:

Ն
ՆԿՈՒՂ – լեռ /2561 մ/ Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում, Մեծ գետի ձախափնյակում, Ակներ գյուղից 3.5 կմ հս.-արմ.:
ՆԲԱԹԻ ԽՈՒԹ — բլուր Աղոթաքարի հարավային լանջին:

Շ
ՇԱՀՆՈՒԲԱՐԻ ԽՈՒԹ , Շնբարի խութ — տարածվում է Մեծ գետի ու Խաչի ջրի ջրախառնուրդից մինչև Մուղդուսու խութ ընկած հատվածում:
ՇԱԼՈՒ ԱՂԲՅՈՒՐ ,Արայուրդի աղբյուր — բնական աղբյուր Արատուն քոչատեղիում:
ՇԱԼՈՒ ՀՈՂԵՐ — գտնվում է Խենթասարի և Ջավահիրի լեռների միչև: Արատան հարևանությամբ:
ՇԱԼՈՒ ՔԵՐԾ – նույն տարածքում ձորամիջի ժայռային մերկացում:Տարածքը պատկանելէ Շալունց տոհմին , որտեղից և անունը:
ՇՐՋԱԴԱՐՁԻ ԱՂԲՅՈՒՐ , Դոլայի բուլաղ — բնական աղբյուր Ակներում,Ակների սարավանդ տանող ճանապարհի վերջին շրջադարձի մոտ:

Ո

ՈՐՍԱՁՈՐ , Ավի դարա — հանդամաս Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում , Տոռոզիսարի լեռների հս.-արևելյան ստորոտին,Վերիշենից 4 կմ հյուսիս:
ՈՐՍԱՁՈՐ — գյուղատեղի Վերիշենից 4 կմ հյուսիս ձորամիջի հարթության վրա:Պահպանվել են գերեզմաններ, հեթանոսական քարակերտ կուռքեր, խաչքարեր:Տեղում հայտնաբերվել են ջնարակած կավե ամաններ: /Թ.Հակոբյան և ուրիշներ, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Ե.1986,էջ364 ./
ՈՍԿԱՆԻ ԱՐԵՎԴԵՄ , Ոսկանի ղուզի — բլուր Միջնառվի և Սառնաղբյուրի միջև:

Չ

ՉԱԼԵՐ -տես Տատասկուտ:
ՉԻՐԴԱԽԱ ՀՈՂ –
ՉԼԴԸՐ – լեռնանցք Ջավահիրի և Յոլու լեռների միջև:
ՉՈՐՈՒՏ , Յոլու ղուրուղ — Ակների սարավանդ տանող ճանապարհի 1-ին շրջադաւձի և Քիրամի փեխի միչև ընկած հատվախը: /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ՉՈՓՉՈՒԳՅՈԼ — տես Փայտալիճ:

Պ
ՊԱՐԿԵՆ , Թավլա չխուր — ալպյան մարգագետին –հանդամաս Տոռոզիսարի հյուսիսահայաց լանջերին: /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ՊՂՆՁԱՔԱՐ — հրաբխային ներժայթուկ գոյացություն /ինտրուզիա / Վերիշենը արևելքից եզերող լեռնաճյուղի վրա, էրոզիոն – տեղատարումային պրոցեսների հետևանքով մերկացած կարմրագորշ /որից և անունը / անդեզիտաբազալտային հսկա ժայռաբեկոր 2008 մ բացարձակ բարձրությամբ: Պղնձաքարի մասերը կազմող տոպոնիմներն են.
1.Մեծ ճեղք:
2.Փոքր ճեղք:
3.Մեծ արխաջ /փարախ/:
4.Փոքր արխաջ:
5.Դոլունց Բաբու արխաջ:
6.Մեժլումի աղբյուր:
7.Քյասունց Իսու հող:
8.Ասաքի / Խերունց / գարեհող:
9.Փոլեկած /փլված / քերծեր:
10.Տոնքար:
11.Պիլորպատ:
ՊԻԼՈՐ ՔԱՐԻ ՁՈՐ — ձորամիջի փոքրիկ հարթակ Պղնձաքարի ստորոտին:
ՊԻԾԻ ԽՈՒԹ — բլուր Զուգաքարի տափարակի հս.-արևելյան մասում:

Ջ

ՋԱՂԱՑՔԱՐ , Ճղածքար — լեռ /2140մ/ Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում, Մեծ գետի աջափնյակում, Ակներից 1 կմ արևմուտք:
ՋԱՎԱՀԻՐԻ ՂՈՒԶԻ — լեռնաբազուկ ,որը ճյուղավորվելով Աղոթաքարի լեռներից ձգվում է դեպի հարավ մինչև Յոլու լեռ:

Ռ
ՌԱԲԱՑ ԲԱԿԵՐ – տես Իրաբաս պակեր:

Ս
ՍԱԳԱԼԻՃ , Ղազիգյոլ – լճակ Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում, Աղոթաքարի լեռնանցքն անցնում է այստեղով: Ծովի մակարդակից 2090 մ բարձրության վրա: Մակերեսը ` 1.2 հա:
ՍԱԳԱՀԱՆԴ — հանդ Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում, Վերիշեն գյուղից 4 կմ հս.-արևելք:
ՍԱՀԱԿՅԱՆՆԵՐԻ ՀՈՂ – վարելահող Զուգաքարի տափարակի հարավային մասում:
ՍԱՆԴ ԱՂԲՅՈՒՐ — ժամանակին հին գյուղը սնուցող հիմնական աղբյուրներից մեկը` Քրմագետի աջ ափին:
ՍԱՆԴԵՐ — հանդամաս Տոռոզիսարի հս.-արև. լանջերին:
ՍԱՐԴԱՐԻ ԲՈՍՏԱՆ – տարածվում է Երկար տախտակից մինչև Երկար աղբյուր ընկած հատվածը: 19 –րդ դարում եղել է Սարդար Օվանեսի Դոլունցի / ծն.1802թ./ սեփականուփյունը:
ՍԱԼ ՕՋԱԽ , Սալի օջախ – սրբավայր Մեծ աղբյուրից հյուսիս,գյուղից 1.5 կմ հս.-արմ: Անունից և կառուցվածքային տարրերից ենթադրելով, հավանաբար այն հեթանոսական կրակարան – սրբավայր է եղել: Շրջանաձև կառուցվածք ունի,անմշակ քարերով շինված, խաչակիր քարեր չկան , 1-2 խաչ կրող քարերն էլ ակնհայտորեն վերաբերում են 20-րդ դարի 2-րդ կեսին:
ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ , Ղուրփուլաղ – ընդարձակ հանդամաս Կենացսարի հարավային ստորոտին:
ՍԵՂԱՆԱՔԱՐ , Ստոլաքար – սեղանաձև քար Սահակյանների հողի մոտ ,որտեղից և անունը:
ՍՅՈՒՆԻՔԻ ԱՂԲՅՈՒՐ – Հուշաղբյուր տաղավար Սպիտակ քարափի արև. լանջին: Կառուցել է Սյունիք Արտավազդի Բաբայանը 1965թ, նախկինում Իստիանուն կոչված աղբյուրի տեղում:
ՍՈԼԹԱՆԱԾՈՎ — հյուսիս- արևմուտքից գյուղին անմիջապե հարող ճահճապատ հանդամաս: Կա տորֆային պաշարների քիչ քանակություն:
ՍՆԱՁՈՐ , Սինդարա — հին բնակավայր Խենթասարի հարավային ստորոտին, Վերիշենից 3 կմ հյուսիս- արևելք, Սնաձոր գետակի ձախ ափին: Պահպանվել է 21 քարանձավ, 1 կիսավեր մատուռ,գերեզմանոց, խաչքարեր, ինչպես նաև մեկ սչբավայր` Սինդիրի խաչ, որտեղ Սուրեն Խաչատրյանի հովանավորությամբ մատուռ է կառուցվել: Գյուղը լքվել է 19-րդ դարի վերջին ,բնակիչները հիմնականում տեղափոխվել են Գորիս , Հարթաշեն, Վերիշեն: Սնաձորից Հին Գորիս են տեղափոխվել Աքունանուն / Դավթյան/ Հովսեփի գերդաստանը: Գյուղի մասին տեղեկություններ կան Ղ.Ալիշանի Սիսականում: Ե.Լալայանի վկայությամբ Սնաձորը «ծերունիների ասելով ` «Վէրի շենի», այսինքն Հին Գորիսի ամարանոցն է եղել»: /Ե.Լալայան . Զանգեզուր, Ազգագրական հանդես, 1898, հմր. 2, էջ 30 /: Սնաձորի տոպոնիմներից են.
1.Բալուն քերծ:
2. Կոկալիկին քերծեր:
3.Փոխսքիցած խութ:
4. Հաչաքաշկառ:
5. Սուքումին ձոր:
6. Սուքումին ձորի աղբյուր, որը 1985թ. վերակառուցեցին Բաբկեն Հարությունյանի հիշատակին:
7.Սնաձորի դարավանդներ , Սինդիրի սիքվենի:
ՍՆԱՁՈՐ – մշտական հոսք չունեցող գետակ Սյունիքի մարզում, Վարարակն գետի ձախ օժանդակը:Սկիզբ է առնում Խենթասարի արևմտյան լանջերից և Գորիս քաղաքի հս. մասում միախառնվում է մայր գետին : Երկ. 2 կմ:
ՍՊԻՏԱԿ ՎԵՐՄԱԿ , Սպիտակ քարափ, Սպիտակ յըրղան – մեզոզոյան դարաշրջանի կավճի հասակի կրաքարային մերկացում Տոռոզիսարի հարավ արևելյան լանջին: /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/ :Անվանափոխողները հավանաբար «յըրղանը» հասկացել են «յորղան»`վերմակ, հաջողված տարբերակը կլիներ Սպիտակ քարափ:
ՍԵՎ ԼԻՃ — արգելավայր Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում, համանուն լճի մոտ: Հիմնադրվել է 2003թ., տարածքը` 240 հա:
ՍԵՎ ԼԻՃ , Ղարա գյոլ — լիճ Սյունիքի մարզի և ԼՂՀ սահմանագլխին, Սյունիքի հրբ. բարձրավանդակում,ծովի մակարդակից 2666 մ բարձրության վրա: Մակերեսը 1.6 քառ.կմ:
ՍԲ. ՆՈՐԱԿՈՒՆՔ, Սբ. Նարակնունք — գործող կիսաժայռափոր եկեղեցի Հին Գորիսում:Կառուցվել է 1628 թ.:Եկեղեցու մուտքից վեր խաչքարի երեսին պահպանվել է 6 տող արձանագրություն.«ԹՎ.:ՌՀԷ:ԵՍ ՆԱՍԻՊ ԿԱՆԳՆԵՑԻ ՍԲ ԽԱՉՍՓՐԿՈՒԹԵ ՀՈԳՈ ԻՄՈՅ »: 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին այն կոչվել է Սբ. Գևորգ եկեղեցի:
ՍԲ. ՀՌԻՓՍԻՄԵ — վաղ քրիստոնեական եկեղեցի Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում: «Սբ. Հռիփսիմե եկեղեցին / 4-5 –րդ դդ/ Հայաստանի միանավ հուշարձաններից չափերով / երկ. 27.3 մ / ամենախոշորն է: Խիստ ձգված համաչափություններով դահլիճի երկայնական պատերին հնգական կամարակապ որմնախորշեր են,արլ-ում այն ավարտվում է ներսից և դրսից կիսաշրջանաձև խորանով: Ըստ դռան ճակատակալ քարի արձանագրության , եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1621 թ-ին :Հվ. պատում պահպանվել է հնագույն մուտքը / այժմ փակված / , երկու կողմում քարե բարձակներով ,որոնց վրա քանդակված է շրջանագծի մեջ ներառված վեց թերթիկով վարդյակ: Պատերի շարվածքում օգտագործված են նախնական կառուցվածքի բեկորներ:»
ՀՍՀանրագիտարան, հ.11, Երևան, 1985, էջ 407:

Վ
ՎԱՐԱՐԱԿՆ ,Մեծ գետ, Գորիս — գետ Սյունիքի մարզում:Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակից ,Մեծ Իշխանասար լեռան հրվ.-արև. լանջերից, հոսում դեպի հր.-արևելք,Քարահունջ գյուղից հարավ դուրս գալով ԼՂՀ տարածք,Դավիթաշեն գյուղի մոտ միախառնվում է Որոտանին: Երկ. 29 կմ:
ՎԱՐԴՈՒՏ , Գյուլատեղ – հանդամաս Ակների սարավանդ տանող ճանապարհի 1-ին շրջադարձից մինչև գոմը ընկած հատվածում:
ՎԱՆԵՍԻ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Սառնաղբյուրի տափարակում, վերակառուցված Ավանես Պետրոսյանի հիշատակին:
ՎԵԺՈՅԻ ԱՂԲՅՈՒՐ – Վրեժ Առաքելյանի հիշատակին կառուցված աղբյուր- տաղավար Սոլթանածովում:
ՎԼԱԴԻԿԻ ԱՂԲՅՈՒՐ – ՎլադիկՀակոբյանի /1950- 1995թթ / հիշատակին կառուցված աղբյուր- տաղավար Քրմագետի ափին, գյուղից 1.5 կմ հյուսիս:

Տ
ՏԱՇԿՈՒԽՈՒԹ – լեռ /1743 մ / Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում, Վարարակն գետի ձախափնյակում ,Գորիս քաղաքից 0.5 կմ հյուսիս:
ՏԱՏԱՍԿՈՒՏ ,Չալեր – հանդամաս Թաք աղբյուրի շրջակայքում:
ՏԵՐՏԵՐԻ ԱՌՈՒ ,Քեշիշ արխ – ջրանցք,կառուցված 10-րդ դարում`932 թ:Սկիզբ է առնում Ակների ձորից և ձգվում մինչև Տաթևի վանքին պատկանող Ցաքուտ կոչվող հանդամաս: Ստ.Օրբելյանը վկայում է , որ Տաթևի վանքի Հակոբ եպիսկոպոսը«Սյունյաց իշխան Վասակի որդի իշխան Փիլիպեից գնում է Ձագեձորի Վարարակն կոչված ջուրը տասներկու հազար դրամով և մեկ փայլուն ջավահիրով…շատ չարչարանքով ու մեծամեծ ծախսերով ջուրը բերել էր Ձագաձորի լեռներից և հասցրել մինչև Ցաքուտ..»:
Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան,1986,էջ 226:
ՏԻՐՈՋ ՔԱՐ , Սեդի քար – մերկացած ներժայթուկ գոյացություն Վերիշենի հյուսիսային մասում:Նախկինում գործածված անունն ունի արաբական ծագում,հավանաբար Արաբական տիրապետության ժամանակաշրջանում հայերեն տեղանվան բառացի թարգմանությունից առաջացած և հետագա իսլամական տիրապետությունների ժամանակ պահպանված: «Սիդ» արաբերեն `տեր,Սիդի քար-Սեդի քար,այսինքն` Տիրոջ քար: Ի հաստատումն վերոնշյալի նշենք,որ Տիրոջ քարը հանդիսանում է Հանբադա բերդի պաշտպանական համակարգի անբաժանելի մասը:
ՏՈՌՈԶԻ ՍԱՐ – լեռնագագաթ / 2765 մ / Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում, համանուն լեռներում, Վերիշեն գյուղից 4 կմ հյուսիս:
ՏՈՌՈԶԻՍԱՐԻ ԼԵՌՆԵՐ – լեռներ Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում, Վերիշեն գյուղից 4 կմ հյուսիս: Առավելագույն բարձրությունը համանուն լեռն է :

ՈՒ
ՈՒՐԴՈՒՎԻ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Ուրդուվի քրատակի առջև:
ՈՒՐԴՈՒՎԻ ԲՈՍՏԱՆՆԵՐ — տես Զորաց բանջարանոց:
ՈՒՐԴՈՒՎԻ ՔՐԱՏԱԿ — բնական փոքրիկ քարայր Խասփորում, Վերիշեն –Խոզնավար ճանապարհի ձախ մասում:
ՈՒՐԴՈՒԽԱՆԻ ՄԱՐԳ , ՈՒրդուխանի ղուրուղ – հանդամաս Ակներում ,Վարդուտից մինչև գոմեր հատվածում:

Փ
ՓԱՅՏԱԼԻՃ , Չոփչուգյոլ – լճակ Սյունիքի մարզում, Սյունիքի հրբ. բարձրավանդակում, Խենփասարի հյուսիս արևմտյան լանջերին,Վերիշեն գյուղից 3.5 կմ հյուսիս- արևելք, ծովի մակարդակից 2142 մ բարձրուփյան վրա: Մակերեսը` 2հա: /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ՓԵՇԻՆ ՔԵՐԾ , Փշինքերծ — փոքրիկ ժայռային մերկացում Կողբաձորի լեռների հարավ-արևելյան լանջին :
ՓՈԹՈՒ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր անտառում:
ՓՈՔՐ ՔՈՉԱՏԵՂԻԻ ԱՂԲՅՈՒՐ , Կուճի ուրդի աղբյուր- բնական աղբյուր համանուն հանդամասում,Սաւդարի բոստանից քաշկառ ընկած հատվածում:

Ք
ՔԱՌԱՍՆԱԿՆ , Ղուրփուլաղ — այս անունը ընդհանրապես անգործածական է , ընդունված տարբերակը Ղուրփուլաղն է, որը կարծում ենք պետք է վերանվանել Սառնաղբյուր: /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ՔԱՇԿԱՌԻ ԳԼԽԻ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Ակների սարավանդում , չինգիլների /քարացրոնների/ մեջ ձևավորված ունիկալ աղբյուր, որի ջրերի ջերմաստիճանը +4 է
ՔԵՇԻՇ ԱՐԽ – տես Տերտերի առու:
ՔԵՇԻՇԱՐԽԻ ԳԼԽԻ ԱՂԲՅՈՒՐ – տես Առվագլխի աղբյուր:
ՔԻՐԱՄԻ ՔԱՐ — — հրբխային լավայի մերկացած հորիզոն Խաչին օսից արևմուտք,որը առանձին հատվածներով հայտնի է Բաբուռին քար, Քիրամին քար, Գյուրջուն քար, Դադուն քար, Մամուն քար անուններով:
ՔՈՌ ԱՂԲՅՈՒՐ — բնական աղբյուր Աղոթաքարի լեռների հարավ -արևմտյան ստորոտին:
ՔՐՄԱԳԵՏ , Ղուրդուն գետ, Վերիշեն — գետակ Սյունիքի մարզում , Վարարակն գետի ձախ օժամդակը:Սկիզբ է առնում Աղոթաքարի լեռնանցքից և գյուղի հարավում /Ճիրիխառնուրդ / միախառնվում մայր գետին:Երկ. 5 կմ : /Անվանափոխությունը ներկայացված է ըստ Կառավարության 26 օգոստոսի 2010թ-ի N 1103 –Ն որոշման/
ՔՈՒՄՈՒՆ ԲԱԴՈՒ ՂՈՒՐՈՒՂ , Գալու հող – վարելահող Բայթալի քերծի հարավային ստորոտին:

Օ
ՕՆԻԿԻ ԱՂԲՅՈՒՐ , Սմբատի աղբյուր — բնական աղբյուր Քրմագետի ափին:Վերակառուցել է երջանկահիշատակ Օնիկ Բադալյանը, հոր` Սմբատի հիշատակին:

Տեղանունները սոսկ լեզվական փաստեր չեն ,այլ նաև պատմագիտական ճշգրիտ ու անաչառ ապացույցներ: Վաղնջական ժամանակներից հիշվող հայկական տեղանունները լեզվական ամրակուռ վկայություններ են , որոնք բացահայտում են ողջ ճշմարտությունը Հայկական լեռնաշխարհի բնիկ տերերի մասին: ՈՒրեմն ներկայումս հայկական տեղանունների պաշտպանության , պահպանման և վերականգնման խնդիրը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն:

Նյութը ՍՀՀԿ-ին տրամադրեց մանկավարժ Արամ Բաբայանը

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի