Անվանի մանկավարժն ու Սյունաց աշխարհի պարբերական մամուլի հիմնադիրը. Սիմեոն-Տեր Մինասյան

Spread the love

XX դարասկզբի հայ պարբերական մամուլի պատմության համապատկերում բացառիկ դերակատարություն է ունեցել ժամանակի ճանաչված մտավորականներից, մեծ մտահորիզոնի տեր Սիմեոն Տեր-Մինասյանը: Նրա ավանդը նշանակալի է եղել ոչ միայն լրագրության բնագավառում, այլև Զանգեզուրի գավառի հասարակական-քաղաքական և հատկապես կրթական կյանքի առաջադիմության գործում: Ս. Տեր-Մինասյանի կարճատև, սակայն բեղմնավոր կյանքը անմնացորդ նվիրում եղավ Զանգեզուրի գավառին, նրա մշտական հոգսն ու մտասևեռումը՝ հարազատ ժողովրդի բարօրությունն ու լուսավոր ապագան: Նրա անվան ու անխոնջ գործունեության հետ է կապված հատկապես Գորիսում «Գաւառ» շաբաթաթերթի հիմնադրումը: Հարկ է նշել, որ մինչև այսօր Սիմեոն Տեր-Մինասյան մանկավարժի, հրապարակախոսի, հրատարակչի և գրական նշանակալից վաստակ ունեցող անձնավորության կյանքն ու գործունեությունը առանձին ուսումնասիրության չեն արժանացել: Ուստի մեր ձեռքի տակ եղած աղբյուրագիտական տարաբնույթ նյութերով սույն հոդվածի սահմաններում փորձենք ուրվագծել նրա կյանքի ու գործնեության անցած ուղին և տալ նրա հասարակական հայացքների համառոտ պատկերը:

Ս. Տեր-Մինասյանի ծննդավայրը՝ Գո­րիս-Կյո­րես գյուղաքա­ղա­քը, գտնվում է Սյուն­յաց աշ­խար­հի բնաշ­խար­հա­գրա­կան գողտ­րիկ անկ­յու­նում, Վա­րա­րակ­նի կամ Ձա­գա­ձո­րի հով­տի մեջ, Որո­տա­նի ձա­խա­կողմ­յան վտակ Վա­րա­րակն կամ Գո­րիս գե­տա­կի աջափնյակում: Ծնվել է 1885 թ.: Որդին էր հոգևորականների տոհմից սերող Հին Գո­րի­ս գյու­ղի (Ներքին Շեն) տիրացու Սահակ Տեր-Մինասյանի[1]: 1874 թ. կազմ­ված «Զան­գե­զու­րի գա­վա­ռի բե­կե­րի, մե­լիք­նե­րի, ա­ղա­լար­նե­րի, աս­տի­ճա­նա­վոր­նե­րի և հոգևո­րա­կա­նե­րի» տե­ղե­կագ­րում ու­շագ­րավ տե­ղե­կութ­յուն­ներ է հա­ղոր­դվում նաև Տեր-Մինասյան տոհմի մասին. «Հայ­րա­պետ Տեր-Մի­նաս­յա­նը, նրա որ­դի տի­րա­ցու Սա­հա­կը, վեր­ջի­նիս որ­դի Ներ­սե­սը: Հայ­րա­պետ Տեր-Մի­նաս­յա­նի եղ­բայր­ներ` տի­րա­ցու Հով­հան­նե­սը, Կա­րա­պե­տը և Ա­վա­գը»[2]: Հին Գո­րի­ս գյու­ղում 1869-1870 թթ. հիմնադրված Սբ. Ստե­փա­նոս­ի[3]  ան­վան եկեղեցական-ծխական դպրոցի առաջին ուսու­ցիչն էր «կրթեալ առ պապ իւր Կո­րի­սե­ցի» տիրացու Հով­հան­նես Տեր-Մի­նաս­յա­նը[4]:

Մանուկ Սիմեոնը մեծացել է հայրենասիրությունը խոր ար­մատ­ներ գցած, ուսման-կրթության, դեպի մշակութային կյանքը հակումներ ունեցած և Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն անսահմանորեն նվիրված տիրացու Սահակի ավան­դա­պահ ընտանիքում: Ուս­տի, պա­տա­հա­կան չէ, որ հա­յա­շունչ այդ մթնո­լոր­տում Սահակի որդիները ժողովրդին ծառայելու ու­ղին բռնե­ցին: Ավագ որդին՝ Ներ­սես Տեր-Մի­նաս­յան­ը քահանայագործել է Հին Գո­րիս կամ Վե­րին Շեն գյու­ղի Սբ. Գ­ևորգ (Նա­րակ­նունք կամ Նո­րակ­նունք) ե­կե­ղե­ցում[5]: Այնուհետև ա­վար­տելով Երևա­նի թե­մա­կան դպրո­ցի Դ դա­սա­րա­նը, երկար տարիներ հայ եկեղեցու պատմություն է դասավանդել Գորիսի Սբ. Հռիփսիմեի անվան եկեղեցական-ծխական երկ­դա­սյա դպրոցում[6]:

Գանձակ-Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառապետ Պյոտր Ստա­րից­կիի օ­րոք (1868-1870 թթ.)[7] Վարարակն գետակի աջափնյակում 1870 թ. Գորիս անվամբ նոր գա­վա­ռա­կենտ­րոնի (քաղաքի կոչում է ստացել գավառապետ Գրի­գո­րի Պֆել­լե­րի օ­րոք, մինիստր­նե­րի խորհր­դի` 1904 թ. մար­տի 4-ի ո­րոշ­մամբ) հիմնադրումից հետո նորահիմն բնակավայրում նախ բնա­կութ­յուն հաս­տա­տե­ցին Հին Գո­րիս գյու­ղի բնա­կիչ­նե­րը: Տա­փա­րա­կում բնա­կութ­յուն հաս­տա­տած առաջին ըն­տա­նիք­նե­րի (Մե­լիք-Հյու­սեին­յան­ներ, Մի­րում­յան­նե­ր, Բա­դիր­յան­նե­ր և ուրիշներ) թվում էին նաև Տեր-Մի­նաս­յան­նե­րը[8]:

Ս. Տեր-Մինասյանի մանկության  և պատանեկության վե­րա­բեր­յալ աղբ­յուր­նե­րը մանրամասն տե­ղե­կութ­յուն­ներ չեն հա­ղոր­դում: Հայտնի է միայն որ մանուկ հասակից մեծ սեր ու հետաքրքրություն է ցուցաբերել ընթերցանության նկատմամբ: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սբ. Հռիփսիմեի անվան եկեղեցական-ծխական երկդասյա դպրոցում (հիմնադրվել է 1890/1891 ուս. տա­րում[9])[10]: Այդտեղ ավանդ­­վել է կրոն, հա­յոց լե­զու, թվա­բա­նութ­յուն, հա­յոց պատ­մութ­յուն, ռու­սաց պատ­մութ­յուն, ընդ­հա­նուր աշ­խար­հագ­րութ­յուն, ռու­սաց աշ­խար­հագ­րութ­յուն, եր­գե­ցո­ղութ­յուն, երկ­րա­չա­փա­կան բնա­գի­տութ­յուն, ձե­ռա­գրա­կան նկար­չութ­յուն, գե­ղագ­րութ­յուն և ձե­ռա­գործ[11]: Տարբեր տարիներին դպրոցում դասավանդել են ժամանակի ճանաչված մանկավարժներ Ռա­ֆա­յել Տեր-Ավագ­յա­նը, ու­սու­ցիչ­նե­րն էին Գրի­գոր Տեր-Հով­հան­նիս­յա­նը, Աբ­րա­համ Բար­սեղ­յա­նը և Հաս­միկ Մալ­խաս­յա­նը, Գե­դեոն Տեր-Մի­նաս­յան­ը, Սամ­սոն Դավթ­յա­նը, Համ­բար­ձում Տեր-Ղա­զար­յա­նը, Կա­տա­րի­նե Սա­րո­յան­ցը, Հով­հան­նես Գրի­գոր­յա­նը և Տիգրան Սա­զան­դար­յա­նը[12]:

Եկեղեցական-ծխական դպրոցի Ե դասարանն ավարտելուց հետո ուսումնատենչ Ս. Տեր-Մինասյանը, չբավարարվելով դպրոցում ձեռք բերած գիտելիքներով, ուսուցիչների հորդորով 1898-1907 թթ. հետագա կրթությունը շարունակում է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում[13]: «Աւարտելով դպրոցը,- գրում է Ս. Մանուկողլյանը,- նա ասպարեզ իջաւ աւելի կազմակերպւած, կռած ու կոփւած ժողովրդի կարիքների մէջ, բազմակողմանի ուսումնասիրած նրան»[14]:

Գորիսն աստիճանաբար հասարակական կյանքի առաջընթաց էր ապրում: Ռուսական կայսրության հեռավոր մի ծայրամասում ծվարած այդ քաղաքը տակավին XIX դարակեսից կապ­ված էր հայ ժո­ղովր­դի տար­բեր հոսանք­նե­րի որ­դեգ­րած ա­ռա­ջա­դի­մա­կան գա­ղա­փար­նե­րի, Ռու­սաս­տա­նի և եվ­րո­պա­կան երկր­նե­րի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձի հետ: Հա­ղոր­դա­կից դառ­նա­լով ժա­մա­նա­կի ազ­դե­ցութ­յուն­նե­րին, ինչ­պես արևե­լա­հայ մյուս շրջան­նե­րում, այս­տեղ ևս, առաջ էին մղվում ժո­ղովր­դին լու­սա­վո­րե­լու և ինք­նա­ճանաչության բե­րե­լու գա­ղա­փար­նե­րը: Գո­րի­սից և շրջա­կա գյու­ղե­րից մեծ թվով ե­րի­տա­սարդ­ներ պանդխ­տութ­յան էին մեկ­նում հատկապես արդ­յու­նա­բե­րա­կան Բա­քու քա­ղա­ք, որը XIX դարի վերջերին ճանաչված էր որպես արևելահայության առևտրաարդյունաբերության, հասարակական-քաղաքական և կրթամշակութային խոշոր կենտրոններից մեկը: Պանդխտության մեկնած ե­րի­տա­սարդ­ներն ակտիվորեն ներգրավվում էին նավթարդյունաբերական քաղաքի հասարակական-քաղաքական կյանքին: Նրանցից շա­տե­րը, վե­րա­դառ­նա­լով Գո­րիս, ազգային և առաջավոր գա­ղա­փա­րները տա­րա­ծում էին հայ­րե­նի քա­ղա­քներում և գյու­ղե­րում: Ծնուն­դով Հին Գո­րի­ս գյու­ղից (Ներքին Շեն), ՀՅԴ ան­վա­նի գոր­ծիչ «Զան­գե­զուր­ցի» ծած­կա­նու­նով Ար­տեմ Խան­զադ­յա­նը «Դաշ­­նակ­ցու­թեան մուտքն ու աշ­խա­տան­քը Զան­գե­զու­րում» փաս­տա­վա­վե­րագ­րա­կան բնույ­թի հու­շագ­րութ­յու­նում թվար­կում է այն ե­րի­տա­սարդ­նե­րին, ո­վքեր տար­բեր ժա­մա­նակ­նե­րին պանդխտությունից վե­րա­դար­ձել են Գո­րիս և մեծ դե­րա­կա­տա­րութ­յուն ու­նե­ցել քաղաքի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քի աշխուժացմանը: «1902 թո­ւի աշ­նան,- գրում է Ա. Խան­զադ­յա­նը,- Գո­րիս քա­ղա­քը ժա­մա­նե­ցին նաւ­թա­հան­քե­րի շրջա­նի Բա­լա­խա­նի քա­ղա­քում, Դաշ­նակ­ցու­թեան յե­ղա­փո­խու­թեան քու­րա­յում մար­զո­ւած, հայ­րե­նի­քի գա­ղա­փար­նե­րով սնո­ւած մի քա­նի Զան­գե­զուր­ցի ե­րի­տա­սարդ­ներ: Դրանք էին` Խօ­սուն Ծա­տու­րը` Ա­սա­տուր (այլ աղբյուրներում՝ Աստվածատուր — Գ. Ս.) Գէոր­գեան, Փար­սուն Մես­րո­պը` Մես­րոպ Փար­սեան, Շի­նա­կա­նը` Յա­կովբ Սար­գիս­ջա­նեան, Խուր­շու­դեան Դա­ւի­թը եւ կարճ բո­յով տե­ռո­րիստ Եա­պո­նա­ցին` Համ­բար­ձու­մը (իմա՝ Հա­մ­­բարձում Սար­գիս­ջանյանը) … եր­կու թէ ե­րեք ա­միս յե­տոյ, ե­կաւ Յով­սէ­փեան Նի­կո­լա­յը, գո­րի­սից ե­րեք կի­լո­մետր հե­ռու ըն­կած Ե­րի­շէն գիւ­ղա­ցի Գա­լուստ Մա­շու­րեա­նը, ֆե­դա­յա­կան շո­րե­րը հա­գած, եւ Խնձո­րեսկ գիւ­ղա­ցի Ար­սէն Դա­տաեա­նը, բա­ւա­կան պատ­րաս­տո­ւած մէ­կը: Գա­րուն բա­ցո­ւե­լուն` 1903 թո­ւին, ե­կաւ նաեւ Սու­րէն Ա­րա­մեա­նը, ա­սում էին ճե­մա­րա­նա­ւարտ էր, տաճ­կա­հայ: Ե­կած յե­ղա­փո­խա­կան­նե­րի շար­քե­րիցն էր եւ Զա­քար Եօ­լեա­նը»[15]:

Գո­րի­սի հա­սա­րա­կա­կան կյան­քի աշ­խու­ժաց­ման հա­մար բա­րեն­պաստ պայ­ման­ներ ստեղծ­վեցին, երբ 1902 թ. հիմն­վեց հա­սա­րա­կա­կան ա­կում­բը՝ Գո­րի­սի հան­րա­հայտ «ա­կըմ­բա­նո­ցը»[16]: Իսկ հաջորդ տարում, Ա­սա­տուր Գ­ևորգ­յա­նի (Խո­սուն Ծա­տուր) և Մես­րոպ Փարս­­յա­նի (Փար­սուն Մես­րոպ) կող­մից հիմ­ն­­վեց «Սա­­սուն» գրա­վա­ճա­ռա­նո­ցը: Ա. Խան­զադ­յա­նի վկայությամբ. «Գո­րիս ժա­մա­նած ե­րի­տա­սարդ յե­ղա­փո­խա­կա­նե­րից` Խօ­սուն Ծա­տու­րը եւ Փար­սեան Մես­րո­պը քա­ղա­քի կենտ­րո­նա­կան փո­ղո­ցի վրայ գրա­վա­ճա­ռա­նոց բա­ցին: Ցու­ցա­տախ­տա­կի վրայ խո­շոր տա­ռե­րով «Սա­սուն» ա­նունն էր գրո­ւած»[17]: Գրա­վա­ճա­ռա­նո­ցը մի յու­րա­հա­տուկ հա­վա­քա­տե­ղի էր Գորիսի առա­ջա­դեմ ե­րի­տա­սար­դութ­յան, մաս­նա­վո­րա­պես պե­տա­կան և ծխա­կան դպրոց­նե­րի բարձր դա­սա­րան­նե­րի աշա­կեր­տութ­յան հա­մար:

Գո­րի­սում հայ ազ­գա­յին կու­սակ­ցութ­յուն­նե­րից ա­ռա­ջինն իր գոր­ծու­նեութ­յու­նը սկսեց ՀՅ Դաշ­նակ­ցութ­յու­նը, երբ Արշակ Շի­րին­յա­նի, Սու­րեն Ա­րամ­յա­նի, Ար­սեն Դադ­յա­նի (խնձո­րեսկ­ցի), Ա­սա­տվածատուր Գ­ևորգ­յա­նի (Խո­սուն Ծա­տուր), Նիկոլայ Հովսեփյանի, Մես­րոպ Փարս­­յա­նի (Փար­սուն Մես­րոպ) ջանքերով 1903 թ. կե­սե­րին կազ­մա­վոր­վեց է ՀՅԴ Զան­գե­զու­րի Սյու­նիք կո­մի­տեն` Գո­րիս կենտ­րո­նով: Կո­մի­տեն գլխա­վո­րում էր քա­ղա­քում և գա­վա­ռում ան­վե­րա­պա­հո­րեն մեծ հե­ղի­նա­կու­յուն վա­յե­լող, Լայպ­ցիգ քա­ղա­քում բարձ­րա­գույն կրթութ­յուն ստա­ցած, եվ­րո­պա­կան մի շարք լե­զու­նե­րում հմուտ, հա­րուստ գի­տե­լիք­նե­րի և մեծ մշա­կույ­թի տեր շի­նու­հայ­րե­ցի Ա. Շի­րին­յա­նը[18]: ՀՅԴ-ից բացի, Զան­գե­զու­րում, մաս­նա­վո­րա­պես Խնձո­րեսկ և Սվարանց գյու­ղերում, կա­յին մեծ թվով Ս Դ Հնչակ­յան­ներ: Նրանց գլխա­վո­րում էր Գո­րի­սում վե­րաբ­նակ­ված Սի­սիա­նի Լեռ­նա­շեն (Շե­նա­թաղ) գյու­ղա­ցի Համ­բար­ձում Տեր-Հով­հան­նիս­յա­նը[19]:

Գորիսի հասարակական կյանքի դրական այդ տեղաշարժերի շրջանում էլ իր ակտիվ գործունեությունը սկսեց տակավին աշակերտ Ս. Տեր-Մինասյանը: Ազգային հեղափոխական տրամադրություններով հակված պատանու համար դրսևորվելու առիթ ծառայեց Ռուսաստանում բռնկված 1905-1907 թթ. հեղափոխական շարժումները: Ռուսական հեղափոխության հուժկու ալիքը հասնում էր կայսրության ծայրամասերը: Հեղափոխական տրամադրությունը համակել էր նաև ամբողջ Հայաստանը, և ամենից առաջ, արդյունաբերական կենտրոնները՝ Ալեքսանդրապոլը, Երևանը, Կարսը, Ղաթարի հանքերը և այլն[20]:

Ս. Տեր-Մինասյանը ճեմարանում ուսումնառության շրջանում մշտապես ոգեշունչ ելույթներ էր ունենում, ցույց տալիս ժողովրդի ծանր վիճակը, պայքարի ոգեկոչում նրանց և այլն: Ս. Տեր-Մինասյանի ուսումնառության տարիներին հայոց եկեղեցական-ծխական դպրոցում տիրող վիճակի և Սիմեոնի գործունեության մասին խիստ ուշագրավ է նրա դասընկերներից Սիմեոն Մանուկողլյանի հուշ-ակնարկը, որում մասնավորապես ասվում է. «1905 թիւն էր. Ե դասարանում էինք թւով 58 հոգի. այդ թւականն արդէն պարզ ցոյց է տալիս թէ մենք ինչպիսի ժամանակներում էինք ապրում…, երբ ամբողջ Ռուսաստանում նոր արշալոյսի երգն էին երգում: Այն ժամանակներում երիտասարդ ուժերի առաջ մեծ գործեր կային դրւած. խաւար, տգէտ մասսային լուսաւորելու, աչքերը բաց անելու, իրենց իրենց դրութիւն իրենց հասկացնելու մէծ գործն էր, որ մեր առաջն էր դրւած:… Աշակերտութիւնն սկսւեց յուզւել, գործը ընդունակ սրտերը թունդ ելան, ասպարէզ եկան: Սիմէօնը, մեր բոլորիս սիրելին, մեր դասարանի ոգին, անհանգիստ էր. նա չէր կարողանում անտարբեր նայել դրսի խաւարին, փակւած աչքերին. նա իրեն դուրս էր նետում, մտնում էր այդ խաւար մասսայի մէջ, գործում նրա համար, նրանով ապրում, նրա ցաւերով վառւում, նրա ապագայով ոգևորւում և միշտ երեկոները, երբ մենք սերտողութեան էինք նստած լինում, ներս էր մտնում կարմրած երեսով, վառվռուն աչքերով, կէնդանի դէմքով, ինքնագոհ նայում մեզ, ձեռները տրորում և իւր տեղը նստում: Ոգևորւած րոպէներին բարձրանում էր ամբիոն և ոգևորւած ճառում. ցոյց էր տալիս մեզ մեր գործունեէութեան ուղին, առաջ էր բերում ժողովրդի ցաւերը, և նրանց բժշկելու միջոցները…» [21]:

Պատանի Ս. Տեր-Մինասյանի համար գործունեության նոր ասպարեզ բացվեց, երբ Այսրկովկասում սկսվեցին հայ-թաթարական ընդ­հա­րում­նե­րը: Այդ իրադարձությունների տարե­գիր Ա-Դօն (Մարտիրոս Տեր-Հարությունյան) ­ի­րա­վաց­իո­­րե­­ն ն­շում­ ­է, որ ընդհ­­ա­րում­նե­­­ր­­ը հրահր­վե­­­լ­ են­ ց­­ա­ր­­ա­կա­­­ն կա­ռա­վար­­­ո­ւ­­թյ­­ան կողմ­ից՝­ նպ­­ա­տա­կ­­ ուն­ե­նա­լով­ ա­զգ­­ա­մի­­ջյ­­ան ­­բա­խում­նե­րով Կով­­կա­­­ս­­ը հեռո­ւ ­պա­հե­­լ­ Ռու­ս­­ա­ս­­տա­նում հա­սու­ն­­ա­ցող­ հե­ղա­փո­խո­­ւ­­թյու­նից[22]:­­ Կայս­րո­ւթյան մեջ­ բ­­նա­­կ­­վող ժո­ղո­վուրդ­նե­րի ազ­գայ­ին­­-ա­զա­տա­գրա­կան շա­­­րժման դե­մ­ պայ­­քա­րե­լիս ցա­­րա­կ­­ան կառ­­­ա­վ­­­ա­ր­­ութ­յո­ւն­­ը, մշտա­պ­­ես ­կի­րառ­ե­լո­վ «բա­ժա­նի՛ր­, ­որ տի­րես» սկզբուն­քը, շա­րու­նակ թշն­ա­մո­ւ­թ­­­յուն ­էր ս­­ե­ր­­մա­նում իր­­ տի­րա­պե­տությ­ան տակ­ գտնվո­ղ­ ժ­­ող­ո­­վո­ւրդ­­նե­րի­ մի­ջև­­:

Արագորեն ծավալվող աննախադեպ իրադարձությունների պայմաններում 1­90­5­ թ­. օ­գոս­տո­սին­ Զան­գե­զու­րի գա­վա­ռում ևս սկիզբ ա­ռան հայ-թա­թա­րա­կա­ն­ ընդ­հա­րում­նե­րը. թաթարական զինված հրոսակախմբերը սկսեցին անարգել հարձակումներ գործել հայկական գյուղերի վրա: Ռուսական առաջին հեղափոխության և հայ-թաթարական կռիվների մթնոլորտում Ս. Տեր-Մի­նաս­յա­նը հայության համար ճակատագրական այդ օրերին ստիպված էր մի կողմ դնել ուսմամբ զբաղվելու իր անկեղծ ցանկությունը և կանգնել իր ժողովրդի կողքին: Այդ օրերին արևելահայ մամուլի ներքին տեսության հիմնական թեման հայ-թաթարական կռիվների լուսաբանումն էր: Ս. Տեր-Մինասյանը Զան­գե­զու­րի գա­վա­ռում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սին բո­վան­դակ հա­յութ­յանն ի­րա­զե­կե­լու նպա­տա­կով գավառակենտրոն Գո­րի­սից պար­բե­րա­բար թղթակ­ցութ­յուն­ներ էր ու­ղար­կում Թիֆ­լի­սում լույս տես­նող ա­ռա­ջա­տար լրագ­րե­րին՝ «Մշակին», «Զանգին» և «Արշալոյսին»: Իր թղթակցությունները Ս. Տեր-Մինասյանը ստորագրում էր «Նոէմիս», «Համիկ», հետագայում նաև՝ «Համիկյան» ծածկանուններով: Հանդես գալով որպես գավառային սկսնակ թղթակից՝ Ս. Տեր-Մինասյանը մանրամասնորեն ներկայացնում էր թաթար հրոսակների դավադիր հարձակումների հետևանքով հայկական գյուղերում տիրող իրավիճակը, թաթար խաժամուժի գործած վայրագություններն ու անիրավությունները և այլն: Այս առումով ուշագրավ են «Մինքէդի կոտորածը»[23], «Դրութիւնը Զանգեզուրում»[24] և «Դրութիւնը Զանգեզուրի գաւառում»[25] թղթակցությունները:

Հայ դպրոցի և մշակույթի պատմության մեջ առանձնահատուկ դեր ունեցած Գևորգյան ճեմարանում Ս. Տեր-Մինասյանն էլ ավելի հարստացրեց գիտելիքները: Ճեմարանականների ուսուցումը և դաստիարակությունն ընթանում էին ժամանակի այնպիսի լավագույն մանկավարժների և մասնագետների հոգատար հսկողության ներքո, ինչպիսիք էին՝ Լեոն (Առաքել Բաբախանյան), Մ. Աբեղյանը, Հր. Աճառյանը, Ստ. Լիսիցյանը, Գ. Հովսեփյանը, Ստ. Կանայան, Գ. Լևոնյան, Ստ. Մալխասյանը և շատ ուրիշներ, որոնց շնորհիվ հաջորդ տասնամյակներում հայ իրականությունում նշանավորվեց հայ մշակույթի փայլուն առաջընթաց: Ճեմարանում ուսանելու տարիներին Ս. Տեր-Մինասյանը երբեք առիթը բաց չի թողել զբաղվելու ճեմարանին հուզող խնդիրներով, համարձակորեն իր խոսքը հնչեցրել աշակերտական հավաքույթներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններից Բաբկեն վարդապետի վկայությամբ. «Ժողովներում խօսելիս նրա խօսքը անպայման ազդեցութիւն էր թողնում ունկնդիրների վրայ, որովհետև այդ խօսքը բղխում էր նորա անկեղծ և խիստ զգայուն սրտից, որովհետև նա ասում էր համոզւած և որոշ հետևողականութեամբ»[26]: Ճեմարանական տարիները մեծ դեր ունեցան Ս. Տեր-Մինասյանի՝ ապագա մանկավարժի և հրապարակախոսի ձևավորման ու կայացման գործում: Ճեմարանում ևս Ս. Տեր-Մինասյանը շարունակում է զբաղվել լրագրությամբ. տարաբնույթ թղթակցություններ, կրթական, տնտեսական ու կրոնական կյանքի մասին լրատվություններ հղելով Երևանում լույս տեսնող «Յառաջ» օրաթերթին[27]: Ս. Տեր-Մինասյանի այդ շրջանի հոդվածներից իր կարևորությամբ աչքի է ընկնում հատկապես Բաքվում լույս տեսնող «Զանգ» շաբաթաթերթում հրապարակած «Մեղու պահիր» (Զրոյցներ մեղուաբուծութեան մասին)[28] խիստ ուշագրավ հոդվածը, որում մեծ կարևորություն է տրվում մեղվաբուծության զարգացման հարցերին, առաջարկվում նաև այդ կերպ խթանել գյուղատնտեսության զարգացմանը:

Ճեմարանավարտներից շատերը գնացին քաղաքներն ու գյուղերը՝ նոր թարմ լիցք հաղորդելու մեր ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքին: Բարձր առաջադիմությամբ  ավարտելով ճեմարանը՝ բազում շնորհներով օժտված Ս. Տեր-Մինասյանը նույնպես նվիրվում է մանկավարժական գործունեության, ուսուցիչ կարգվելով նախ Վաղարշապատի, ապա Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) եկեղեցական-ծխական դպրոցներում: Ինչպես վկայում է Ս. Մանուկողլյանն իր հուշերում. «Շատ երիտասարդ հասակում, 17-18 տարեկան, մեծ ոգևորութեամբ, վառվռուն յոյսերով նա մտնում է կեանքի մէջ…»[29]:

Շնոր­­հիվ մտա­վոր կա­րո­ղութ­յուն­նե­րի և մարդ­կանց հետ խե­լա­միտ վար­վե­ցո­ղութ­յան, Ս. Տեր-Մինասյանն իր աշխատած վայրերում կարճ ժամանակում ձեռք է բերում մեծ հեղինակություն և հարգանք: Ինչպես վկայում է «Ղարաբաղ» եռօրյա թերթի թղթակից «Բէկ» ստորագրությամբ հեղինակը. «Նա (իմա՝ Ս. Տեր-Մինասյանը — Գ. Ս.) իր շիտակ գործունէութեամբ այս շրջանում շատ շուտով սիրելի է դառնում թէ իր աշակերտներին և թէ հասարակ, աշխատաւոր ժողովրդին, որի հետ յաճախ խօսում էր բուն ժողովրդական լեզւով, ամոքում էր նրա բազմազան ցաւերը և նրանց դեղ ու դարման առաջարկում»[30]:

Նպատակ ունենալով մանկավարժական հետագա գործունեությունը շարունակել հայրենի քաղաքում՝ Ս. Տեր-Մինասյանը եկեղեցական-ծխական դպրոցի[31] ավագ տեսչի պաշտոնով 1909 թ. ամռան սկզբներին վերադառնում է Գորիս և անմիջապես ներգրավվում հասարակական և կրթամշակութային գործունեության մեջ, իր գիտելիքները ի սպաս դնելով հարազատ ժողովրդի լուսավորության գործում: Ս. Տեր-Մինասյանը տեսուչի պաշտոնը ստանձնեց այն ժամանակ, երբ գավառում տիրում էր հեղձուկ միջավայր, սոցիալական անարդարությունների պատճառով ժողովուրդն ապրում էր ծանր կենսապայմանների մեջ: Անմխիթար վիճակում էր գտնվում հատկապես դպրոցական գործը: Սեփական շինություն չունենալու պատճառով եկեղեցական-ծխական դպրոցի դասերն անցկացվում էին վար­ձու մաս­­նա­վոր շի­նութ­յու­ններում[32]: Նյու­թա­կան մի­ջոց­նե­րի բացակայության պատ­ճա­ռով 1909 թ. օգոս­տո­սից դպրոցը կարճ ժա­մա­նա­կով ստիպված էր դադարեցրել իր գործունեությունը: Նույն պատճառներով աշակերտներից շատերը թողնում էին դպրոցը:

Բնական է, որ հասարակական կյանքը հուզող խնդիրների նկատմամբ նոր մոտեցումներն ասպարեզ էին հանում նորանոր նշանավոր դեմքեր, հասարակական հարաբերությունների վերակառուցման յուրովի ծրագրերով: Որպես հայ մտավորականության ներկայացուցչի, Ս. Տեր-Մինասյանին ևս խորթ էին այն բարքերը, որ տիրում էին գավառում և նրա կենտրոն Գորիսում: Ուստի նա իր ազատամտությամբ հակադրվում է տիրող վիճակին: Լավատեղյակ լինելով գավառակենտրոնի օրախնդիր հարցերին՝ Ս. Տեր-Մինասյանը մանկավարժական գործունեությանը զուգընթաց հասարակական հարաբերությունները վերափոխելու ազնիվ մղումներով համառ ջանքեր է գործադրում ժողովրդի առաջընթացի և բարօրության համար:

Ակտիվորեն ներգրավվելով հասարակական կյանքին, նա երբեք չնահանջեց որդեգրած ուղղուց: Գիտակցելով իր ձեռնարկած գործի կարևորությունը հարազատ գավառի և նրա բնակչության համար, Ս. Տեր-Մինասյանն իր հասարակական եռանդուն գործունեությունը սկսեց իր գաղափարակից ընկերներին ուղղված հետևյալ կոչով. «Ընկերնե՛ր, ծանր են պայմանները, քնած է ժողովուրդը, մեզ ոչ ոք չի հասկանում: Աշխատենք միասին, անենք կարելին և այսպիսով ազատ ու հանգիստ լինենք մեր բարոյականի ու խղճի առաջ»[33]:

Ս. Տեր-Մինասյանը խորապես համոզված էր, որ հասարակական կյանքում էական փոփոխություն չէին կարող մտցնել մի քանի ուսյալ անհատներ և միայն համընդհանուր լուսավորությունը կարող էր արդյունավետ ու օգտակար լինել ժողովրդի համար: Այդ պատճառով էլ անհրաժեշտ էր համարում ամենուրեք ծավալել լուսավորության գործը: Կրթված հասարակությունը կարող է հասնել ընդհանուր բարեկեցության: Ահա այս հիմնադրույթով էր Ս. Տեր-Մինասյանը մտնում հասարակական գործունեության ասպարեզ: Գորիսի հասարակական կյանքի շրջապտույտում շուտով կանգնելով առաջնակարգ դիրք ունեցող մտավորականների (Տ. Սազանդարյան, Ա. Շիրինյան և այլք) կողքին, Ս. Տեր-Մինասյանն իր բոցաշունչ խոսքով գավառում մի նոր մակարդակի բարձրացրեց հրապարակախոսությունը, իր հոդվածներով ժամանակի առաջավոր թերթերում գավառահայության միտքն ուղղելով դեպի դեմոկրատական ազատություններ և ժամանակակից առաջադիմության հեռուները: Ս. Տեր-Մինասյանն իր հրապարակախոսական գործունեությամբ ձգտում էր գավառահայությանը օգնել հասնելու մի մակարդակի, որը նրան հնարավորություն ընձեռներ հաղորդակցվելու ռուսական և եվրոպական մշակույթին ու գիտությանը, զարգացնելու սեփական ստեղծագործական ունակությունները: Ս. Տեր-Մինասյանը հրապարակախոսական մեծ տաղանդ է դրսևորում և հետևողականորեն իրականացնում լուսավորական գաղափարախոսություն՝ միտված ազգային ինքնաճանաչության, քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը: Նորի ըմբռնման գիտակցությամբ գրված նրա հոդվածներում սկզբունքային նշանակություն էր տրվում առաքինությանը, հայրենասիրությանը, մարդասիրությանը, արժանապատվությանը, խորը հարգանքին՝ դեպի կրթությունը, իմացությունն ու քաղաքակրթության արժեքները: «Բէկ» ստորագրությամբ հեղինակն իրավամբ բարձր գնահատելով Ս. Տեր-Մինասյանի լրագրողական տաղանդը, գրում էր. «Նա հրապարակախօս էր բառիս իսկական իմաստով. նրա բոլոր յօդւածների մէջ նկատւում է բողոք անարդարութեան դէմ, պաշտպանութիւն կեղեքւած հայ ժողովրդի դատի, և բուռն զզւանք ու հալածանք գիղական տզրուկների, վաշխառուների դէմ»[34]: Ս. Տեր-Մինասյանի խոս­քը հա­մո­զիչ էր, օժտ­ված ա­ռողջ դա­տո­ղութ­յամբ և ժո­ղովր­դա­կան ի­մաստ­նութ­յան բա­րե­մաս­նութ­յուն­նե­րով. նրան սի­րով ուն­կն­դ­րում էին: Ուս­տի պա­տա­հա­կան չէ նրա մտերիմներից Գր. Տեր-Պողոսյանի հետևյալ բնորոշումը. «Գեղեցիկ, յաղթահարող, հմայող էր Սիմէօնը իբրև ճառասաց. ու՞ր էր նա ուսել բեմասացութիւնը, ես չը գիտեմ…»[35]:

Ս. Տեր-Մինասյանի քաղաքացիական խիզախ նկարագիրը, մտավոր կորովը, հազվագյուտ խորաթափանցությունն ու վերլուծական հզոր ջիղը, բարձրացրած հարցերի մեջ ճիշտ կողնորոշվելու ունակությունը լավագույնս դրսևորվում է «Վ. Հ.» տառերով ստորագրությամբ «Հո­րի­զո­ն» օրաթերթում տպագրված «Մեր իրականութիւնից» վերտառությամբ հրապարակումը, որում երիտասարդ հրապարակագիրը Գորիսի օրինակով պատկերում է գավառահայության իրական վիճակը, ժողովրդի թշվառ կյանքն ու դրա սոցիալական արմատները: Ծրագրային այդ հոդվածում Ս. Տեր-Մինասյանը քննադատության սլաքը ուղղում է Գորիսի ներքին կյանքի թերությունների դեմ, վեր է հանում որոշակի սոցիալական հանգամանքներում դրսևորվող արատավոր երևույթները: Հասարակական բացասական երևույթների սուր քննադատություն պարունակող սույն հրապարակմամբ Ս. Տեր-Մինասյանին հաջողվել է ձևավորել Գորիսի հասարակական կյանքի լուսավորության և առաջընթացի մի լուրջ ծրագիր, որն իր հետաքրքրությունը պահպանում է նաև այսօր:

Ս. Տեր-Մինասյանը գավառահայության բարեկեցության և առաջադիմության հասնելու գործում որոշիչ նշանակություն էր տալիս լուսավորական մեթոդները: Ուստի ժողովրդին կրթելու և լուսավորելու վերաբերյալ իր դրույթները նա հիմնավորում էր կոնկրետ առաջարկներով: Ս. Տեր-Մինասյանին ամենից առաջ քննադատական իր խոսքն է ուղղում մտավորականությանը, մեղադրում նրանց պահպանողականության մեջ, որոնք լռությամբ էին անցնում տիրող սոցիալական անարդարությունների հանդեպ, այդ պատճառով էլ հասարակ ժողովրդի մոտ հետզհետե պակասում էր հարգանքը նրանց նկատմամբ, իսկ անտարբերությունը բերում էր բազմաթիվ բարոյական կորուստներ: Այդ հանգամանքը չափազանց անհանգաստացնում էր Ս. Տեր-Մինասյանին: Ուստի նա ձգտում էր գործի ասպարեզ հրավիրել թմրության մեջ գտնվող մտավորականությանը, համակել հասարակական ակտիվության և նրանց ուժերով գավառակենտրոն Գորիսը դարձնել ստեղծարար գործունեության օջախ: Նկարագրելով Գորիսում տեղ գտած բարքերը, «Դժգոյն է մեր գաւառի իրականութիւնը,- գրում էր նա,- սակայն աւելի ևս դժգոյն է մեր քաղաքի իրականութիւնը: Առաջին հայեացքից գուցէ Գորիսն ունենայ չափազանց գրաւիչ կողմեր, սակայն համբերութիւն ունեցէք հետաքրքրւել և ձեր առաջ կը բացւի չափազանց անմխիթար իրականութիւն, որի մէջ յուրաքանչիր ոք ունի իր մեղսակցութիթւնը… Մտաւորական տարրերը-համալսարանական և միջնակարգ կրթութեան տէր անձնաւորութիւններն իրենք առաջինն են պարզել հակահասարակականութեան դրոշը. եթէ կան մասնակի անձնաւորութիւններ, որոնք երբեմնակի ցնցումներ են անում այլ ուղղութեամբ ապրելու, դոքա էլ մանր ինտելիգենտ անհատներ են, որոնք հէնց իրենց մէջ բաժնւած են անձնական, նեղ շահերով»[36]:

Հոդվածում հատուկ տեղ է հատկացվում նաև կրթության հարցերին: Ս. Տեր-Մինասյան հրապարակախոսը ամենից առաջ մանկավարժ էր, որը ձգտում էր հասարակության ուշադրությունը հրավիրել դպրոցական գործի բարելավման, մանուկների դաստիարակության կարևորության վրա: Իր մտահոգությունն արտահայելով եկեղեցական-ծխական դպրոցի չգործելու ա­ռի­թով՝ նա գրում էր. «Եւ այ­սօր մեր դպրո­ցը փակ­ւած է, ա­ռանց բաց­ւե­լու որևէ ե­րաշ­խա­ւո­րու­թեան: Ռո­ճի­կի հա­մար գան­գա­տա­ւոր ուսու­ցիչ­նե­րը կա­տա­րո­ղա­կան թեր­թով սպառ­նում են գրե­լու և վա­ճառ­քի հա­նե­լու դպրո­ցա­կան կայ­քը»[37]:

Ս. Տեր-Մինասյանն իրավացիորեն գտնում էր, որ գավառահայության կրթության խնդիրը պետք է հուզի սոցիալական բոլոր խավերին: Այսօրվա դիտակետից անգամ իրենց թարմությունը չեն կորցրել հոդվածում արծածված այն միտքը, որ ցանկալի առաջադիմության հասնելու  համար ժողովուրդը պետք է հենվի մեծահարուստների վրա, որոնք իրենց ունեցվածքի մի մասը պետք է նվիրաբերեն դպրոցներին, ինչը կարիքի մեջ գտնվող ժողովրդին կարող էր դեպի ապահով ապագա առաջնորդել: Հայ ար­ձա­կի մե­ծա­գույն բա­նաս­տեղծ, բնիկ գո­րի­սե­ցի Ակ­սել Բա­կունցն իր հրա­շա­գեղ «Կյո­րես» եր­գի­ծա­կան վի­պա­կում ճշմա­րիտ գծե­րով ու ռեա­լիս­տա­կան մեծ ար­վես­տով է ար­տա­հայ­տել իր ապ­րած ժա­մա­նա­կաշր­ջա­նի ի­րա­կա­նութ­յան վարքն ու բարքը: «…ինչ վերաբերում է բեյերի հոգևոր շահերին,- գրում է Բակունցը,- ապա նրանք հոգի չունեին, որ հոգևոր շահ ունենային: Միայն Պավլի բեյն էր, Օրբելյանների վերջին շառավիղը, որ առանձնության մեջ ակնկալում էր Սյունյաց նախարարության վերադարձը: Իսկ Հաստ Ներսես բեյը և մյուս բեյերը գիտեին, որ աշխարհում կա պետ և ստորադրյալ և արանքում հարկավոր է թուղթ խաղալ, ուտել և ձանձրանալ, ձանձրույթից հորանջել, հորանջելով բամբասել… Նույն էին նաև խոջաները, և միայն նրանց որդիները, որոնք պրոգրեսիստ էին և Պասաժում խանութ ունեին…»[38]:

Այս վիճակից դուրս գալու բանալին Ս. Տեր-Մինասյանը գտնում էր մեծահարուստների անձնական օրինակելի վարքի, ձեռներեցության և ժողովրդին հովանի լինելու մեջ: Ելակետ ունենալով բարեկեցության հասնելու այս մեթոդը, նա գրում էր. «Եթէ կայ մի հաստատութիւն, որ ներկայումս մեր հասարակութեան առաջին ուշադրութեանն է արժանանում, դա դպրոցն է: Սակայն դուք հակառակը կը տեսնէք մեր, Գօրիսի իրականութեան մէջ: Գօրիսեցին ներկայումս կարծես վերջնականապէս երես է թեքել դպրոցից: Ինչո՞ւ, գուցէ կը հետաքրքրւի բարի ընթերցողը: Պատճառները չափազանց շատ են. մենք կը բաւականանանք միայն մի քանիսի արձանագրելով: Գորիսեցին աղքատ չէ: Հասարակութեան մի մասը, կազմւած զուտ վաճառականներից ու պաշտօնեաներից ոչնչութիւն է տեսնում ազգային դպրոցի մէջ… ուրեմն դրանք իրենց առաջ ունեն ազգային դպրոցից հեռանալու մշտական ու հաստատուն հեռանկարը: Այսպիսով դպրոցին օժանդակող նիւթականապէս կարող տարրը խզում է իր մասնակցութիւնը դպրոցական գործում:… Եւ որքան այդ անգիտակ վերաբերմունքը ներելի է ժողովրդի, անտեղեակ ծխականների կողմից, նոյնքան էլ զարմանալի է դպրոցի ղեկավարների կողմից»[39]:

Արգասավոր է եղել Ս. Տեր-Մինասյանի գործունեությունը եկեղեցական-ծխական դպրոցի ավագ տեսչի պաշտոնում: Ստանձ­նե­լով տես­չի խիստ պա­տաս­խա­նա­տու պար­տա­կա­նութ­յուն­նե­րը՝ Ս. Տեր-Մինասյանը պաշտոնավարության հենց սկզբից բացառիկ եռանդով ջանք չխնայեց դպրոցի գործունեության վերսկսման, կրթական գործի բարելավման ուղղությամբ: Նա հնա­րա­վո­րինս փոր­ձեց կա­նո­նա­վո­րել դպրո­ցա­կան գոր­ծի կազ­մա­կեր­պու­մը, լու­ծել ծխա­կան դպրոց­նե­րի ա­ռաջ ծա­ռա­ցած բա­զում խնդիր­նե­րը. ու­սու­ցիչ­նե­րի մշտա­կան խմբե­րի պահ­պա­նում, աշ­խա­տա­վար­ձե­րի ժա­մա­նա­կի տրա­մադ­րում, շեն­քա­յին պայ­ման­նե­րի ա­պա­հո­վում, ա­շա­կեր­տնե­րի հա­մար անհ­րա­ժեշտ գրե­նա­կան պի­տույք­նե­րի ձեռք­բե­րում և այլն: Զան­գե­զու­րի գա­վա­ռում դպրո­ցա­կան գոր­ծի արդ­յու­նա­վետ կազ­մա­կերպ­ման, դպրո­ցը ուս­յալ և զար­գա­ցած ու­սու­ցիչ­նե­րով ա­պա­հո­վե­լու խնդիրն օ­րա­վուր ի­րեն զգացնել էր տա­լիս: Դեռևս 1896 թ. գար­նա­նը Զան­գե­զու­րում շրջա­գա­յած ազ­գա­յին գոր­ծիչ, գրա­կա­նա­գետ Նի­կոլ Աղ­բալ­յա­նը գրում է, որ զան­գե­զու­րի­ցի­նե­րն­ ու­սուց­չի մա­սին ու­նեին հետևյալ վառ պատ­կե­րա­ցում­նե­րը. «Ու­սում­նա­կան ը­լի վար­ժա­պե­տը, որ ան­գին մար­գա­րիտ ը­լի` բնա­ւո­րու­թիւ­նը վատ էլ ըն­չի՞ ա պէտ­քը, էրեխայ թա­կող չը­լի, դինջ ը­լի, հար­բե­ցող չը­լի»[40]:

Հարկ է նշել, որ Ս. Տեր-Մինասյանը մենակ չէր լուսավորական իր քարոզներում: Այդ գործիչների թվում էին ժամանակի ճանաչված մանկավարժներ Տիգրան Սազանդարյանը, պե­տա­կան (ար­քու­նի) կամ «ռու­­սա­կան» ուսում­նա­րանի տեսուչ, տի­տուլ­յար խորհր­դա­կան Սա­դաթ­ Սաֆ­րազ­բե­կյա­նը, Հովհանես Գ­ևորգ­բեկ­յա­նը, Եփ­րեմ Մե­լիք-Շահ­նա­զար­յան­ցը և շատ ուրիշներ: Ձեռնամուխ լինելով դպրո­ցա­կան գոր­ծի արդ­յու­նա­վետ կազ­մա­կերպ­ման աշխատանքներին, մի խումբ ուսուցիչների նախաձեռնությամբ 1909 թ. նո­յեմ­բե­րի 22-ին Գո­րի­սում հրա­վիր­վում է շրջա­նա­յին ու­սուց­չա­կան ժո­ղո­վ, ո­րին մաս­նակ­ցում էին 13 ու­սու­ցիչ­ներ: Ժո­ղո­վը վեր­ջաց­նե­լով իր աշ­խա­տանք­նե­րը, ո­րո­շում է. Զան­գե­զու­րում բա­ցել «Ուսուց­չա­կան միութ­յան մաս­նաճ­յուղ»: Միութ­յան վար­չու­թյան ան­դամ­ներ են ընտր­վում օր. Լ. Տիգ­րան­յա­նը, Ս. Տեր-Մի­նաս­յա­նը և Տ. Սա­զան­դար­յա­նը[41]:

Ս. Տեր-Մինասյանի լրա­գ­­րողա­կան և մանկավարժական աշ­խա­տանքն անխ­զե­լիո­րեն կա­պված է գի­տա­ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեութ­յան հետ: Արժեքավոր տեսական ու մեթոդական հոդվածների միջոցով օգնել և ուղղություն է տվել սկսնակ հայ մանկավարժներին: Այս առումով ուշագրավ է նրա հեղինակած «Վարժապետ» (Նախապատմական մարդը) աշխատությունը[42]: Գիտական ուսումնասիրությունների շարքում շահեկանորեն տարբերվում է առավել տարածված եվրոպական լեզուների հիման վրա հորինված լեզվի՝ Էսպերանտոի մասին գրված հոդվածը[43]: Իր ուսումնասիրություններում և թերթերում տպագրված հոդվածներում բարձրացրել է դպրոցների բարենորոգման հարցերը, հիմնավորել սոցիալական բոլոր խավերի համար կրթության հավասարությունն ապահովելու անհրաժեշտությունը: Թիֆլիսում լույս տեսնող «Նոր դպրոց» ամսագրում Ս. Տեր-Մինասյանը մանկավարժության հարուստ փորձի շնորհիվ տպագրել է հանգամանալից «Ուսուցչի խոհերից» ակնարկը, որտեղ լուսաբանում է մանկավարժության գործնական խնդիրներն ու տեսական հարցերը, հմտալի դիտարկումներով քննության է առել ուսումնական պրոցեսի մի շարք կարևորագույն հարցեր, որոնցից էին դպրոցում կարգ ու կանոնի պահպանումը, աշակերտների մտավոր և ֆիզիկական դաստիարակության զուգակցումը: Մատաղ սերնդի բնավորության կազմավորման գործում Ս. Տեր-Մինասյանը մեծ նշանակություն էր տալիս աշակերտների գեղագիտական դաստիարակությանը, որի համար անփոխարինելի էր գտնում երգի ու երաժշտության ուսուցումը, թատերական ներկայացումների կազմակերպումը և այլն[44]:

Ս. Տեր-Մինասյանին շատ է զբաղեցրել հատկապես կանանց կրթության հարցերը: Այդ խնդրի իրագործման ուղին նա մատնանշել է Թիֆլիսում հրատարակվող «Գործ» օրաթերթում տպագրված՝ «Կանանց կրթութիւնը Հիւս.[ային] Ամերիկայում» ծավալուն ուսումնասիրությունում, որում խորհուրդ է տալիս յուրացնել արևմտյան մշակույթի դրական արժեքները: «Այսօր,- գրում է նա,- երբ մեր դպրոցների բարենորոգման և վերջնական կանոնաւորման հարցն է դրւած հրապարակի վրայ, մի առանձին կարևորութիւն է ներկայացնում մեր ժողովուրդի լայն մասսաների ծանօթութիւնը արևմտեան լուսաւոր ազգերի դպրոցական ներքին և արտաքին բովանդակութեան ու կազմակերպութեան հետ: Գեղեցիկ սեռի կրթութեան պահանջը մեզանում դեռ ևս կատարեալ իրաւունք չէ ստացել և բարձր շրջաններում անգամ մի առանձին խորհրդաւորութեամբ է խօսւում այդ խնդիրի մասին»[45]:

Անշուշտ, Ս. Տեր-Մինասյանի լուսավորական մտայնությունն առաջադիմական երևույթ էր ժամանակի հասարակական մտքի զարգացման պայմաններում: Ս. Տեր-Մինասյանի թափած ջանքերը զուր չանցան: Նրա հոդվածները որոշ ներգործություն են ունեցել հասարակության մեջ, այս կամ այն չափով նպաստել ազգօգուտ ձեռնարկումների, բարեգործական քայլերի մղել մեծահարուստներին և այլն: Այպսես՝ մտա­հոգ­ված եկեղեցական-ծխական դպրո­ցա­կան հար­մա­րա­վետ շի­նութ­յուն ու­նե­նա­լու խնդրով, մե­ծա­հա­րուստ-բա­րե­գործ Ա­ռա­քել Ծա­տուր­յա­նի եղ­բայ­րը` Միր­զա Ծա­տուր­յա­նը, ո­րը հա­մագ­յու­ղա­ցի­նե­րի՝ քարահունջեցիների շրջա­նում հայտ­նի էր նաև Միր­զա-Ա­պեր ա­նու­նով, ի հի­շա­տակ իր և տիկ­նոջ, 1910 թ. ապ­րի­լի կե­սե­րից նա­խա­ձեռ­նում է դպրո­ցա­կան շեն­քի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը, այդ նպա­տա­կով տրա­մադ­րե­լով 3-4000 ռ.[46]: Դպրո­ցի շի­նա­րա­րութ­յու­նը սկսե­լու նպա­տա­կով Ս. Տեր-Մինասյանի հրա­վե­րով դպրո­ցի դահ­լի­ճում 30 ծխա­կան­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ տե­ղի է ու­նե­նում խորհ­րդակ­ցութ­յուն: Ա­վար­տե­լով իր աշ­խա­տանք­նե­րը, խորհր­դակ­ցութ­յու­նը ո­րո­շում է. ընտ­րել ութ հո­գուց բաղ­կա­ցած «Շի­նա­րա­րա­կան հանձ­նա­ժո­ղով»` դպրո­ցի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը կա­նո­նա­կար­գե­լու հա­մար: Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­ներ են ընտր­վում բժիշկ Միք. Պա­րոն­յա­նը, Ար­շակ Ղա­զար­յա­նը, Աղ. Բաղ­րամ­յա­նը, Աստ­վա­ծա­տուր Բար­սեղ­յա­նը, Գ. Մի­րում­յա­նը, Գ. Յոլ­յա­նը, Հ. Մել­քում­յա­նը և Մե­լիք քհ­ն. Օ­հան­յա­նը: Խորհր­դակ­ցութ­յու­նից հե­տո կա­տար­ված հան­գա­նա­կութ­յան արդ­յուն­քում հա­վաք­վում է 600 ռ.[47]:

Դպրո­ցի նոր շի­նութ­յան հիմ­նա­րկե­քը 1910 թ. օ­գոս­տո­սի 8-ին հան­դի­սա­վոր պա­տա­րա­գից հե­տո կա­տա­րում է այդ օ­րե­րին Գո­րի­սում գտնվող Երևա­նի թե­մի փո­խա­ռաջ­նորդ Խո­րեն վրդ. Մու­րադ­բեկ­յա­նը. «Այ­սօր հան­դի­սա­ւոր պա­տա­րա­գից յե­տոյ Երևա­նի Փոխ-թե­մա­կալ բարձ­րա­պա­տիւ Խո­րէն վար­դա­պետ Մու­րադ­բէ­գեա­նը մաս­նակ­ցու­թեամբ տե­ղա­կան քա­հա­նա­յա­կան դա­սի և ժո­ղովր­դի, կկա­տա­րի Կենտ­րո­նա­կան դպրո­ցի հիմ­նադ­րու­թիւ­նը»[48]: Առաջ անցնելով նշենք, որ Երևա­նի թե­մա­կան խոր­հուր­դը հաշվի առնելով Ս. Տեր-Մինասյանի բազմարդյուն գործունեությունը, մտա­հոգ­ված դպրո­ցա­կան գոր­ծի առավել արդ­յու­նա­վետ կազ­մա­կերպ­ման խնդրով, 1910 թ. սեպ­տեմ­բե­րի սկզբնե­րին­ Զան­գե­զու­րի գա­վա­ռի ծխա­կան դպրոց­նե­րի վե­րա­տես­չի աշ­խա­տան­քը հանձ­նվում է նրան[49]:

Ս. Տեր-Մինասյանի՝ Գորիսում ծավալած լուսավորական շարժման կարևոր դրսևորումներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, 1909 թ. դեկտեմբերի 5-ին հիմնած «Գաւառ» անվանումով քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան, տնտե­սա­կան և գրա­կան շա­բա­թա­թերթն էր, որի շուրջ էլ խմորվեց Զանգեզուրի գավառի հասարակական միտքը: Թերթի ամփոփոխ խմբագիր-հրատարակիչն էր Ս. Տեր-Մինասյանը: «Գաւառը» տպագրվում էր «Սա­սուն» տպա­րա­նում, որը հիմնադրվել էր 1908 թ.՝ Աստվածատուր Գևորգ­յա­նի (Խո­սուն Ծա­տուր) և Մես­րոպ Փարս­յա­նի  (Փար­սուն Մես­րոպ) ջան­քե­րով, գո­րի­սե­ցի Հայ­րա­պետ Մե­լիք-Օհան­յա­նի դրա­մա­կան օ­ժան­դա­կութ­յամբ[50]: Տպարանատերն էր  Աստվածատուր Գևորգ­յա­նը[51]: Արգասավոր է եղել տպարանի գործունեությունը: Իր հետապնդած նպատակներով տպարանը մշակութային մի ուրույն հաստատություն էր, որը գործել է մինչև 1921 թ.: Նա իր առջև խնդիր էր դրել հրատարակել օգտակար գրքեր, պե­տա­կան գոր­ծա­ռույթ­նե­րի վե­րա­բեր­յալ փաս­տաթղ­թե­րի ձ­ևեր և այլն: Այսպիսով՝ հասարակական տեղաշարժերի զուգընթաց պայմաններ ստեղծվեցին նաև պարբերական մամուլի ստեղծման համար:

Գա­վա­ռի հա­սա­րա­կա­կան, սո­ցիալ-տնտե­սա­կան, գրա­կան և կրթամ­շա­կու­թա­յին ա­ռա­ջըն­թա­ցին նա­խան­ձախն­դիր, Ս. Տեր-Մինասյանը, ու­ղի­ներ ո­րո­նեց և ե­ռան­դուն ջան­քեր թա­փեց դրա իրա­կա­նաց­ման հա­մար: Իր ժողովրդին ծառայելու նպատակադիր գաղափարներով առաջնորդվող Ս. Տեր-Մինասյանը, բնականաբար, պետք է որ լուծեր նրա հետ հնարավորին ճիշտ հաղորդակցվելու, նրան հասկանալի ու ըմբռնելի լինելու խնդիրը: Ուստի ժողովրդին լուսավորելու ազնիվ մղումով երիտասարդ հրապարակախոսը որոշում է հիմնադրել մի պարբերաթերթ, որում պետք է նկարագրվեր գավառում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական անցուդարձը, ինչպես և տրվեր վստահելի աղբյուրներից քաղված դեպքերի տեսությունը: Պարբերաթերթը, ի­րեն ա­նուն ընտ­րե­լով «Գա­ւառ», այդ ան­վան մեջ խորհր­դան­շեց իր գոր­ծու­նեութ­յան շրջա­նակ­նե­րը: «Գաւառի» հիմնադրման շարժառիթների մասին խոսվում է առաջին տարվա ա­ռա­ջին հա­մա­րի ա­ռաջ­նոր­դո­ղում, որում մասնավորապես ասվում է. «Հայ գա­ւառ… Որ­պէս մի ան­ղեկ նաւ տա­րու­բե­րում է ա­նո­րո­շու­թեան ա­նեզր ու ան­սահ­ման տա­րա­ծու­թեան վրայ հայ գա­ւա­ռը, ո­րը միշտ էլ աչ­քի է ըն­կել իւր լալ­կան կող­մով… Գնում է նա ան­ղէկ ու անն­պա­տակ և իւր այ­սօր­ւայ տան­ջան­քով վաղ­ւայ տա­ռա­պան­քի ա­նի­ծեալ շղթան է կռում. գնում է նա վաս­տա­կե­լու վաղ­ւայ սե­րըն­դի ա­նէծքն ու նզով­քը, խոր­տա­կե­լու նրա վար­դա­գոյն իղ­ձե­րը… Ա­հա այս­պի­սի իրա­կա­նու­թեան մէջ հրա­պա­րակ է գա­լիս գա­ւա­ռի հա­մար միշտ մօտ կանգ­նած «Գա­ւառ»-ը պատ­կե­րաց­նե­լու, ար­ժա­նի ար­տա­ցո­լու­մը տա­լու մեր կեան­քի ցա­ւոտ կող­մե­րին և նրա բու­ժու­մը ար­ձա­նագ­րե­լու: «ԳԱ­ՒԱՌՆ», ա­մե­նից ա­ռաջ լի­նե­լու է գա­ւա­ռա­կան չար­քաշ գիւ­ղա­ցիու­թեան ցա­ւե­րի ու տան­­ջանք­նե­րի հա­րա­զատ թարգ­մա­նը, սրտա­ցաւ ե­րի­տա­սարդ և մա­քուր տար­րե­րի ան­բա­ժան ըն­կե­րը: Ապ­րե­լով գա­ւա­ռա­կան չա­փա­զանց նեղ շրջա­պա­տում բնա­կա­նից «Գա­ւառ»-ը մի ճա­կա­տագ­րա­կան պաշտ­պա­նութ­եամբ լի­նե­լու է Զան­գե­զու­րի հա­յու­թեան բե­րա­նը, մեր հա­րիւ­րա­ւոր պան­դուխտ­նե­րի բա­րո­յա­կան լծա­կը սի­րած հայ­րե­նի­քի հետ»[52]: Այս­պի­սի խնդիր­ներ լու­ծե­լու և բա­զում դժվա­րութ­յուն­ներ հաղ­թա­հա­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ էր ան­կոտ­րում կամք, սե­փա­կան գոր­ծի ար­դա­րա­ցիութ­յան հստակ գի­տակ­ցութ­յուն ու­նե­ցող մարդ: Այդ­պի­սի ե­զա­կի ան­հա­տա­կա­նութ­յուն­նե­րից էր գա­վա­ռի բազ­մա­բնույթ հոգ­սե­րով ապ­րող, կրթամ­շա­կու­թա­յին ան­խոնջ գոր­ծիչ Սիմեոնը: Տ. Սա­զան­դար­յա­նի դի­պուկ բնու­թագր­մամբ` «Պա­րո­նը ծա­նօթ է մեր գա­ւա­ռա­ցու ո­գուն, մօտ է նրա ցա­ւին…»[53]:

Այսպիսով՝ «Գաւառ» թերթն իր գաղափարական սնունդն ստանալով դեմոկրատական ակունքներից, ասպարեզ եկավ գավառահայության, աշխատավոր գյուղացիության ծանր իրավիճակն արտահայտելու և այդ իրավիճակի բարեփոխմանը նպաստող միջոցներ առաջադրելու նկատառումներով: Ինչպես վկայում է «Բէկ» ստորագրությամբ հեղինակը, Ս. Տեր-Մինասյանը «Խորապէս ըմբռնելով մամուլի հզոր ոյժը, մանաւանդ գաւառի խեղճ ու կրակ ժողովրդի համար, իր շուրջը հաւաքելով մի քանի ուսուցիչներ՝ սկիզբն է դնում 1909 թ. Գորիսի «Գաւառ» շաբաթաթերթին…»[54]: Գավառահայության մտավորականության միասնական զարթոնքը խթանելու մեջ էր տեսնում Ս. Տեր-Մինասյանն իր պարբերականի կարևոր կոչումներից մեկը և ջանք չէր խնայում այն դարձնելու յուրատեսակ գաղափարական կամուրջ: Թերթի առաջին  համարի առաջնորդողում նա գրում է. «Թերթի էջերը լայն բանալով բոլոր գիտակից, հասարակականութեան տեմպով տարւած տարրերի առաջ խմբագրութիւնը յոյս ունի, որ այդպիսով մի բարոյական կապ պիտի ստեղծի գաւառական ցրւած տարրերի մէջ, պիտի դիւրութիւն տայ նրանց գիտակցելու իրենց կոչումն ու արժանիքը, քննելու իրանց շրջապատող գորշ իրականութիւնը, դորա յառաջխաղացութեան բոլոր տեսակի միտումներն ու երազները»[55]: Կարճ ժամանակում «Գավառը» դարձավ Զանգեզուրի հայ մտավորականության հավաքատեղին ու ամբիոնը: «Գա­ւա­ռը» հայ մա­մու­լի պատ­մութ­յան մեջ այն ե­զա­կի թեր­թե­րից էր, որ եր­բեք չնա­հան­ջեց իր որ­դեգ­րած ու­ղղուց: Հրա­պա­րակ մտնե­լու առա­ջին իսկ օ­րե­րից մինչև հրա­տա­րակ­ման վեր­ջին օ­րը հետևո­ղա­կա­նո­րեն վեր հա­նեց գա­վա­ռի բազ­մա­թիվ խնդիր­նե­րը: Իր բազ­մարդ­յուն գոր­ծու­նեութ­յամբ տա­րեգ­րա­յին բա­րեխղ­ճութ­յամբ ար­ձա­նագ­րեց 1909 թ. դեկ­տեմ­բերի 5-ից մինչև 1910 թ. դեկտեմբերի 5-ը Զանգեզուրի գավառի դարասկզբի հայ հասարակական-քաղաքական, հոգևոր և մշակութային կյանքի մեծ ու փոքր իրադարձությունները, դառնալով մեր ժողովրդի պատմության մի հետաքրքիր շրջանի կարևորագույն սկզբնաղբ­յու­րներից մեկը:

«Գաւառ» շաբաթաթերթի գլխագիրը

Այսպիսով՝ հասարակական կյանքի աշխուժացման պայմաններում XX դա­րասկզ­բին Գո­րի­սի մշա­կու­թա­յին կյան­քը նշա­նավորվեց պար­բե­րա­կան մա­մու­լի ծնունդով և հայ մամուլի անդաստանը մտավ մի նոր պարբերական՝ «Գավառ» շա­բա­թա­թեր­թը: Զանգեզուրի գավառում առաջին պարբերաթերթի հիմնադրումով Ս. Տեր-Մինասյանն իր արգասավոր գործունեությամբ ըստ էության ազդարարեց գավառահայության քաղաքակրթական վիճակի մի նոր, բարձր աստիճանի լինելության իրողությունը, գավառահայությանը կապելով լրագրության աշխարհի հետ:

Պետք է ասել, որ «Գավառի» ծրագիրը շատ լայն էր: Ըստ իրենց բովանդակության, թերթի նյութերը զետեղվում են բաժիններում, որոնք են՝ հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, գրա­կանության և արվեստի, կրթական, հոգևոր-մշակութային և խառը լուրեր:

Նշենք, որ շա­բա­թա­թեր­թի հրա­տա­րա­կու­մը միան­շա­նակ չի ըն­դուն­վել հա­սա­րա­կութ­յան տար­բեր խա­վե­րում: «Քա­ղա­քի ժո­ղո­վուր­դի մէջ,- գրում է Ա. Խան­զադ­յա­նը,- սկսո­ւեց եռու­զեռ: Կա­յին մե­ղադ­րող­ներ, կա­յին ե՛ւ­ ու­րա­ցող­ներ, ո­րով­հե­տեւ թեր­թը նո­րույթ էր Զան­գե­զու­րում եւ թէ յե­ղա­փո­խա­կան­նե­րի գործն էր»[56]: Հրա­տա­րակ­ման տա­րում շա­բա­թա­թերն ու­ներ մոտ 600 բա­ժա­նորդ[57]:

Շաբաթաթերթի առաջին համարի լույս ընծայումից հետո խմբագրությունը ողջույնի բազմաթիվ նամակներ է ստանում ընթերցողներից: «Ողջոյն քեզ «Գաւառ»» խորագրի տակ Գ. Քալաշյանը Էջմիածնից գրում է. «Ողջոյն, որ դու հանդէս ես գալիս զարթեցնելու գաւառը իր դարաւոր թմրութիւնից, նոր կեանք, թարմութիւն ներշնչելու նրա դանդաղազարկ երակներին և թարգման կանգնելու հազարաւոր փակւած, ճնշված բերանների, սրտերի ու նոցա տենչերը իրագործելու»[58]:

Թերթի հրատարակության գործի կազմակերպումը դյուրին չի եղել խմբագրի համար: Սկզբնական շրջանում թերթը չի ունեցել թղթակիցների մշտական ցանց: Առաջնորդողների ու հոդվածների մեծ մասը գրել է ինքը՝ խմբագիրը: Ս. Տեր-Մինասյանից բա­ցի Զան­գե­զու­րի գա­վա­ռի հա­սա­րա­կա­կան, կրթամ­շա­կու­թա­յին և գյու­ղա­ցուն վե­րա­բե­րող բազ­մում խնդիր­նե­րի լու­սա­բան­ման հար­ցե­րով շա­բա­թա­թեր­թին ակնարկներով մշտա­պես թղթակ­ցել են Տ. Սա­զան­դար­յա­նը, Լ­. Մի­քա­յել­յա­նը (Սյու­նե­ցի Լ­ևոն), Ն. Քա­լաշ­յա­նը, Ա. Բա­բա­յա­նը, Ռ. Վար­դան­յա­նը և ու­րիշ­ներ: Ի դեպ, նշե­լի է, որ լրագ­րա­կան իր գոր­ծու­նեութ­յամբ, հրապարակախոսական իր տաղանդով և մամուլի գործերի լավատեղյակությամբ հատ­կա­պես աչքի է ընկնում Տ. Սա­զան­դար­յա­նը, ո­րը մշտա­պես թղթակ­ցե­լ­ է ոչ միայն «Գա­ւառ» շա­բա­թա­թեր­թին, այլև ժա­մա­նա­կի ա­ռա­ջա­տար լրագ­րե­րից «Հորիզոնին», «Մշա­կին» և «Ղա­րա­բա­ղին», ծա­վա­լուն և հե­տաքրք­րա­կան հոդ­ված­նե­րով պար­­բե­րա­բար լու­սա­բա­նե­լով Գո­րի­սի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան, սոցիալ-տնտեսական և կրթամ­շա­կու­թա­յին կյան­քը: Նրա ա­նունն, ի­րա­վամբ, կա­րե­լի է դա­սել XIX դ. երկ­րորդ կե­սի և XX դ. սկզբնե­րի հայ լրա­գրութ­յան լա­վա­գույն գոր­ծիչ­նե­րի շար­քում: Այս երկու լուսամիտ ամհատների՝ Ս. Տեր-Մինասյանի և Տ. Սազանդարյանի ներդաշն գործակցությամբ կարելի եղավ աստիճանաբար կյանքի կոչել շաբաթաթերթի նախագծած ծրագրերը:

Ս. Տեր-Մինասյանը ծա­վա­լե­լով լու­սա­վո­րա­կան լայն գոր­ծու­նեութ­յուն, ի­րա­պես, կարճ ժա­մա­նա­կում «Գա­ւառ»-ը դար­ձրեց գա­վա­ռա­յին կյանքն իր բո­լոր կող­մե­րով ար­տա­հայ­տող լա­վա­գույն լրագ­րե­րից մե­կը՝ իր շուր­ջը հա­մախմ­բե­լով բո­լոր նա­խան­ձախն­դիր, շնորհալի ու կարող ու­ժե­րին, որոնք մեծապես օգնում էին թերթի հաջողությանը: Նկա­տենք, որ գրաքն­նութ­յան պայ­ման­նե­րում հեշտ չի ըն­թա­ցել «Գա­ւառ» շա­բա­թա­թեր­թի հրա­տա­րակ­ման աշ­խա­տան­քնե­րը: Սա­կայն հարկ է նշել, որ հրա­տա­րակ­վող գրա­կա­նութ­յան և մա­մու­լի նկատ­մամբ ցա­րա­կան կա­ռա­վա­րութ­յան կող­մից ի­րա­կա­նա­ցվող գրաքն­նա­կան օ­րենք­նե­րի խստութ­յուն­նե­րի պայ­ման­նե­րում, կրթամ­շա­կու­թա­յին վե­րոնշ­յալ օ­ջախ­նե­րի աշ­խա­տանք­նե­րը գտնվում էին Գրաքն­նա­կան կո­մի­տեի ա­մե­նօր­յա ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում: Պա­տա­հել են դեպ­քեր, երբ շա­բա­թա­թեր­թն­ ան­հիմն պատ­ճա­ռ­­նե­րով փակ­վել է տե­ղի գրաքն­նա­կան մարմ­նի կող­մից: Թեր­թն­ այդ մա­սին հարկ է հա­մա­րել ի­րա­զե­կել ըն­թեր­ցող­նե­րին. «Կարճ ժա­մա­նա­կով «Տե­ղա­յին ցեն­զու­րա­յի» և մի շարք այլ ան­յար­մու­թիւն­նե­րի պատ­ճա­ռով «Գա­ւառ» ի հրա­տա­րա­կու­թիւնն այ­սու­հետ կարճ ժա­մա­նա­կով կդա­դա­րի»[59]: Ան­հար­կի խու­զար­կվում էին նաև հրա­տա­րակ­չա­կան և գի­տակր­թա­կան օ­ջախ­նե­րը: Այս­պես` 1910 թ. դեկ­տեմ­բե­րի 23-ին խու­զարկ­վում են «Սա­սուն» տպա­րանն ու Հա­կոբ Թ­ևան­յա­նին պատ­կա­նող գրա­տու­նը: «Հո­րի­զոնն» այդ ա­ռի­թով գրում է. «Ամ­սիս 23-ին ե­րե­կո­յեան ժա­մի 7-ին տեղ­ւոյս «Սա­սուն» տպա­րա­նում խու­զար­կու­թիւն կա­տար­ւեց գա­ւա­ռա­պե­տի օգ­նա­կա­նի կող­մից. նոյ­նը ե­ղաւ գրա­վա­ճառ Յա­կոբ Թ­ևա­նեա­նի մօտ, կաս­կա­ծե­լի ո­չինչ չէ գտնւած և ոչ ոք չէ ձեր­բա­կալ­ւած»[60]:

«Գաւառ» շաբաթաթերթը փակվեց շարունակվող գրաքն­նա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան և նյութական միջոցների բացակայության պատճառներով:

Այսպիսով՝ ի մի բե­րե­լով մեր խոս­քը «Գա­ւառ» շա­բա­թա­թեր­թի մա­սին՝ կա­րե­լի է ա­ներկ­բա­յո­րեն հաս­տա­տել, որ չնա­յած իր կար­ճատև գո­յութ­յա­նը, շա­բա­թա­թե­րը հիմ­նա­կան գծե­րով պատ­կե­րել է Զան­գե­զու­րի գա­վա­ռի, մաս­նա­վո­րա­պես գա­վա­ռա­կենտ­րոն Գո­րի­սի հա­սա­րա­կա­կան և սո­ցիալ-տնտե­սա­կան տե­ղա­շար­ժե­րը: Շա­բա­թա­թեր­թն­ իր ար­ծար­ծած հար­ցե­րի լայն շա­ռա­վի­ղով անգն­հա­տե­լի և կարևոր ներդ­րում է ու­նե­ցել Զան­գե­զու­րի գա­վա­ռի հա­սա­րա­կա­կան մտքի ձ­ևա­վոր­ման, գա­վա­ռի տա­րաբ­նույթ հիմ­նախն­դիր­նե­րի բարձ­րաց­ման ու լուծ­ման գոր­ծում: «Գաւառի» սկզբնավորած այդ ավանդները շարունակեցին ու զարգացրին հայ մամուլի գալիք սերնդի մշակները՝ նոր ժամանակների ոգուն ու պահանջներին համապատասխան:

Շաբաթաթերթի փակումից հետո Ս. Տեր-Մինասյանը հանրությանը հուզող հարցերին նվիրված մի շարք շահեկան հոդվածներով շարունակում է թղթակցել «Հորիզոն», «Գործ» թերթերին և «Մուրճ» ամսագրին[61]: Շնորհիվ ծավալած հասարակական, կրամշակութային լայն ու արդյունավետ գործունեության, Ս. Տեր-Մինասյանն արդեն մեծ հարգանք, վստահություն և ժողովրդականություն էր վայելում Զանգեզուրի գավառում և մասնավորապես Գորիսում: Դրա խոսուն վկան է այն իրողությունը, որ 1911 թ. փետր­վա­րի 10-ին քա­ղա­քա­յին ինք­նա­վա­րութ­յան դահ­լի­ճում, 45 քա­ղա­քա­ցի­նե­րի մաս­նա­կցու­թյամբ տե­ղի ունեցած Քաղաքային Դու­մա­յի նոր ըն­տրու­­թյուն­ներում ա­ռա­վե­լա­գույն ձայ­ներ հա­վա­քածների թվում էր նաև Սիմեանը[62]:

Որոշ ժամանակ անց՝ 1911 թ. օգոստոսի վերջերին, Ս. Տեր-Մինասյանը հրավիրվում է Արցախ՝ Շուշի, Արցախի թեմական կոնսիստորիայի կարգապահի և Մարիամյան օրիորդաց դպրոցի հայոց լեզվի ուսուցչի պաշտոններով[63]: Արցախ տեղափոխվելով՝ սկսվում է Ս. Տեր-Մինասյանի մանկավարժական, գրական և լրագրողական բեղմնավոր գործունեության երկրորդ բեղուն շրջա­նը: Այսրկովկասի արդյունագործական, առևտրի և մշակույթի խոշոր կենտրոններից մեկը՝ Շուշին, XX դա­րաս­կիզ­բին ապ­րում էր մշա­կու­թա­յին, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ակ­տիվ կյան­քով[64]:

Ս. Տեր-Մինասյանն Արցախում ևս անմիջապես ներգրավվում է հասարակական կյանքին, իր գործուն նպաստը բերելով կրթության և լրագրության ոլորտում տարվող աշխատանքներին: Արցախցի մանկավարժ Գր. Տեր-Պողոսյանը Ս. Տեր-Մինասյանին նվիրված հուշ-ակնարկում գրում է. «Եռանդով հարուստ, զգացմունքներով արդար, ձգտումներով գովական մի երիտասարդ էր Սիմէօնը հազիւ 25 տարեկան…»[65]:

Շուշիում հրատարակվող ՀՅԴ աշակերտական միության «Կռունկ» պարբերաթերթի (հրատարակվել է 1898 թվականից)՝ 1900 թ. փակումից հետո[66], քաղաքի առաջադեմ մտավորականները մտադրվում են հրատարակել մի նոր թերթ: Գործին խառնվում է նաև  Ս. Տեր-Մինասյանը, որն արդեն 1900-ական թվականների սկզբներին լրագրության բնագավառում ճանաչված անուն էր և ուներ հրապարակախոսի և բարեխիղճ մանկավարժի համբավ: 1911 թ. աշնանը Ս. Տեր-Մինասյանի նախաձեռնությամբ հրավիրված գործիմաց մի խումբ ուսուցիչների հավաքույթում որոշվում է հրատարակել «Ղարաբաղ» անվամբ գրական, հասարակական եռօրյա թերթ: Որոշվում է նաև խմբագրակազմը: Խմբագիր-հրատարակիչն էր բժ. Նիկողայոս Յարմիշյանը: Թեև փաստացի խմբագիրը Վ. Փափազյանն էր[67], սակայն, իրականում խմբագրական ողջ աշխատանքները կենտրոնացած էին Ս. Տեր-Մինասյանի ձեռքում[68]: Առաջնորդող հոդվածները նրա գրչին էին պատկանում: Նրա մտերիմ աշակերտներից Գր. Բալասբեկյանի վկայությամբ. «Սիմէօնը ցանկանում էր ստեղծել գաւառում մի թարմ ուժ, որոնք թէ տեղական գործնէութեանը պէտք է զարկ տային և թէ միևնույն ժամանակ լսելի դարձնէին՝ իրենց ձայն նրանց, ովքեր հեռու, մոռացւած՝ գաւառի տգիտութեան ու չարիքների մէջ խրւած ժողովրդի կենդանի գործը սիրում են յաճախ խօսել նրա անունից…»[69]:

Ղարաբաղ» թերթի գլխագիրը

Շարունակելով իր որդեգրած ընթացքը՝ այժմ արդեն «Ղարաբաղի» էջերում Ս. Տեր-Մինասյանը հրապարաում է ամենաբազմազան նյութեր (մի մասը անստորագիր)՝ նվիրված մշակույթի, բանասիրության, պատմության, աշխարհագրության, բնագիտության հարցերին: Ս. Տեր-Մինասյանի թողած գիտական ժառանգության շարքում իր ուրոյն տեղն ունի Շուշիի թեմական դպրոցի հիմնադրման 75-ամյակի առիթով գիտական պատշած մակարդակով գրված ծավալուն ուսումնասիրությունը[70]: Իր հոդվածներում Ս. Տեր-Մինասյանը մշտապես անդրադարձել է ժամանակի հուզող գրեթե բոլոր հարցերին: Այս առումով ուշագրավ է «Կիրակնօրեայ զրոյցներ»[71] վերտառությամբ հոդվածաշարը, որտեղ Ս. Տեր-Մինասյանը ընթերցողներին հայեցական ազգասիրությունից դեպի ազգային զարթոնքի իրողություններն է առաջնորդում: Տարաբնույթ հոդվածներից բացի, Ս. Տեր-Մինասյանը թերթի արձակի բաժինը լրացրել է ռուսական և եվրոպական գրողներից կատարված ստեղծագործություններով: Ինչպես օրինակ՝ ֆիննական գրականությունից որոշ հատվածներ թարգմանել է «Իգմե» լեգենդից[72]:

Ս. Տեր-Մինասյանը հոդվածներ է տպագրում նաև սպառողական ընկերությունների հարցերի շուրջ[73]: Այս առիթով նա կարդում է նաև մի շարք հրապարակային դասախոսություններ՝ նվիրված կոոպերացիայի տարածման հարցերին[74]: Նշենք, որ տպագրված ծանրակշիռ հոդվածներն ու ուսումնասիրությունները մինչև այսօր էլ չեն կորցրել իրենց թարմությունը և ունեն անգնհատելի արժեք: Դրանք այսօր մեզ արժանահավատ և հավաստի տեղեկություններ են տալիս  Արցախ հայաշխարհի այն ժամանակվա սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական հարաբերությունների և կրթա-մշակութային կյանքի վերաբերյալ:

Գործուն մասնակից լինելով Շուշիում ազգային տոների առիթով կազմակերպված միջոցառումներին, Ս. Տեր-Մինասյանը շատ հաճախ հանդես է եկել ոգեշունչ ճառերով:  Նրա հռետորական հմայքի, հոգևոր գեղեցկության, մեծ գիտելիքների ու հավասարակշիռ կեցվածքի մասին առանձին ջերմությամբ է վկայում Գր. Տեր-Պողոսյանը. «Իւր խօսած ճառը 1912 թ. Վարդանանց տօնի օրը հայ կանանց մասին այնքան ուժեղ էր, որ նոյնիսկ նրան չը համակրող, բայց միանգամայն կրթւած և ինտելիգենտ անձիք գտնում էին այն ժամանակ գեղեցիկ…»[75]:

Ս. Տեր-Մինասյանը սիրել է ճանապարհորդել Հայաստան լեռնաշխարհում: 1912 թ. հունի­սի 3-ին Ս. Տեր-Մինասյանը լինում է Բագրատունյաց մայրաքաղաք Անիում: Տպավորված քաղաքի ճարտարա­պե­տությամբ, նա Անիի արձանա­գրու­թյուն­ների մատյանում խմբագրական իր հմտությամբ, տաղանդավոր գրչով գրի է առնում մի երկարաշունչ գրառում, որը մեզանից բռնությամբ խլված պատմական հայրենիքի հինավուրց մայրաքաղաքի ուրույն նկարագրությունն է:

Ցավոք, վերահաս մահվան պատճառով Ս. Տեր-Մինասյանի ձեռնարկած բազում գործերը կիսատ մնացին. սրտի կաթվածից հանկարծամահ է լինում 1912 թ. հունիսի 22-ին: Նրա մահվան ազդագրում ասվում է. «Ամսոյս 22-ին Առաւօտեան ժամը 1-ին ակմբանոցից վերադառնալով իր բնակարանում սրտի պայթիւնից յանկարծամահ եղաւ խմբագրութեան անդամ Սիմէոն Տէր-Մինասեանը»[76]: Ս. Տեր-Մինասյանի մահվան առիթով «Ղարաբաղի» խմբագրությունը Երևանից, Էջմիածնից, Ալեքսանդրապոլից, Բաքվից և այլ վայրերից ստանում է ցավակցական բազմաթիվ հեռագրեր: Ինչպես օրինակ՝ Երևանից Լ. Քալաշյանի ուղարկած հեռագրում ասվում էր. «Խմբագրութեանդ հասած անսպասելի կորստի պատճառով իմ անհուն վիշտս և ցաւակցութիւնս եմ յայտնում: Կարդացել եմ Սիմէօնի յօդւածները, լսել էի նրա գործունէութեան մասին գաւառական խուլ անկիւններում, բայց ծանօթ չէի հետը: Շուշի գալով ծանօթացայ. ես նկատում էի այդ վաղամեռ երիտասարդի մէջ փայլուն ապագայ խոստացող գծեր»[77]: Երևանից ուղարկված մեկ այլ հեռագրում ասվում էր. «Խորը ցնցւած ենք մեր երիտասարդ գործչի՝ Տէր-Մինասեանի անսպասելի մահւան առթիւ»[78]: Խիստ տպավորիչ է հատկապես Բաքվից գավառական թղթակից Միրզա Տեր-Սարգսյանի (Միտսար) ուղարկած հեռագիրը, որում ասվում էր. «Այս րոպէին կարդացի «Հորիզոնում» Սիմէօն Տեր-Մինասյանի յանկարծահաս մահը և ցնցւեցի: Ցնցւեցի, որովհետև տեսայ մեր նորաբողբոջ տաղանդներից մէկի անժամանակ գերեզման իջնելը: Սիմէօն Տեր-Մինասեանի գրիչ տակ ես ապագայի հրապարակախօսն էի տեսնում, մեր գաւառական ցաւոտ իրականութեան և գրականութեան խօպան անդաստանում — և չեմ կարող իմ ցաւն ու կսկիծը չյայտնել հայրենի թերթի խմբագրութեան՝ նրա այդ մեծ կորստի առթիւ: Թող Տէր Մինասեանների գերեզմանը պատւանդան լինի նորագոյն, թարմ ոյժերի համար՝ գաւառում»[79]: Գեդեոն և Մարտիրոս Տեր-Մինասյաններից հեռագիր էր ստացվել նաև Ղաթարի հանքերից, որում ասվում էր. «Անկեղծ կերպով ցաւում ենք անժամանակ մահացած՝ եռանդուն գաւառական գործիչ, թանկագին Սիմէօնի մահը և յայտնում ենք մեր խորին ցաւակցութիւնը նրա ծնողներին ու գրչի ընկերներին»[80]:

Ս. Տեր-Մինասյանի վաղաժամ մահվան կապակցությամբ «Ղարաբաղ» թերթում հրապարակվեցին գրչակից ընկերների, ուսուցիչների և աշակերտների մի շարք հոդվածներ, որոնցում բարձր գնահատականի է արժանանում նրա բեղուն գործունեությունը: Այս առումով խիստ ուշագրավ է Բաքվից մանկավարժ Վարդան Վարդապետիանի (Վ. Վարդ) «Գաւառի արթնացման պիօները» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես ասվում էր. «…նրա խիզախ հոգին, անկաշառ սիրտը տանել չէր կարող գաւառական ճնշող հեղձուցիչ մթնոլորտը, տիեզերւող ու տգիտության ճիրաններում թփրտացող ժողովրդի յուսահատ ճչերը: Նա սիրում էր հասարակական կեանքը և ապրում էր նրա մէջ բարւոք պայմաններ ու խաղաղ կուլտուրական յառաջխաղացման հնարաւորութիւն ստեղծելու յույսով ու հեռանկարով»[81]:

Ս. Տեր-Մինասյանը թաղումը պետք է տեղի ունենար ծննդավայրում՝ Գորիսում: Հունիսի 23-ին Արցախի թեմի առաջնորդ Զավեն վարդապետի, մի քանի քահանաների «Ղարաբաղի» խմբագրատան աշխատակիցների և մի խումբ ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպվում է սգո հանդես: Բազմահազար ժողովուրդը կսկիծը սրտում հավաքվել էր իր վերջին հրաժեշտը տալու մանկավարժության և հայ լրագրության բազմարդյուն մշակ Ս. Տեր-Մինասյանին: Նրա աճյունն իրենց ուսերի վրա մինչև Շուշիի վերին դարպասներ տանում էին ուսուցիչներն ու աշակերտները: Ս. Տեր-Մինասյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ դամբանականներ են ասում Եղիշե քհն. Թարխանյանը և Գր. Բալասբեկյանը, իսկ թեմականի աշակերտներից Գր. Ներսիսյանը կարդում է իր սիրելի ուսուցչի հիշատակին ձոնած բանաստեղծությունը[82]:

Խիստ հուզիչ է եղել հատկապես նրա աշակերտ Գր. Բալասբեկյանի խոսքը, որում նա Ս. տեր-Մինասյանի գործակից ընկերներին կոչ էր անում շարունակելու հանգուցյալի թողած կիսատ գործերը: Ինչպես ասվում էր դամբանականում. «Մեռաւ Սիմէօն Տէր-Մինասեանը… յաւիտեան ընդմիշտ նա բաժանւեց մեզնից…

Անցան սգի այն ծանր օրերը, եկան գործի օրերը, այն օրերը երբ Սիմէօնին սիրող ու յարգող բոլոր ընկերները պիտի նորից միանան, ձեռք-ձեռքի տան առաջ տանելու և բարձր պահելու այն դրօշը որի վրայ գրւած է հասարակական գործ…»[83]:

Ելույթ է ունենում նաև Մեղրեցոց եկեղեցու երեց Մանկասարյանը և հայտարարում, որ ի հիշատակ Ս. Տեր-Մինասյանի, եկեղեցու հոգաբարձությունը որոշել է «որդեգիր պահելով յաւերժացնել հանգուցեալի յիշատակը»[84]:

Հուղարկավորության հանձնաժողովի («Ղարաբաղ» թերթի խմբագիր, թեմական դպրոցի ուսուցիչ Վ. Փափազյան, Մարիամյան օրիորդաց դպրոցի ուսուցիչ Գր. Ղարագյոզյան, կոնսիստորիայի ներկայացուցիչ Տ. Բեկ-Յուզբաշյան) ուղեկցությամբ Ս. Տեր-Մինասյանի պսակներով ու ծաղիկներով շրջապատված աճյունը Ժամը 12-ին կառքով տեղափոխվում է Գորիս: Իր հուշերում Գր. Ղարագյոզյանը գրում է. «Կեանքումս առաջին անգամն էր, որ այդպիսի մի տխուր պարտականութիւն էր վիճակւաում ինձ կատարելու… Այո՛, տխրալի էր այդ տեսակէտից իմ դրութիւնը, բայց ինչ արած, պէտք էր հաշտւել, նամանաւանդ, որ այդ ուղեկցութեանս մէջ գտնում էի և որոծ տեսակի յարգանք դէպի իմ վաղամեռիկ անմոռանալի ընկերոջս յիշատակին»[85]:

Քաղաքացիական վառ նկարագրի շնորհիվ Ս. Տեր-Մինասյանը վայելում էր գորիսեցիների անկեղծ համակրանքը: Ուստի նրա մահվան բոթը և աճյունը Գորիս տեղափոխելու լուրը ստանալուն պես, քաղաքագլուխ Մատ­թեոս բեկ Տեր-Գրի­գոր­յա­նի գլխավորությամբ մի հոծ բազմություն քաղաքից դուրս ընդառաջ է գնում դիմավորելու դիակառքին: Դիմավորողների մեջ էին «Գաւառ» շաբաթաթերթի նախկին աշխատակիցները, եկեղեցաքկան-ծխական դպրոցի աշակերտ-աշակերտուհիները: Թաղման մասնակից «Յուղարկաւոր» ստորագրությամբ հեղինակը տպավորված այդ տեսարանից, գրել է. «Շրջապատելով իրենց անմոռանալի հայրենակցի թարմ դագաղը, կառքի վրայ, ծանրաքայլ կերպով դիմաւորողները տանում են դիակը տուն՝ նրա որդեկորոյս ծնողների մօտ»[86]: Ս. Տեր-Մինասյանի դիակը ուսամբարձ տարվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր ստվար բազմության մասնակցությամբ տրվում է պատարագ: Դամբանական խոսքով հանդես են գալիս Արցախից եկած պատվիրակները, առաջարկելով ի հիշատակ Ս. Տեր-Մինասյանի, նրա անունով կոչել քաղաքի գրադարան-ընթերցարանը: Հուզիչ և սրտառուչ խոսք է ասել հատկապես Ս. Տեր-Մինասյանի ուսուցիչ, այնուհետև նրա պաշտոնակից ուսուցիչ և գաղափարակիր գործընկեր Տ. Սազանդարյանը, շեշտելով «…կենդանութեան ժամանակ դէպի հանգուցեալը տածած իր ընկերական գեղեցիկ զգացումները, յարգանքն ու սէրը»[87]: Ս. Տեր-Մինասյանի աճյունը հողին հանձնվեց հունիսի 24-ին: Արցախ մեկնելուց առաջ Շուշիից ժամանած պատվիրակությունը այցելում է Ս. Տեր-Մինասյանի ծերունազարդ ծնողներին[88]:

Այսպիսով՝ ամփոփելով նշենք, որ թեև Ս. Տեր-Մինասյանն ապրեց 25 տարի, սակայն մեծ է նրա բերած նպաստը ուսումնակրթական գործին և հատկապես գավառահայության մամուլի զարգացման և դրա վերելքի գործում: Կարճատև, սակայն բեղուն ստեղծագործական կյանքում ընթերցողի սեղանին դրեց այնպիսի ժառանգություն, որը կարող է համբավ բերել յուրաքանչյուր հասարակական գործչի: Ս. Տեր-Մինասյանն իր ստեղծած մնայուն արժեքներով խոշոր երևույթ էր ոչ միայն XX դարասկզբի արևելահայ հասարակական մտքի պատմության մեջ, այլև խորհրդանշում էր հայ առաջադեմ մտածողության բարձր մակարդակը եվրոպական չափանիշներով: Անվարան պետք է ասել, որ Ս. Տեր-Մինասյանը հանդիսանում է XX դարասկզբի հայ լրագրական դպրոցի ամենակառկառուն ներկայացուցիչներից մեկը, որի վաստակը դեռևս երկար ժամանակ ուղենիշ պիտի լինի լրագրությամբ զբաղվող նորանոր սերունդների դաստիարակության ճանապարհին:


ՍԻՄԷՕՆ ՏԷՐՄԻՆԱՍԵԱՆԻ ՄԱՀՒԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ[89]

 (Սիմէօնի մի անտիպ յոդւածը գրւած Անիի արձանագրութիւնների մատեանում)

 

«3 յու­նի­սի 1912 թ.»: Չեմ ա­սում ե­կայ, տե­սայ, ող­բա­ցի: Ոչ, հայ­րե­նի ժո­ղովր­դի ան­ցեա­լը իւր փա­ռա­յե­ղու­թեամբ կանգ­նած է ոչ միայն հա­յի, այլ և օ­տա­րի ա­ռաջ: Ան­ցեալ կեան­քը մեզ յա­ճախ դիւ­րու­թիւն է տա­լիս ա­սե­լու` «մեր պա­տե­րը Հռոմն են փրկել»:

Իսկ մենք, մենք այ­սօր­ւայ ապ­րող­ներս ի՞նչ­ ենք ա­րել և ի՞նչ­ ենք ա­նում: Մենք մեր պա­պե­րից միայն մի բան ենք վաս­տա­կել` դա­ւե­րով կոր­ծա­նել հայ­րե­նի­քի փառ­քը: Իսկ ստեղ­ծել փառք, ե­ղա­ծին ա­ւե­լաց­նել նո­րը, այդ հե­ռու է դժբախ­տա­բար մե­զ­­նից: Հրճվան­քով դի­տե­ցի մի քա­նի ան­գամ դի­տածս և նոր հրա­պա­րա­կած ե­կած հնու­թիւն­նե­րը, մտքով սլա­ցայ ան­ցեալ դա­րե­րը և ա­ռանց ող­բա­լու, ա­ռանց հա­յի պատ­մա­կան լալ­կա­նու­թեան հա­մոզ­ւե­ցի, որ ան­ցեա­լում ստեղ­ծա­գոր­ծող հայ ժո­ղո­վուր­դը, ե­թէ այ­սօր դա­տա­պար­տո­ւած է ան­գոր­ծու­թեան, ան­շուշտ, վա­ղը պի­տի վե­րա­կանգ­նի իր ան­ցեալ կուլ­տու­րան` կա­տա­րե­լա­գործ­ւած Եւ­րո­պա­կան քա­ղա­քակր­թու­թեան պա­հանջ­նե­րով: Թող հայ ին­տե­լի­գեն­ցիան դա­ւե­րով ապ­րի և ե­սա­կա­նու­թեամբ վա­րակ­ւի, այ­նո­ւա­մե­նայ­նիւ ար­ւեստ, կուլ­տու­րա և քա­ղա­քակր­թու­թիւն ստեղ­ծող ժո­ղո­վուր­դը, «աշ­խա­տան­քը» իւր ճա­կա­տին դրոշ­մած հայ ժո­ղովր­դի տքնող մա­սը միշտ էլ ա­ռաջ կեր­թայ ա­ռանց լքւե­լու պատ­մա­կան այն բո­լոր ար­հա­ւիրք­նե­րից, ո­րոնց նման­նե­րը ե­կել-ան­ցել են, բայց չեն ծած­կել հայ աշ­խա­տան­քի ար­դիւն­քը, հայ ար­ւես­տը, ո­րի փա­ռա­ւոր ներ­կա­յա­ցու­ցիչն է ա­ւե­րակ Ա­նին: Չեմ յու­սա­հատ­ւում, հայ աշ­խա­տան­քը գնա­հատ­ւում է ար­դէն և դրան ա­պա­ցոյց ա­յա ձեզ գիտ­նա­կան պ. Մա­ռի ան­դուլ աշ­խա­տան­քը պաշ­տող մար­դը մի ազ­գի որ­դի չէ, նա հա­մայն մարդ­կու­թեանն է և հայ ժո­ղովր­դի հա­րա­զատ սէրն էլ է վաս­տա­կում: Թող եր­կար ապ­րի մարդ­կու­թեան այդ որ­դին, իսկ սրա կող­քին էլ Մի­քա­յէլ հայր-սուր­բը թող լինի սնանկ Էջ­միած­նի միակ ներ­կա­յա­ցու­ցի­չը: Էջ­միած­նի գիտ­նա­կան­նե­րը թող վա­նա­կան կեանք դա­ւեն, իսկ մի­քա­յէլ հայր սուր­բի նման­նե­րը լի­նեն գիտ­նա­կան­նե­րի օգ­նա­կան­նե­րը, ո­րը պա­տիւ բե­րե­լով ի­րեն ա­մօթ կբե­րէ Էջ­միած­նի դիպ­լո­մա­ւոր­նե­րին: Ան­ւոյ ա­պա­գան կա­պա­ցու­ցի մեր ա­սա­ծը պատ­մու­թեան է­ջե­րում:


«Ղարաբաղի» խմբագրողՍիմէօն Տէր Մինասեանց

Յունիսի 3, 1912 թ.: Անի

[1] Շնորհազարդ Տեր-Մինասյան տոհմից են սերում նաև հոգևորական գործիչներ Գորիսի Սվարանց գյուղում 1881 թ. ծնված Հովհաննես Համբարձումի Տեր-Մինասյանը (ավարտելով Տաթևի վանական դպրոցը, այնուհետև՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, քահանայագործել է գյուղում) և Հակ (հետագայում՝ Մինքենդ) գյուղում 1879 թ. ծնված Մինաս Գալուստի Տեր-Մինասյանը (քահանայագործել է Գորիսի Բայանդուր գյուղում): Ստալինյան բռնությունների ժամանակ 1938 թ. փետրվարի 14-ին երկուսն էլ ձերբակալել են և ենթարկվել գնդակահարության (տե՛ս Գիրք տառապելոց: 1920-1950-ական թվականների բռնությունների զոհ հայ հոգևորականներ: Կազմող՝ պ.գ.թ. Ստեփան Կերտող, Երևան, 2002, էջ 314-309, 322-327):

[2] Տե՛ս Հայաստանի ազգային արխիվ (այսուհետև՝ ՀԱԱ), ֆ. 93, ց. 1, գ. 384, թ. 561-562:

[3] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 7, ց. 1, գ. 157, թ. 1:

[4] Տե՛ս Խու­դո­յան Ս., Արևե­լա­հայ դպրոց­նե­րը 1830-1920 թթ. (ժա­մա­նա­կագ­րութ­յու­նը հա­վել­յալ ման­րա­մաս­նե­րով), Երևան, 1987, էջ 117:

[5] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 47, ց. 5, գ. 256, թ. 6, տե՛ս նաև «Ղա­րա­բաղ», Շուշի, 1912, յունիսի 24, N 45:

[6] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 7, ց. 1, գ. 156, թ. 30:

[7] Տե՛ս Êа­вказский Êалендарь КК 1869 г., Òифлис, 1868, с. 35, այսուհետև՝ КК на 1871 г., Тбилиси, 1870, с. 40.

[8] Տե՛ս Սազանդարեան [Տ.], Գորիս (համառոտակի ուսումնասիրութիւն), «Ղա­րա­բաղ», Շուշի, 1912, հունվարի 26, N 7:

[9] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 7, ց. 1, գ. 157, թ. 1):

[10] Տե՛ս Բէկ [Հարությունյան Սարիբէգ], † Սիմէօն Տէր-Մինասեան, «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[11] Տե՛ս Ակսել Բակունցի տուն-թանգարան, գիտաօժանդակ ֆոնդ, փաստաթուղ N 402:

[12] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 7, ց. 1, գ. 89, թ. 10, տե՛ս նաև ֆ. 7, ց. 1, գ. 142, թ. 21, տե՛ս նաև ֆ. 7, ց. 1, գ. 157, թ. 1:

[13] Տե՛ս Բէկ [Հարությունյան Սարիբէգ], † Սիմէօն Տէր-Մինասեան, «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[14] Մանուկօղլեան Ս., Ընկերոջս՝ Սիմէոն Տէր Մինասեանի անմոռանալի յիշատակին (աշակերտական յիշողութիւններից), «Գաւառի ձայն», Ալէքսանդրապօլ, 1914, ապրիլի 24, N 37:

[15] Ա. Զանգեզուրցի [Արտեմ Խանզադյան], Դաշ­նակցութեան մուտքն ու աշխա­տան­քը Զան­գե­զուրում, «Հայ­րենիք», Պօսթըն, 1968, Ա տարի, դ 3, էջ 70, տե՛ս նաև նույնի` Դաշ­նակցութեան մուտքն ու աշխա­տան­քը Զանգեզուրում (Կազմակերպիչ ընկերները ինչպիսի վախճանի արժա­նացան), «Ալիք», Թեհրան, 1979, մայիսի 22, N 104, էջ 5:

[16] Տե՛ս Սազանդարեան [Տ.], Գորիս (համառոտակի ուսումնասիրութիւն), «Ղա­րա­բաղ», Շուշի, 1912, հունվարի 29, N 8:

[17] Ա. Զանգեզուրցի [Արտեմ Խանզադյան], Դաշ­նակցութեան մուտքն ու աշխա­տան­քը Զանգե­զու­րում, «Հայ­րենիք», Պօսթըն, 1968, Ա տարի, N 3, էջ 70:

[18] Տե՛ս Սյունիքի հայրենապաշտ զավակ Արշակ Շիրինյան, կազմեց Ռ. Հակոբյան, Երևան, 2007, էջ 2:

[19] Ա. Զանգեզուրցի [Արտեմ Խան­զադ­յան], Դաշ­նակցութեան մուտքն ու աշխա­տան­քը Զանգեզուրում (Կազմակերպիչ ընկերները ինչպիսի վախճանի արժա­նացան), «Ալիք», Թեհրան, 1979, մայիսի 24, N 106, էջ 4:

[20] Տե՛ս Հարությունյան Գ., Ռևոլուցիոն շարժումները Հայաստանում 1905-1907 թթ/. Երևան, 1956, էջ 49:

[21] Մանուկօղլեան Ս., Ընկերոջս՝ Սիմէոն Տէր Մինասեանի անմոռանալի յիշատակին (աշակերտական յիշողութիւններից), «Գաւառի ձայն, Ալէքսանդրապօլ, 1914, ապրիլի 24, N 37:

[22] Տե՛ս ԱԴօ, Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905-1906 թթ.): Փաս­տա­­գրա­­­կան, վի­ճա­­կա­գրական, տեղագրական ու­սում­­­­­­նասիրութիւ­ննե­րով, Երեւան, 1907, էջ 5:

[23] Տե՛ս Նօէմիս [Սիմեոն ՏերՄինասյան], Մինքէդի կոտորածը, «Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 14, N 184, տե՛ս նաև «Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 26, N 196:

[24] Տե՛ս Վ. Համիկ [Սիմեոն ՏերՄինասյան], Դրութիւնը Զանգեզուրում, «Զանգ», Թիֆլիս, 1906, օգոստոսի 20, N 8:

[25] Տե՛ս Նօէմիս [Սիմեոն ՏերՄինասյան], Դրութիւնը Զանգեզուրի գաւառում, «Արշալոյս», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 28, N 24, տե՛ս նաև հոկտեմբերի 1, N 27, տե՛ս նաև հոկտեմբերի 8, N 33, տե՛ս նաև հոկտեմբերի 12, N 36:

[26] «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[27] Վ. Համիկ [Սիմեոն ՏերՄինասյան], Զինորական այցելութիւն, «Յառաջ», Թիֆլիս, 1906, ապրիլի 2, N 62:

[28] Տե՛ս ՏէրՄինասեան Ս., Մեղու պահիր (Զրոյցներ մեղուաբուծութեան մասին), (Ա), «Զանգ», Բագու, Բ տարի, 1909, յունուարի 25, N 3, էջ 39-41, տե՛ս նաև (Բ),1909, փետրուարի 8, N 5, էջ 71-73:

[29] Մանուկօղլեան Ս., Ընկերոջս՝ Սիմէոն Տէր Մինասեանի անմոռանալի յիշատակին (աշակերտական յիշողութիւններից), «Գաւառի ձայն», Ալէքսանդրապօլ, 1914, ապրիլի 24, N 37:

[30] Բէկ [Հարությունյան Սարիբէգ], † Սիմէօն Տէր-Մինասեան, «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[31] 1876 թ. դեկտեմբերի կեսերից Գորիսում գործում էր նաև պե­տա­կան (ար­քու­նի) կամ «ռու­­սա­կան» ու­սում­նա­րանը (Герю­син­ское ­казе­н­ное нормальное сельское училище): Տե՛ս «Մշակ», Թիֆլիս, 1876, դեկտեմբերի 2, N 46:

[32] Տե՛ս «Գաւառ», Գօրիս, 1910, օգոստոսի 8, N 29:

[33] «Գաւառի ձայն», Ալէքսանդրապօլ, 1914, ապրիլի 24, N 37:

[34] Բէկ [Հարությունյան Սարիբէգ], † Սիմէօն Տէր-Մինասեան, «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[35] ՏէրՊօղոսեան Գր., Յուշեր Սիմէօնի կեանքից, «Գաւառի ձայն», Ալէքսանդրապօլ, 1914, ապրիլի 24, N 37:

[36] Վ. Հ.[Սիմեոն ՏերՄինասյան], Մեր իրականութիւնից, «Հորիզոն», Թիֆլիս, 1909, օգոստոսի 28, N 22:

[37] Նույն տեղում:

[38] Բակունց Ա., Կյորես, Ընտրանի, Երևան, 2009, էջ 426:

[39] Վ. Հ.[Սիմեոն ՏերՄինասյան], Մեր իրականութիւնից, «Հորիզոն», Թիֆլիս, 1909, օգոստոսի 28, N 22:

[40] Աղ­բալեան Ն., Նամակներ Զանգեզուրի գաւառից, «Մուրճ», Թիֆլիս, 1900, N 4, էջ 496:

[41] Տե՛ս Ս. [Սազանդարեան Տ.], Գօրիս, «Գաւառ», Գօրիս, 1909, դեկտեմբերի 5, N 1:

[42] Տե՛ս Բէկ [Հարությունյան Սարիբէգ], † Սիմէօն Տէր-Մինասեան, «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[43] Տե՛ս ՏերՄինասեան Ս., Էսպերանտո, «Նոր դպրոց», Թիֆլիս, 1909, փետրուար, N 2, էջ 50-54:

[44] Տե՛ս ՏերՄինասեան Ս., Ուսուցչի խոհերից, «Նոր դպրոց», Թիֆլիս, 1910, հոկտեմբեր, N 10, էջ 56-64:

[45] Համիկյան [Սիմեոն ՏերՄինասյան], Կանանց կրթութիւնը Հիւս.[ային] Ամերիկայում (I), «Գործ», Թիֆլիս, 1908, նոյեմբերի 8, N 49, տե՛ս նաև Կանանց կրթութիւնը Հիւս.[ային] Ամերիկայում (II), նոյեմբերի  11, N 52:

[46] Տե՛ս Վ.[Սիմեոն ՏերՄինասյան], Գօրիս, «Գաւառ», Գօրիս, 1910, մայիսի 2, N 17, տե՛ս նաև Սազան­դար­եան [Տ.], Գորիս (համառոտակի ուսումնասիրութիւն), «Ղարաբաղ», Շուշի, 1912, հունվարի 29, N 8:

[47] Տե՛ս Վ.[Սիմեոն ՏերՄինասյան], Գօրիս, «Գաւառ», Գօրիս, 1910, մայիսի 2, N 17:

[48] «Գաւառ», Գօրիս, 1910, օգոստոսի 8, N 29:

[49] Տե՛ս «Գաւառ», Գօրիս, 1910, սեպտեմբերի 19, N 34:

[50] Տե՛ս Սազանդարեան [Տ.], Գորիս (համառոտակի ուսումնասիրութիւն), «Ղա­րա­բաղ», Շուշի, 1912, հունվարի 29, N 8, տե՛ս նաև Ա. Զանգեզուրցի [Արտեմ Խան­զադ­յան], Դաշ­նակցութեան մուտքն ու աշխա­տան­քը Զանգեզուրում, «Հայ­րենիք», Պօսթըն, 1968, Ա տարի, N 3, էջ 70:

[51] Տե՛ս Սազանդարեան [Տ.], Հոգաբարձական ընտրութիւն, «Ղա­րա­բաղ», Շուշի, 1912, ապրիլի 29, N 31:

[52] «Գաւառ», Գօրիս, 1909, դեկտեմբերի 5, N 1:

[53] Սազանդարեան [Տ.], «Մշակ», Թիֆլիս, 1910, հոկտեմբերի 15, N 228:

[54] Բէկ [Հարությունյան Սարիբէգ], † Սիմէօն Տէր-Մինասեան, «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[55] Գաւառական թերթը, «Գաւառ», Գօրիս, 1909, դեկտեմբերի 5, N 1:

[56] Ա. Զանգեզուրցի [Արտեմ Խանզադյան], Դաշ­նակցութեան մուտքն ու աշխա­տան­քը Զանգե­զու­րում, «Հայ­րենիք», Պօսթըն, 1968, Ա տարի, N 3, էջ 70:

[57] Տե՛ս Սազանդարեան [Տ.], Գորիս (համառոտակի ուսումնասիրութիւն), «Ղարա­բաղ», Շու­շի, 1912, հունվարի 29, N 8:

[58] Քալաշեան Գ., «Ողջոյն քեզ «Գաւառ»», «Գաւառ», Գօրիս, 1909, դեկտեմբերի 5, N 1:

[59]  «Գաւառ», Գօրիս, 1910, հուլիսի 25, N 28:

[60] Շանթ, «Հորիզոն», Թիֆլիս, 1910, դեկտեմբերի 28, N 290:

[61] Տե՛ս Բէկ [Հարությունյան Սարիբէգ], † Սիմէօն Տէր-Մինասեան, «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[62] Տե՛ս Սազանդարեան [Տ.], Քաղաքային ընտրութիւնները Գօրիսում, «Մշակ», Թիֆլիս, 1911, փետրվարի 23, դ 37:

[63] Տե՛ս Բէկ [Հարությունյան Սարիբէգ], † Սիմէօն Տէր-Մինասեան, «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[64] Մանրամասն տե՛ս Հարությունյան Մ., Մշակութային կյանքը Լեռնային Ղարաբաղում (Արցախում) 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին, Ստեփանակերտ, 2010:

[65] ՏէրՊօղոսեան Գր., Յուշեր Սիմէօնի կեանքից, «Գաւառի ձայն», Ալէքսանդրապօլ, 1914, ապրիլի 24, N 37:

[66] Տե՛ս Հայ պարբերական մամուլը: Մատենագիտական համահավաք ցուցակ (1794-1980), կազմեց` Մ. Բաբլոյան, Երևան, 1986, էջ 52:

[67] Տե՛ս նույն տեղում, էջ 89:

[68] Տե՛ս Բալասբէկեան Գր., Սիմէոն Տէր-Մինասեանի յիշատակին (Ղարաբաղի ու Զանգեզուրի պարծանքի յիշատակին), «Գաւառի ձայն, Ալէքսանդրապօլ, 1914, ապրիլի 24, N 37:

[69] Նույն տեղում:

[70] Տե՛ս Սիմ.[եոն] ՏէրՄինասյան], Շուշու թեմ.[ական] դպրանոցի 75-ամեակը, «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 21, N 44:

[71] Տե՛ս Մինեան [Սիմեոն ՏերՄինասյան], Կիրակնօրեայ զրոյցներ, «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, ապրիլի 15, N 27, տե՛ս նաև ապրիլի 22, N 29, տե՛ս նաև մայիսի 13, N 35:

[72] Տե՛ս Մինեան [Սիմեոն ՏերՄինասյան], Իգմէ (Ֆիննական լեգենդա Իմադրէի մասին), «Ղա­րաբաղ», Շուշի, 1911, դեկտեմբերի 29, N 13:

[73] Տե՛ս Համիկեան [Սիմեոն ՏերՄինասյան], Սպառողական ընկերութեան առթիւ, «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, ապրիլի 15, N 27:

[74] Տե՛ս Մանուկօղլեան Ս., Ընկերոջս՝ Սիմէոն Տէր Մինասեանի անմոռանալի յիշատակին (աշակերտական յիշողութիւններից), «Գաւառի ձայն, Ալէքսանդրապօլ, 1914, ապրիլի 24, N 37:

[75] ՏէրՊօղոսեան Գր., Յուշեր Սիմէօնի կեանքից, «Գաւառի ձայն», Ալէքսանդրապօլ, 1914, ապրիլի 24, N 37:

[76] «Ղա­րաբաղ», Շուշի, 1912,:

[77] «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յուլիսի 1, N 47:

[78] Նույն տեղում:

[79] «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[80] «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յուլիսի 5, N 48:

[81] Վ. Վարդ [Վարդան Վարդապետյան], Գաւառի արթնացման պիօները, «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[82] Տե՛ս «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[83] Բալասբէգեան Գր., Խօսքից դէպի գործ  (Սիրելի Սիմէօնի յիշատակին…), «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[84] «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 24, N 45:

[85] Գ. Ղ. [Գրիգոր Ղարագյոզյան], Դէպի Գօրիս (Ճանապարհորդական յուշէր), (I), «Ղա­­րաբաղ», Շուշի, 1912, հուլիսի 22, N 53:

[86] Յուղարկաւոր, Վաղամեռիկ Սիմէօն Տէր-Մինասեանի թաղումը, «Ղա­րաբաղ», Շուշի, 1912, յունիսի 28, N 46:

[87] Նույն տեղում:

[88] Տե՛ս Գ. Ղ. [Գրիգոր Ղարագյոզյան], Դէպի Գօրիս (Ճանապարհորդական յուշէր), (III), «Ղա­­րաբաղ», Շուշի, 1912, օգոստոսի 2, N 56:

[89] Տե՛ս «Ապառաժ», Շուշի, 1917, հուլիսի 2, դ 7:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի