Առաքել վարդապետ Կոստանդյանց. «Արցախի պատմութիւն». «Աղամահմադի երկրորդ գալստյան և նրա սպանության մասին»

Spread the love

Սկիզբը այս էջում

ԱՂԱՄԱՄԱԴԽԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երբ զարմացական Իբրահիմ խանի համբավը տարածվեց ամբողջ երկրում, թե Աղվանից երկիրը սարսում-դողում է նրա առաջ. ինչ կամենում է, անխափան անում է ըստ հաճույքի և կամքի: Դարձյալ կամենում է բազում զորք գումարել, պատրաստ պահել. ինքը կելնի պարսից հպատակությունից, եթե հակառակություն ծագի պատերազմելու նրանց թագավորության դեմ: Երբ լսեց Աղամամադխանը, գրգռվեց անզիջելի հրով բարկությամբ. սկսեց անթիվ զորք հավաքել, թե ի՞նչ է Աղվանքը պարսից իշխանության հանդեպ, այնքան զորք կբերի այն երկիրը, որ մի օրում կջնջի՝ լիզել լափելով ամենայն կենդանություն: Չարամիտ և համառ մարդ էր. ինչ որ խորհում էր, պարտավոր էր այն կատարել անխափան: Դրա համար վերցրեց հավաքած զորքը, շարժվեց եկավ Երասխ գետի ափը՝ իրենց նախկին հանգստյան տեղը:

Երբ այս երկրի բռնավոր Իբրահիմ խանը լսեց նրա գալստյան մասին, [խորհեց], որ եթե մինչև երեք օր չկարողանա ելք ու հնար գտնել նրա ձեռքից փրկվելու, այնուհետև իրեն կհասնեն չար օրեր, և ինքն անձամբ մահվան կենթարկվի նրա ձեռքում: [Աղամամադխանը], լսելով բոթալի լուր, հաջորդ գիշերը թողնելով ամեն ունեցվածք, կահ-կարասի, շտապ փախավ անցավ Կուր գետը և գնաց ալանների (լեզկաց ազգի) մոտ:

Նույն առավոտը պարսից զորքը եկավ սփռվեց մեր այս երկրում՝ ավար անելու և գերելու, բայց չկարողացան ինչ-որ շատ վնաս հասցնել. [մարդիկ] շտապ փախան, ամրացան լեռնային ամուր տեղերում: Բայց նա զորքով եկավ մտավ Շուշի բերդաքաղաքը: Հայերը երկյուղի պատճառով նրան ընդառաջ ելան քահանաների դասով, խաչով և խաչվառով, մեծաքանակ զարդերով: Երբ տեսավ հայերի այս խումբը, մեծ բռնավորը, այնտեղ կանգ առնելով, հարցրեց մերձակա յուրային նախարարներին.

— Ովքե՞ր են դրանք, արդյոք, որ այդպես հրաշափառ զգեստներով և զարդերով գալիս են մեզ ընդառաջ: Եվ ովքեր հմուտ էին և տեղյակ կատարված իրողություններին, արժանի պատասխան տվեցին, թե Հայաստանում կան այսպիսի հին սովորություններ. գնալ ընդառաջ կայսրերին և հայրապետերին՝ մեծարանքի և պատվի արժանացնելու կամ գթություն շարժելու և խնամք անելու իրենց ողորմելի ազգի համար, ուստի չեն կամենում կորցնել իրենց հնական, նախնիների սովորությունը: Սրա առիթով սիրահորդոր խոսքերով մխիթարեց և քաջալերեց մեր տառապյալ ազգին: Բայց դա ասում էր մակերեսորեն՝ թաքցնելով նենգությունը, ծածկաբար պահելով մտքում, թե ե՞րբ կհայտնի:

Այստեղ պահանջ կա ինչ-որ խոսք միջանկյալ ասել. (Մինչ բռնավորը խոսում էր մեր ազգի իշխանների հետ, իր հետ ուներ մտերիմ մի պատանյակ, որի ձեռքում էր ամեն ինչ, նրա ձեռքով էր կերակրվում: Այդ պատանին հայոց ազգից էր, վաղուց գերել են, տարել և ընծայել նրան: Նույն ժամին տեսավ տիրամոր պատկերը, որ գրկում ուներ մանկացած Հիսուսին՝ գեղեցկազարդ և ոսկեզօծ պատկերով: Պատանին հարցրեց. «Ում պատկերն է սա»: Նրանք չիմացան, որ այնտեղ հիշեց մեր ազգի տառապանքը):

Դառնանք մեր խոսքի շարադրանքին:

Երբ իջևանեցին Իբրահիմ խանի ապարանքում, առանց երկարաձգելու, երեկոյան ժամին բարկացավ Ղարաբաղի նախարարների վրա զորքին պակաս կառավարելու համար, որովհետև կամենում էր ճենճերոտ դառնաթոր մաղձը թափել: Դրա համար խոսքերը փոխում է. իբրև հասել է ննջելու ժամը, մնում են ինքը և ծառան մի սենյակում: Ծառան գցում է նրա անկողինը և, պառկելով կողքի, տակավին խոսում էր դիվաշունչ խոսքերով. բարկության դևը մտել էր նրա ներսը, որի համար չէր կարողանում լռել: Զրույցի վերջում խոսքն ուղղում է ծառային, որ լավ լսի իր ասածը, այն է. իր համոզմամբ ցանկանում է առավոտյան այդտեղ անտաշ քարերից մի շատ բարձր աշտարակ կառուցել և մի ընտիր քար դնել նրա գագաթին: Սրա առիթով՝ այս խոսքի վրա ծառան մնում է զանազան խորհրդածությունների մեջ՝ չիմանալով այդ խոսքերի իմաստը: Երբ չարախոսը տեսավ, որ ծառան ընկել է խոր մտածության մեջ, բացեց գաղտնի խորհուրդը, թե՝ անտաշ քարերը ծառայի հայոց ազգի և համայն մահմեդականների գլուխներն են, իսկ ընտիր քարը ծառայինն է: Ծառան գիտեր, որ անխափան է նրա խորհածի կատարումը, և ընկավ խոր քննության մեջ, բայց նա խոր քուն մտավ, որովհետև հոգնած էր և խռացնում էր: Ոսկեղեն աշտանակները դրված էին սնարին և բոլոր կողմերում վառվում էին, որովհետև սովորություն է պարսից մեծամեծերին, որ վառ թողնեն մինչև առավոտ, իսկ ադամանդե սուրը, մերկացված և վերևից կախված, շողշողում էր իբրև հրաբորբ կայծակ:

Աստված զարթնեցրեց ծառայի միտքը այնքան անմեղ անձանց ազատության համար՝ ինքնին ասելով-չասելով, թե արդարև առավոտյան անթիվ անձանց կորուստ է սպասվում, նրանց հետ նաև ինքը անխափան կկորչի: Մտաբերելով մանկացած Հիսուսի պատկերը, թե առաջիկա գործերում օգնության ժամն է նրա ազգի և իր անձի համար: Երբ տակավին չէր ավարտել բերանի խոսքը, նույն վայրկյանին ընդունեց ինքնին հրաշունչ առյուծի սիրտը. թռավ բռնեց կախված ադամանդյա սուրը և, փակելով իր աչքերը, հանկարծորեն ցցեց նրա սրտին: Բռնավորը բացեց իր աչքերը, ասաց. «Այս ամբողջ երկիրը տալիս եմ քո ձեռքը. քո ձեռքը վերստին մի՛ մխիր իմ [սիրտը]»: Ծառան առանց ուշք դարձնելու կրկնեց երեք անգամ և որովայնը խառնեց սրով, մնաց նրա մոտ, մինչ փչեց դիվական հոգին չար, ապա ծածկեց սպանվածի դին, ելավ, ձգեց դուռը և փակելով գնաց՝ դեպի ուր կամեցավ:

Ըստ բռնավորի ժամադրության՝ առավոտյան պահին թե՛ հայոց, թե՛ մահմեդականաց մեծամեծ և փոքր նախարարների բազմություններ և զորքը եկան հավաքվեցին թատրոնում՝ դատարանի առջև, սպասում էին ատյանի դատաստանին նրա ելնելուն և չար համբավին, որ երեկոյան բարկության պահին անլսելի խոսքեր էր նետել նրանց ականջներին: Օրն անցել, կեսօր էր դարձել, տեսան իսպառ դադարել են ամենայն շարժումներն ու ձայները: Ոմն ներքին խորհրդակից վստահությամբ գնաց, բացեց դուռը, մտավ ներս և տեսավ ահա ծածկված, հետզհետե ունկնդրությամբ առաջ գնաց և տեսավ, որ իսպառ կտրված են շարժումն ու շունչը, ծածկոցը հեռացրեց, տեսավ անկողինը ծովացած արյամբ: Ելավ դուրս, գաղտնի կանչեց նրա զորապետերին և նրանց հայտնեց իր տեսածները: Մինչ պարսից զորքում միմյանց գաղտնաբար հայտնում էին, որ թերևս կարողանան ինչ-որ հնարներով փախչել, բոլորին հայտնի դարձավ [բոթը]: Դրա համար Արցախ երկրի քաջամարտները՝ թե՛ հայեր և թե՛ մահմեդներ, հարձակվեցին պարսից զորքի վրա և կողոպտեցին ամենքին, ավար արին, մի մասը կոտորվեց, նրանց ողջ մնացածները մազապուրծ եղան, փախան գնացին իրենց երկիրը:

Ականատես ծերունիներն իսկ վկայում են, թե սատկած գազանի դին մահմեդականները չվանով կապեցին, իսպառ մերկացրին հանդերձանքից, քարշ տվին, գցեցին քաղաքի փողոցները և ծածուկ պղծալից բերանը լցրին աղբով և այլ կեղտոտ իրերով: Բնակությունից դուրս թողին այնպես ընկած երեք օր, որդնալից եղավ և կորավ որդին կորստական: Շատ հակառակ էր Ղարաբաղ երկրի մահմեդականների հետ, մանավանդ հայերի հետ:

Ամենակալ աստված ազատի մեր ողորմելի այս հայոց ազգին բոլոր այսպիսի չարագույն և բռնավոր կառավարողներից, և մենք փառաբանում ենք նրան, մինչև մյուս անգամ գալուստը, տեսնենք սուրբ երրորդությունը. հավիտյանս հավիտենից ամեն…

 

ԾԱՌԱՅԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՍՊԱՆԵՑ ԱՂԱՄԱՀՄԱԴԽԱՆԻՆ

 

Այն գիշերը, երբ սպանեց խանին, հենց այդ սպանված մեծ բռնավորի լավ պահված գովական երիվարներից մեկը հանեց, հեծավ շտապելով և սրընթաց արագությամբ, արշալույս թե երեկո, [երիվարի հետ] համագո և միաբան, ժամ ու վայրկյանում համաշունչ այնքան երկայնատարած լայնաձիգ հարթածավալ տարածության հեռավոր ճանապարհ, որ հնարավոր է գնալ երեք օրում, անցել հասնում էր ալանաց երկիրը, այսինքն՝ լեռնաբնակ լեզկաց ազգերի [բնակավայրը] և այդ ընթացքում ամբողջ դիպվածները այնտեղ կարգի բերված, բռնավորի հանդիսավոր սպանության մանրամասնությունը պատմեց Իբրահիմ խանին: Եվ երբ նրա ավետամատույց վախճանման համբավը լսեց, իր հետ վերցրեց անհապաղ թևակից ավետավոր պատանուն. իբրև արագաթև արծիվ ճախր անելով՝ թևապարիկ սլացմամբ այնուհետև դեպ ի հայրենի երկիրը և ի բնակություն շարժվեց առանց ընդմիջելու օրընդավուր, գիշեր առ գիշեր արագորեն անցավ հայրենի սահմանները և գալիս մտնում է առանց ինչ-որ խոչընդոտի և արգելական պատճառի Արցախ աշխարհի անառիկ Շուշվա բերդը:

Այնուհետև առաջվանից ավելի սաստիկ է վարում յուր բռնակալական իշխանությունը: Եվ պատանին անցնում, գնում հասնում է Թավրիզ քաղաքը՝ պարսից թագավորի մոտ, վերստին [Իբրահիմ խանի] գալստյան և նրա՝ իշխանությունը վարելու համբավը հայտնում նրան: Եվ նա պատրաստում է սպառազինված բազմաթիվ ընտիր մարդիկ ու քաջ զորականներ՝ բոլորը ազնվաշուք անձինք, աքունի հրովարտակով հանդերձ առաքում է Ղարաբաղի իշխան Իբրահիմ խանին: Խիստ հրաման է գրում նրան՝ առանց որևէ հապաղման արքունիքից ուղարկված այդ հավատարիմ անձանց տալ մահապարտ ծառային, որը աներկյուղ համարձակությամբ սպանել է պարսից մեծ զորավարին: Թիկնապահությամբ [անել], եթե ոչ, ինքն անձամբ կգա իր «հզոր զորությամբ» և այդ համայն երկիրը փշուր-փշուր կանի արյան ծարավի զորքի երիվարների սմբակների տակ, այդ բերդի հանդուգն և հուսալի քաջերին ցան ու ցիր կանի կորցնի:

Երբ լսեցին արքունի ահավոր և բարձրագոչ խոսքերը, ոչ ոք չկարողացավ հրաժարվել գրված խոսքերից: Այս խոսքերի պահին բռնեցին ողորմելի պատանու ձեռքից, տվեցին մարդակեր գիշատիչների ձեռքը, նույն ժամին կատաղիները կանչեցին մի պայծառ արհեստավորի՝ մահազգյաց վշտակիր պատանու ոտքերի չափով ինչ-որ նոր ձևով պայտ կտրելու և սարքելու: Նա գործը հանձն առավ, անմիջապես նրանց պատվերը ավարտեց, նրա ոտքերը մերկացրեց և երկաթյա կապանքներով բոլոր կողմերից սեղմեց-ամրացրեց, ապա վշտակիր պայտերը դրեցին ոտքերի տակ, երկաթյա սրածայր մահազեն բևեռներ դրեցին, ուժգին խփեցին մուրճերով: Տանջալից վերքերից հորդահոս վտակների նման կարմրուկ արյունը շարժվում վազում էր. արդարև այն վայրը ներկվում էր: Շղթաներ նետեցին ձեռքերին և ոտքերին, պարանոցին և առան տարան ուղղակի Թավրիզ քաղաքը և նրան պահեցին այնտեղ՝ ատյանում՝ դատավորի առջև: Եվ այնտեղ բազմատեսակ հարցաքննությունից հետո մահվան վճիռ հատեցին, որ նրան չարաչար տանջելով՝ ոտից գլուխ անդամ-անդամ կոտորեն և թողնեն որպես կեր գազաններին և թռչուններին:

Ըստ դատավորի հրամանի՝ առան, կապանքներով տարան արյունարբու դահիճի մոտ՝ [վճռի] կատարման տեղը, և խստագույն չարչարանքով մինչ տանում էին, կապվածը բացում էր բերանը և անարգելով հայհոյում էր սուտ Մահմեդի աղանդը, ասում, որ իսկապես հավատում է քրիստոնյաների աղանդին: Երբ լսեցին նրա հայոյանքը և այլն, ամենքը հարձակվեցին նրա վրա, որպես գազաններ կատաղած՝ խածատում էին մահազեն ժանիքներով, սրի ծայրով ներկում հոսող վարդակարմիր արյամբ՝ սրի հարվածից պատառված ճեղքերի արյամբ: Այսպիսի տանջանքներով հասան մահապարտների տեղը՝ քաղաքից դուրս: Այնտեղ չարչարանքով, անտանելի ձևով պատառ-պատառ և սրախողխող արին, ըստ արքունի հրամանի թողնելով այնտեղ՝ որպես թռչունների ու գազանների կեր, և վերադարձան:

Հայերը վաղուց գիտեին քրիստոնյաների զավակ լինելը և քրիստոսին հավատալը, մեծ թախանձանքով աղաչում էին տալ բազմահատ վկայի մարմինը: Դատավորն ասաց, որ ըստ իրենց օրենքի այնպիսին արժանի չէ թաղվելու, և դիմեց նախարարին, որ թույլ տա՝ ըստ իրենց անարգ հավատի, հայերը թաղեն, որովհետև ավելի վատթար էին համարում հայերի թաղումը, քան գազանների կեր թողնելը: Ուստի հրաման տվեցին հայերին գնալ, ըստ օրինաց [ըստ հայոց կրոնի] թաղել: Երբ հայերը ամփոփեցին, երեկոյան ժամին տեսան ակներև, որ պայծառ լույս կախվեց տապանի վրա. բոլորն իսկապես հիացած փառք էին տալիս այնպիսի հրաշագործություն տվողին:

Այս ամենայն ստուգելով՝ գրեցի հետագա անձանց ականջներին [հասցնելու համար] և քրիստոսի փառքի համար, որ օրհնյալ է հավատանքում, ամեն:

 

ԿԱՐԱՔՈՓԱԿ ԿՈՉՎԱԾ ԱՆԾԱՆՈԹ ԲԼՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՄԱՐԴԱՇԵՆՆ Է

 

Աղվանքի Յակովկա երկրում և Դիզակի նահանգում բազմահազար նահատակի բարձրագույն բլրից դեպի արևելք` Մանառ գետի վրա (մահմեդները գետը կոչում են Քոնդալան) գտնվում է Մարդաշեն բլուրը, այնքան բարձր, որ մինչև անգամ բոլոր կողմերից երևում է ամենքի աչքում: Բայց շինության քանակությունը, չափավորությունը և ձևը ինքնին ցույց են տալիս, որ այն [կառուցված է] մատով, որ մարդու գործ է, որովհետև նրա շրջապատի խտությունն ու հաստությունը բոլորաձև ողորկ են, տակից մինչև գագաթը ձվաձև օրինակով տարված է ուղիղ` դեպի վեր, և գագաթը հարթահարմար ողորկությամբ սարքված իբրև ցորենի կալ:

Այս բլուրը կոչվում է Կարաքոփակ (մահմեդական բարբառով): Բայց շատերին դեռևս անհայտ է սրա պատմությունը. շատերն էլ շատ են ցանկանում իմանալ այն բլրի շինության իմաստը:

Պարսից տերությունում այսպես են պատմում:

Երբ Նադիր Շահը լսեց, թե Կովկասյան լեռների բնակիչները միաբանել են լեռնաբնակ հոնաց ազգի հետ, որ բնավ չծառայեն պարսից իշխանությանը, ուստի բազմաթիվ զորք հավաքեց, եկավ անցավ մեր երկիրը խաղաղությամբ, բանակը դադար առավ Մանառ գետի վրա: Հայազուն մեծամեծ իշխանները և նախարարները երբ լսեցին նրա գալուստը իրենց երկիրը, հարմար պահի, որ կերակրում էին զորքը և երիվարները, իրենք հավաքվեցին, զորք ժողովեցին և անցան գնացին: Նրանց գլխավորը մեծ նախարար մեր Մելիք Եգանն էր. գնում էին Նադիրին ընդառաջ: Երբ տեսան նրան, նա տարեկան արդյունքների հարցաքննություն արեց և խաղաղություն [հաստատեց]: Այնտեղ կանչեց Շեֆ կոչված Ոսեհինին, որ պարսից տերության գիտնական էր, քան բոլոր կախարդները և սուտ մարգարեները: Ինքը սև դեմք ուներ, ստվար և լայն մորուք, բոլոր անդամներով իբրև փղշտաց գողյութ (՞), այնքան այլանդակ էր, որ մինչև անգամ ահարկու էր երևում տեսնողների աչքում, բայց սուտ մարգարեների հետ նա գիտնական էր:

[Շահը] հրամայեց ամենայն հայկազուն իշխանների և նախարարների առջև նայել հմայության և վհուկության գիրքը` նրանց ցույց տալու, որպես թե իրենց ազգն ունի այսպես գերիմաստ այր և ապագայի պատահարների գուշակ: Երբ նայեց դիվական գիրքը, սուտ ու խաբեական մոլորությամբ մարգարեանում էր, թեև հենց իրենց զորքը բազում վիշտ ունի կրելու: Նրա այս խոսքի վրա Շահը բարկացավ և կամենում էր նույն ժամին թռցնել նրա գլուխը, բայց շատ միջնորդներ եղան, ազատվեց:

Հայոց նախարարները այնտեղ դաշինք կնքեցին` ասելով. այս անգամ նրա ձեռքով եթե հաջողվեն պատերազմ և հաղթություն, ուրախությամբ վերադառնա այստեղ` նշանավոր տեղը, իսկ եթե դրա կախարդությունը խափանվի, արա´ անխնա ըստ քո կամքի և հաճույքի բոլորի ներկայությամբ: Ամենքը համաձայնվեցին հայոց նախարարների խոսքերին: Եվ բանակը չվեց` շարժվեց գնաց այն կողմը` Կուր (Քուռ) գետի ափը: Այնտեղ հաջողությամբ հաղթելով բոլորին` բռնեցին բոլոր ապստամբներին, մի մասը ալանների` լեռնաբնակ ազգի հետ փախավ` միայն փրկելով իրենց, մի մասը կոտորվեց, ոմանց բռնելով` իրենց հետ անվնաս վերադարձան նշանակված տեղը:

Լսելով դարձյալ Շահի գալստյան մասին` գնացին ընդառաջ, և նա մխիթարական խոսքերով սիրահորդ քաջալերում էր նրանց մնալ խաղաղ, և երբեք բոլոր կողմերից կասկածանք չունենա: Շահն այդտեղ հիշեց սևադեմ սատանայի` դևի խաբեությամբ եղած կախարդանքը, թե դրա բոլոր խոսքերը իսկ և իսկ դատարկ են և դիվական: Որի համար հրամայեց ծառաներին կապել ձեռքերն ու ոտքերը և դնել Մանառ գետի մոտ, բերել զորքը և յուրաքանչյուրը մի մախաղ (տոպրակ, ջվալ) հող լցնի կենդանի սատանայի վրա: Ավարտելուց հետո գոյացավ մի բլուր հող` բարձրաբերձ չափավորությամբ: Ի վերջո նախարարները գնացին հայտնելու հրամանի կատարման մասին: Բերանները չբացած` Շահն ինքը ձայնը բարձրացրեց և ասաց. «Այն կարաքոփակը պասըր տղըզ», այսինքն` մեծ շունը, ուստի այն օրվանից մինչև այսօր նրան անվանում են Կարաքոփակ: Դրա համար դատավորի վրանը տարան խփեցին բլրի հարթահարմար գագաթին. այնտեղ կատարում էր հավաքված գավառային անձանց դատաստաններն ու վճռահատությունները:

Նադիր Շահը այստեղ զորքի բազմության մասին կամենում է հայտնել հետագա անձանց և հավիտենական նշան թողնել, որ այնքան բարձր և լայնանիստ բլուրը գոյացավ, երբ յուրաքանչյուր ոք մեկ մախաղ հող բերեց. «ինչպե՞ս այն քանակությամբ լինում է բլուր»:

Այսպես ստուգելով` գրեցի,- ավարտում է վարդապետը:

ԴԻԶԱԿԻ ՆԱՀԱՆԳԻ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԹԵ Ո՞Վ ԷՐ ԱՅՆ ԲԱՐԵՊԱՇՏԸ

Գանձասարի սուրբ Աթոռի Աղվանքի Եսայի կաթողիկոսը հայոց ՌՃԾԱ – 1151 (1702)թ. գրում է անվճարելի տուգանքների մասին, որ եղավ նորահաս հասակով Շահ Սուլթանի թագավորության ժամանակ. ինքը մանուկ էր, ուրիշներն էին կառավարում թագավորության պաշտոնը, որի պատճառով անկարգություններ եղան: Որովհետև ըստ մարդաթվի շնչագրության արին ոչ միայն շնչավորների, այլև անշունչների` ծառերի, տնկիների, ջրերի, ջրաղացների, եկեղեցականների, կրոնավորների և միանձանց, բոլոր կենդանիների և չորքոտանիների, [հետևապես] մի իր չեղավ, որ նրանից հարկ չառնեին: Այս շնչագրությունը և այլ անզգա իրերի գրությունը հազիվհազ երեք տարվա ընթացքում վճարվեցին: Դրանից հետո երեք տարվա հարկերը` որպես ծանրագույն տուգանքներ, սկսեցին հավաքել անողորմ հարկահանների միջոցով` բոլորն էլ անհավատ մարդիկ: Մարդու բերանը չի բռնում գրել և ասել մեր այս ողորմելի ազգի անտանելի տանջանքների մասին: Այն ժամանակ սակավագյուտ էին արծաթն ու ոսկին, թեև միմյանց վրա վաճառում էին կահկարասին, բայց չէին կարողանում կես մասի թիվը բովանդակել. գրով նշանակված էր տուգանքի հարկանունը:

Սույն գործի [առիթով] բռնությամբ քարշում-տանում էին իրենց աչքին հաճելիներին՝ նորաբուսիկ մանուկներին, մատաղատունկ գեղեցկադեմ աղջիկներին, ամենը` ըստ արքունի հրամանի, նաև` խայտառակության այլ անպատեհ արարքներ, որ չարժե հայտնել: Քանի որ իսկապես Աղվանից երկրի վրա հասել էր բարկության պատիժ, օրըստօրե սաստկանում էր, և անմիջաբար շարունակում էին անտանելի ցավն ու անարգանքը: Թեպետ ցրվել-սփռվել էին երկրի վրա, սակայն իրենց որդիներին և տան կահ-կարասին գրավ էին դնում մեծատուններին և ունևորներին, թերևս կարողանային հարկերի և տուգանքների թիվն ու գումարը լրացնել: Բայց չէին կարողանում կես մասն անգամ փակել, ուստի մնացին անզերծանելի տանջանքների մեջ բոլոր կողմերից հուսահատված: Պարսից անողորմ ազգերն ու շները կատաղած չարչարում էին, ինչպես հնում Իսրայելը փարավոնի կողմից, որոնք չէին կարողանում աղյուսի արտադրանքի թիվը լրացնել, կեղեքում էին նրանց. սրանք [պարսիկները] նրանցից առավել [վատթար] էին:

Այդ ժամանակ Ղազարոս անունով մի մարդ Սյունիքի Աղվերծ նահանգից գաղթել-եկել էր նորովի դադար առել Դիզակի նահանգի Թեղուտ կոչվող տեղը: Նա ինքը բարեպաշտ էր, աստվածասեր և Տարսայիճ իշխանի մեծ ազգից: Սակայն նրա մեծ հարստությունը և ճոխությունը դեռևս հայտնի չէին գավառի անձանց: Նա եկել էր ընտանիքով, որդիներով և եղբայրներով, բազմաժառանգ գերդաստաններով, նույն տեղում սկզբնավորում են նորագույն շինություն. ցանկանում էին շինել և շինեցին:

Նա ընտիր վաճառական էր, երկար տարիներ` իր կյանքի բոլոր օրերում, զբաղվել էր շահավաճառությամբ, շրջել էր բոլոր օտար քաղաքներում, Հնդկաստանում, Բաբելոնում, Շոշ քաղաքում, այսինքն` Իսպիհանում` այն քաղաքներից բերելով բազում գանձեր ու պատվական քարեր: Երբ տեսավ իր ողորմելի ազգի անխուսափելի տանջանքներն ու վշտակրությունները, չկարողացավ բոլորովին հանդարտվել:

Դրա պատճառով մի օր խորհուրդ արեց տան գործակատարների և ընտանիքի հետ` ասելով.

— Ո՜վ, եղբայրնե´ր, տեսնո՞ւմ եք և մտքի բերե´ք այսքան աղաղակներն ու անտանելի տանջանքները, խայտառակությունները, որ մահմեդականների անօրեն և շնացող ազգերը դնում են մեր տառապյալ և անտերունչ այս ազգի վրա: Ահա´ ոմանց ուրացնում` հավատափոխ են անում, ոմանց արտասվաթոր ծնողների գրկից բռնությամբ հանելով` իրենց աչքին հաճելիներին որպես ընծաներ են առաքում պարսից տերությունը: Լավ է աշխարհում բարի անուն թողնել, քան այսչափ կուտակած գանձերն ու պատվական քարերը, որովհետև մի քանի տարիներ անցնելուց հետո աշխատանքի արդյունք ունեցողների հետ ոչնչանալու-կորչելու են, և մենք մնալու ենք երկրավոր Հորից անվարձատրելի: Դրա համար խիստ կարևոր եմ համարում հետագային բարի և հավիտենական անուն թողնել:

Երբ իր խոսքերը հաստատեց բոլորի մասնակցությամբ, Դիզակի նահանգի բոլոր գյուղերի հասարակապետերի մոտ ծառաներ ու հեծյալներ է ուղարկում` [հրավիրելու] թե´ հայերին և թե´ մահմետականներին, որպեսզի գան և հավաքվեն բարեպաշտի բնակատեղում: Երբ ամենքը եկան հավաքվեցին նրա դռանը, նա բացեց յուր գանձարանը, նրանց` յուրաքանչյուրին տվեց տուգանքի թվի ամբողջ գումարը և բոլորին ազատեց չար տանջանքներից: Տեր աստված միանգամայն ազատի նրանց ննջեցյալների հոգիները և բարեպաշտ Ղազարոսին:

Իսկ այժմ` հետին ժամանակում, ես` անպիտան բանասերս, լսելով, որ նրա տանը` ազգականների ձեռքում, տակավին կան և մնում են այն պարտաթղթերը, գնացի ու հորդորեցի տան վերատեսչին, և բացին երկաթակապ փայտյա մի աման, տեսա բոլոր թղթերը` կարմրակ, բավական հաստ` մագաղաթի նման, արծաթագիր: Չկամեցա, որ այդպիսի թղթերը մնան, և իմ հորդորանքով կրակով այրեցին բոլոր գրածները:

Տեր աստված ջնջի նրանց ողջերի և ննջեցյալների հանցանքների գիրը և մեզ` ամենքիս, արժանի դարձնի տերունական ձայնը լսելուն, թե. «Թողություն լինի ձեր մեղքերին», ինչպես նաև մեզ` բոլորիս հաղորդակից անի խոստացած բարիքներին:

Ի Քրիստոս, ի տեր մեր, որ օրհնյալ է հավիտյանս, ամեն…

 

ԲԱՐԵՊԱՇՏ ՂԱԶԱՐՈՍԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ, ՈՐ ԿՈՂՈՊՏԵՑԻՆ ՆՐԱ ՏՈՒՆԸ…

 

Երբ աստվածասեր Ղազարոս իշխանը կնքեց իր ցանկալի կյանքը, տան վերակացու մնաց նրա ավագ որդին` Բաղդասարը, որը ամենքից քաջասիրտ էր տուրքերի ողորմածության [խնդրում], մանավանդ ազգասեր էր: Հոր կենդանության ժամանակ նա իր կյանքը անցկացրել էր և անցկացնում էր օտարության և պանդխտության մեջ, երթևեկում էր զանազան քաղաքներում, միշտ զբաղվում էր շահավաճառությամբ:

Նույն ժամանակում Իբրահիմ խանը սաստկապես ցանկանում էր իր իշխանությունը տարածել և ինքնիշխան կարողությամբ հարստահարում էր ոմանց, հափշտակում և կողոպտում էր ունևորների տները, մեծամեծերին հավատափոխ էր անում կամ հնազանդեցնում իր իշխանությանը: Երբ լսեց մեծ իշխան Ղազարոսի տան ճոխության և հարստության մասին, ըստ իր գազանաբարո չար սովորության` տեղում դադար չունեցավ: Ուստի ընտրեց արյան ծարավի մարդկանց և խիստ պատվիրեց նրանց, թե երբ հասնեն այն մեծատուն մարդու` Ղազարոսի բնակատեղը, առանց հայտնելու և հանկարծակի պաշարեն տունը, որպեսզի ոչ ոք չկարողանա շարժվել կամ փախչել, ապա խլեն ու կողոպտեն նրա ամբողջ ունեցվածքը, ոսկին և արծաթը, տան ոսկեղեն ամանները և արծաթեղեն սպասքը: Ըստ բռնավորի պատվիրանների` նշանակված մարդիկ ճանապարհ ընկան գնացին և անսպասելի ժամի շրջապատեցին նրա տունը. կես մասը պաշարեց դրսից, բռնեցին բոլոր դռները և անցքերը, կես մասը ներս մտավ, փակեցին դռները, բռնեցին այն ողորմած մարդուն` ազգասեր իշխան Բաղդասարին, կապեցին ձեռքերն ու ոտքերը, բոլորովին մերկացրին և սկսեցին շիկացած երկաթով այրել ու խարել նրա փափկասուն մարմինը` ասելով, թե Իբրահիմ խանի խստագույն հրամանն է. առանց թաքցնելու որևէ իր` հանել բոլոր գանձերը, ցույց տալ իրենց, և իրենք ըստ խանի հաշվումների հավաքեն, [ընդ որում] իրավունք չունեն վստահությունը կորցնել, բռնությամբ մի դրամ անգամ վերցնել իրենց պետքերի համար կամ ագահություն անել, գողանալ: Եթե իրենց մասին այդպիսի բաներ լսի, նույն ժամին, անշուշտ, իրենց սրախողխող կանի:

Այսպիսի բաներ ասելով` սկսեցին առավել դաժան տանջել և, բոլոր իրերին տեղեկանալով` կողոպտեցին: Դրանով բավականանալով և բերելով երկաթյա ունելիքներ` դրանցով մարմնի ամբողջ մաշկը բզկտեցին, մաս-մաս դուրս քանդեցին, թե տակավին ունի գանձեր և ազնվագին պատվական քարեր: Ի վերջո հատեցին ձեռքերն ու ոտքերը, ապա գլուխը:

Այնպիսի չարչարանքներով ծովածուփ կենցաղից նահատակորեն վճարեց իր կյանքը և տեղափոխվեց ողջերի երկրից:

Տեր աստված ազատի մեր այս ազգը ամենայն բռնակալ դատավորներից [կառավարողներից]. խաղաղարար կյանք տա` անփորձ և անվնաս պահելու և մնալու մեր ուղղափառ եկեղեցու կենդանի հավատքում մինչ մեր [կյանքի] վերջին կետը, որ մեզ փառավորի սուրբ երրորդությունը` Հայր և Որդի և Հոգի, հավիտյանս, ամեն:

 

ՍՐԲԱԿԵՆՑԱՂ ԵՎ ՃԳՆԱՎՈՐ ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ

 

Արդարև քաջ հայտնի են երանելի Հակոբ վարդապետի վարքը և ճգնությունը: [Նշենք] նաև, որ նրա ականատեսը և աշակերտն էի և չկամեցա ծածուկ մնալ կարոտյալներից ու հետագայի ընթերցասեր անձանցից: Այս վարդապետը Հաբանդի նահանգից էր, այսինքն` Վարանդայի, և Ավետարանաց կոչված հին գյուղաքաղաքի բնակիչներից, բայց բնական` բուն [բնակիչներ] են Անի քաղաքից:

Երբ հարյուր հիսուն, ավել կամ պակաս, գերդաստաններ ցրվեցին, գաղթելով, թափառումներով եկան, բնակվեցին հիշյալ տեղում` Աղվանից կաթողիկոս Գրիգորոսի բաժնում կամ տարածքում:

Անցնենք մեր բուն շարադրանքին:

Երբ տեսա նրա խստակրոն ճգնությունը, նախ հարցրի նրա ծնողներին նրա մանկական վարքի մասին: Նրանք պատմեցին, թե երբ մանուկը մկրտվեց, տուն բերին, բացին նրա երեսը, տեսան իբրև ճրագ վառված, դեմքը փոխված, մարմնի կերպարանքը պայծառափայլ լույսով [ողողված]: Բոլոր տեսնողները հիացել էին, թե մանկան վրա արդյոք սա ի՞նչ երևելի նոր հրաշք է. սա առաջին հրաշքը եղավ մանկանը: Ծնողները զգացին նորատես նշանների [գոյությունը] նրա վրա, մտքում պահեցին տեսնել դրա վերջը, թե ինչ է կատարվելու: Երբ մանուկը եղավ յոթ տարեկան, ծնողները տվեցին գրաճանաչության ուսուցման: Նա շարունակում էր անխոտոր և առանց մանկական թեթևամտության խաղի մեջ մտնել, զբաղվել: Ծնողները կամ այլ մեկը չտեսան, որ այլ մանուկների հետ զրուցաբանի կամ նրանց ցոփ, թույլ և անպետք վարքը հարգի:

Միշտ քաջահմուտ Պողոս վարդապետի մոտ գնալիս ճանապարհին երեսը դեպի վար էր պահում, և ովքեր կարոտում էին խոսել նրա հետ, դեպի վեր չէր նայում, ամեն խոսքի չէր պատասխանում, այլև աստվածահաճո և հոգեշահ չէր. նրանում հայտնապես երևում էր աստծո հոգին: Նա ուներ մի փոքրիկ սենյակ, ծնողները բարեպաշտ էին և տախտակամած շինությամբ էին շինել [սենյակը], երբ զբաղվում էին տան` տնային գործերով, չէին կարողանում իրենց աղոթքը կատարել եկեղեցում, ուստի այնտեղ մտնելով, առանձնակի աղոթում էին: Դրա համար մանուկ Հակոբը սովորել էր` միշտ մտնելով նույն սենյակը, թեև ծնողները վիճում էին նրա հետ, որ դուրս ելնի, մի փոքր շրջի: Շատ անգամ բռնությամբ դուրս էին անում, բայց անհնար էր հեռացնել սենյակից և աղոթքից ու ջերմական սիրուց աստծո: Երբ ծնողները տեսան աստվածային կաթոգին սիրով վառված, անճարացած, թույլ տվեցին կատարել բարի վարքը` ըստ իր կամքի և հաճույքի: Նա՝ մանուկ Հակոբը, ուսանել էր գերիմաստ վարդապետ Պողոսի դպրոցում՝ բերդաքաղաք Շուշիում, կրթության ընդհանուր գրքեր (ով), կարոտ էր մնացել արվեստավոր գրքերին:

Երբ լսեց գերիմաստ վարդապետ Հովվսեփի անունը, որ ահա այժմ կա և բնակվում է սուրբ Հակոբի վանքում, նույնպես հավաքում է աշակերտներ և մինչ այգաբաց ու մինչ երեկո ուսուցանում իր հոգեբուխ վարդապետությամբ քերթողական և հռետորական կամ փիլիսոփայական գրքեր, մանուկը, նրա հոգեզվարճ համբավից դրդված, միշտ թախանձանքով աղաչում էր ծնողներին՝ տանելու հոգևոր հայր վարդապետ Հովսեփի մոտ, որպեսզի այնտեղ հագեցնի իր ուսման ծարավը: Երանելի Հակոբը տեսավ, որ ծնողները անհոգ են և չեն կամենում կատարել իր խնդրանքը, մի օր նրանցից գաղտնի ուղևորների հետ փախավ գնաց նույն անապատը՝ Հովսեփ վարդապետի մոտ, և այնտեղ իր փափագը հայտնեց վանքի միաբաններին ու հոգևոր Հորը, որ գոնե նրանց առջև կարողանա շնորհ գտնել՝ գործի դնելու իր նպատակները:

Նրանք բոլորը սիրով ընդունեցին մանկան աղերսանքը, որ մինչև ծնողների և հարազատների գալը հոգան նրա անձի կարևոր պետքերը: Մի քանի օր հետո եկավ եղբայրը և, հանձնելով մեծ վարդապետին, ինքն անցավ իր տունը: Նա՝ երանելի մանուկը, անխոնջ վաստակում էր և մշտապես պարապում տեսական և գործնական գիտություններով: Այսպիսի անհանգիստ աշխատասիրությամբ մի քանի տարվա ընթացքում ընդունեց ու լրացրեց արվեստավոր գրքերից ունեցած ուսման թերակատար փափագությունը:

Երբ տեսավ, որ դասառությունն ավարտվեց, ընկավ այլազան խորհրդածությունների մեջ. մտորումների վերջում խոստովանահորը հայտնեց, թե բնավ ցանկություն չունի աշխարհականների կարգին ու շարքին վայել բաներ մտածել և ամուսնանալ. արդարև դա է իր բնական ուխտադրությունը: Նա գնաց և հայտնեց իր մեծ վարդապետ Հեվսեփին, և նա իր մոտ կանչեց՝ խրատելով, թե տակավին քսան տարեկան է, ինչպե՞ս կարող է այնքան շատ, բյուրակերպ սատանայական փորձությունների դեմ մարտնչել և հաղթանակ գտնել: Բոլոր խոսքերին ոչ մի պատասխան չտվեց, միայն սա էր նրա խոսքը, թե. «Այս գործը աստծուց է և ոչ մարդկանցից»:

Երբ ուսումնակից ընկերները և միաբանները լսեցին, առանձնաբար խրատում էին, թե այժմ նորահասակ պատանի է՝ անտեղյակ դիվական բազմահնար պատերազմներին և այլ զանազան ու բազմատեսակ բաներ արգելողներին: Լցնում էին նրա ականջները, բայց նա բնավ տեղի չէր տալիս նրանց: Ինքն օրըստօրե սաստկացնում և պնդում էր պասը և իրեն վարժեցնում համբերության ու մարմնական ժուժկալության՝ պահեցողության, ընդդեմ հեշտասիրության: Իր վարդապետը գիտեր իսկությամբ, որ նրա մտքի շարժումը մարմնական չէ, այլ աստծո: Ծնողները և ազգականները ևս լսեցին, որ այժմ նա ցանկանում է մտնել կուսակրոն աստիճանի շարքը: Նրանք ևս եկան, աղաչեցին նրան, որ կարողանան թերևս պահել մինչև երիտասարդ հասակը: Նա լուռ էր, ոչ մեկին պատասխան չէր տալիս ամենևին: Բոլորի հույսը կտրվեց նրանից՝ հապաղելու կամ հետ դառնալու:

Կրկին իր մոտ կանչելով՝ իր վարդապետ Հովսեփ գիտնականը ուսուցանում է ամենայն կրոնապաշտության եղանակները, ապա վերցնելով նրան՝ գնացին Գանձասարի սուրբ Աթոռը, այնտեղ ընդունեց կուսակրոն քահանայության կարգը՝ Բաղդասար սրբազան արքեպիսկոպոսի ձեռքով, և այնտեղից վերադարձան իրենց միաբանությունը: Եվ նա մնաց սուրբ եկեղեցում քառասունօրյա տքնությամբ, առանց նրանից ելնելու, սաստիկ պնդապահությամբ. արդարև զարմացել էին ծոմապահությունից [օրը մեկ ժամ ուտելը] և անսվաղ մնալուց [փորը անոթի՝ բան չկերած], այնքան էր ճաշակում, որ պահի մարմնական կենդանությունը:

Քառասունօրյա տքնությունից ազատվելուց հետո սկսեց առավելապես սաստկացնել խստապահությունը՝ թե՛ գինուց և զոհերի կերակրից, արգանակներից և կրակով անցած բոլոր կերակուրներից կամ ծառերի պտղից, շնչավոր [կենդանիներից] թե անշունչ [արարածներից], թե ուտելու և թե՛ պահոց օրերում, իր կյանքը մշտապես անցկացնում էր անլուծանելի՝ անքակտելի ձևով: Նա հարուստի զավակ էր, թանկագին հանդերձանք էին բերում կամ ուղարկում էին, ամենևին չէր կամենում հագնել կամ տալ մերկ և աղքատ քահանաների, որ գալիս են այնտեղ, կամ միաբաններին, որ պետք էր լինում:

Ձմեռվա ցրտագույն ժամանակին ողջ գիշերը մնում էր խցից դուրս կանգուն՝ ոտքի վրա: Անդադար պարապում-կարդում էր Աստվածաշունչ գիրքը և ամենամեծ տոնի բուն գիշերը ոտքի վրա արտասվաթոր աղոթք էր անցկացնում: Միաբանները, նրանից ծածուկ և գաղտնի խցի ձեղունից արթուն աչքերը պահած, տեսնում էին վերացած քնի մարմնական հեշտասիրությունը: Բազմաթիվ ուխտավորներ դիմել-գալիս էին Հակոբ Մծմնա հայրապետի սուրբ աջը համբուրելու՝ առավել կենդանի աջը երանելի վարդապետի:

Երբ իր ուսուցիչ, վարդապետ Հովսեփը տեսավ, որ օրըստօրե մաշել ու նվազել է, գիտեր իսկ, որ սաստիկ առաքինությունը շուտով զրկելու է մարմնական կարողությունից, թողնում է մահիճ՝ անկողին ընկնել: Դրա համար բազմիցս խրատում էր պահացողություններում միջասահման եղանակով մնալ: Նա բնավ չէր լսում, պնդում էր նաև պահքի [հարցում]: Երբ տեսավ ապստամբ սատանային, նրա հոգեշահ վաստակասիրությունները և չարահնար մեքենայությունների ու զանազան փորձությունների ընդդիմությունը, նրա կամքով աստված թույլ տվեց, որ փորձությունները թակարդեն նրան, որովհետև գիտեր նրա անպարտելի համբերությունը և քաջամարտության կռիվը: Դրա պատճառով չարը մերձեցավ և նշմարում էր, թե ո՞ր փորձությամբ կամ տանջանքով կարող է գայթակղեցնել՝ [գործի դնելով] իր չարագույն կամքը: Տեսնելով, որ մարմնասիրական զվարճության փորձությունն անցել է: Խստությամբ խփեց աջ ձեռքին, ուռավ, լցվեց արյունախառն թարախով, ապա պայթեցրեց և ծակոտված չորս անցքերից՝ վերքից հոսում էր թարախալից հեղուկը:

(Նույն ժամանակ ես՝ անարժանս, սասանվում էի նրա մոտ և ականատես էի չարչարանքներին. լվանում էի նրա վերքերը, միշտ նրա վերքից սրբում էի թարախը և վերքի խորագույն ծակերին դնում էի թիզաչափ պատրույգներ, երբ դուրս էի հանում, արյունախառն թարախ էր հոսում,- նշում է Առաքել վարդապետը):

Երանելին կար և մնում էր անշարժ նույն ցավակրության մեջ, որովհետև իսկապես գիտեր, որ այն բոլոր վշտակրությունն ու փորձությունը հնարավորությամբ սատանային են, ուստի լռությամբ համբերում էր: Ամենից վերջում գիշերը դևերը ընդդիմանալով տանջում էին, բնավ չէր կարողանում հանգչել՝ քնել, որովհետև,- շարունակում է Առաքել վարդապետը,- ինքը ունկնդրությամբ լսում էր, որ վիճում էր դևերի հետ, խոսում էր և երբեմն «վա՜յ» գոչում: Ինքը (Առաքելը) գիտեր, որ դևերը ծեծում և չարչարում էին ողորմելիին: Նա լացում էր, արտասվաթոր ողբում: Եվ ինքը ծնկի էր չոքում, աղաչում, որ թույլ տա իրեն մնալ իր սենյակում, թերևս դյուրին դարձնի դիվական տանջանքներից, բայց նա իրեն թույլ չէր տալիս մնալ իր մոտ, որովհետև լավ էր համարում դևերի նեղությունը, քան հանգստությամբ ապրելը:

Մինչ սույն ցավակրության մեջ կսկիծներ էր կրում, եկան եղբայրները, քույրերը և ծնողները, տարեցտարի թերևս կարողանան տանել իրենց բնակատեղին, որովհետև բժիշկներից նրա անձի առողջության հնարներ են գտել: Բայց նա բնավ նրանց հետ չէր կամենում խոսել կամ իր համար բժշկության դեղ խնդրել: Զարմանալի էր նաև, որ այնքան ժամանակներում լուռ էր մնում. երբեք չէր խոսում ոչ միաբանների, ոչ ազգականների, ոչ այլոց և ուխտավորների հետ: Այս մարմնական չարչարանքով մնաց մինչև յոթ տարի. մարմնական կարողությունը այնքան էր նվազել, մաշել, որ խոսելիս երբ բառեր էր արտաբերում, ձայնի նրբությունից անլսելի և անիմանալի էր լինում:

Երբ ամենքը տեսան նրան այնպիսի անտանելի վշտակրության մեջ, բոլոր միաբանները և իր ողջ ընտանիքը խղճահարվեցին, մանավանդ ուխտավորները և անցորդները, որոնք մի անգամ մտել տեսնում էին նրան այնպիսի անըմբռնելի տանջանքներում ու նվազության մեջ և առանց արցունքներ թափելու չէին կարողանում ելնել խցից: Ուստի կամենում էին բռնությամբ տանել, եթե չի բարեհաճում գնալ: Երբ տեսավ, որ բոլոր կողմերից ընդդիմացել են, մինչև անգամ կամենում են բռնությամբ տանել, անճարության մեջ խոնարհվեց նրանց կամքին:

Այդ նպատակով վերցրին տարան իրենց հոր մոտ, և այնտեղ մտավ մի առանձնակի փոքրիկ սենյակ: Այնտեղ ևս իր նախկին սովորությամբ շարունակ տանում էր իր պահացողությունը, երկար օրեր չէր կամենում խոսել ոչ ընտանիքի, ոչ ուրիշների, ոչ ծնողների հետ: Շատ անգամ բժշկական դեղ բերին կամ բժիշկ, թույլ չէր տալիս դեղ դնել կամ տեսնել վերքը: Ողորմելու ցավը միատեսակ չէր. որովայնի ներսում փորոտիքը կոտորվել էր, և շատ անգամ արյուն էր հոսել, բայց ինքն անշարժ էր՝ ի գայթակղություն հոգեկորուստ և դևի խաբեությամբ եղած մարմնահեշտության:

Դրա պատճառով հեռացանք [ասում է Առաքելը] Ղևոնդյանց անապատը՝ Հաբանդ գավառում: Նա այնտեղ ևս անխափան ու առանց ծուլության աղոթքներով տանում էր մարմնական վշտակրություն՝ հրաժարվելով ուտելիքներից և ըմպելիքներից:

Եվս մի բան: [Պատմում է հեղինակը]: Ես՝ անպետ ծառաս, հաշվելով օրերը, նրան մոտիկ դնում էի մի չորացած հաց, որպեսզի նրանով անցկացներ տասնչորս օրերը, տեսա՝ փշրանքներից մնում էր, չէր կարողանում բոլորն ուտել… Երբ տեսավ, որ մարմնական կարողությունը հատել է իսպառ, և ստամոքսը չորացել, մասնավոր կերածը չէր փոխում սննդի: Տեսիլքում նաև աստծո հրեշտակը հայտնել է մահը, ուստի ծանուցեց ինձ [ասում է Առաքելը], թե մարդու կյանքը ոչինչ է: Շտապում է, որ անհապաղ գնան իր հոր տունը: [Խորհուրդ է հնչում], թե տակավին մանուկ է և միայնակ, գուցե ինչ-որ պատահար է, ինքն էլ անվարժ է, անշուշտ, երկյուղում է: Դրա համար վերցնում է նրան և գցում հոր տունը, մտնում է առանձնակի սենյակը, բայց երբեք չի կարողանում հանգստանալ գիշեր ու ցերեկ, որովհետև բոլոր կողմերից ցավերն ու տանջանքները սաստկանում էին ներքուստ և արտաքուստ, բազմացել էին խոցերը, նստուկ տեղերում՝ բշտած ուռուցքներ, չէր կարողանում նստել, մեծ տագնապի մեջ էր, մանավանդ ինքը [հեղինակը]: Միանգամայն հատավ աչքերի քունը, նաև՝ բերանի ուտելը և ոտների թափը, քանի որ բոլոր կողմերից բռնվել էր, և ինքը գիտեր հավաստյավ, որ մահը մոտ է: Դրա համար իր մոտ կանչեց մի ծերունազարդ քահանայի՝ Թադեոս անունով, խոստովանություն [ստանալով] նրանից և հաղորդություն սուրբ մարմնի և արյան մեր տեր ու փրկիչ Հիսուս քրիստոսի. հիսնակաց պահոցի օրերն էին՝ ուրբաթ երեկոյին, որ շաբաթն էր լուսանում, վառել էին կանթեղը, և այրվում էր:

Եվ ինքը՝ [հեղինակը] զբաղված էր գրքի ընթերցանությամբ, անսպասելի մի ժամի թմրություն իջավ իր աչքերին, տեսավ՝ երկու մանուկ՝ արեգակնափայլ դեմքերով պայծառացած, կանգնել են [ողորմելիի] գլխավերևում, նայեցին իր (հեղինակի) երեսին քաղցրությամբ, ծիծաղեցին, ոտից մինչև գլուխ կարմրագույն զգեստով էին զարդարված: Նույն վայրկյանին զարթնեց թմրությունից, նայեց նրանց տեղը, ոչինչ չտեսավ և վարդապետին ոչինչ չասաց. միմիայն զարմացել էր քաղցրագո տեսիլքից:

Երբ անցավ երեք ժամ, ողորմելին կանչեց իրեն, ինքը տակավին արթուն էր, ասաց, որ այդտեղ է: Նա խնդրեց մոտ գնալ և իրեն տալ փոքրիկ, լայն ապակեղեն անոթ, անոթը տվեց նրան, հետո խնդրեց մի քիչ գինի, տնից գինին բերեց, և նա առավ, լցրեց անոթը, մի պատառ հաց ևս գցեց անոթը, երեք անգամ խաչակնքեց, ապա խմեց, վերջում հայտնեց անարժանիս [ասում է Առաքելը]. «Որդյա՛կ, դեռևս գիշեր շատ կա, մի՛ հայտնիր մեր ընտանիքին և ծնողներիս, որ մերձ է վախճանս, մինչև կես ժամ»: Երբ լսեց նրա խոսքերը, չկարողացավ դիմանալ, քրտինքը պատեց իրեն, սիրտը լցվեց լաց ու կականով, բռնեց վիրավորված ձեռքը և դրեց իր երեսին. արդարև իր աչքերից հոսում էր հորդ արտասուք, լացում-ողբում էր անմխիթար հոգով: Նա նայեց իր երեսին և տեսավ հառաչանքներն ու արցունքների թորթորումը՝ վազքը, և ինքն էլ չկարողացավ դիմանալ, լուռ ու մունջ նրանից առավել արտասուք էր թափում:

Հեղինակ. – Եվ ասացի.

  • Ո՜վ, Հայր իմ, ինձ մենակ թողել, ո՞ւր ես գնում, ո՞ւմ ապաստանությամբ եմ կրոնավոր անապատական: Ես՝ անարժանս, ուխտել էի նրա հետ կանգնել և մնալ մինչև մահ, որի համար նայեց և տեսավ դառնություն իմ սրտում և արտասուքների հոսումը: Ինքը ևս չկարողացավ համբերել, վերջ [եղավ] այս դառն պատահարներին, ընդունեցի օրհնության հրաժարականը և նրա մահվան ողջույնը – ես համբուրեցի նրա աջը, պառկեց իր մահճակալին՝ ասելով. «Վերարկուս նետի՛ր ինձ վրա, որ մի քիչ ննջեմ»: Ես իսկույն իմացա նրա բանը. հասել է իր վախճանվելու ժամը: Մինչդեռ ձեռս ծնոտին դրած՝ արտասվալից աչքով նայում էի, հանկարծակի սենյակը լցվեց անծանոթ անուշահոտությամբ: Նույն ժամին իսկապես հայտնի եղավ անարժանիս, որ երանելին ավանդեց մաքրափայլ հոգին: Եվ ծնկներիս ընկած, սաղմոսաց դավթյան երգերը բերան առած՝ մինչև զանգակահարության ժամը մեղմաձայն երգեցի: Երբ արշալույսը ծագեց, առավոտյան պահին ծնողներին և եղբայրներին, ազգականներին հայտնեցի. բոլորը եկան, ընկան սրբասնունդ մարմնի վրա՝ քույրերը և նորաբողբոջ մանուկները, զարմանալի էր նրանց լացն ու ողբը:

Երանելու վախճանման լուրն ընկավ քաղաքը. Շուշի քաղաքն ամբողջությամբ դղրդաց. եկան հոգևորականների բազմություն, հասարակ ժողովուրդ, արդարև լցվեց բնակությունը, նրանց խուռն բազմությունից ոչ ոք չէր կարող շարժվել: Կարգ դրեցին. ըստ իրենց կարոտության՝ բոլորը շարունակ գնացին, համբուրեցին սուրբ աջը, ապա մաքրափայլ մարմինը լվացին, դրեցին եկեղեցում: Սրբազան պատարագից հետո մարդկանց և աստվածասեր երիտասարդների բազմությունը, երանելու մարմինը վերցնելով իրենց ձեռքերի վրա, տարան Ղևոնդյանց անապատը և այնտեղ գերեզմանի կարգն ավարտելուց հետո մարմինը դրեցին աստիճանավոր տապանի մեջ: Իսկ երբ ավարտեցին երանելի Հոհանի կտակը, բոլորը ցանկացան ընդունել օրհնության հետին հրաժարական ողջույնը՝ համբուրելով կենդանի աջը, ամենքը մտան, համբուրեցին:

Ես՝ անարժանս, տապանի աջակողմին մոտ կանգնել էի արտասվաթոր աչքերով և անմխիթար հոգով ու մտքի ներքին աչքով նկատում էի տեսությունը դյուրաթառամ անցավոր կյանքում՝ մարդկային ազգի այս կենցաղի արագ ընթացքը:

Երբ բոլորը ելան տապանից, վերցնելով սուրբ աջը, ինքնին արդարև խաչակնքելով վաստակավոր ժողովրդի վրա՝ նույն պահին ամփոփեցին իր տեղում: Ժողովուրդը նայում էր անթարթ աչքով, բոլորից առաջատես էր ոմն Ռափայել քաղաքացի քահանա: Նույն նորագույն հրաշքը տեսանք այսպիսի հրաշագործություն տվողին:

Եվս մի հրաշք: Ղևոնդյան քահանաներից մեկը բնական՝ իսկությամբ ծառայում էր սուրբ նշխարներին. անցած օրերին չուներ արու զավակ, առաջներում էլ չէր ծնվել, շատ անգամ էր աղաչել, խնդրել, որ կինը գա մի անգամ, ձեռքը դնի գլխի վրա և օրհնի, թերևս աստված այցելի և տա արու զավակ, երանելին չէր կամենում: Ես,- ասում է հեղինակը,- բազում խնդրանքով թախանձեցի, մինչև կինը եկավ, ընկավ սրբի ոտքերին և համբուրեց լռությամբ: Նա, ըստ իր սովորության, առանց ձեռը դնելու օրհնեց կնոջը և վերկացավ գնաց:

Առաջիկա տարում ծնվեց արու զավակ. թող այդ բարեխոսությամբ ողորմություն լինի կարոտյալներին, արժանին արվի խոստացյալներին՝ բարիների [արարիչ] ամենակալ աստված, հիշել աշխատող այս գրությունը. հիշվող լինեք դուք այնտեղ՝ պատրաստության մեջ, աստծո առջև, ամեն…

Շարունակելի

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի